ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1309-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան-Իշխանասար խճուղու 29/1 հասցեում գտնվող 09-006-0324-0167 կադաստրային ծածկագրով «պատմական և մշակութային» գործառնական նշանակության 6.59072 հեկտար մակերեսով հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի մոդուլային շենքի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով:
2. Սահմանել, որ կազմակերպությանն ամրացվող հողամասում նախատեսված մոդուլային շենքի տեղադրման, ենթակառուցվածքների զարգացման և հետագա շահագործման ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Սիսիան համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացն իրականացնելու նպատակով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնելու պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման աշխատանքները՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի՝ կազմակերպությանը հանձնման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ գույքային իրավունքի նոտարական վավերացման պայմանագրի կնքումը երկամսյա ժամկետում` սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական: