ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 515-Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման |
O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է (այսուհետ՝ հաստատություն), որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով:
2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
3. Հաստատության գտնվելու վայրն է (նշել ամբողջական հասցեն):
4. Հաստատությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Հաստատության անվանումն է`
1) հայերեն լրիվ` «------------------».
2) հայերեն կրճատ` «--------------».
3) ռուսերեն լրիվ` «-----------------».
4) ռուսերեն կրճատ` «-------------» .
5) անգլերեն լրիվ` «----------------».
6) անգլերեն կրճատ` «------------»:
6. Հաստատությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և այլ անհատականացման միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
7. Հաստատությունը կարող է ունենալ մասնաճյուղ:
8. Հաստատությունն ունի պաշտոնական կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) և ներքին գնահատման հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները:
9. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
10. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
11. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
12. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
13. Հաստատության գործունեության առարկան յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումն է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու միջոցով։
14. Հաստատության գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի տարիքային և զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։
15. Հաստատության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության:
16. Հաստատությունը, համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, սանի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձևավորումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:
17. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, ներառականության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
18. Հաստատությունն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությամբ:
19. Հաստատության կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս ներառվում են ՝
1) հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմերը.
4) սաների սննդի կազմակերպումը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմերը։
20. Հաստատությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.
2) մասնագիտական վերապատրաստումների և խորհրդատվությունների, ծնողական կրթությանը միտված դասընթացների և ծրագրերի իրականացում.
3) ճկուն ռեժիմով սանին սպասարկելու ծառայություններ.
4) սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք.
5) սաների կազմակերպված տրանսպորտային փոխադրումներ.
6) երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք։
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
21. Հաստատությունում ուսումնադաստիարակչական գործունեությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված նախադպրոցական կրթության կրթական ծրագրերին (այդ թվում՝ այլընտրանքային, փորձարարական) և ուսումնական նյութերին համապատասխան:
22. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:
23. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով՝ «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
24. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ ծնողի (սանի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (սանի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա:
25. Հաստատության խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
26. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում օգոստոսի 31-ին: Տարիքային խմբերում սաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով:
27. Տարիքային խմբերի ձևավորումը և սաների տեղափոխումն այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
28. Հաստատությունում կարող են ձևավորվել տարատարիք խմբեր՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
29. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝
1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
2) մսուր-մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:
30. Հաստատության աշխատանքային ռեժիմը, տարիքային խմբերի թիվը, հաստատությունում սաների մնալու տևողությունը սահմանվում է հիմնադրի, պետական և համայնքային հաստատությունների դեպքում՝ լիազորված պետական մարմնի որոշմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
31. Թույլատրվում է հաստատության կամ առանձին խմբերի գործունեության կազմակերպումը ցերեկային, երեկոյան ժամերին, շուրջօրյա, հանգստյան և տոնական օրերին:
32. Սաների սննդի կազմակերպումն իրականացվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի և օրինակելի սննդակազմի։
33. Հաստատության սաների բժշկական սպասարկումն իրականացվում է հաստիքային բժշկական անձնակազմի կողմից, որը տնօրինության հետ պատասխանատվություն է կրում սաների առողջության, ֆիզիկական զարգացման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների իրականացման, հիգիենիկ նորմատիվների պահպանման և սննդի որակի համար:
34. Հաստատության մանկավարժական և սպասարկող անձնակազմերը հիմնադրի միջոցների հաշվին աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ ենթարկվում են բժշկական զննության:
4. ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
35. Հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝
1) նախադպրոցական տարիքի երեխան.
2) ծնողը (սանի օրինական ներկայացուցիչը).
3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը և այլ մանկավարժական աշխատողներ։
36. Սաների ընդունելության ժամանակ հաստատության տնօրենը պարտավոր է ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել հաստատության կանոնադրությանը և այլ փաստաթղթերի, որոնք կանոնակարգում են հաստատության գործունեությունը:
37. Հաստատության և ծնողների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:
38. Սանի և հաստատության աշխատողների փոխհարաբերությունները կառուցվում են համագործակցության, սանի անհատականության հանդեպ հարգանքի հիմքի վրա:
39. Հաստատությունում աշխատանքի ընդունվում են այն անձինք, որոնց որակավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին:
40. Հաստատության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, աշխատաժամանակի տևողությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով:
5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Հաստատության կառավարումն իրականացնում է (իրականացնում են) հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման կամ տարածքային կառավարման լիազոր մարմինը, տնօրենը՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
42. Հաստատության հիմնադրի լիազորությունները սահմանված են «Նախադպրոցական կրթության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:
43. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
44. Տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, սույն կանոնադրությամբ և պաշտոնի նկարագրով իրեն վերապահված այլ լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
45. Տնօրենի բացակայության դեպքում հիմնադրի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), իսկ հաստիքի բացակայության դեպքում՝ բարձրագույն կրթություն և 5 տարվա նախադպրոցական մանկավարժական փորձ ունեցող մասնագետը։
46.Հաստատությունում ուսումնադաստիարակչական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական և ծնողական խորհուրդներ: Կարող են ձևավորվել նաև այլ (հոգաբարձուների, շրջանավարտների) մարմիններ:
47. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է օգոստոսի 20-ից 30-ը:
48. Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով:
49. Մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են հաստատության բոլոր մանկավարժական աշխատողները:
50. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է հաստատության տնօրենը, որն ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է:
51. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է մանկավարժական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում տվյալ նիստն արձանագրելու համար ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների պատշաճ կազմման համար: Նիստի արձանագրությունը կազմվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում և ստորագրվում խորհրդի նախագահի ու քարտուղարի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության կամ անհրաժեշտության դեպքում կարող է ձայնագրվել:
52. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
1) տնօրենի նախաձեռնությամբ.
2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
3) լիազորված մարմնի նախաձեռնությամբ:
53. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են:
54. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին մասնակցելու համար խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրվում են ծնողներ:
55. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ մանկավարժական աշխատողներին գրավոր ծանուցմամբ (բացառությամբ արտահերթ նիստերի) տեղեկացնում է մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին:
56. Մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
57. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
58. Մանկավարժական խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
59. Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
60. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝
1) հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի.
2) օրվա կանոնակարգի և պարապմունքների բաշխման ցանկի, օգտագործվող ծրագրամեթոդական գրականության.
3) ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման տարբերակների.
4) սաների տարիքային խմբերի համակազմի վերաբերյալ և ներկայացնում տնօրենի հաստատմանը:
61. Հաստատության ծնողական խորհուրդը կազմավորվում է տարիքային խմբերի ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ծնողական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
62. Հաստատության ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ խորհրդի անդամներին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնում է նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Ծնողական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր:
63. Ծնողական խորհուրդների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:
64. Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
65. Տարիքային խմբերի ծնողական խորհուրդների նիստերին մասնակցում են դաստիարակները, իսկ հաստատության ծնողական խորհրդի նիստերին` տնօրենը:
66. Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն հաստատության ուսումնադաստիարակչական տարեկան պլանի, հրավիրվում են ժողովներ` առնվազն չորս անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և մանկավարժական աշխատողների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ ծնողական ժողովներ:
67. Հաստատության ծնողական խորհուրդը՝
1) մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սաների առօրյայի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների կատարման գործում թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
2) աջակցում է հաստատությանը` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման գործում.
3) լսում է տնօրենի հաղորդումը հաստատության գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումները.
4) ամրապնդում է հաստատության և ծնողների միջև կապերը, մանկավարժական աշխատողների հետ ձևավորում և ծնողներին է ներկայացնում սաների դաստիարակության նկատմամբ միասնական պահանջներ.
5) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով սաներին նյութական օգնություն ցույց տալու աշխատանքներին.
6) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը հաստատությունում.
7) ծնողներին ապահովում է տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.
8) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և օրենքով սահմանված պատասխանատվությանը.
9) համագործակցում է հաստատության մանկավարժական և այլ խորհուրդների հետ:
6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
68. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
69. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
70. Հիմնադիրը սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
71. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:
72. Հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:
73. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:
74. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
75. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող հաստատությունների շենքերը կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` կառավարության որոշմամբ:
76. Պետական hաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
77. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետական հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես հաստատությանն իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան հաստատությանը փոխանցելու համար:
78. Համայնքային հաստատության գույքը կարող է վարձակալությամբ հանձնվել միայն ավագանու որոշմամբ:
79. Համայնքային հաստատության գույքի վարձակալումից ստացված եկամուտը հանդիսանում է հաստատության սեփականությունը և կարող է օգտագործվել միայն կանոնադրական գործառույթների իրականացման համար:
80. Հաստատության լուծարման դեպքում նրա գույքի օգտագործման և տնօրինման կարգը որոշում է հիմնադիրը:
81. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:
82. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են հիմնադրի հատկացումներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
83. Պետական կամ համայնքային հաստատությունների` պետական բյուջեից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
84. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
1) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից գոյացած միջոցները.
2) բարեգործական, նպատակային ներդրումները, վարձավճարները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
85. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
86. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 22.08.24 N 1329-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: