ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3143-Ա |
«20» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ավետիս Գինոսյանի 2024 հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2024 հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 15-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Ավետիս Գինոսյանը:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 25-ի N 2814-Ա որոշմամբ Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 3091-Ա որոշմամբ Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 24-ը ներառյալ:
Ուսումնասիրելով 2024 հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումը, դրանց կից և վարույթի լսումների ընթացքում ներկայացված ապացույցները, 2024 թվականի հուլիսի 15-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Ավետիս Գինոսյանը, հիմք ընդունելով թիվ Դ-80933-24 դիմումում նշված փաստական հանգամանքներն ու իրավական հիմքերը, խնդրել է տրամադրել դրամական փոխհատուցում Դավիթ Բեկի փողոցի թիվ 60 հասցեի մոտ կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Mitsubishi Outlander SE 2.5» մակնիշի «10OR777» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հատված ընկնելու հետևանքով առաջացած վնասը, որը, ըստ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրված թիվ 24-1770 եզրակացության՝ կազմում է 1,323,000 (մեկ միլիոն երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
2024 թվականի մայիսի 30-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB814677 վկայագրի համաձայն՝ «Mitsubishi Outlander SE 2.5» մակնիշի «10 OR 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ավետիս Գինոսյանի սեփականությունը:
2024 հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդյաց տան» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում քաղաքացի Ավետիս Գինոսյանին պատկանող «Mitsubishi outlander» մակնիշի ավտոմեքենայի վրա 2024 թվականի մայիսի 16-ին ուժեղ քամուց կոտրվել և ընկել է կիսաչոր բարդու՝ կենսունակ ճյուղ:
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրված թիվ 24-1770 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Mitsubishi Outlander SE 2.5» մակնիշի «10 OR 777» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կազմված նյութերով արձանագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը չորացած, քայքայված լինելու հետևանքով քամու ազդող ուժի ներգործության արդյունքում:
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հունիսի 24-ին տրված թիվ 24-1770 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Mitsubishi Outlander SE 2.5» մակնիշի «10 OR 777» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 1,323,000 (մեկ միլիոն երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
Ավետիս Գինոսյանին հասցեագրված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի թիվ 07/125038-24 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 25-ի N 2814-Ա որոշումը և, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածը, առաջարկվել է մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել 2024 հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում 2024 թվականի հուլիսի 15-ին հրավիրված լսումների ընթացքում հայտնած փաստերի, մասնավորապես՝ խնդրո առարկա ծառը համապատասխան թույլտվության հիման վրա հատված լինելու վերաբերյալ գրավոր ապացույցներ, որպիսիք չեն ներկայացվել:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծառը, որի մի հատվածն ընկել և վնասել է «Mitsubishi Outlander SE 2.5» մակնիշի «10 OR 777» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը, գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդյաց տան» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Ավետիս Գինոսյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|