Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0957/11/19

Գործ թիվ ԵԴ/0957/11/19

Նախագահող դատավոր՝

 Ա․Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Ե. Դանիելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2021 թվականի սեպտեմբերի 7-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Անդրիկյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2019 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ու 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 12106819 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 9-ի որոշման հիման վրա, ի թիվս այլնի, առգրավվել են «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ Լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին առնչվող որոշ փաստաթղթեր։

Վերոնշյալ որոշման դեմ դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» ու «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ ԱԱնդրիկյանի բողոքը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ ՀՀարությունյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է:

2 Ներկայացուցչի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ մերժվել է:

3 Ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել է՝ սահմանելով վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը` վերացնելու դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» ու «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրավունքների և ազատությունների խախտումը:

4 Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առգրավում կատարելու մասին 2019 թվականի ապրիլի 9-ի որոշման համաձայն՝ Նախաքննության մարմինը, նկատի ունենալով, որ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին առնչվող որոշ փաստաթղթերը քրեական գործով կարող են ապացուցողական նշանակություն ունենալ, որոշել է առգրավել դրանք1։

6․ Առաջին ատյանի դատարանը, մերժելով վերոնշյալ որոշման դեմ դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի բողոքը, արձանագրել է. «(...) Ինչպես երևում է բողոքաբերի պահանջից, վերջինս վիճարկում է քննիչի կողմից նյութերի ձեռք բերման իրավաչափությունը, որի ըստ էության քննարկման արդյունքում դատարանը կկանխորոշի ապացույցի օգտագործման թույլատրելիությունը: Այսինքն` դատարանը գնահատական տալով առգրավման որոշման և դրա արդյունքում ստացված ապացույցների ձեռքբերման իրավաչափությանը, արդեն իսկ կանխորոշում է ապագայում տվյալ ապացույցի «ճակատագիրը»:

(…) [Առաջին ատյանի] դատարանը փաստում է, որ այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքաբերի բարձրացրած հարցի քննությունը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում` դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության սկզբունքի պահպանության համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ քննիչի կողմից նախաքննության փուլում նյութերի ձեռք բերման ընթացակարգի իրավաչափությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում»2:

7․ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի փետրվարի 20-ի որոշումը, արձանագրել է, որ դիմողի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա, այնուհետև եզրահանգել, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշմամբ խախտվել են դիմողների իրավունքներն և օրինական շահերը` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից դատարանի առջև բարձրացված իրավական հարցերը կարող են դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության օբյեկտ և հայցվող իրավական պաշտպանությունը մինչդատական վարույթի շրջանակներում չի կարող սահմանափակվել միայն մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությամբ:

(...) Վերաքննիչ դատարանի համոզմամբ տվյալ որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում թեև առերևույթ հնարավոր է, սակայն այն կհանգեցնի անձի, տվյալ դեպքում՝ իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ դրանք արդեն իսկ խախտված են։ Ավելին՝ իրական է նաև այն իրավիճակը, երբ տվյալ իրավաբանական անձինք քրեական գործով չունենան որևէ դատավարական կարգավիճակ, ուստի և չկարողանան իրացնել քննիչի գործողությունները դատավարության ավելի ուշ փուլում վիճարկելու իրավունքը, մինչդեռ նրանց իրավունքներն անհամաչափորեն սահմանափակվել են քննիչի կողմից կատարված գործողությունների արդյունքում:

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, զերծ մնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի հետ անհամատեղելի ու մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնաբանություններ անելուց, արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը կատարված և ոչ իրավաչափ ճանաչված խուզարկության արդյունքում առգրավել է փաստաթղթեր, որոնց մասին որևէ տեղեկատվության մինչև այդ չի տիրապետել (այդ մասին նշվեց նաև դատական նիստի ընթացքում): Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը, պարտավորված լինելով վերադարձնել ոչ իրավաչափ ճանաչված խուզարկությամբ վերցված փաստաթղթերը, ըստ էության կատարել է այդ պարտականությունը: Միևնույն ժամանակ այդ գործողության կատարումից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն առանձին որոշմամբ ձեռնամուխ է եղել այդ նույն փաստաթղթերն առգրավելուն:

Այդուհանդերձ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, փաստաթղթերը վերադարձնելուց անմիջապես հետո դրանց առգրավումն ըստ էության ձևական բնույթ է կրել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը փորձել է իրավաչափ տեսք հաղորդել ի սկզանե ոչ իրավաչափ միջամտության՝ խուզարկության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերին հասանելի դառնալու գործընթացին, այսինքն՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» սկզբունքն այս իրավիճակում ուղղակիորեն կարող է գործել։

Այդ հետևությունը պայմանավորված է նրանով, որ այդ փաստաթղթերն ի սկզբանե ձեռք են բերվել քննչական գործողության՝ խուզարկության կատարման կարգի էական խախտմամբ, ինչպես նաև այն կարևոր հանգամանքով, որ առգրավված փաստաթղթերի մասին վարույթն իրականացնող մարմինը որևէ այլ կերպ չէր կարող տեղեկանալ, բացառությամբ կատարված խուզարկության, որը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Վերոգրյալից զատ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված այդ առգրավման արդյունքում խախտվել են «ԷԼԻՏԱ ԷՍՎԵ», «ԷԼԻՏ ԷՍՎԵ» և «ՊՐԵՍՏԻԺ ԼԵՆԴ» ՍՊ ընկերությունների իրավունքները և օրինական շահերը, քանի որ առգրավված փաստաթղթերի բացակայությունը հանգեցնում է վերջիններիս բնականոն գործունեության, այդ թվում՝ փաստաթղթաշրջանառության խաթարման, և վերջիններս կարող են նրանց իրավունքների նկատմամբ կատարված անհիմն և ոչ իրավաչափ միջամտության շարունակականության դեպքում կրել նյութական և ոչ նյութական վնասներ»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը, մեջբերելով մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանների առնչությամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, իր անհամաձայնությունն է հայտնել Վերաքննիչ դատարանի դատողությունների հետ: Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն։ Ավելին, դիմողի կողմից բարձրացված հարցի քննությունը դատավարության ավելի ուշ փուլում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնելու դիմողների իրավունքների ու օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։

Վերոգրյալի հաշվառմամբ բողոքաբերը եզրահանգել է, որ առգրավում կատարելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում։

81 Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրելով, որ այն հարցադրումները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են անձին առաջադրված մեղադրանքի բովանդակության հետ, դուրս են գտնվում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից, գնահատականի չի արժանացրել, որ տվյալ դեպքում «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները փաստացի պատկանում են Էդգար Մկրտչյանին, ով մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով, հետևաբար կոնկրետ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն առնչվում է առաջադրված մեղադրանքին։

Ըստ բողոք բերած անձի, քննարկվող դեպքում նախաքննության մարմնի վիճարկվող որոշման իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես դատախազական հսկողության սահմաններում։

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 1-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» ու «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: (․․․)»։

111 Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման4։

Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձևավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նաև, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար5։

12 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Նախաքննության մարմինը, գտնելով, որ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին առնչվող որոշակի փաստաթղթերը քրեական գործով կարող են ապացուցողական նշանակություն ունենալ, որոշում է կայացրել առգրավել դրանք6,

- Վերոնշյալ որոշման դեմ ընկերությունների ներկայացուցչի բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը մերժել է այն, պատճառաբանելով, որ քրեական հետապնդման մարմնի կողմից նախաքննության փուլում նյութերի ձեռք բերման ընթացակարգի իրավաչափությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում7,

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և սահմանելով վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ վերացնելու դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրավունքների ու օրինական շահերի խախտումը, գտել է, որ վիճարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում թեև առերևույթ հնարավոր է, սակայն այն կհանգեցնի անձի, տվյալ դեպքում՝ իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ դրանք արդեն իսկ խախտված են։ Վերաքննիչ դատարանը, որպես դիմողների իրավունքների և օրինական շահերի խախտում դիտարկել է նաև այն, որ փաստաթղթերի բացակայության շարունակական լինելը կարող է հանգեցնել «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ փաստաթղթաշրջանառության խաթարմանը, որն էլ կարող է հանգեցնել նյութական և ոչ նյութական վնասի առաջացման8։

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության քննության առնելով դիմողների ներկայացուցչի բողոքը, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության լիազորության շրջանակներից:

Նախ և առաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ընդունելով հանդերձ, որ վիճարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում առերևույթ հնարավոր է, գտել է, որ այն կհանգեցնի իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ դրանք արդեն իսկ խախտված են։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից որպես ելակետ ընդունված՝ իրավունքների՝ արդեն իսկ խախտված լինելու հանգամանքը, ի հակադրումն սույն որոշման 111-րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ առգրավում քննչական գործողության իրավաչափությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգով ստուգելու համար։ Տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցը կարող է քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության և քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը։

 Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, թե փաստաթղթերի բացակայության շարունակական լինելը կարող է հանգեցնել «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ փաստաթղթաշրջանառության խաթարմանը, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այն դեպքում, երբ առգրավված և գործին կցված փաստաթղթերն օրինական տիրապետողին անհրաժեշտ են ընթացիկ հաշվառման, հաշվետվության և այլ օրինաչափ նպատակների համար, նրան հնարավորություն է ընձեռվում ժամանակավոր օգտագործման համար ստանալ այդ փաստաթղթերը կամ դրանցից պատճեններ հանել: Հետևաբար, այս առումով Վերաքննիչ դատարանի փաստարկը ևս ընդունելի չէ Վճռաբեկ դատարանի համար։

14Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իրավաչափ չէ։

15Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի որոշմանը։

16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմողներ «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ ԱԱնդրիկյանի բողոքը բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 20-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 36։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 83-85։

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 50-62։

4 Տե՛ս, Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը։

5  Տե՛ս, Հմայակ Արսենյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Ե. Դանիելյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան