ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0131 Ն. 07.08.24
7 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 131-Ն |
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԵՎ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի օգոստոսի 15-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. Սահմանել, որ հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003, 2009, 2012 և 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008, 2012 և 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 131-Ն որոշման |
1. ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ
2. ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ
3. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ
1. 5000 դրամ անվանական արժեքով 2024թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 140 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Վիլյամ Սարոյանի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ վարդագույնը:
2. Դիմերես.
1) Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
2) Թղթադրամի ձախ հատվածում Վիլյամ Սարոյանի դիմանկարն է և «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «5000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԳԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նռան պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
3) Վիլյամ Սարոյանի դիմանկարի ֆոնին՝ հատվածներ իր «Նռնենիներ» պատմվածքից և գրքերի նկարազարդումներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5000» տպագրված է ներքևի աջ մասում:
4) Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «5000» ապամետաղականացված գրառումը։
5) Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նռան հստակ պատկերով։
6) Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
7) Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:
3. Դարձերես.
1) Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 5000 ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
2) Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նռան հստակ պատկերով։
3) Թղթադրամի մեջտեղի հատվածում՝ Վիլյամ Սարոյանի նախնիների ծննդավայր Բաղեշի 20-րդ դարի սկզբի համապատկերը: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն։
4) Թղթադրամի աջ մասում Վիլյամ Սարոյանի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «5000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
5) Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «5000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):
4. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ
1. 10000 դրամ անվանական արժեքով 2024թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 145 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Կոմիտասի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մոխրագույնը:
2. Դիմերես.
1) Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
2) Թղթադրամի ձախ հատվածում Կոմիտասի դիմանկարն է և «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «10000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԴԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է քնարի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
3) Կոմիտասի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագիր նոտագրությունների թերթերն են, դաշնամուր, քնար և բնապատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 10000» տպագրված է ներքևի աջ մասում:
4) Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «10000» ապամետաղականացված գրառումը։
5) Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։
6) Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
7) Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:
3. Դարձերես.
1) Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 10000 ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
2) Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ քնարի հստակ պատկերով։
3) Թղթադրամի մեջտեղի հատվածում Գևորգյան ճեմարանի պատկերն է, ճեմարանի դահլիճի որմնանկարներից հատվածներ և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
4) Թղթադրամի աջ մասում Կոմիտասի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «10000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
5) Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «10000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|