Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ/0009/01/18

Նախագահող դատավոր՝

 Մ. Արղամանյան

Դատավորներ՝
 

 Ն. Հովակիմյան

 Ա. Ազարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

 

 

 

մասնակցությամբ դատախազ`

տուժող`

տուժողի ներկայացուցիչ`

ամբաստանյալներ`

 

պաշտպան`

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

Ա. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ

Գ. ՎԻՐԱԲՅԱՆԻ

Կ. ՏՈՆՈՅԱՆԻ

Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

Ա. ԱՐՍԵՆՅԱՆԻ

Հ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

2023 թվականի դեկտեմբերի 22-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2004 թվականի ապրիլի 23-ին զենք պահելու կասկածանքով Գրիշա Յաշայի Վիրաբյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին։

Գ.Վիրաբյանի կողմից ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ նույն օրը Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է թիվ 27203404 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 

1.1. 2004 թվականի մայիսի 3-ին Գրիշա Վիրաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով:

1.2. 2004 թվականի օգոստոսի 11-ին թիվ 27203404 քրեական գործով որոշում է կայացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը՝ հանցակազմի բացակայության և վնաս պատճառած արարքը քրեական օրենքով օրինաչափ համարվելու հիմքով, կարճելու մասին:

1.3. 2004 թվականի օգոստոսի 17-ին Գ.Վիրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով:

1.4. 2004 թվականի օգոստոսի 30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Գ.Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ. «Կատարած հանցագործության ընթացքում Գ.Վիրաբյանի առողջությանը նույնպես միջին ծանրության վնաս է պատճառվել, նրա ամորձին վնասվել, վիրահատվել և հեռացվել է, որը անբուժելի է, և փաստորեն զրկանքներ կրելով՝ նա քավել է իր մեղքը, իսկ նման պայմաններում նպատակահարմար չէ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել»: 

1.5. 2004 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ Գ.Վիրաբյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

1.6. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գ.Վիրաբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2004 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ մերժվել է:

1.7. Գ.Վիրաբյանի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2005 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել է և նյութերն ուղարկել նույն դատարան նոր քննության։

1.8. Նոր քննության արդյունքներով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2005 թվականի մարտի 3-ի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Գ.Վիրաբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը թողնվել է առանց բավարարման:

1.9. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Գ.Վիրաբյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ բողոքարկվող դատական ակտը՝ անփոփոխ:

2. Գ.Վիրաբյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 40094/05) վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ.Վիրաբյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման փաստը:

3. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, Գ.Վիրաբյանի ներկայացուցիչ Ա.Սիրունյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել, որի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ հարուցվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2005 թվականի մայիսի 13-ի որոշման վերանայման վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի նոյեմբերի 12-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2005 թվականի մարտի 3-ի որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

4. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացվել է, և սահմանվել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ քրեական գործի վարույթը վերսկսելու պայմաններում վերացնել Գ.Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 10-ի վճռում նշված իրավունքների և ազատությունների խախտումները:

4.1. Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանվել և փոփոխվել է, ՀՀ դատախազությունը պարտավորեցվել է վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ թույլ տրված՝ Գ.Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

5. 2014 թվականի օգոստոսի 19-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել թիվ 27203404 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի՝ 2004 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացնելու մասին: 

5.1. 2014 թվականի օգոստոսի 21-ին քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է:

5.2. 2014 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազի կողմից որոշում է կայացվել նաև թիվ 27203404 քրեական գործով Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին 2004 թվականի օգոստոսի 11-ի որոշումը վերացնելու վերաբերյալ:

5.3. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2004 թվականի ապրիլի 23-ին Գ.Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ 2016 թվականի մայիսի 10-ին հարուցվել է թիվ 62212316 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

5.4. Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Գ.Վիրաբյանը ճանաչվել է տուժող։

5.5. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի փետրվարի 17-ի և փետրվարի 20-ի որոշումներով Հովհաննես Նեգուսի Մովսիսյանը և Արմեն Ռազմիկի Արսենյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

5.6. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մարտի 10-ի որոշմամբ մեղադրյալներ Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործով վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

5.7. Վերոնշյալ որոշումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ վերացվել է:

6. 2018 թվականի փետրվարի 20-ին քրեական գործը, ըստ մեղադրանքի Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով Հ.Մովսիսյանը և Ա.Արսենյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

7. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ մերժելով բողոքները:

8. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ, որը 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ փոխվել է բանավոր ընթացակարգի։

8.1. 2021 թվականի հունվարի 27-ին հրավիրված դատական նիստում Վճռաբեկ դատարանը Եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 արձանագրության հիման վրա որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հետևյալ հարցով. խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյո՞ք համահունչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ։

9. Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը (այսուհետ՝ նաև Մեծ պալատ) 2022 թվականի ապրիլի 26-ին Վճռաբեկ դատարանին է տրամադրել «Ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ» թիվ P16-2021-001 խորհրդատվական կարծիքը (այսուհետ՝ նաև Խորհրդատվական կարծիք), որի հայերեն թարգմանությունը Վճռաբեկ դատարանում ստացվել է 2022 թվականի հուլիսի 28-ին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատելով քրեական պատասխանատվությունից, խախտել են Եվրոպական դատարանի՝ մի շարք վճիռներով արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով ամրագրված՝ խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ նորմերը:

11. Վերլուծելով «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» Միավորված ազգերի կազմակերպության 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև Եվրոպական դատարանի դիրքորոշումները՝ բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունները հանգեցնում են պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման, քանի որ Եվրոպական դատարանի վճիռները Եվրոպական կոնվենցիայի անբաժան մաս են և ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետությունում՝ որպես միջազգային պայմանագրից բխող նորմատիվ ակտեր:

12. Բողոքաբերը նշել է, որ խոշտանգումների արգելքն ամրագրված է մարդու իրավունքներին և մարդասիրական իրավունքին առնչվող մի շարք միջազգային պայմանագրերում և ընկալվում է որպես ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունք՝ jus cogens նորմ, ինչը նշանակում է, որ այն պարտադիր է բոլոր պետությունների համար, նույնիսկ եթե այդ պետությունները չեն վավերացրել որևէ կոնկրետ պայմանագիր, և որ միջազգային կամ ներպետական որևէ այլ կանոն չի կարող հակասել jus cogens սկզբունքին: Բողոքաբերը փաստարկել է, որ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի բացարձակ արգելքը, ի թիվս այլնի, ենթադրում է նաև պետության կողմից նման դեպքերի պատշաճ քննության իրականացում, իսկ նման արարքներ կատարողների նկատմամբ համարժեք պատժի կիրառում՝ երաշխավորելով վերջինիս անխուսափելիությունը: Վերոնշյալ արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելը, համաներում, ինչպես նաև անպատժելիության հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելը, բողոքաբերի պնդմամբ, ուղղակիորեն հանգեցնում են պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման:

13. Բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը Եվրոպական կոնվենցիայի օրգանական մասն է կազմում, ինչից էլ հստակ հետևում է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ կիրառելու կոնվենցիոն արգելք է սահմանված։ Ուստի, բողոքաբերի պնդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով այդ գործերով վաղեմության ժամկետներ չպետք է կիրառվեն, և դա չի կարող հանգեցնել ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, չի կարող առաջացնել իրավական անորոշություն:

14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումը և ամբաստանյալների նկատմամբ նշանակել կատարած արարքներին համաչափ պատիժ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.

 

I. Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը.

15. Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքում բազմիցս արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է. «[Եվրոպական կոնվենցիայի] 3-րդ հոդվածում սահմանվում են ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքները։ Նույնիսկ ամենաբարդ հանգամանքներում, ինչպես, օրինակ` ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում Կոնվենցիայով բացարձակ իմաստով արգելվում են խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ զոհի պահվածքից (տե՛ս Labita v. Italy [GC], թիվ 26772/95, §119, ՄԻԵԿ 2000-IV, և Chahal v. the Սnited Kingdom, 1996 թվականի նոյեմբերի 15, §79, Զեկույցներ 1996-V)։ 3-րդ հոդվածով որևէ բացառություն չի նախատեսվում, և Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն չի թույլատրվում որևէ շեղում կատարել այդ պայմանից, նույնիսկ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության դեպքում (տե՛ս Selmouni v. Fraոce [GC], թիվ 25803/94, §95, ՄԻԵԿ 1999-V, և Assenov aոd Օthers v. Bulgaria, 1998 թվականի հոկտեմբերի 28, §93, Զեկույցներ 1998-VIII)»2:

15.1. Կոնկրետ գործով Եվրոպական դատարանը գտել է, որ. «(…) [Թ]ե՛ Կառավարության և թե՛ ներպետական մարմինների կողմից դիմումատուի վնասվածքների առումով տրված բացատրությունը խիստ կասկածելի է և անհավանական։ Միևնույն ժամանակ, այն նշում է, որ հետաքննության բոլոր փուլերում դիմումատուն ներկայացրել է համապատասխան և մանրամասն նկարագրություն այն մասին, թե ով է իր նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել և ինչպես է դա տեղի ունեցել։ Նրա պնդումները համապատասխանում էին տարբեր բժշկական արձանագրություններում առկա նրա վնասվածքների նկարագրությանը (…)։

Վերոնշյալը հաշվի առնելով` Դատարանը չի կարող դիմումատուի վնասվածքների վերաբերյալ Կառավարության բացատրությունը համարել բավարար և համոզիչ, և հետևաբար, այն եզրակացնում է, որ նրա վնասվածքները վերաբերելի են վատ վերաբերմունքի այն դրսևորումներին, որոնց մասով մարմինները պատասխանատու էին»3:

15.2. Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ. «(…) [Դ]իմումատուն ենթարկվել է առանձնապես դաժան վատ վերաբերմունքի, որը նրան պատճառել է սուր ֆիզիկական և հոգեկան ցավ և տառապանք։ Մասնավորապես, նրա ամորձիներին շարունակաբար հասցվել են հարվածներ ոտքերով, ձեռքերով և մետաղական առարկաներով։ Այս վնասվածքները երկարատև հետևանքներ թողեցին նրա առողջության վրա, քանի որ նրա ձախ ամորձին այնպես էր պատռվել, որ այն ստիպված հեռացվեց: Այնուհետև նրան, ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքին կապած, ծեծի էին ենթարկել, և նա ստացել էր հարվածներ կրծքավանդակին և կողոսկրերին: Այս գործի հանգամանքներից կարելի է լուրջ հետևություններ անել, որ դիմումատուի նկատմամբ մտադրաբար է ցուցաբերվել վատ վերաբերմունք` նրան պատժելու կամ ահաբեկելու նպատակով, կամ էլ երկուսը միասին: Հաշվի առնելով վատ վերաբերմունքի բնույթը, աստիճանը և նպատակը` Դատարանը գտնում է, որ այն կարելի է բնորոշել որպես խոշտանգումների ենթարկելու գործողություններ (տե՛ս Selmouni, վերևում մեջբերված, §§96-105, և Salman, վերևում մեջբերված, §115) »4:

Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում:

15.3. Անդրադառնալով վատ վերաբերմունքի մասին պնդումների շուրջ արդյունավետ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցին` Եվրոպական դատարանը նշել է. «Դատարանը վերահաստատում է, որ երբ անհատը ենթադրաբար պնդում է այն մասին, որ նրա նկատմամբ 3-րդ հոդվածի խախտմամբ ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք ոստիկանության կողմից կամ Պետության այլ նման գործակալների կողմից, ապա այդ դրույթով, որը ընթերցվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Պետության հիմնական պարտականության մասին դրույթի հետ հետևյալ կերպ` «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի (...)», [ա]նուղղակի կերպով պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության իրականացում (տե՛ս Assenov aոd Օthers, վերևում մեջբերված, §102, և Labita, վերևում մեջբերված, §131)»5:

15.4. Եվրոպական դատարանը, ընդունելով հանդերձ, որ նշված գործով քրեական վարույթը հարուցվել է դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորման հենց նույն օրը, և սկսվել է հետաքննություն, այնուամենայնիվ նշել է, որ. «(…) [Ք]րեական գործի հանգամանքները բացառապես հիմնվել են իրադարձությունների մասին ոստիկանների կողմից տրամադրված տարբերակի վրա, ներառյալ` հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց և նրանց այն գործընկերների կողմից տրամադրված տեղեկությունների վրա, ովքեր բոլորը որոշակիորեն ներգրավված էին 2004 թվականի ապրիլի 23-ի իրադարձություններում` չլսելով նույնիսկ դիմումատուին կամ որևէ այլ վկայի: Ավելին, հենց սկզբից իրադարձությունների մասին այս տարբերակը համարվել է հաստատված փաստ (տե՛ս, օրինակ` վերոնշյալ §34 մեջ նշված դատաբժշկական փորձաքննություն կարգադրելու մասին քննիչի որոշումը) և ամբողջ հետաքննությունը իրականացվել է այդ կանխավարկածով: Անհրաժեշտ է նշել, որ ոստիկանության տարբերակը քննիչի կողմից հենց այդպես ընդունվել է այն ժամանակ, երբ նա նույնիսկ իր տրամադրության տակ չի ունեցել դիմումատուի վնասվածքների բնույթի և հնարավոր պատճառների մասին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Արդյունքում, դիմումատուն դարձել է այդ վարույթի միակ մեղադրյալը, մինչդեռ նշված ոստիկանները երբեք չեն համարվել հնարավոր կասկածյալներ և, ավելին, մասնակցել են միայն որպես վկաներ, իսկ ոստիկանության աշխատակից Հ.Մ-ի դեպքում` որպես տուժող»6:

15.5. Եվրոպական դատարանը, կասկած հայտնելով, որ հետաքննություն իրականացնող մարմնի միակ նպատակն է եղել դիմումատուին քրեական պատասխանատվության ենթարկելը և դրա շուրջ ապացույցներ հավաքելը, նշել է, որ. «Հետաքննություն իրականացնող մարմինները հետաքննության ոչ մի փուլում չեն տրամադրել որևիցե բացատրություն այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքները հավաստի, իսկ դիմումատուի ցուցմունքները` ոչ վստահելի: Վատ վերաբերմունքի մասին իր պնդումների առումով ամբողջական հետաքննություն իրականացնելու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և պատժելու մասին դիմումատուի բազմաթիվ պահանջները անտեսվել են, կամ դրանց տրվել է մակերեսային պատասխան (տե՛ս, օրինակ` վերոնշյալ §54): Այսպիսով, պարզվում է, որ հետաքննություն իրականացնող մարմինները առանց որևէ հիմնավորման նախապատվությունը տվել են ոստիկանների կողմից տրամադրված վկայությանը և դրանով կարելի է ասել չեն ցուցաբերել անհրաժեշտ օբյեկտիվությունը և անկախությունը»7:

15.6. Անդրադառնալով իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին Գ.Վիրաբյանի պնդումների շուրջ քննությանը` Եվրոպական դատարանը նշել է, որ քննության ընթացքում առկա են եղել մի շարք էական բացթողումներ և անհամապատասխանություններ, որոնք կարող էին վտանգել դրա վստահելիությունը և արդյունավետությունը8:

15.7. Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «(…) [Վ]ատ վերաբերմունքի մասին դիմումատուի պնդումների առումով մարմինների կողմից ձեռնարկված հետաքննությունը եղել է անարդյունավետ, ոչ պատշաճ և միանգամայն թերի: Դրանով հնարավոր չի եղել տալ հավաստի եզրակացություններ և արձանագրել գործի փաստերը: Իրավասու մարմինները բավականաչափ բարեխիղճ չեն եղել, և չի կարելի ասել, որ մտադրված են եղել բացահայտելու և պատժելու հանցագործներին»9:

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական նորմի խախտում:

15.8. Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Գ.Վիրաբյանի նկատմամբ վատ վերաբերմունքը դրսևորվել է քաղաքական դրդապատճառներով՝ Եվրոպական դատարանը նշել է, որ. «(…) [Դ]իմումատուի պնդումները ստուգելու որևէ օբյեկտիվ եղանակ չկա: Ճշմարիտ է, որ դիմումատուի՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալումը սուր քննադատությունների և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այդուհանդերձ, դա բավարար չէ եզրակացնելու, որ վատ վերաբերմունքը, որպես այդպիսին, նույնպես պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով։ Դատելով գործի հանգամանքներից՝ չի կարելի բացառել, որ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել՝ ոստիկանության ծառայող Հ.Մ.-ին պատճառած վնասվածքի համար վրեժ լուծելու նպատակով: Չի կարելի բացառել նաև, որ ոստիկանության ծառայողների բռնի վարքագիծը պայմանավորված է եղել դիմումատուի հետ առերեսման փաստով կամ ոստիկանության բռնի ուժի գործադրման պատճառներով, որոնք հնարավոր չէ բացատրել: Թեև նման գործողությունները պետք է արժանանան անվերապահ դատապարտման և որևէ պարագայում չպետք է արդարացվեն կամ ներվեն, Դատարանը չի կարող հիմնավոր կասկածից վեր եզրակացնել, որ դիմումատուի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը պայմանավորված է եղել իր քաղաքական հայացքներով»10:

Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի նյութաիրավական կողմը չի խախտվել։

15.9. Այնուհետև, անդրադառնալով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ընթացակարգային կողմին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «(…) [Բ]ռնությամբ ուղեկցվող միջադեպեր հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն են ստանձնում. այն է` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունն իր դերն է ունեցել այդ դեպքերում։ Այդ պարտավորությունը չկատարելը և քաղաքական նկատառումներով պայմանավորված բռնությունը որևէ քաղաքական երանգ չունեցող գործերի հետ նույն հիմքով քննելը կնշանակի աչք փակել այն գործողությունների վրա, որոնցով խախտվում են հիմնարար իրավունքները։ Էապես տարբեր իրավիճակները կարգավորելու եղանակների միջև տարբերակում չկատարելը կարող է հանգեցնել չհիմնավորված վերաբերմունքի, որը չի համապատասխանում Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Nachova and Others v. Bulgaria, թիվ 43577/98 և 43579/98, §158, 2004 թվականի փետրվարի 26, և Bekos aոd Koutropoulos, վերևում մեջբերված, §69)։

(...) [Ք]աղաքական դրդապատճառների առկայության փաստի ապացուցումը չափազանց դժվար է գործնականում։ Բռ[ն]ի գործողության քաղաքական հնարավոր երանգները հետաքննելու` պատասխանող Պետության պարտականությունը ենթադրում է հնարավոր, սակայն ոչ ծայրահեղ ջանքերի գործադրում։ Պետական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան քայլերը վկայություններ հավաքելու ու ապահովելու, ճշմարտությունը բացահայտելու բոլոր գործնական միջոցներն օգտագործելու և ամբողջովին հիմնավորված, անկողմնակալ և օբյեկտիվ որոշումներ ընդունելու համար` բաց չթողնելով որևէ կասկածելի փաստ, որը կարող է մատնանշել քաղաքական նկատառումներով բռնությանը (տես՛ համապատասխան փոփոխություններով (mutatis mutaոdis), Nachova and Օthers, վերևում մեջբերված, §159, և Bekos and Koutropoulos, վերևում մեջբերված, §69)»11:

15.10. Վերոգրյալ դրույթները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) [Դ]իմումատուն բազմաթիվ առիթներով հետաքննության մարմիններին պնդել է, որ իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը կապված է ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին իր մասնակցության հետ, և ունի քաղաքական դրդապատճառներ և պահանջել, որ այս հանգամանքը հետաքննվի, իսկ մեղավորները պատժվեն (…)։ Երկու այլ վկաներ այս պնդումը հիմնավորող փաստարկներ են ներկայացրել (…)։ Վերջապես Դատարանը նկատում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է ձերբակալման պատճառների բացակայությունը (…)։

Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը համարում է, որ հետաքննության մարմիններն ունեին հավաստի և բավարար տեղեկություններ, որոնց հիման վրա ակնհայտ էր դառնում նախնական ստուգում և, կախված արդյունքից, դիմումատուի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հնարավոր քաղաքական դրդապատճառների հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Այդուհանդերձ, պետական մարմինները գրեթե ոչինչ չեն արել այս տեղեկությունները ստուգելու համար։ Ոստիկանության միայն երկու աշխատակիցներից` Ա.Մ-ից և Ռ.Ս-ից էին հարցրել, թե արդյոք իրենք տեղյակ են եղել դիմումատուի քաղաքական պատկանելիության մասին, սակայն սա չի կարող համարվել նման լուրջ պնդումը հետաքննելու իրական փորձ և պարզապես ձևական բնույթ է կրում (…)։ Այլ հարցեր չեն տրվել, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցները, այդ թվում` Հ.Մ-ն և Ա.Կ-ն, ում դիմումատուն ուղղակիորեն մատնանշել է որպես իր նկատմամբ բռ[ն]ի գործողություններ կատարելուց առաջ և հետո քաղաքական տեսանկյունից անհանդուրժողական հայտարարություններ արած անձանց, նույնիսկ չեն հարցաքննվել այդ պնդումների առնչությամբ։ Ոչ մի փորձ չի կատարվել` պարզելու դիմումատուի ձերբակալման հանգամանքները, այդ թվում` բազմաթիվ անճշտություններ և ձերբակալման հնարավոր քաղաքական երանգը մատնանշող այլ տարրեր, իսկ ներկայացված նյութերից ոչ մի եզրակացություն չի արվել։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ պետական մարմինները չեն կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ դիտարկվող 14-րդ հոդվածի համաձայն ստանձնած իրենց պարտավորությունը, այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` պարզելու, թե արդյոք դիմումատուի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքը ցուցաբերվել է խտրականության հիմքով»12:

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համակցված 14-րդ հոդվածի ընթացակարգային կողմը։

 

II. Սույն գործով Հովհաննես Նեգուսի Մովսիսյանին և Արմեն Ռազմիկի Արսենյանին առաջադրված մեղադրանքները.

16. Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ «2004թ. ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ին, հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Յաշայի Վիրաբյանը: Բերման ենթարկվելիս ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին Գրիշա Վիրաբյանի կողմից չենթարկվելու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի շրջանակներում բաժնի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող քրեական հետախուզության բաժանմունքի հինգերորդ աշխատասենյակում բանավեճ է սկսվել Գրիշա Վիրաբյանի ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի միջև: Այդ ընթացքում Գրիշա Վիրաբյանը աշխատասենյակի սեղանի վրա դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել ու վնասել է Հովհաննես Մովսիսյանի աջ աչքը:

Գրիշա Վիրաբյանի նշված գործողության համար վերջինիս պատժելու նպատակով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արմեն Արսենյանի հետ՝ գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից և, տվյալ դեպքում չունենալով ֆիզիկական ուժ գործադրելու լիազորություն, բռնություն գործադրելով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, բաժնի աշխատասենյակներից մեկում ծեծի են ենթարկել նրան' ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով ամորձիներին և մարմնի այլ մասերին' վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ փոշտի հետտրավմատիկ հեմատոմայի, ձախակողմյան հեմատոցելեի, ձախ ամորձու պատռվածքի, աջ սրունքի արյունազեղման ձևով:

Հովհաննես Մովսիսյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել նրա Իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին, քանի որ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը»13:

161 ԱԱրսենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2004թ. ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, գտնվելով ոստիկանության Արտաշատի բաժնի վարչական շենքում, տեղեկացել է, որ հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկված Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի շրջանակներում բաժնի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող քրեական հետախուզության բաժանմունքի հինգերորդ աշխատասենյակում բանավեճ է տեղի ունեցել նրա ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի միջև: Այդ ընթացքում Գրիշա Վիրաբյանը աշխատասենյակի սեղանի վրա դրված բջջային հեռախոսի լիցքավորման սարքով հարվածել ու վնասել է Հովհաննես Մովսիսյանի աջ աչքը:

Գրիշա Վիրաբյանի նշված գործողության համար վրեժխնդիր լինելու անձնական շարժառիթով և մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ հոդվածների համաձայն հետաքննության մարմնի աշխատակից, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Արմեն Արսենյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Մովսիսյանի հետ' գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից և, տվյալ դեպքում չունենալով ֆիզիկական ուժ գործադրելու լիազորություն, բռնություն գործադրելով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, բաժնի աշխատասենյակներից մեկում ծեծի են ենթարկել նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով ամորձիներին և մարմնի այլ մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք՝ փոշտի հետտրավմատիկ հեմատոմայի, ձախակողմյան հեմատոցելեի, ձախ ամորձու պատռվածքի, աջ սրունքի արյունազեղման ձևով:

Արսեն Արսենյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել նրա Իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին, քանի որ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը»14:

 

III. Սույն գործով ստորադաս դատարանների դիրքորոշումները.

17. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով արձանագրել է, որ. «(…) Դատարանն ապացուցված է համարում, որ Հովհաննես Մովսիսյանի ու Արմեն Արսենյանի վերոհիշյալ գործողությունների հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել նրա իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին, քանի որ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանը որպես պաշտոնատար անձ՝ դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Ամբաստանյալ Արմեն Ռազմիկի Արսենյանը որպես պաշտոնատար անձ՝ դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

(…)

Դատարանն անդրադառնալով կատարածի համար Հովհաննես Մովսիսյանին և Արմեն Արսենյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին, արձանագրում է, որ՝ (…) [ա]յն [պատճառաբանությունը], որ պետք է (…) ՄԻԵԴ-ի [«Մոկանոն ընդդեմ Ռումինիայի» գործով (գանգատներ թիվ 10865/09, 45886/07 և 32431/08)] որոշմամբ հայտնված դիրքորոշման հիմքով քրեական գործի վարույթը շարունակել, ինչը և կատարվել է նախաքննական մարմնի կողմից, և այն դրվել է նաև մեղադրական եզրակացության հիմքում, դատարանն անթույլատրելի է համարում, քանի որ ինչպես դատախազի որոշմամբ, այնպես էլ նախաքննական մարմնի կողմից չեն պատճառաբանվել, թե նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումն ինչ չափով և ինչ հիմքերով են կիրառելի Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն կատարելու համար և ինչու չպետք է կիրառվի ՀՀ ներպետական օրենքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը:

Դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից չհիմնավորված կերպով է կիրառվել ՄԻԵԴ-ի նշված որոշումը, որի կիրառմամբ անտեսվել են հետևյալ հանգամանքները, այսպես.

ՄԱԿ 1994 դեկտեմբերի 10-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, չի պարունակում որևէ դրույթ այն մասին, որ վաղեմության ժամկետներ կիրառելն արգելվում է և միայն խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն Կոնվենցիայի իր մեկնաբանություններում, որոնք, ըստ էության, կրում են խորհրդատվական բնույթ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար 2012 թվականին և 2017 թվականին կատարված մոնիթորինգի և դիտարկումների արդյունքով (...) ափսոսանք է հայտնում առ այն, որ թեև նախորդ դիտարկումներում, առաջարկություններում արձանագրել էր (տես՝ CAT/C/ARM/CO/3, կետ 10), սակայն դեռևս գործող օրենսդրությունը ամեն դեպքում պահպանում է վաղեմության ժամկետները (...) խոշտանգումների գործերով, և անձինք, ովքեր դատապարտվել են այդ հոդվածներով օգտվում են համաներման կիրառումից: (…): Թերևս 2012 թվականի մոնիթորինգից հետո խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին վերաբերվող օրենսդրական բացը լրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել է լրացում և սահմանվել է առանձին հոդված խոշտանգման վերաբերյալ՝ 309.1-րդ հոդվածը՝ այսինքն Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը, կարևորելով կոմիտեի դիտարկումներն ու առաջարկները, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածից բացի լրացում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ 309.1 խոշտանգում հոդվածով, որն իր դիսպոզիցիայով էապես տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածից, այսինքն՝ սահմանվել է նոր հանցատեսակ: Ընդ որում, օրենսդիր մարմինը, սահմանելով խոշտանգման մասին հոդվածը, որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, այսինքն՝ դրանցում որևէ փոփոխություն չի կատարել այն դեպքում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածում սպառիչ թվարկված են հանցագործության այն տեսակները, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումով, ինչը նշանակում է, որ օրենսդրական որևէ սահմանափակում չկա ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածում չթվարկված մյուս հանցագործությունների նկատմամբ, այդ թվում՝ խոշտանգում կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետը կիրառելու և այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան, որում որևէ սահմանափակում չկա խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերած անձանց կողմից հանցագործություն կատարելու դեպքում նրանց նկատմամբ վաղեմության ժամկետներ, ներում կամ համաներում չկիրառելու համար և միայն այն, որ ՄԻԵԴ-ն իր որոշմամբ այդ մասին՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու, անձի նկատմամբ ներում կամ համաներում չկիրառելու համար դիրքորոշում է հայտնել, դեռևս բավարար չէ, որ այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումն ենթակա լինի պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ՀՀ իրավական համակարգ ինկորպորացված չէ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումները, ինքնաբերաբար չեն ինկորպորացվում ՀՀ իրավական համակարգ և այդ դիրքորոշումը կիրառելու համար անհրաժեշտ է կամ օրենսդրական միջամտություն՝ ներպետական օրենքում՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխության կատարում կամ գոնե բարձրագույն դատական մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի լույսի ներքո նախադեպային որոշման կայացմամբ այն համապարտադիր վարքագծի կանոնի ճանաչում: Տվյալ դեպքում առկա չէ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պայմանավորված քրեական պատասխանատվությունից ազատելու ներպետական իրավական նորմի՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերի նշված հոդվածների առկայությունը տվյալ պայմաններում ՀՀ իրավական համակարգին հայտնի միակ կիրառման ենթակա վարքագծի կանոնն է: Ճիշտ է, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ.-ի Եվրոպական կոնվենցիայի դրույթները վավերացման փաստի ուժով պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները որևէ իրավադրույթով չեն կարող հավասարեցվել այդ միջազգային փաստաթղթերի մեջ ամրագրված հոդվածներին և ճանաչվել դրանց ուղղակի կիրառելիությունը: Դատարանը չի կարող նաև առաջնորդվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ.-ի Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով և առաջնայնությունը տալ նախադեպին, քանի որ MOCANU AND OTHERS v. ROMANIA (Applicationsnos. 10865/09, 45886/07 and 32431/08) գործի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսացել:

Պետք է նշել, որ ըստ ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «ՀՀ վավերացված պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի նորմերի միջև ուղղակի հակասությունը բացակայում է:

Դատարանը նաև արձանագրում է, որ եվրոպական դատարանի վերը նշված որոշումն անվերապահ կիրառելով` անտեսվել է՝ ինչպես ՀՀ սահմանադրությամբ սահմանված անձի իրավիճակը վատթարացնող օրենքների ու իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու մասին դրույթը, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այդ թվում նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով սահմանված անձի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի պահանջները: 

(…)

Այս պարագայում եթե նույնիսկ ընդունենք, որ եվրոպական դատարանի որոշումն կիրառելի է Հայաստանի Հանրապետությունում, ապա նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշման կիրառման դեպքում արդյոք չեն խախտվում մեղադրյալներ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի իրավունքներն ու հիմնարար ազատությունները և օրինական շահերը, քանի որ նրանց կողմից հանցագործությունը կատարվել է դեռևս 2004 թվականի ապրիլ ամսին, իսկ ՄԻԵԴ-ի որոշումը կայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 17-ին և եթե նշված որոշմանը, որը անձի վիճակը վատթարացնող իրավական ակտ է, հետադարձ ուժ է տրվում, արդյոք այդ դեպքում չեն խախտվում ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և Կոնվենցիայով սահմանված անձի իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը կիրառելով վերը նշված հիմքով նույնպես խախտվել են ամբաստանյալներ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այսինքն ՄԻԵԴ-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը սույն քրեական գործին վերաբերելի չէ»15։

18. Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, գտել է, որ. «(…) [Ա]մբաստանյալներ Հովհաննես Մովսիսյանին և Արմեն Արսենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով կատարված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանությունները օրինական և հիմնավորված են, իսկ ՀՀ օրենսդրության վերոնշյալ պահանջների անտեսմամբ ամբաստանյալների նկատմամբ վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի նրանց իրավունքների և օրինական շահերի խախտման և կարող է առաջացնել իրավական անորոշություն ու որակվել որպես կամայականություն»16:

 

IV. Սույն գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստում կողմերի հայտնած դիրքորոշումները.

19. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 27-ի դատական նիստի ընթացքում պատասխանելով դատարանի հարցերին, ՀՀ գլխավոր դատախազության` մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը հայտնել է, որ արարքը կատարելու պահին խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել, ուստի Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որի հատկանիշները նույնականացվում են խոշտանգման հետ: Պատասխանելով դատարանի այն հարցերին, թե արդյո՞ք ներպետական օրենսդրությունը նախատեսում է կոնկրետ արարքի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու արգելք, և թե արդյո՞ք վաղեմության ժամկետի կիրառումը չի հանգեցնի Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի իրավունքների խախտման՝ դատախազը վկայակոչել է Աբդուլսամետ Յամանն ընդդեմ Թուրքիայի և Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործերով Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումները և նշել, որ առկա են միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելք են սահմանել վաղեմության ժամկետների կիրառման համար կոնկրետ ժամանակահատվածում:

19.1. Նույն նիստում, ամբաստանյալների շահերի պաշտպան Հ.Սուքիասյանը, դատարանի հարցերին պատասխանելով, նշել է, որ դատախազը վկայակոչում է միջազգային պայմանագրեր, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի կնքած միջազգային պայմանագիր, որի դրույթները գործում են մեր ներպետական օրենսդրության փոխարեն: Պաշտպանը հավելել է, որ առկա է Եվրոպական դատարանի դիրքորոշում, որը խորհրդատվական բնույթ ունի: Վկայակոչելով օրինականության սկզբունքը՝ պաշտպանը նշել է, որ 2004 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումը հանցագործություն չի եղել, և խոշտանգման դեպքերով վաղեմության կիրառման արգելք չի եղել: Պաշտպանը նշել է, որ 2014 թվականի Եվրոպական դատարանի վճռի գործողությունը չպետք է տարածվի դրանից 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքի վրա:

19.2. Ամբաստանյալները դատական նիստի ընթացքում դիրքորոշում չեն արտահայտել:

19.3. Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում տուժող Գ.Վիրաբյանը, անդրադառնալով դատարանի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի բողոքարկվող դատական ակտերը բեկանելու և ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու պահանջի առնչությամբ, պատասխանել է, որ ներել է ամբաստանյալներին, վերջիններիս նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի, թողնում է դատարանի հայեցողությանը։

 

V. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը.

20. Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ստացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի Խորհրդատվական կարծիքի ուղենիշային նշանակության հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել Խորհրդատվական կարծիքում ներկայացված եզրահանգմանն ու դրա հիմքում ընկած փաստարկումներին։

20.1. Մեծ պալատն իր խորհրդատվական կարծիքում հիմնվել է ինչպես խոշտանգման արգելքի համընդհանուր պարտադիր նորմի և պետությունների համապատասխան պարտավորությունների միջազգային իրավական բովանդակության բացահայտման, այնպես էլ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» սկզբունքի համատեքստում քրեական օրենքի կանխատեսելիության պահանջի վերլուծության վրա։

20.2. Մասնավորապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանին ուղղված դիմումը ձևակերպելիս Վճռաբեկ դատարանը հիմնվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, նախքան նույն կոնվենցիայի 7-րդ հոդվածին հղումով տրված կոնկրետ հարցին անդրադառնալը, Եվրոպական դատարանը նպատակահարմար է համարել վերահաստատել իր նախադեպային իրավունքը 3-րդ հոդվածի ներքո՝ վաղեմության ժամկետների մասով՝ այնքանով, որքանով դա առնչվում է Խորհրդատվական կարծիքին՝ արձանագրելով հետևյալը. «Դատարանն ի սկզբանե նշում է, որ այն ընդունել է, որ միջազգային իրավունքում խոշտանգման արգելքը ստացել է jus cogens կամ համընդհանուր պարտադիր նորմի կարգավիճակ (տես՛ Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Adsani v. the United Kingdom [GC]], թիվ 35763/97, §§ 60-61, ՄԻԵԴ 2001‑XI)։ Բացի այդ, կարելի է հիշեցնել, որ Մոկանուն և այլք [[Mocanu and Others v. Romania] (…) ([GC] [ՄՊ], թիվ 10865/09 և ևս 2-ը] գլխավոր գործով (…) վճռում (…) Դատարանը վճռել է հետևյալը.

«(…) [Պ]ետական պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքին վերաբերող գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետի հիմքով, և նաև, որ այդ գործերով չպետք է թույլատրվեն համաներումների ու ներումների կիրառումը (տե՛ս Աբդուլսամետ Յամանն ընդդեմ Թուրքիայի [Abdulsamet Yaman v. Turkey], թիվ 32446/96, § 55, 2004 թվականի նոյեմբերի 2), (…) [Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [Mocanu and Others v. Romania] գործը ([GC] [ՄՊ], թիվ 10865/09 և ևս 2-ը, § 70], և [««1989թ. դեկտեմբերի 21» ասոցիացիան և այլք ընդդեմ Ռումինիայի» [Association «21 December 1989» and Others v. Romania], թիվ 33810/07 և 18817/08, § 144, 2011 թվականի մայիսի 24]): Ավելին, վաղեմության ժամկետը կիրառելու կարգը պետք է համատեղելի լինի Կոնվենցիայի պահանջներին։ Հետևաբար դժվար է ընդունել ոչ ճկուն վաղեմության ժամկետներ՝ առանց բացառությունների ընդունման (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) Ռոմանն ընդդեմ Ֆինլանդիայի [Roman v. Finland], թիվ 13072/05, § 50, 2013 թվականի հունվարի 29)»:

Փաստերի հիման վրա գտնելով, որ համապատասխան քննությունը հիմնականում կարճվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով՝ Դատարանը վճռել է, որ դժվար է համարել, որ (2-րդ հոդվածից և) 3-րդ հոդվածից բխող ընթացակարգային պարտավորությունները կատարվել են այն դեպքում, երբ քննությունը կարճվել է իշխանությունների անգործության հետևանքով առաջացող՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոկանուն և այլք գործը, §346)։

Հետևաբար Դատարանը գտել է, որ 3-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգային երաշխիքները խախտվել են այն դեպքերում, երբ վաղեմության ժամկետները կիրառվել են իշխանությունների կողմից արագ և պատշաճ ջանասիրությամբ չգործելու արդյունքում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բատին և այլք ընդդեմ Թուրքիայի [Batı and Others v. Turkey], թիվ 33097/96 և 57834/00, §§ 97 և 145-147, ՄԻԵԴ 2004‑IV (քաղվածքներ). վերևում հիշատակված՝ Աբդուլսամետ Յամանի գործը § 59, Եսիլը և Սեվիմն ընդդեմ Թուրքիայի [Yesil and Sevim v. Turkey], թիվ 34738/04, §§ 38-42, 2007 թվականի հունիսի 5, Էրդողան Յիլմազը և այլք ընդդեմ Թուրքիայի [Erdogan Yılmaz and Others v. Turkey], թիվ 19374/03, § 57, 2008 թվականի հոկտեմբերի 14, Էրդալ Ասլանն ընդդեմ Թուրքիայի [Erdal Aslan v. Turkey], թիվ 25060/02 և 1705/03, §§ 75‑79, 2008 թվականի դեկտեմբերի 2, Պադուրետն ընդդեմ Մոլդովայի [Padureţ v. Moldova], թիվ 33134/03, § 75, 2010 թվականի հունվարի 5, Կառագյոզը և այլք ընդդեմ Թուրքիայի [Karagoz and Others v. Turkey], թիվ 14352/05 և ևս 2-ը, §§ 53-55, 2010 թվականի հուլիսի 13, Սավինն ընդդեմ Ուկրաինայի [Savin v. Ukraine], թիվ 34725/08, §§ 70-71, 2012 թվականի փետրվարի 16, Ուգյուրն ընդդեմ Թուրքիայի [Ugur v. Turkey], թիվ 37308/05, § 105, 2015 թվականի հունվարի 13 և Բարովովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 9183/09, § 42, 2021 թվականի հունիսի 15):

Հարկ է նաև հիշեցնել, որ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում այն դեպքում, երբ քրեական հետապնդման համար վաղեմության ժամկետը լրացել է խոշտանգման բնույթի արարքները կամ վատ վերաբերմունքի այլ ձևեր ներպետական իշխանությունների կողմից անհամարժեքորեն պակաս ծանր հանցանք որակելու հետևանքով, ինչը հանգեցրել է ավելի կարճ վաղեմության ժամկետների կիրառման և հանցանքը կատարող անձին թույլ է տվել խուսափել քրեական պատասխանատվությունից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Պադուրետի գործը, § 75, Վելեվն ընդդեմ Բուլղարիայի [Velev v. Bulgaria], թիվ 43531/08, § 61, 2013 թվականի ապրիլի 16, Օ.Ռ.-ն և Լ.Ռ.-ն ընդդեմ Մոդլովայի Հանրապետության [O.R. and L.R. v. the Republic of Moldova], թիվ 24129/11, §§ 73-74, 2018 թվականի հոկտեմբերի 30)։

Ավելին, մի քանի առիթներով Դատարանը գտել է, որ 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները չեն ապահովվել հիմնականում ներպետական իրավունքում խոշտանգում համարվող արարքների պատշաճ պատիժ ապահովող համապատասխան դրույթների բացակայության պատճառով (տե՛ս Չեստարոն ընդդեմ Իտալիայի [Cestaro v. Italy], թիվ 6884/11, § §§ 218-226, 2015 թվականի ապրիլի 7, Ացոլինան և այլք ընդդեմ Իտալիայի [Azzolina and Others v. Italy], թիվ 28923/09 և 67599/10, § 149-165, 2017 թվականի հոկտեմբերի 26, Չիրինոն և Ռեննեն ընդդեմ Իտալիայի [Cirino and Renne v. Italy], թիվ 2539/13 և 4705/13, §§ 106-112, 2017 թվականի հոկտեմբերի 26, և Բլեյըրը և այլք ընդդեմ Իտալիայի [Blair and Others v. Italy], թիվ 1442/14 և ևս 2-ը, § 118-134, 2017 թվականի հոկտեմբերի 26)։ Այդ առնչությամբ Դատարանը նաև նշել է, որ տվյալ հանցանքների նկատմամբ կիրառվել է վաղեմության ժամկետների մասին դրույթը, «մի հանգամանք, որն ինքնին [հակասում է] խոշտանգումներին կամ վատ վերաբերմունքի այլ ձևերին վերաբերող նախադեպային իրավունքին» (տե՛ս վերևում հիշատակված՝ Աբդուլսամետ Յամանի գործը, § 55, վերևում հիշատակված՝ Չեստարոյի գործը, § 208, վերևում հիշատակված՝ Չիրինոյի և Ռեննեի գործը, § 110, և վերևում հիշատակված՝ Բլերը և այլք գործը, § 118-134)։

Դատարանը հաշվի է առնում այն դժվարությունները, որոնք կարող են առաջանալ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով վճիռները կատարելու ընթացքում՝ անդամ պետությունների ներպետական համակարգերում վաղեմության ժամկետի վերաբերյալ դրույթի առկայության պատճառով։ Այնուամենայնիվ, այն նշում է, որ մի շարք անդամ պետություններ ձեռնարկել են տարբեր միջոցներ՝ այս խնդիրը լուծելու և այդպիսով նման արարքներ գործող պետական պաշտոնատար անձանց անպատժելիությունը կանխելու համար։ Այսպես՝ մի քանի անդամ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան և այժմ Հայաստանը փոփոխություններ են կատարել իրենց օրենսդրության մեջ՝ չեղարկելով վաղեմության ժամկետի կիրառումը խոշտանգման բնույթի արարքների նկատմամբ։ Այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Իտալիայում, որպեսզի քրեական վարույթների իրականացումն անհնար չդառնա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով, 2020 թվականին օրենքում կատարվել է փոփոխություն, որով նախատեսվում է, որ առաջին ատյանի դատարանի վճռից հետո վաղեմության ժամկետը կասեցվում է քրեական վարույթի մնացած ամբողջ ժամանակահատվածում։ 

Դատարանը նշում է, որ Վիրաբյանի գործով (վերևում հիշատակված) այն գտել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ դիմումատուն ենթարկվել է խոշտանգման, և որ իշխանությունները չեն իրականացրել ենթադրյալ վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն։ Այդուհանդերձ, Դատարանի կարծիքով՝ անընդունելի կլինի, եթե ազգային իշխանությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրենց դրական պարտավորությունները չկատարելու համար հատուցեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի երաշխիքների հաշվին, որոնցից մեկն այն է, որ քրեական իրավունքը չպետք է մեկնաբանվի լայնորեն՝ ի վնաս մեղադրյալի (տե՛ս Մյումյուն ընդդեմ Բուլղարիայի [Myumyun v. Bulgaria], թիվ 67258/13, § 76, 2015 թվականի նոյեմբերի 3, վերջին պահանջի մասով հղումներ կատարելով Բաշկայան և Օկսուողլուն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Başkaya and Okջuoğlu v. Turkey [GC]] գործին, թիվ 23536/94 և 24408/94, § 36, ՄԻԵԴ 1999 IV. (…) [Կոնոնովն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Kononov v. Latvia [GC]], թիվ 36376/04, ՄԻԵԴ 2010] գործը, § 185 և Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] [Del Rվo Prada v. Spain [GC]], թիվ 42750/09, § 78, ՄԻԵԴ 2013):

Մասնավորապես և սույն խորհրդատվական կարծիքի նպատակներով հարկ է նշել, որ Դատարանի նախադեպային իրավունքի ներկա վիճակից չի բխում, որ Կոնվենցիայի համաձայն Պայմանավորվող կողմից պահանջվում է չկիրառել կիրառելի վաղեմության ժամկետը և այդպիսով արդյունավետորեն վերականգնել լրացած վաղեմության ժամկետը։ Վարույթը վերսկսելու համատեքստում Դատարանը ճանաչել է, որ կարող են լինել իրավիճակներ, երբ դե յուրե կամ դե ֆակտո հնարավոր չէ վերսկսել այն միջադեպերի քրեական գործով քննությունները, որոնք կապված են Դատարանի կողմից քննվող գանգատների հետ։ Նման իրավիճակներ կարող են առաջանալ, օրինակ, այն գործերի դեպքում, երբ հանցանքը կատարող անձինք արդարացվել են, և նրանց նկատմամբ չի կարող իրականացվել դատական քննություն նույն հանցանքի համար, կամ այն գործերի դեպքում, երբ քրեական վարույթը չի կարող իրականացվել՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Իսկապես, վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կարճված քրեական վարույթները վերսկսելը կարող է առաջացնել խնդիրներ իրավական որոշակիության իմաստով և հետևաբար կարող է ազդել մեղադրյալի՝ Կոնվենցիայի 7-րդ հոդվածով նախատեսված իրավունքների վրա (տե՛ս Տաշդեմիրն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Taşdemir v. Turkey (dec.)], թիվ 52538/09, § 14, 2019 թվականի մարտի 12)»17։ 

20.3. Անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին՝ Եվրոպական դատարանը վերահաստատել է իր նախադեպային իրավունքի վերաբերելի ընդհանուր սկզբունքները՝ այդ հոդվածի շրջանակներում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջների մասով։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ. «(…) [Կ]անխատեսելիության հասկացության շրջանակը զգալիորեն կախված է խնդրո առարկա օրենքի բովանդակությունից, այն ոլորտից, որն այն պետք է ընդգրկի, և այն անձանց թվից և կարգավիճակից, որոնց այն ուղղված է: Օրենքը, սակայն, կարող է համարվել որպես կանխատեսելիության պահանջը բավարարող, նույնիսկ եթե տվյալ անձը ստիպված է համապատասխան իրավաբանական խորհրդատվություն ստանալ` գնահատելու համար (այնքանով, որքանով ողջամտորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում) այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել տվյալ գործողությունը: Սա հատկապես վերաբերում է մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, որոնք սովոր են մեծ զգուշավորություն ցուցաբերել իրենց աշխատանքը կատարելիս: Այս առումով ակնկալվում է, որ վերջիններս հատուկ ուշադրությամբ պետք է գնահատեն այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս նմանատիպ գործողությունների արդյունքում (տե՛ս Վասիլիաուսկասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Vasiliauskas v. Lithuania [GC]], թիվ 35343/05, § 157, ՄԻԵԴ 2015, և թիվ P16-2019-001 խորհրդատվական կարծիքը, § 61):

(…)

Դատարանը նաև վերահաստատում է, որ մի քանի առիթներով այն վճռել է, որ վաղեմությունը կարող է սահմանվել որպես հանցանքը կատարած անձի` հանցանքի կատարման օրվանից որոշակի ժամկետը լրանալուց հետո քրեական հետապնդման չենթարկվելու կամ չդատապարտվելու՝ օրենքով սահմանված իրավունք։ Վաղեմության ժամկետները, որոնք Պայմանավորվող պետությունների ներպետական իրավական համակարգերին բնորոշ հատկանիշ են, ծառայում են մի քանի նպատակների, այդ թվում՝ իրավական որոշակիության և վերջնականության ապահովմանը, մեղադրյալի իրավունքների խախտումների կանխարգելմանը, ինչը կարող է խաթարվել, եթե դատարաններից պահանջվի որոշումներ կայացնել այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ ոչ ամբողջական (տե՛ս (…) [Քոյեմին և այլք ընդդեմ Բելգիայի [Coսme and Others v. Belgium], թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, ՄԻԵԴ 2000-VII.], § 146)։ 

Վերոնշյալ գործում Դատարանը կոչված է եղել որոշել, թե արդյոք դեռևս չլրացած վաղեմության ժամկետները երկարաձգելու մասով օրենսդրական փոփոխություններն առաջացրել են խնդիրներ 7-րդ հոդվածի մասով։ Դատարանն ընդունում է, որ վաղեմության ժամկետի երկարաձգումն իրապես երկարաձգել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ հանցանքների մասով կարող են հարուցվել քրեական հետապնդումներ, և հետևաբար բացասաբար է ազդել դիմումատուների վիճակի վրա՝ մասնավորապես խաթարելով նրանց ակնկալիքները։ Այդուհանդերձ, սա չի հանգեցնում 7-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման, քանի որ այդ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես դատավարական իրավունքի անմիջապես կիրառման միջոցով վաղեմության ժամկետների երկարաձգումն արգելող դրույթ, որի դեպքում համապատասխան հանցանքների նկատմամբ երբեք չի կիրառվում վաղեմության ժամկետի սկզբունքը (նույն տեղում՝ § 149)։ Այդ եզրակացությանը հանգելիս Դատարանը կարևորել է այն փաստը, որ ներպետական դատարանը հետևել է համընդհանուր ընդունված այն սկզբունքին, որ դատավարական նորմերն անմիջապես կիրառվում են ընթացքի մեջ գտնվող վարույթների նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հստակորեն նախատեսված է հակառակը (tempus regit actum սկզբունք) (նույն տեղում, § 148)։ 

Դատարանն այնուհետև հիմնվել է այս եզրահանգումների վրա և եզրակացրել, որ վաղեմության ժամկետների վերաբերյալ նորմերը չեն սահմանել հանցանքները և դրանց համար նախատեսված պատիժները և կարող են ընկալվել որպես գործի գնահատման համար սահմանված պարզ նախապայման՝ 7-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը ճանաչելով որպես ակնհայտ անհիմն (տե՛ս Պրևիտին ընդդեմ Իտալիայի (որոշում) [Previti v. Italy (dec.)], թիվ 1845/08, § 80, 2013 թվականի փետրվարի 12, որի դեպքում դիմումատուն բողոքել է, որ չի կարողացել օգտվել ավելի բարենպաստ վաղեմության ժամկետներից, որոնք ներդրվել են, երբ իր քրեական գործը եղել է ընթացքի մեջ Գերագույն դատարանում)։ Այս եզրահանգումը հետագայում հաստատվել է մի շարք նմանատիպ գործերում, այդ թվում՝ Բիագիոլին ընդդեմ Սան Մարինոյի (որոշում) [Biagioli v. San Marino (dec.)] (թիվ 8162/13, § 90, 2014 թվականի հուլիսի 8, որի դեպքում ընդունվել է օրենք, որը, ի տարբերություն դիմումատուի կողմից հանցանքը կատարելու ժամանակահատվածի, պահանջել է որոշակի հանգամանքներում կասեցնել վաղեմության ժամկետը, և որը տարածվել է դիմումատուի գործի նկատմամբ) և Բորչեան ընդդեմ Ռումինիայի (որոշում) [Borcea v. Romania (dec.)] (թիվ 55959/14, § 64, 2015 թվականի սեպտեմբերի 22, որի դեպքում դիմումատուն՝ քրեական վարույթով մեղադրյալը, չի կարողացել օգտվել իրեն վերագրվող հանցանքի մասով ավելի նպաստավոր վաղեմության ժամկետներ սահմանող օրենսդրական փոփոխություններից)։ 

Այսպիսով, ինչպես երևում է վերևում ամփոփ ներկայացված որոշումներից, դեռևս չլրացած վաղեմության ժամկետը երկարաձգող օրենսդրական փոփոխությունները չեն համարվել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում։ 

Այդուհանդերձ, ի տարբերություն այդ գործերի, Դատարանը գտել է, որ վերջին գործում, որի դեպքում դիմումատուները դատապարտվել են վաղեմության ժամկետը լրացած հանցանքի համար, տեղի է ունեցել 7-րդ հոդվածի խախտում (տե՛ս Անտիան և Խուպենիան ընդդեմ Վրաստանի [Antia and Khupenia v. Georgia], թիվ 7523/10, §§ 38-43, 2020 թվականի հունիսի 18) (…)։

(…) [Ի]նչպես կարելի է տրամաբանորեն եզրակացնել Դատարանի վերոնշյալ եզրահանգումներից, այն դեպքում, երբ քրեական պատասխանատվությունը վերականգնվել է վաղեմության ժամկետն անցնելուց հետո, այն կհամարվի անհամատեղելի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության (Nullum crimen, nulla poena sine lege (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով)) և կանխատեսելիության հիմնական սկզբունքների հետ (...)։ Դրանից հետևում է, որ այն դեպքում, երբ ներպետական իրավունքով սահմանված հանցանքի համար կարող է կիրառվել վաղեմության ժամկետների մասին դրույթը, և վաղեմության ժամկետը լրանալու հիմքով կարող է բացառվել քրեական պատասխանատվությունը, 7-րդ հոդվածի համաձայն՝ օրինական իրավական հիմքերի բացակայության պատճառով քրեական հետապնդումն այդ հանցանքի մասով բացառվում է։ Այլ վճիռ կայացնելը հավասարազոր կլինի «քրեական իրավունքն ի վնաս մեղադրյալի հետադարձ ուժով կիրառելը» ընդունելուն (շեշտադրումն ավելացված է) (տե՛ս (…) [Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] [Del Rվo Prada v. Spain [GC]], թիվ 42750/09, ՄԻԵԴ 2013], § 78 )»18։

20.4. Վերոգրյալի համատեքստում, ի վերջո, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «(…) Դատարանին չի ներկայացվում նախքան քննվող գործով վաղեմության ժամկետն անցնելը վաղեմության ժամկետի՝ օրենսդրությամբ սահմանված երկարաձգման հարցը, այլ ներկայացվում է իրավիճակ, երբ հայցող դատարանը պետք է որոշի, թե արդյոք ՔՕ-ի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՔԴՕ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն կիրառի տասը տարի վաղեմության ժամկետը, թե ՔՕ-ի 75-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ արդեն գոյություն ունեցող դրույթը, որը նախատեսում է այդ դրույթում սահմանված հանգամանքներում վաղեմության ժամկետ չկիրառելու բացառությունները։ Հաշվի առնելով վերևում՝ 70-րդ և 71-րդ պարբերություններում շարադրված ընդհանուր նկատառումները՝ առաջին հերթին և առավելապես հենց ազգային դատարանը պետք է իր ներպետական սահմանադրական և քրեական իրավունքով նախատեսված նորմերի համատեքստում որոշի, թե արդյոք ազգային իրավական համակարգում իրավաբանական ուժ ունեցող միջազգային իրավունքի կանոնները, տվյալ դեպքում՝ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), կարող են նախատեսել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով բավականաչափ հստակ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ եզրակացնելու, որ տվյալ հանցանքի նկատմամբ վաղեմության ժամկետների մասին դրույթը չի կիրառվում»19։

20.5. Մեծ պալատի խորհրդատվական կարծիքին կից ներկայացված համընկնող առանձին կարծիքում Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր Ա.Հարությունյանը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված խոշտանգման արգելքի, դրանց հիման վրա գործող պայմանագրային մարմինների՝ Խոշտանգումների դեմ կոմիտեի և Եվրոպական դատարանի՝ խոշտանգման նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառման արգելքի վերաբերյալ որոշումների, 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի վերլուծության հիման վրա եզրակացրել է, որ. «(…) ՄԱԿԽԴԿ-ի 4-րդ հոդվածով պետությունից պահանջվում է ապահովել, որ խոշտանգման բնույթի բոլոր արարքներն իր քրեական իրավունքով համարվեն հանցանքներ։ 1993 թվականի սեպտեմբերին Հայաստանը վավերացրել և միացել է ՄԱԿԽԴԿ-ին, մինչդեռ ԽԴԿ-ի կողմից ներկայացված նկատառումներում նշվում է, որ մինչև 2004 թվականն այն չի կատարել 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը։ 

Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է. «Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված քրեական հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով սահմանված է վաղեմության ժամկետների կիրառման արգելք»:

ՄԱԿԽԴԿ-ի 4-րդ հոդվածով պահանջվում է քրեականացնել խոշտանգումը՝ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով։ Հայաստանի կողմից այս պարտավորությունը չկատարելը չի կարող լինել 75-րդ հոդվածի 6-րդ մասը չկիրառելու պատճառ։ Ի վերջո «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսվում է, որ ՄԱԿԽԴԿ-ի նման պայմանագրերը պետք է բարեխղճորեն կատարվեն, և որ «պետությունը չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները որպես պայմանագիրը չկատարելու արդարացում»: Միջազգային արդարադատության մշտական պալատը (ՄԱՄՊ) ևս ընդունել է դա «Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը» փաստաթղթում, որով այն վճռել է, որ «որևէ պետություն չի կարող իր սեփական Սահմանադրությանը հղում կատարել ի վնաս այլ պետության՝ միջազգային իրավունքով կամ գործող պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները կատարելուց խուսափելու նպատակով»:

Թեև սույն գործով դրան հակասող որևէ ներպետական դրույթ նույնիսկ գոյություն չունի, այդպիսի դրույթի բացակայությունը ևս չի կարող համարվել պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու արդարացում։ 

Ինչ վերաբերում է 75-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ չափանիշին, մասնավորապես, որ վաղեմության ժամկետը պետք է սահմանվի համապատասխան պայմանագրում, ապա ճիշտ է, որ ՄԱԿԽԴԿ-ն հստակ չի անդրադառնում այս հարցին։ Այդուհանդերձ, ԽԴԿ-ն վերահաստատել է, որ խոշտանգման նկատմամբ չպետք է կիրառվեն ժամանակային սահմանափակումներ, ինչպես նշվել է Հայաստանի վերաբերյալ 2012 թվականի իր եզրափակիչ դիտարկումներում:

(…)

Խոշտանգման արգելքի jus cogens նորմը գերակայում է վաղեմության ժամկետների մասին ազգային դրույթների նկատմամբ։ Հետևաբար, որպես արգելքի jus cogens բնույթի բացասական ազդեցության հետևանք, վաղեմության ժամկետ նախատեսող ցանկացած օրենք ի սկզբանե հակասում է միջազգային իրավունքի նորմերին և երբեք չի կարող օրինականորեն կիրառվել։ 

Այդպիսով, չի առաջանում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի կիրառելիության հարց, քանի որ երբեք չի եղել վաղեմության ժամկետներ նախատեսող որևէ գործող օրենք. վաղեմության ժամկետներ չկիրառելը, ի սկզբանե, խոշտանգումների արգելքի և դրանց առնչվող ժամկետների jus cogens նորմի համաձայն եղել է օրինական և կանխատեսելի՝ որպես ազգային օրենսդրության մաս։ 

Նույնիսկ եթե ազգային իրավունքի համաձայն քրեական հետապնդումը հնարավոր չի եղել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, դա նշանակություն չունի, քանի որ այդ օրենքը երբևէ իրավական ուժ չէր կարող ունենալ»20։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խոշտանգում կամ դրան հավասարեցված այլ արարքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ կիրառելու իրավաչափության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական խնդիրը հետևյալն է. արդյո՞ք ներպետական կանոնակարգումները, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և այդ պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ դրույթը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով բավարար իրավական հիմքեր է նախատեսում խոշտանգում կամ դրան հավասարեցված այլ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու համար։

 

I. Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը.

23. 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը (…)»:

2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել (…)»:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

24. ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված՝ սույն օրենսգրքի 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով [խոշտանգումը] նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում՝ անկախ հանցանքի կատարման պահից»:

2001 թվականի ապրիլի 16-ին ընդունված, 2001 թվականի հունիսի 10-ից ուժի մեջ մտած և 2004 թվականի ապրիլ ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ ոստիկանության գործունեության սկզբունքներն ամրագրող 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա (…)»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Ոստիկանության աշխատակցի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով»:

25. Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նախ՝ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, սահմանադրական փոփոխությունների տեքստով պայմանավորված որոշակի առանձնահատկություններով հանդերձ, ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է դիտարկում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը: Դեռ ավելին, ՀՀ միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում ՀՀ Սահմանադրությունը կոլիզիան լուծում է հօգուտ միջազգային պայմանագրերի կարգավորումների:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածն իր հերթին ուղղակի կարգավորում էր նախատեսում առ այն, որ օրենսգիրքը հիմնվում է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա։

25.1. Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետների կիրառման արգելք սահմանող քրեաիրավական նորմին, ապա օրենսդիրը, ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ միջազգային պայմանագրերը կազմում են ներպետական իրավական համակարգի անբաժան մասը, իրավաչափորեն նախատեսել է, որ նորմում թվարկված կոնկրետ հանցակազմերից բացի, վաղեմության ժամկետները չեն կիրառվում նաև միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված: ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ նորմը օրենսգրքի ընդունումից ի վեր որևէ օրենսդրական փոփոխության և լրացման չի ենթարկվել: Այսինքն՝ օրենսդիրն ի սկզբանե՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման օրվանից՝ 2003 թվականի ապրիլի 18-ից ի վեր, հստակ իրավական հիմք է նախատեսել այդ պահին վավերացված կամ հետագայում վավերացվելիք միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում առանձին հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու համար: Այսպիսով, թեև ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված հանցակազմերի ցանկում խոշտանգումը կամ դրան հավասարեցված այլ արարքներ նախատեսված չեն, սակայն նորմի գործողության շրջանակը չի սահմանափակվում նշված հանցակազմերով, քանի որ այն ուղղակիորեն նախատեսում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և դրանցով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու օրենսդրական հնարավորությունը: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2015 հունիսի 9-ին ընդունված ՀՀ օրենքով 309.1-րդ հոդվածով խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող հատուկ նորմը ևս ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված հանցակազմերի ցանկում չի ընդգրկվել:

 

II. Խոշտանգման արգելքը՝ որպես jus cogens նորմ՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում.

26. 1969 թվականի մայիսի 23-ին ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից 2005 թվականի մայիսի 17-ին վավերացված՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի՝ «Ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր (jus cogens) նորմին հակասող պայմանագրերը» վերտառությամբ 53-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին: Սույն Կոնվենցիայի նպատակների համար ընդհանուր միջազգային պարտադիր նորմն այն նորմն է, որը պետությունների միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընդունվում ու ճանաչվում է որպես նորմ, որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով»:

Նույն կոնվենցիայի՝ «Ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նոր նորմի (jus cogens) առաջացումը» վերտառությամբ 64-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե առաջանում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նոր նորմ, ապա ցանկացած պայմանագիր, որը հակասում է այդ նորմին, անվավեր է և դադարում է»:

26.1. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի վերոնշյալ դրույթներից բխում է, որ միջազգային իրավունքի համապարտադիր կամ jus cogens նորմը հիմնարար իրավական նորմ է, որից որևէ շեղում չի թույլատրում: Jus cogens նորմը միջազգային իրավական համակարգում ունի այն նույն դերակատարումը, ինչ իրավունքների սահմանադրական երաշխիքներն ազգային իրավական համակարգում:

27. Համամարդկային արժեքների պաշտպանության՝ որպես Հայաստանի Հանրապետության համար jus cogens պարտավորության գաղափարը հստակ ամրագրված է նաև 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության նախաբանում, համաձայն որի՝ Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, ՀՀ Սահմանադրությունն ընդունել է նաև՝ «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Ինչպես փաստել է ՀՀ Սահմանադրական դատարանն իր՝ 2023 թվականի մարտի 24-ի թիվ ՍԴՈ-1680 որոշմամբ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության նախաբանում ևս այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ է: Նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում Հայ ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքը պահանջում է նաև համամարդկային արժեքների պաշտպանությանը և պահպանությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, և որ ՀՀ Սահմանադրությամբ հիմնված և երաշխավորված՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության համակարգը կոչված է ապահովելու, ի թիվս Սահմանադրությամբ ամրագրված այլ արժեքների, նաև Սահմանադրության նախաբանի իմաստով «համամարդկային արժեքների» պաշտպանությունը, որն առաջնահերթությամբ սահմանադրական հրամայական լինելուց բացի՝ նաև jus cogens նորմերով պարտավորություն է ցանկացած պետության համար21:

28. 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից 1993 թվականի հունիսի 23-ին վավերացված՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

29. 1984 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության կողմից 1993 թվականի սեպտեմբերի 13-ին վավերացված՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»:

Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգումը կիրառվել է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում»:

29.1. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող՝ Խոշտանգումների դեմ կոմիտեն, կոնվենցիայի 19-րդ հոդվածով սահմանված կարգով անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ներկայացված զեկույցների առնչությամբ իր՝ 2003 թվականի մայիսի 27-ի թիվ CAT/C/CR/30/5 և թիվ CAT/C/CR/30/4 եզրափակիչ դիտարկումներում անդամ պետություններին պարտավորեցրել է բացառել վաղեմության ժամկետների մասին դրույթի կիրառումը խոշտանգմանն առնչվող հանցագործությունների նկատմամբ22: Խոշտանգումների դեմ կոմիտեն իր այս դիրքորոշումը հետևողականորեն զարգացրել է նաև անդամ պետությունների ներկայացրած զեկույցների վերաբերյալ իր հետագա եզրափակիչ դիտարկումներում23:

30. Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականի սեպտեմբերի 13-ին վավերացրել է նաև 1989 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ մտած` «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան, որի 1-ին հոդվածի համաձայն՝ «Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով ստեղծվում է Եվրոպական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) (…)»:

31. Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալն (այսուհետ՝ նաև Տրիբունալ) իր՝ դեռևս 1998 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ խոշտանգման արգելքը ձեռք է բերել jus cogens նորմի կարգավիճակ՝ բնորոշելով այն որպես միջազգային իրավունքի համապարտադիր նորմ, որից որևէ շեղում չի թույլատրվում: Մասնավորապես, վերոնշյալ որոշման համաձայն՝ այն, որ խոշտանգումն արգելված է միջազգային իրավունքի համապարտադիր նորմով, իր ազդեցությունն ունի միջպետական և անհատական մակարդակներում։ Տրիբունալի գնահատմամբ՝ միջպետական մակարդակում այն ծառայում է խոշտանգումը թույլատրող ցանկացած օրենսդրական, վարչական կամ դատական ակտի միջազգայնորեն ապալեգիտիմացմանը: Նշված որոշման համաձայն՝ մի կողմից՝ խոշտանգումների դեմ արգելքի jus cogens բնույթով պայմանավորված, խոշտանգումներ նախատեսող պայմանագրերը կամ սովորութային կանոններն առոչինչ և անվավեր են լինելու ի սկզբանե (ab initio), մյուս կողմից՝ անընդունելի են լինելու պետության ձեռնարկած քայլերը՝ ուղղված խոշտանգումները թույլատրելուն կամ դրանց համար ներում շնորհելուն կամ ենթադրյալ մեղավորներին համաներման մասին օրենքներ ընդունելու միջոցով պատասխանատվությունից ազատելուն: Նույն վճռում Տրիբունալն արձանագրել է, որ եթե անգամ ստեղծվի նման իրավիճակ, ազգային կարգավորումները, որոնք կխախտեն ընդհանուր սկզբունքը և ցանկացած այլ վերաբերելի պայմանագրային դրույթ, միջազգայնորեն իրավական ճանաչում չեն ստանա: Վերոնշյալ վճռում արված կարևոր արձանագրում է այն, որ խոշտանգման համար ենթադրյալ մեղավորները, ովքեր օգտվում են այդ ազգային կարգավորումներից, այնուամենայնիվ, ենթակա են պատասխանատվության, քանի որ անկախ ներպետական օրենսդիր կամ դատական իշխանության մարմինների կողմից խոշտանգումների արգելքի սկզբունքի խախտում թույլ տալուն, անհատները շարունակում են կրել այդ սկզբունքը պահպանելու պարտականությունը: Քննարկվող վճռում նշվել է նաև, որ անհատական, այսինքն՝ քրեական պատասխանատվության մակարդակում, խոշտանգումների արգելքի՝ միջազգային հանրության շրջանում ստացած jus cogens բնույթի հետևանքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր պետություն իրավազոր է քննելու խոշտանգման դեպքերը, հետապնդել և պատժել կամ արտահանձնել խոշտանգումների մեջ մեղադրվող անձանց, ովքեր իր իրավազորության տակ գտնվող տարածքում են։ Նույն վճռում, իբրև այլ հետևանք, նաև փաստվել է, որ խոշտանգումների վրա չեն կարող տարածվել վաղեմության ժամկետները24:

32. 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացված՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

32.1. Այն, որ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում, բազմիցս շեշտադրվել է Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորած նախադեպային իրավունքում։ Մասնավորապես, Զելիլոֆն ընդդեմ Հունաստանի գործով վճռում դատարանն արձանագրել է, որ 3-րդ հոդվածը պաշտպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը։ Անգամ այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակ արտահայտություններով արգելում է խոշտանգումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Ի տարբերություն Կոնվենցիայի և դրան կից 1-ին և 4-րդ արձանագրությունների շատ նյութաիրավական դրույթների, 3-րդ հոդվածը չի նախատեսում բացառության վերաբերյալ որևէ կանոն, դրանից շեղում թույլատրելի չէ նաև 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անգամ ազգի գոյությանը վտանգ սպառնացող արտակարգ դրության դեպքում25:

32.2. Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը։ Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ եթե անձը վստահելի հայտարարություն է անում այն մասին, որ ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ այլ պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության պարտականություն։ Նման քննությունը պետք է ունակ լինի բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց։ Հակառակ պարագայում, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորության, գործնականում կլինի ոչ արդյունավետ և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց տրամադրության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատիժ26։

32.3. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են՝

ա) քննություն իրականացնող մարմինները պետք է լինեն անկախ և անաչառ27,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ28, քննությունը պետք է լինի արագ և մանրամասն, այսինքն՝ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է գործադրեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա29,

գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ30, նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլնի՝ ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները31,

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար32,

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը33, քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը34։

32.4. Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ընդունել է, որ միջազգային իրավունքում խոշտանգման արգելքը ստացել է jus cogens կամ համընդհանուր պարտադիր նորմի կարգավիճակ: Ընդ որում, խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, Եվրոպական դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ պետական պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքին վերաբերող գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետի հիմքով, և նաև, որ այդ գործերով չպետք է թույլատրվի համաներումների ու ներումների կիրառումը35: Այսպես, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Լորենս Դյուարդին ընդդեմ Ֆրանսիայի գործով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի և Աբդուլսամետ Յամանն ընդդեմ Թուրքիայի գործով 2004 թվականի նոյեմբերի 2-ի վճռին, Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով 2006 թվականի հոկտեմբերի 17-ի վճռում վերահաստատել է, որ երբ պետության ներկայացուցիչը մեղադրվում է հանցագործությունների մեջ, որոնք խախտում են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, քրեական գործի վարույթը և պատժի նշանակումը չպետք է սահմանափակված լինեն ժամկետով36:

 

III. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արգելքի վերաբերյալ ներպետական օրենսդրության՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցմանն ուղղված գործընթացը և դատական պրակտիկան.

33. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արգելքի վերաբերյալ ներպետական օրենսդրության՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցմանն ուղղված դատական պրակտիկայի մեկնարկը տրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, որում, անդրադառնալով Ա.Գզոյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրել է խոշտանգման բացարձակ արգելքի գաղափարը և ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ պետության կողմից արդյունավետ քննություն իրականացնելու պոզիտիվ պարտականությունը37: Սվետլանա Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամրագրել է վատ վերաբերմունքի վերաբերյալ վստահելի հայտարարության առնչությամբ քննություն իրականացնելու իրավասու մարմինների պարտականությունը38։ Վճռաբեկ դատարանն իր հետագա որոշումներում ևս հետևողականորեն կիրառել է Եվրոպական դատարանի մշակած չափանիշները39:

34. Քննարկվող ոլորտում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ի թիվս այլնի, պայմանավորված էր ոչ միայն ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջև ներդաշնակեցումն ապահովելու կարևորությամբ, այլ նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Այսպես, Հայաստանի վերաբերյալ մի շարք վճիռներում (օրինակ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի և Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործերով) Եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ըստ այդմ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նշված վճիռների կայացմանը հաջորդել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից Եվրոպական դատարանի վճիռների հետևողական կատարման ապահովման նպատակով ներպետական դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայումն ու գործերի վերաբացումը40:

35. Խոշտանգումների դեմ Կոմիտեն իր` 2012 թվականի զեկույցում նախ ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից 2006-2011 թվականների ընթացքում խոշտանգման և խտրական բնույթի արարքներն արգելող միջազգային և տարածաշրջանային կարևորագույն փաստաթղթերի վավերացումը, կարևորել է ներպետական համապատասխան օրենսդրության ընդունման և միջազգային չափանիշների ներդաշնակեցման հարցը, միևնույն ժամանակ կոչ է արել քրեականացնել խոշտանգման հանցակազմը, օրենսդրական երաշխիքներ ստեղծել ձերբակալված և կալանավորված անձանց նվազագույն իրավունքների պահպանման համար, նախատեսել խոշտանգումների զոհերին խոշտանգման հետևանքով պատճառված վնասի արդար և համաչափ փոխհատուցման, այդ թվում՝ ռեաբիլիտացիայի ինստիտուտը, ուժը կորցրած ճանաչել խոշտանգման հանցագործության կամ դրան հավասարեցված արարքների համար քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի, ներման, համաներման կիրառումը41:

36. Օրենսդրության՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխանեցման գործընթացի մեկնարկը, ըստ էության, տրվեց 2015 հունիսի 9-ին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-69-Ն և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-70-Ն օրենքների ընդունմամբ, որոնցով համապատասխանաբար նախատեսվեց խոշտանգման հանցակազմը և նախատեսվեց խոշտանգման դեպքերի համար հանրային մեղադրանքի ռեժիմ։

37. Խոշտանգման ենթադրյալ դեպքերով արդյունավետ քննության ապահովմանն ուղղված միջոցառումներից կարելի է առանձնացնել նաև ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործող մեխանիզմի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին 21-ին ընդունվեց ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀO-191 օրենքը, որով ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն ընձեռվեց նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին։ Բացի այդ, կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում կալանավորված անձանց հնարավորություն ընձեռվեց սեփական միջնորդության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, աշխատանքային օրերին և ժամերին առանձին, անարգել տեսակցել տվյալ քրեական գործով որպես պաշտպան չներգրավված այլ փաստաբանի հետ՝ իրավական այլ ոլորտներում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով:

38. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-214-Ն օրենքով նախատեսվեց խոշտանգումների զոհերին խոշտանգման հետևանքով պատճառված վնասի արդար և համաչափ փոխհատուցման, այդ թվում՝ ռեաբիլիտացիայի ինստիտուտը42:

39. 2018 թվականի հունվարի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն օրենքով հավելյալ դատավարական երաշխիքներ նախատեսվեցին de facto ազատությունից զրկված անձանց համար, այդ թվում՝ հրավիրելու փաստաբան, իր պահանջով ենթարկվելու բժշկական հետազոտման: Վերոնշյալ կարգավորումները պահպանվել են նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:

40. 2018 թվականի մարտի 7-ին ընդունվեց «Ներման մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվեց, որ ներում չի շնորհվում խոշտանգման համար դատապարտված անձին։

41. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրվեց խոշտանգում կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում կիրառելու արգելքը:

42. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.

- խոշտանգման արգելքը միջազգային իրավունքի համապարտադիր՝ jus cogens նորմ է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և վերջինիս իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող միջազգային պայմանագրերում՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրում, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիայում, Եվրոպական կոնվենցիայում, որոնք 2002 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից եղել են վավերացված,

- խոշտանգման նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման արգելք նախատեսելու պահանջ ուղղակիորեն նախատեսված է վերոնշյալ կոնվենցիաների հիման վրա գործող մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում: Այսպես, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող Խոշտանգումների դեմ կոմիտեն դեռևս 2003 թվականի իր եզրափակիչ դիտարկումներում արձանագրել է խոշտանգմանն առնչվող հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետների մասին դրույթը կիրառելու արգելքը: Պետական պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքին վերաբերող գործերով քրեական վարույթը վաղեմության ժամկետի հիմքով դադարեցնելու ոչ իրավաչափությունն արձանագրել է նաև Եվրոպական դատարանը Մեծ պալատի խորհրդատվական կարծիքում վկայակոչված՝ Աբդուլսամետ Յամանն ընդդեմ Թուրքիայի գործով դեռևս 2004 թվականի նոյեմբերի 2-ին կայացրած վճռում, որտեղ դատարանը հղում է կատարել Խոշտանգումների դեմ կոմիտեի 2003 թվականի եզրափակիչ դիտարկումներին,

- միջազգային պայմանագրային մարմինների դիրքորոշման՝ այդ պայմանագրերի բաղկացուցիչ մասը լինելու առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ կոնվենցիոնալ համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Եվրոպական կոնվենցիան ոչ միայն պահանջում է մասնակից պետություններից պահպանել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, այլ նաև ստեղծում է դատական մարմին, որը Եվրոպական կոնվենցիայի 19-րդ հոդվածի և 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իրավասու է վեր հանել Եվրոպական կոնվենցիայի խախտումները վերջնական վճիռներում, որոնց պետությունները պարտավորվել են հետևել: Բացի այդ, այն ստեղծում է վճիռների կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմ Նախարարների կոմիտեի պատասխանատվության ներքո (Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետ): Նման մոտեցումը, Եվրոպական դատարանի գնահատմամբ, ընդգծում է վճիռների արդյունավետ կատարման կարևորությունը43: Ընդ որում, Եվրոպական կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն՝ Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Եվրոպական կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը: Այս առումով հարկ է նշել, որ հենց ինքը՝ Եվրոպական դատարանը շեշտել է, որ իր վճիռները, ըստ էության, ծառայում են ոչ միայն Եվրոպական դատարանին հասցեագրված վեճերի լուծմանը, այլև ընդհանուր առմամբ կոչված են «պարզաբանելու, պաշտպանելու և զարգացնելու» Եվրոպական կոնվենցիայով սահմանված կանոնները՝ դրանով իսկ նպաստելով պետությունների՝ որպես պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունները կատարելուն: Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թեև կոնվենցիոնալ համակարգի առաջնային նպատակը անհատական օգնություն տրամադրելն է, վերջինիս առաքելությունը, նաև ընդհանուր շահերից ելնելով, հանրային քաղաքականության հարցեր որոշելն է՝ դրանով իսկ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր չափանիշները և ընդլայնելով մարդու իրավունքների իրավաբանական պրակտիկան անդամ-պետությունների համայնքում44,

- միջազգային պայմանագրային մարմինների դիրքորոշման՝ անդամ պետությունների համար ունեցած իրավաբանական ուժի առնչությամբ Վճռաբեկ դատարանը տեղին է համարում հիշատակել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի դաշնագրի կիրառման ապահովման նպատակով ստեղծված՝ Մարդու իրավունքների կոմիտեի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի այն դիրքորոշումը, որ դատարան դիմելիս անհրաժեշտ է կարևորել և պատշաճորեն հաշվի առնել միջազգային պայմանագրի ողջամիտ կիրառումը մշտադիտարկելու նպատակով հատուկ ստեղծված անկախ մարմինների կողմից ընդունված մեկնաբանությունը, եթե այդպիսիք ստեղծվել են45։

Նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), նշելով, որ. «(…) [Ա]յն իրավական նորմերը, որոնց վերաբերյալ իրենց պաշտոնական դիրքորոշումն են հայտնում պայմանագրային մարմինները, Կողմ պետությունների համար պարտադիր իրավաբանական ուժ ունեցող պարտավորություններ են, և հետևաբար պայմանագրային մարմինների կողմից իրենց պաշտոնական դիրքորոշումը հայտնելն ավելին է, քան զուտ առաջարկությունները, որոնք կարող են հեշտությամբ անտեսվել, քանի որ Կողմ պետությունը համաձայն չի եղել ԽԴԿ-ի կողմից ընդունված մեկնաբանության կամ փաստերի նկատմամբ դրա կիրառման հետ։ Ավելին, Կողմ պետությունները չեն կարող ուղղակի անտեսել դրանք, այլ պետք է բարեխղճորեն (bona fide) հաշվի առնեն դրանք: Մյուս կողմից, նրանք զրկված չեն մանրամասն ուսումնասիրելուց հետո համապատասխան գործի վերաբերյալ ճիշտ իրավական դիրքորոշումը չարտահայտելու հիմքով դրանք մերժելու իրավունքից։ Այնուամենայնիվ, ՄԻԿ-ի եզրահանգումներին ընդհանրապես չարձագանքելը կարող էր համարվել ՔՔԻՄԴ-ով ստանձնած պարտավորությունների խախտում: Իրավական հետևանքն այն է, որ անդամ պետություններն ստանձնում են ՄԻԿ-ի վերջնական կարծիքները բարեխղճորեն հաշվի առնելու պարտավորություն»46,

- 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված, ինչպես նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը պետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերն ուղղակիորեն դիտարկում էր որպես ներպետական իրավական համակարգի՝ գերակայությամբ օժտված բաղկացուցիչ մաս,

- 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը 75-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով ուղղակիորեն նախատեսում էր Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և վավերացվելիք պայմանագրերով սահմանված դեպքերում և դրանցով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու իրավական հիմք:

43. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղսագրվող՝ Գ.Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 23-ին47,

- վերոնշյալ դեպքի առնչությամբ Եվրոպական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով ճանաչել է Գ.Վիրաբյանի` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված նյութական և ընթացակարգային իրավունքների խախտման փաստը48,

- Առաջին ատյանի դատարանը Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղավոր է ճանաչել իրենց մեղագրվող արարքները կատարելու մեջ: Ապա անդրադառնալով վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ փաստել է, որ ՄԱԿ-ի՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան վաղեմության ժամկետի կիրառման արգելք չի նախատեսում, և որ միայն խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն է կոնվենցիայի իր մեկնաբանություններում, որոնք, դատարանի գնահատմամբ խորհրդատվական բնույթ են կրում, ափսոսանք հայտնել, որ թեև նախորդ դիտարկումներում, առաջարկություններում արձանագրել էր, սակայն դեռևս գործող օրենսդրությունն ամեն դեպքում պահպանում է վաղեմության ժամկետները խոշտանգումների գործերով: Առաջին ատյանի դատարանը նաև եզրահանգել է, որ խոշտանգումների նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու արգելքը նախատեսված չէ նաև Եվրոպական կոնվենցիայում և միայն այն, որ Եվրոպական դատարանն իր՝ Մոկանոն ընդդեմ Ռումինիայի գործով որոշմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու, անձի նկատմամբ ներում կամ համաներում չկիրառելու համար դիրքորոշում է հայտնել, դեռևս բավարար չէ, որ այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումն ենթակա լինի պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ինքնաբերաբար չեն ինկորպորացվում ՀՀ իրավական համակարգ և այդ դիրքորոշումը կիրառելու համար անհրաժեշտ է կամ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխության կատարում կամ գոնե բարձրագույն դատական մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի լույսի ներքո նախադեպային որոշման կայացմամբ այն որպես համապարտադիր վարքագծի կանոնի ճանաչում: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի դրույթները վավերացման փաստի ուժով պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար, սակայն Եվրոպական դատարանի որոշումները որևէ իրավադրույթով չեն կարող հավասարեցվել այդ միջազգային փաստաթղթերի մեջ ամրագրված հոդվածներին և ուղղակիորեն կիրառվել: Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ՝ վերը նշված որոշման կիրառմամբ անտեսվել է անձի վիճակը վատթարացնող օրենքների ու իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքը։ Եթե անգամ Եվրոպական դատարանի որոշումն կիրառելի լիներ Հայաստանի Հանրապետությունում, ապա նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշման կիրառման դեպքում արդյոք չեն խախտվում Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի իրավունքներն ու հիմնարար ազատությունները և օրինական շահերը, քանի որ նրանց մեղսագրվող արարքը կատարվել է դեռևս 2004 թվականի ապրիլ ամսին, իսկ Եվրոպական դատարանի որոշումը կայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 17-ին49,

- Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ համաձայնվելով արտահայտված դիրքորոշումների հետ50:

44. Սույն գործի փաստերի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղսագրվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու բավարար իրավական հիմքի առկայությանը, արձանագրում է, որ Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասն ուղղակիորեն նախատեսել է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ կիրառելու արգելք: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից այդ պահի դրությամբ վավերացված միջազգային պայմանագրերով նման արգելքի առկայությանը, ապա պետք է փաստել, որ դեպքից առաջ՝ դեռևս 1993 թվականին, Հայաստանի Հանրապետության կողմից արդեն իսկ վավերացված են եղել խոշտանգման արգելքը նախատեսող՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և Եվրոպական կոնվենցիան, որոնցով խոշտանգման դեպքերի համար վաղեմության ժամկետներ նախատեսված չեն եղել։ Դեռևս 1998 թվականի դեկտեմբերի 10-ին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը՝ the Prosecutor v. Anto Furundzija գործով որոշմամբ արձանագրել է, որ խոշտանգման դեպքերի վրա չեն կարող տարածվել վաղեմության ժամկետները։ Իսկ արդեն 2003 թվականին, խոշտանգման դեպքերի նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառումը բացառելու պահանջը հստակեցվել էր Խոշտանգման դեմ կոմիտեի փաստաթղթերում, որոնց վկայակոչմամբ դեռևս 2004 թվականին համանուն դիրքորոշում էր ձևավորել նաև Եվրոպական դատարանը: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ, 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասում առկա է եղել խոշտանգման դեպքերի նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառման՝ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական արգելք:

45. Միջազգային իրավունքի նորմերի անմիջական կիրառության առնչությամբ, Վճռաբեկ դատարանը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի՝ Կոնոնովն ընդդեմ Լատվիայի գործով արտահայտած իրավական դիրքորոշումը, որում Եվրոպական դատարանի Մեծ պալատը, վերանայելով Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում արձանագրելու մասին Եվրոպական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 24-ի որոշումը, դատապարտելու համար բավականաչափ հստակ իրավական հիմքերի առկայության տեսանկյունից Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի չի համարել 1993 թվականին ներպետական օրենսդրությամբ քրեականացված՝ 1944 թվականին կատարված պատերազմական հանցագործության համար 2000 թվականին դիմումատուի դատապարտումը պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող միջազգային իրավունքի նորմերի հիման վրա51: Անդրադառնալով վաղեմության ժամկետների կիրառման խնդրին, Եվրոպական դատարանը կարևոր է համարել այն հարցի քննարկումը, թե արդյո՞ք նախքան դիմումատուի դատապարտումը որևէ պահի միջազգային իրավունքով նման արարքի համար վաղեմության ժամկետներ սահմանված եղել են, թե ոչ: Արդյունքում, հաշվի առնելով այն, որ միջազգային իրավունքում ո¢չ 1944 թվականին և ո¢չ էլ դրանից հետո վաղեմության ժամկետներ նախատեսված չեն եղել, և որ այդպիսիք նախատեսված չեն եղել ներպետական օրենքով, Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի դատապարտումը ժամկետանց չի եղել52:

45.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը հիշատակված՝ Կոնոնովն ընդդեմ Լատվիայի գործով Եվրոպական դատարանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք դիմումատուի համար կարող էր կանխատեսելի լինել, որ համապատասխան արարքները պատերազմական հանցագործություններ են, և արդյո՞ք վերջինս դրանց համար կարող էր դատապարտվել։ Այս հարցի առնչությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ կանխատեսելիության գաղափարի շրջանակը մեծապես կախված է խնդրո առարկայի բովանդակությունից, ոլորտից, որի վրա այն տարածվում է, և այն անձանց շրջանակից և կարգավիճակից, ում այն ուղղված է: Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք պետք է առավել բարձր աստիճանի զգուշավորություն ցուցաբերեն իրենց աշխատանքն իրականացնելիս, և վերջիններից կարելի է ակնկալել, որ հատուկ ուշադիր կլինեն իրենց գործունեությունից բխող հնարավոր ռիսկերը գնահատելիս: Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ համապատասխան արարքների՝ պատերազմական հանցագործություն լինելու հանգամանքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, 1944 թվականին կարող էր դիմումատուի` որպես մարտական իրավիճակում հայտնված երիտասարդ զինծառայողի համար բավականաչափ կանխատեսելի լինել՝ մարդու միջազգային հիմնարար իրավունքներին հետևելու պահանջի ուժով, չնայած այն հանգամանքին, որ 1926 թվականի քրեական օրենսգիրքը որևէ հղում չէր պարունակում միջազգային իրավունքին և պատերազմի կանոններին և որ այդպիսիք պաշտոնապես հրապարակված չէին ԽՍՀՄ-ում կամ Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում53:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով ամբաստանյալները ոստիկանության աշխատակիցներ են եղել, իսկ 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում էր, որ ոստիկանության աշխատակցի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն գործով ամբաստանյալների՝ որպես ոստիկանների համար բավականաչափ հստակ է եղել խոշտանգումների, դաժան կամ անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը, քանի որ այն ուղղակիորեն նախատեսված է եղել իրենց մասնագիտական գործունեությանն առնչվող հիմնական նորմատիվ իրավական ակտում:

46. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսելով որպես ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս և վավերացնելով խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային փաստաթղթերը, հստակ հանձնառություն է ստանձնել օրենսդրորեն և գործնականում արդյունավետ մեխանիզմներ նախատեսել խոշտանգումների և դրանց հավասարեցված արարքների քրեականացման, դրանց վերաբերյալ դեպքերով արդյունավետ քննություն իրականացնելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս հանձնառությունը ստանձնելու և այն հետևողականորեն իրականացնելու ապացույցը Հայաստանի Հանրապետության կողմից խոշտանգումների դեմ պայքարի ոլորտի հիմնական միջազգային կոնվենցիաների վավերացումն է, ներպետական օրենսդրության զարգացումներն ու համապատասխան դատական պրակտիկայի ձևավորումը:

Այնքանով, որքանով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն ուղղակիորեն ամրագրում էր միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և դրանցով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ կիրառելու արգելք, իսկ Հայաստանի Հանրապետությունը խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային պայմանագրերի վավերացմամբ պարտավորվել է հետևել նաև այդ պայմանագրերի դրույթների մեկնաբանությանն ու կիրառությանն ուղղված՝ կոնվենցիոնալ մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում ամրագրված պահանջներին, հետևաբար Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կարելի է փաստել, որ առնվազն ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք, որը կարող էր սույն գործով ամբաստանյալների համար կանխատեսելի լինել իրենց մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ:

Սույն որոշման 43-րդ կետում վկայակոչված՝ Եվրոպական դատարանի վճիռների նշանակության վերաբերյալ վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Եվրոպական դատարանի որոշումներով արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետությունում, քանի որ դրանք ինքնաբերաբար չեն ինկորպորացվում ՀՀ իրավական համակարգ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ անդամ-պետությունների պարտականությունը՝ իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Եվրոպական կոնվենցիայով, ենթադրում է անդամ-պետությունների պարտականությունը՝ երաշխավորել այդ իրավունքներն ու ազատություններն այն մեկնաբանությամբ, որ դրանց տվել է Եվրոպական դատարանը՝ որպես կոնվենցիոնալ դրույթների մեկնաբանության իրավազորությամբ օժտված մարմին: Ընդ որում, վերոշարադրյալից բխում է, որ Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով Եվրոպական դատարանի վճիռը պարտադիր է ոչ միայն կոնկրետ գործով պատասխանող պետության, այլ առհասարակ Եվրոպական կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր պետության համար արձանագրված խախտման ուժով անդամ-պետությունների համար առաջացնում է erga omnes պարտավորություն՝ հետևել Եվրոպական դատարանի ընդհանուր նախադեպային իրավունքին: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի այս դիրքորոշումը հակասում է կոնվենցիոնալ համակարգի և այդ համակարգի ներսում Եվրոպական դատարանի որոշումների դերի ու նշանակության վերաբերյալ Եվրոպական դատարանի արտահայտած՝ սույն որոշման 43-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներին:

47. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներպետական կանոնակարգումները, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և այդ պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ դրույթը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով բավարար իրավական հիմքեր է նախատեսում խոշտանգման կամ դրան հավասարեցված այլ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու համար։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով ամբաստանյալներ Հ.Մովսիսյանը և Ա.Արսենյանն իրենց մեղսագրվող արարքի համար ենթակա են քրեական պատասխանատվության։

 

Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի նկատմամբ պատիժ նշանակելու նպատակահարմարությունը.

48. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Հովհաննես Մովսիսյանը և Արմեն Արսենյանը ենթակա են պատժի:

49. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: 

2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

50. Վերահաստատելով խոշտանգման համար ինչպես քրեական պատասխանատվության, այնպես էլ պատժի անխուսափելիության կարևորությունը խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործի առանձնահատկություններին։

50.1. Նախ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացման շրջանակում դատական պրակտիկայում առաջին անգամ ուղենիշային նշանակություն ունեցող դիրքորոշում է արտահայտում խոշտանգում և դրանց հավասարեցված այլ արարքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ։

50.2. Երկրորդ, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալների կողմից Գ.Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ վարույթը՝ 2004 թվականի օգոստոսի 11-ին կարճվելուց հետո մոտ մեկ տարի անց, սպառելով ներպետական պաշտպանության իրավական միջոցները, Գ.Վիրաբյանը 2005 թվականի մայիսի 11-ին դիմել է Եվրոպական դատարան: Գ.Վիրաբյանի` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման փաստն արձանագրող Եվրոպական դատարանի վճիռը կայացվել է յոթ տարի անց՝ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին: Ներպետական դատավարական ընթացակարգերի կիրառմամբ Եվրոպական դատարանի վերոնշյալ վճռի՝ որպես նոր հանգամանքի հիմքով գործի վերաբացման արդյունքում միայն երկու տարի անց՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, դատախազի կողմից որոշում է կայացվել 2004 թվականի օգոստոսի 11-ի վերոնշյալ որոշումը վերացնելու մասին: Եվ մոտ ևս երկու տարի անց՝ 2016 թվականի մայիսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ 2004 թվականի ապրիլի 23-ին Գ.Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում Հ.Մովսիսյանը և Ա.Արսենյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել, ապա որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, որից հետո այդ որոշումը վերացվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից: Միայն երկու տարի անց՝ 2018 թվականի փետրվարի 20-ին, քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում գործը քննվել է շուրջ երկու տարի: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2021 թվականի հունվարի 27-ին հրավիրված դատական նիստում Վճռաբեկ դատարանը որոշել է ամբաստանյալներ Հ.Մովսիսյանի և Ա.Արսենյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի Մեծ պալատը 2022 թվականի ապրիլի 26-ին Խորհրդատվական կարծիք է տրամադրել Վճռաբեկ դատարանին, որի հայերեն թարգմանությունը Վճռաբեկ դատարանում ստացվել է 2022 թվականի հուլիսի 28-ին:

Վերոգրյալից հետևում է, որ սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղսագրվող դեպքից անցել է գրեթե 20 տարի: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ քրեական վարույթի տևական ժամանակը պայմանավորված է եղել ոչ թե ամբաստանյալների վարքագծով, այլ սույն գործի քննության առանձնահատկություններով, այդ թվում՝ տուժողի կողմից Եվրոպական դատարան դիմելուց և Եվրոպական դատարանի վճիռը ստանալուց հետո գործի վերաբացման երկարատև դատավարական ընթացակարգերը կիրառելով, գործի վերաբացումից հետո Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո կրկին քրեական հետապնդումը դադարեցնելով, ապա այն նորոգելով, իրավական խնդրի կարևորությամբ և բարդությամբ պայմանավորված՝ վճռաբեկ վարույթի տևողությամբ, որը ներառել է խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Եվրոպական դատարան դիմելն ու դրան հաջորդող իրավական գործընթացը: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ այս ողջ ժամանակահատվածում ամբաստանյալների կողմից գործի ձգձգմանն ուղղված որևէ վարքագիծ չի դրսևորվել։

Այս առնչությամբ հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման համար հնարավոր փոխհատուցում է դիտարկել պետության կողմից պատժի հստակ և չափելի մեղմացումը54:

51. Ուստի, վերոշարադրյալի հետ մեկտեղ հաշվի առնելով այն, որ Հ.Մովսիսյանը և Ա.Արսենյանն այլևս ոստիկանության համակարգում չեն աշխատում, ինչպես նաև, որ Վճռաբեկ դատարանում դռնբաց դատական նիստի ընթացքում տուժող Գ.Վիրաբյանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ամբաստանյալների նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունի, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում ամբաստանյալների նկատմամբ պատժի նշանակումն այլևս չի կարող ծառայել իր նպատակներին55: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին ներկայացված մեղադրանքը պատշաճ հետազոտվել է ստորադաս դատարաններում, ինչի արդյունքում վերջինները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքը կատարելու մեջ և նրանց նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Ուստի, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռով ոչ նյութական վնասի համար սահմանված փոխհատուցման հետ մեկտեղ սույն գործով տուժող Գ.Վիրաբյանը ձեռք է բերել նաև իրեն պատճառված նյութական վնասի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում պահանջելու իրավունք:

52. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Հովհաննես Մովսիսյանը և Արմեն Արսենյանը ենթակա չեն պատժի։

53. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, իսկ Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի և քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասով բեկանելու և փոփոխելու համար։ Միևնույն ժամանակ, սույն որոշման 50-52-րդ կետերում կատարված վերլուծության հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ Հ.Մովսիսյանին և Ա.Արսենյանին մեղավոր ճանաչելու մասով, պետք է թողնել անփոփոխ՝ առանց վերջիններիս նկատմամբ պատիժ նշանակելու:

53. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 81-րդ, 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռի եզրափակիչ մասի 1-ին և 3-րդ պարբերություններում «և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրան ազատել քրեական պատասխանատվությունից» բառերը փոխարինել «առանց պատիժ նշանակելու» բառերով:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում hրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետ 148:

3 Տե՛ս նույն տեղում, կետեր 154-155:

4 Տե՛ս նույն տեղում, կետ 157:

5 Տե՛ս նույն տեղում, կետ 161:

6 Տե՛ս նույն տեղում, կետ 165:

7 Տե՛ս նույն տեղում, կետ 167:

8 Տե՛ս նույն տեղում, կետեր 171-177:

9 Տե՛ս նույն տեղում, կետ 178:

10 Տե՛ս նույն տեղում, կետ 214:

11 Տե՛ս նույն տեղում, կետեր 218-219:

12 Տե՛ս նույն տեղում, կետեր 222-224:

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 288-289:

14 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 289-290:

15 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 236-257:

16 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 89-168:

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, կետեր 59-66:

18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, կետեր 68 և 72-77:

19 Տե՛ս նույն տեղում, կետ 78:

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, դատավոր Ա.Հարությունյանի համընկնող առանձին կարծիքը, Ե բաժին:

21 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով 2023 թվականի մարտի 24-ի թիվ ՍԴՈ-1680 որոշումը:

22 Տե՛ս, Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ Թուրքիայի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ, ՄԱԿ-ի փաստաթուղթ թիվ CAT/C/CR/30/5, 2003 թվականի մայիսի 27, կետ 7-րդ, ենթակետ (գ), Սլովենիայի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ, ՄԱԿ-ի փաստաթուղթ թիվ CAT/C/CR/30/4, 2003 թվականի մայիսի 27, կետ 6:

23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, դատավոր Ա.Հարությունյանի համընկնող առանձին կարծիքը, բաժին Ա, կետ 3:

24 Տե՛ս նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի՝ the Prosecutor v. Anto Furundzija գործով 1998 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ JL/PIU/372-E վճիռը, կետեր 155-157:

25 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zelilof v. Greece գործով 2004 թվականի մայիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 17060/03, կետ 42։

26 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 102, Labita v. Italy գործով Մեծ պալատի 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 131, Bekos and Koutropoulos v. Greece գործով 2005 թվականի դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 15250/02, կետ 53, Okkali v. Turkey գործով 2006 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 52067/99, կետ 65:

27 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84։

28 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109։

29 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 103, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136:

30 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39։

31 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tanrkulu v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 104, Gul v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89։

32 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134։

33 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Օthers v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106։

34 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123:

35 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, կետ 59:

36 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Okkali v. Turkey գործով 2006 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 52067/99, կետ 76:

37 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշումը:

38 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սվետլանա Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը։

39 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16, Արթուր Հակոբյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ՍԴ2/0006/11/16, Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17, Էրիկ Եղինյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԼԴ1/0030/11/16, Արմեն Հովհաննիսյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0558/01/18 որոշումները:

40 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Բագրատ և Արևիկ Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Աիդա Հովհաննիսյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0062/11/12 որոշումները:

41 Տե՛ս, Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ, ՄԱԿ-ի փաստաթուղթ թիվ CAT/C/ARM/CO/3, 2012 թվականի հուլիսի 6, կետ 10:

42 Տե՛ս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3–րդ հոդվածը։

43 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Verein Gegen Tierfabriken Schweiz (vgt) v. Switzerland (No. 2) գործով 2009 թվականի հունիսի 30-ի վճիռը, գանգատ թիվ 32772/02, կետ 84:

44 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Karner v. Austria գործով 2003 թվականի հուլիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 40016/98, կետ 26:

45 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, դատավոր Ա.Հարությունյանի համընկնող առանձին կարծիքը, բաժին Ե, կետ 1:

46 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը, դատավոր Ա․Հարությունյանի համընկնող առանձին կարծիքը, նույն տեղում:

47 Տե՛ս սույն որոշման 16–16.1-րդ կետերը։

48 Տե՛ս սույն որոշման 15-15.10-րդ կետերը։

49 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։

50 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։

51 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ Kononov v. Latvia գործով 2010 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36376/04, կետեր 196-199:

52 Տե՛ս նույն տեղում, կետեր 232-233:

53 Տե՛ս նույն տեղում, կետեր 235-239:

54 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Beck v. Norway գործով 2001 թվականի հունիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 26390/95, կետ 27, Ohlen v. Denmark գործով 2005 թվականի փետրվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 63214/00, կետ 27:

55 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արփինե Մայսուրյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԿԴ/0207/01/14 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: