ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14601/02/21 2024 թ. | ||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14601/02/21 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
ս. ՄեղրՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան |
2024 թվականի հուլիսի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31․08․2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Լևոն Մարգարյանի` պայմանագիրը լուծելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է լուծել իր և Լևոն Մարգարյանի միջև 16.07.2019 թվականին կնքված «ՍԼԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 6 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր):Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27․03․2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31․08․2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27․03․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Կ․ Համբարձումյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վարդան Ջիլավյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածն ու 466-րդ հոդվածի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պայմանագրով նախատեսված են վաճառողի մի շարք պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում գնորդը, Պայմանագրի համաձայն, իրավունք է ձեռք բերում չվճարելու պայմանագրի գինը և պահանջելու պայմանագրի լուծում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Պայմանագրով նախատեսված մի շարք պարտավորությունների կատարումն իր համար այնքան էական և կարևոր է եղել, որ դրանք խախտելը Պայմանագրի 4․5 կետով ուղղակիորեն նախատեսվել է որպես այն լուծելու հիմք։
Վերաքննիչ դատարանը համարել է, որ Պայմանագիր կնքելիս իր միակ ակնկալիքը եղել է «ՍԼԳ» ՍՊԸ-ի բաժնեմասի 6 տոկոսը, որն ինքն ստացել է և անկախ այն հանգամանքից, թե բաժնեմասի արժեքը կողմերն ինչպես են որոշել՝ ինքն այն ստացել է, ինչն ակնկալել է ստանալ, ինչպես նաև որևէ վնաս չի կրել։
Վերաքննիչ դատարանը, Լևոն Մարգարյանի կողմից թույլ տված Պայմանագրի խախտումները գնահատելով էական, ոչ իրավաչափորեն կարևորել է դրանց հետևանքով իր համար այնպիսի վնասի առաջացման փաստը, որը վերջինիս զգալիորեն զրկել է այն ամենից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել Պայմանագիրը կնքելիս, և, նման վնասի առկայությունը համարելով չհաստատված՝ եկել է սխալ եզրահանգման, որ Պայմանագիրը լուծելու պահանջը ենթակա չէր բավարարման։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ պայմանագիրը դատական կարգով լուծելու հիմքերը միմյանցից տարանջատված են «կամ» շաղկապով, ինչը նշանակում է, որ դրանք պայմանագիրը լուծելու ինքնուրույն հիմքեր են, և դրանցից յուրաքանչյուրի առկայությունն ինքնին բավարար է պայմանագիրը լուծելու համար, իսկ պայմանագրի խախտման հետևանքով վնասի առաջացման պայմանը, որը նախատեսված է նույն հոդվածով, վերաբերելի է բացառապես էական խախտման հիմքով պայմանագիրը լուծելու դեպքին, քանի որ տեղ է գտել պայմանագրի էական խախտման բնորոշման մեջ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31․08․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 16․07․2019 թվականին Լևոն Մարգարյանի (այսուհետ նաև՝ Վաճառող) և Ընկերության (այսուհետ նաև՝ Գնորդ) միջև կնքված պայմանագրի 1․2 կետի համաձայն՝ «(…) Վաճառողը վաճառում է Ընկերությունում իրենց պատկանող Բաժնեմասը, իսկ Գնորդը գնում է այդ Բաժնեմասը։ Մասնավորապես, Վաճառողը վաճառում է իրեն պատկանող բաժնեմասից 28 351,2 հատ բաժնեմաս, որը կազմում է 6 (վեց) տոկոս Ընկերության կանոնադրական կապիտալում՝ 28 351 200 (…) ՀՀԴ անվանական արժեքով»։
Պայմանագրի 3․1 կետի համաձայն՝ «Գնորդը որպես Բաժնեմասի դիմաց լրիվ և ամբողջական փոխհատուցում Վաճառողին է վճարում 85 802 400 ՀՀԴ գումար»։
Պայմանագրի 3․2 կետի համաձայն՝ «Բաժնեմասի Գինը ենթակա է վճարման հետևյալ կարգով՝
3․2․1․ Բաժնեմասի Գինը Գնորդի կողմից վճարվում է 10 (տասը) բանկային օրվա ընթացքում այն բանից հետո, երբ բավարարված են բոլոր հետևյալ պայմանները՝
■ ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված է ՍՆԴ/0232/04/19 և ՍՆԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89‑րդ հոդվածի հիման վրա կամ այլ հիմքով,
■ մարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Վարկային պայմանագրերով առկա 1,626,738․60 ՀՀ դրամ, 22,326․49 ԱՄՆ դոլար ու 7,416․86 եվրո ժամկետանց պարտավորությանը՝ տոկոսների և տույժերի գծով։
■ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համաձայնվել է փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այնպես, որ ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) և հետագա բոլոր մարումների ժամկետները սահմանված են ոչ շուտ, քան ՍՆԴ/0232/04/19 և ՍՆԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (տաս) աշխատանքային օր հետո։
■ Նախորդ պարբերությունում նշված ողջ ժամանակահատվածում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին չի պահանջել Վարկային պայմանագրերից որևէ մեկով վարկի վաղաժամկետ մարում և Գրավի պայմանագրերի շրջանակներում չի մեկնարկել Անշարժ Գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց
■ Սույն Պայմանագրի 4.3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում հաստատվել են Պայմանագրի 2.1 կետով նախատեսված հավաստիացումները: Ընդ որում, եթե ստուգման շրջանակներում հայտնաբերվեն Պայմանագրի 2.1.11 կետով նախատեսված ծավալը գերազանցող պարտավորություններ, ապա Գնորդը չի կարող հրաժարվել Բաժնեմասի գնի վճարումից, պայմանով, որ համապատասխան պարտավորությունների չափը չի գերազանցում Բաժնեմասի գինը, սակայն իրավունք կունենա պահանջել հատուցում այդ պարտավորությունների չափով, և այդպիսի հատուցման գումարը հաշվանցել Բաժնեմասի գնի հետ։
■ Առկա չէ 4.5 կետի համաձայն Բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց և սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը) հրաժարվելու այլ հիմք։
■ Առկա չէ Գնորդի և «Ձյունիկ Սառնարան» ՍՊ ընկերության մասնակից Կիմ Եգանյանի միջև 16-ը հուլիսի 2019թ․-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4․5 կետի համաձայն այդ մասնակցին բաժնեմասի դիմաց վճարումը կատարելուց և նշված պայմանագրի կատարումից հրաժարվելու հիմք»։
Պայմանագրի 4-րդ կետով սահմանված են գործարքի պայմանները, մասնավորապես Պայմանագրի 4․5 կետի [Պայմանագրից հրաժարում] համաձայն՝ «Գնորդը իրավունք կունենա հրաժարվել սույն Պայմանագրի համաձայն Բաժնեմասի դիմաց 3․2․1 կետով նախատեսված վճարումը կատարելուց և սույն Պայմանագրի կատարումից (լուծելով սույն Պայմանագիրը), եթե սույն Պայմանագրի կնքման օրվանից 3 (երեք) ամսվա ընթացքում՝
4․5․1․ Ամբողջությամբ վճարված չէ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կողմից «Տորնադո» ՍՊԸ հանդեպ պարտքը կամ «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կողմից «Մեդիսար» ՍՊԸ հանդեպ պարտքը։
4․5․2․ Առանց վնասելու սույն 4․5 կետի վերջին պարբերության դրույթները՝ ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված չէ ՍնԴ/0232/04/19 կամ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը։
4․5․3․ Պահպանված չեն սույն Պայմանագրի 4․2 կետի պահանջները։
4․5․4․ Դեռևս կատարված չեն սույն Պայմանագրի 4․4 կետի պահանջները։
4․5․5․ Սույն Պայմանագրի 4․3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում պարզվել է, որ Պայմանագրի 2․1 կետով նախատեսված հավաստիացումները հավաստի (ճիշտ) չեն, և առկա է ողջամիտ հնարավորություն, որ Բաժնեմասի նկատմամբ Վաճառողի իրավունքները կամ Գնորդին դրանց փոխանցումը կամ Անշարժ Գույքի նկատմամբ Ընկերության իրավունքները կարող են ողջամտորեն հիմնավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչինչ, ռեստիտուցիայի կիրառման կամ որևէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը) կամ ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք զգալիորեն կարող են նվազեցնել Անշարժ Գույքից օգտվելու կամ այն տնօրինելու՝ Ընկերության հնարավորությունը։
4․5․6․ Գնորդի և «Ձյունիկ Սառնարան» ՍՊ ընկերության մասնակից Կիմ Եգանյանից միջև 16-ը հուլիսի 2019 թ․-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի 4․3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում պարզվել է, որ որ այդ պայմանագրի 2․1 կետով նախատեսված հավաստիացումները հավաստի (ճիշտ) չեն, և առկա է ողջամիտ հնարավորություն, որ այդ մյուս բաժնեմասի նկատմամբ մյուս մասնակցի իրավունքները կան Գնորդին դրանց փոխանցումը կարող են ողջամտորեն հիմնավոր կերպով վիճարկվել (դրանց ձեռքբերման հիմքում ընկած գործարքի անվավեր կամ առոչինչ ճանաչման, ռեստիտուցիայի կիրառման կամ որևէ այլ հիմքով, բացառությամբ այնպիսի հիմքերի, որոնց համար պատասխանատու է Գնորդը)։
4․5․7․ Սույն Պայմանագրի 4․3 կետի համաձայն իրականացվող ստուգման շրջանակներում հայտնաբերվեն Պայմանագրի 2․1․11 կետով նախատեսված ծավալը գերազանցող պարտավորություններ, կամ պարզվի, որ Ընկերության ակտիվները չեն համապատասխանում Հավելված 2-ում ներկայացվածին, որոնց ծավալը գերազանցում է Բաժնեմասի գինը։
4․5․8․ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն չի համաձայնվել փոփոխել Վարկային պայմանագրերով մարումների գրաֆիկը այնպես, որ սույն Պայմանագրի կնքման պահի դրությամբ առկա ժամկետանց մարումների (մայր գումարի մասով) և հետագա բոլոր մարումների ժամկետները սահմանված են ոչ շուտ, քան ՍնԴ/0232/04/19 և ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթի ավարտի վերաբերյալ դատական ակտի ուժի մեջ մտնելուց 10 (տասը) աշխատանքային օր հետո։
4․5․9․ Վարկային պայմանագրերով վարկառուներից որևէ մեկի կողմից թույլատրված խախտման, Վաճառողի կողմից սույն Պայմանագրով իր պարտավորությունների խախտման և/կամ Գրավի պայմանագրերով գրավի առարկայի վնասման կամ ոչնչացման հիմքով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին պահանջել է Վարկային պայմանագրերից որևէ մեկով վարկի վաղաժամկետ մարում և/կամ մեկնարկել է Անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթաց։
4․5․10․ Գնորդին՝ բաժնեմասի անվանական արժեքով չի վաճառվել «ՁՅՈՒՆԻԿ ՏԵՐՄԻՆԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բաժնեմասի հարյուր տոկոսը։
Սույն 4․5 կետի առաջին նախադասությունում նշված եռամսյա ժամկետը ենթակա կլինի երկարացման այն դեպքում, եթե ուժի մեջ մտած դատական ակտով ՍնԴ/0232/04/19 կամ ՍնԴ/0284/04/19 սնանկության գործերով վարույթը ավարտված չի լինի՝ Կողմերի կամքից անկախ պատճառներով։ Նման դեպքում ժամկետը կերկարացվի այն ժամկետով, որը անհրաժեշտ է համապատասխան պատճառները վերացնելու համար, պայմանով, որ Վաճառողը այդ առնչությամբ գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը, և ամեն դեպքում պատշաճ կատարում է սույն Պայմանագրով իր պարտավորությունները»։ (հատոր 1-ին, գ.թ. 55-60)․
2) Ընկերությունը 29․03․2021 թվականին փոստային առաքմամբ Լևոն Մարգարյանին է ուղղել Պայմանագիրը լուծելու մասին ծանուցում, որն ունի հետևյալ բովանդակությունը․ «Հարգելի պարոն Մարգարյան․ Ձեր և «Սանմար ինվեստ» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Գնորդ/ միջև 2019 թվականի հուլիսի 16-ին կնքվել է «ՍԼԳ» ՍՊԸ /այսուհետ՝ Ընկերություն/ 6 /վեց/ տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր /այսուհետ նաև՝ Պայմանագիր/։ Պայմանագրի 4.5 կետի համաձայն Գնորդը իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի համաձայն Բաժնեմասի դիմաց Պայմանագրի 3.2.2 կետով նախատեսված վճարումը կատարելուց և Պայմանագրի կատարումից /լուծելով Պայմանագիրը/, եթե Պայմանագրի կնքման օրվանից 3 /երեք/ ամսվա ընթացքում կատարված չեն մի շարք նախապայմանների պահանջներ:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ չեն կատարվել խնդրում ենք այս գրությունը համարել Պայմանագրի 4.5 կետի համաձայն Գնորդի կողմից պայմանագրից հրաժարման ծանուցում։ (․․․)։
Առաջարկում ենք 30-օրյա ժամկետում հաստատել, որ համաձայն եք սույն ծանուցման հետ և կնքել Պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։ (․․․)» (հատոր 1-ին, գ.թ. 25, 26)․
3) ի պատասխան Ընկերության 29․03․2021 թվականի ծանուցման՝ Լևոն Մարգարյանը 06․04․2021 թվականին Ընկերությանը հասցեագրել է հետևյալ բովանդակությամբ գրություն․ «Հարգելի տիկին Խաչատրյան, ի պատասխան Ձեր վաճառողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման ու պայմանների չապահովվման հիմքով Գնորդի կողմից պայմանագրից հրաժարման վերաբերյալ ծանուցագրի, հայտնում ենք, որ Ձեր Ծանուցագրում հիշատակված Պայմանագրի 3.2.2․ կետում թվագրված գործողությունները իրենց կատարման բնույթով միմյանց հետ գտնվում են հակասության մեջ։ Դրանց միաժամանակյա առկայությունը կամ միմյանց հաջորդող կարգով վրա հասնելը համարում ենք անհնար։ Հետևաբար` գտնում ենք, որ դրանց տեղի չունենալը չի կարող մեկնաբանվել, որպես Վաճառողի կողմից պարտավորությունների չկատարում։
Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ նման պայմաններում առկա չէ Պայմանագիրը լուծելու կամ պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավական հիմք։
Բացի այդ նման հիմքով Գնորդի կողմից պայմանագրից հրաժարվելու պարագայում Վաճառողը պայմանագրի 4.6․ կետի հիմքով իրավունք կունենա Գնորդի պահանջել վճարել տուգանք բաժնեմասի ընդհանուր գնի 10 (տասը) տոկոսի չափով» (հատոր 1-ին, գ․թ․ 29)․
4) Դատարանի 27․03․2023 թվականի վճռի պատճառաբանական մասում նշվել է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորի կողմից վկայակոչված փաստերը կրում են ժխտողական բնույթ և Պատասխանողը չի ներկայացրել հակառակ դիրքորոշում, ինչպես նաև գնահատելով ի պատասխան Ընկերության գրության Պատասխանողի դիրքորոշումը, որով վերջինս չի հերքել Պայմանագրի 4.5. կետով սահմանված պարտավորությունների կատարված չլինելու փաստը, Դատարանը գտնում է, որ ըստ էության առկա է Պայմանագրի 4.5 կետով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման դեպքը։
Անդրադառնալով դրա արդյունքում այնպիսի փաստերի առկայությանը, ինչպիսիք են խախտման էական լինելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից, Դատարանը գտնում է, որ՝
- նշված խախտումները որպես Պայմանագրի միակողմանի լուծման հիմք սահմանելը բավարար է դիտարկելու, որ կողմերի և մասնավորապես՝ Գնորդի համար բաժնեմասի ձեռքբերման (գինը վճարելու) համար նման պայմանների սահմանումը այնքան է կարևորված, որ դրանց չպահպանումը հանգեցնում է Պայմանագրի լուծման, այսինքն՝ այդ խախտումներն իրենց բնույթով և պայմանագրում սահմանման ուժով ենթակա են գնահատման որպես էական։» (հատոր 1-ին, գ․թ․ 143-148)․
5) Դատարանի 27․03․2023 թվականի վճռի դեմ պատասխանող Լևոն Մարգարյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կողմերից մեկի պահանջով պայմանագիրը դրանով նախատեսված հիմքերով լուծելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից (․․․)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, (․․․):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (․․․)։
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետներով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետներով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով պայմանագիրն էական խախտման հիմքով կողմերից մեկի պահանջով լուծելու վերաբերյալ գործով ներկայացված վճռաբեկ բողոքը և անդրադառնալով նշված հիմքով պայմանագիրը լուծելիս ապացուցման բեռը բաշխելու առանձնահատկություններին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն հետևյալ երեք դեպքերում`
1) մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման առկայության դեպքում կամ
2) օրենքով նախատեսված դեպքում կամ
3) պայմանագրով նախատեսված դեպքում:
Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկով պահանջ ներկայացված լինելու դեպքում պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ վերը նշված դրույթում վնաս եզրույթը ենթադրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված իրական վնաս, բաց թողնված օգուտ կամ խախտված իրավունքների համար կատարված ծախսեր: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկան են կազմում պայմանագրի խախտման փաստը (կամ օրենքով նախատեսված դեպքը կամ պայմանագրով նախատեսված դեպքը), այդ խախտումը պայմանադիր կողմի կողմից կատարելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը: Նշված փաստերի հաստատումից բացի, դատարանի կողմից ինքնուրույն գնահատման են ենթակա խախտման էական լինելը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից: ՀՀ վճռաբեկ դատարանը նույն գործի շրջանակներում թույլ տրված խախտումը գնահատել է էական խախտում, որը հանգեցրել է կողմի համար այնպիսի անբարենպաստ հետևանքի առաջացման, որը զգալիորեն զրկել է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել Համաձայնագիրը կնքելիս (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05․04․2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումը, որն ստորադաս դատարանների կողմից սույն գործով կիրառվել է, արտահայտվել է այն փաստական հանգամանքների պայմաններում, երբ Միսակ-Նուբար Թեբելեկյանը հայց է հարուցել ընդդեմ Ռուբեն Քոչարի՝ կնքված համաձայնագիրը լուծելու պահանջի մասին՝ հայցի փաստական հիմքում դնելով կողմերի միջև կնքված համաձայնագրի այնպիսի խախտումը, որը հանգեցրել է կողմի համար անբարենպաստ հետևանքի առաջացման, որը զգալիորեն զրկել է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել համաձայնագիրը կնքելիս, իսկ իրավական հիմքում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը՝ պայմանավորված բացառապես պայմանագրի էական խախտում թույլ տալու հետ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ այն կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ պայմանագիրը լուծելու հիմքում դրված է մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտումը։ Այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված դրույթը և դրա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված իրավական դիրքորոշումը հարկ է կիրառել այն իրավաընկալմամբ, որ պայմանագիրը դատական կարգով լուծելու պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի պայմանագրի խախտմամբ իր համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը միայն այն դեպքում, երբ պայմանագիրը լուծելու հիմքում դրված է մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտումը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագիրը լուծելու մասին հայցապահանջը ներկայացվել է օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքերով, ապա դատական պաշտպանության դիմած անձի վրա նման պարտականություն դրվել չի կարող։
Նման դիրքորոշումը պատճառաբանվում է հետևյալ հիմնավորումներով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունը նախատեսում է պայմանագիրը դատական կարգով լուծելու երեք ինքնուրույն հիմք՝
1) կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտում,
2) օրենքով նախատեսված այլ դեպքեր,
3) պայմանագրով նախատեսված այլ դեպքեր:
Ընդ որում, նկատի ունենալով այն, որ նշված իրավական նորմում պայմանագիրը լուծելու հիմքերը միմյանցից տարանջատված են «կամ» շաղկապով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետում օրենսդրի կողմից թվարկված՝ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով դատական կարգով լուծելու հիմքերից յուրաքանչյուրը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և 3‑րդ մասի 1-ին կետի ուժով ունի ինքնուրույն նշանակություն, ուստի դրանցից մեկի կամ առնվազն մեկի առկայությունը լիովին բավարար է դատական կարգով պայմանագիրը լուծելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությամբ նպատակ է հետապնդել բացահայտելու պայմանագրի էական խախտման հասկացությունը՝ որպես դրա բնութագրիչ հատկանիշ կարևորելով թույլ տրված խախտման հետևանքով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած կողմի համար այնպիսի վնասի առաջացումը, որը վերջինիս զգալիորեն զրկում է այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար օրենքով կամ պայմանագրով նախատեսված «այլ» դեպքերում (հիմքերով) պայմանագիրը լուծելու կողմի պահանջը քննության առնելիս դատարանները չպետք է կարևորեն պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած կողմի համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման փաստը, որը նման պայմաններում գործի լուծման համար որևէ նշանակություն չունի, եթե, իհարկե, տվյալ հիմքը սահմանող օրենքի նորմում կամ պայմանագրի համապատասխան կետում այլ բան սահմանված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավաընկալումը լիովին համահունչ է պայմանագրի ազատության և քաղաքացիական իրավունքների անարգել իրականացումն ապահովելու քաղաքացիաիրավական, ինչպես նաև տնօրինչականության դատավարական սկզբունքներին, որոնք կողմերի համար երաշխավորում են համապատասխանաբար պայմանագրի պայմանները, այդ թվում՝ այն լուծելու հիմքերը, իրենց հայեցողությամբ որոշելու, ինչպես նաև այդպիսի հիմքերի առկայության պարագայում պայմանագիրը լուծելու պահանջը դատարան ներկայացնելու հնարավորությունը։ Հակառակ իրավաընկալումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարող է նաև հանգեցնել քաղաքացիական շրջանառության մասնակիցների ազատ կամահայտնությամբ իրականացվող իրավունքների անհամաչափ սահմանափակման, դրանց իրականացմանն անհարկի միջամտության, պայմանագրի ազատության սկզբունքի ոտնահարման՝ գործնականում բացառելով նաև օրենքով ու պայմանագրով նախատեսված այնպիսի հիմքերով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնելու կողմի հնարավորությունը, որոնք կախված չեն պայմանագրով ստանձնած պարտականությունների խախտման հետ։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 16․07․2019 թվականին Լևոն Մարգարյանի և Ընկերության միջև կնքված Պայմանագրի 4․5 կետով սահմանվել են Պայմանագիրը լուծելու (դրանից հրաժարվելու) թվով տասը հիմքեր, որոնք անմիջականորեն կապված են Պայմանագրով Լևոն Մարգարյանի կողմից ստանձնած որոշակի պարտականությունների կատարման հետ։
Ընկերությունը դիմելով Դատարան՝ պահանջել է լուծել Պայմանագիրը՝ որպես հայցի իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը, իսկ որպես հայցի փաստական հիմք՝ Լևոն Մարգարյանի կողմից Պայմանագրի 3․2 կետով սահմանված պարտականությունները չկատարելը, 4․5 կետով նախատեսված՝ Պայմանագիրը լուծելու հիմքերի առկայությունը, ինչպես նաև Պայմանագիրը չլուծելու արդյունքում վնասներ կրելու հավանականությունը, որը պայմանավորված է ձեռքբերված բաժնետոմսերի իրական արժեքի նվազման և չնախատեսված հարկային պարտավորությունների առաջացման վտանգով։
Դատարանը, ապացուցված համարելով Պայմանագրի կնքման, դրա գործողության մեջ գտնվելու, Պայմանագրի՝ Ընկերության համար էական նշանակություն ունեցող պայմանները Լևոն Մարգարյանի կողմից խախտված (չկատարած) լինելու փաստերը, եզրակացրել է, որ «ըստ էության առկա է Պայմանագրի 4.5 կետով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման դեպքը»։ Միևնույն ժամանակ արձանագրելով, որ վիճելի պայմանագիրը միակողմանի լուծելու համար անհրաժեշտ փաստերի շրջանակը ենթակա է գնահատման պայմանագիրը կողմի թույլ տված էական խախտման հիմքով լուծելու վերաբերյալ իրավակարգավորումների լույսի ներքո՝ Դատարանը կարևորել է թույլ տրված խախտման արդյունքում Ընկերության համար օրենքով արժևորվող բացասական հետևանքի` վնասի առաջացման փաստը, և պատճառաբանելով, որ «որևէ ապացույց՝ ուղղված նշված փաստի առկայությանը, օրինակ՝ բաժնեմասի արժեքի նվազման վերաբերյալ, Դատարանին չի ներկայացվել», եզրահանգել է, որ գործով հերքվել է (չի ապացուցվել) պայմանագրի խախտման հետևանքով Ընկերության համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է նրան ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս։ Արդյունքում Դատարանը, պատճառաբանելով, որ «բացակայում է Պայմանագրի լուծման՝ ՔՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմքը», 27․03․2023 թվականի վճռով հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանը 31․08․2023 թվականի որոշմամբ հիմնավոր համարելով Դատարանի դիրքորոշումը, մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «անկախ այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է պայմանագիրը լուծելու մասին պահանջ ներկայացվել, [պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած կողմը] պարտավոր է ապացուցել նաև, որ իր համար առաջացել է այնպիսի բացասական հետևանք (վնաս), որը զգալիորեն զրկել է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Այսինքն, պայմանագրի խախտման էական լինելու հանգամանքի պարզումը պարտադիր է անկախ դրա՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված լինելու դեպքից։ Ուստի՝ անհիմն է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի կապակցությամբ բողոք բերած անձի մեկնաբանությունն առ այն, որ հոդվածի երկրորդ մասը վերաբերվում է միայն առաջին դեպքին, քանի որ տալիս է կողմերից մեկի կողմից պայմանագրի էական խախտման բնորոշումը»։
Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի քննության շրջանակներում ստորադաս դատարաններն անտեսել են, որ Ընկերությունը հայցի հիմքում դրել է ոչ թե Լևոն Մարգարյանի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տված լինելու փաստը, այլ վերջինիս կողմից Պայմանագրի այնպիսի էական պայմանների խախտումը, որոնց չկատարումը նույն Պայմանագրով, կողմերի ազատ կամահայտնությամբ, սահմանվել է որպես Պայմանագիրը լուծելու հիմք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 27․03․2023 թվականին կայացված վճռով Դատարանը հաստատված է համարել Պայմանագրի 4.5 կետով սահմանված պարտավորությունները Լևոն Մարգարյանի կողմից կատարված չլինելու փաստը և գտել է, որ առկա է Պայմանագրի 4.5 կետով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման դեպքը (փաստ 4)։ Ավելին՝ Դատարանի 27․03․2023 թվականի վճռի դեմ Լևոն Մարգարյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, այլ կերպ ասած՝ Դատարանի կողմից հաստատված վերը նշված փաստը վերաքննության կարգով չի բողոքարկվել։
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով Լևոն Մարգարյանի կողմից Պայմանագրի 3․2 կետով նախատեսված պարտականությունները չկատարելու փաստը և հիմք ընդունելով այն, որ Պայմանագրի 4․5 կետով նախատեսված են Պայմանագիրը լուծելու՝ նշված պարտականությունները չկատարելու հետ անմիջականորեն կապված թվով տասը ինքնուրույն հիմքեր, որպես ելակետ պետք է ընդունեին այն, որ նշված հիմքերից մեկի կամ առնվազն մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է դատական կարգով Պայմանագիրը լուծելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լևոն Մարգարյանի կողմից թույլ տրված խախտման էական լինելու՝ ներառյալ այդ խախտման արդյունքում Ընկերության համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման և վերջինիս «զգալի» լինելու փաստերը չպետք է ներառվեին ապացուցման ենթակա փաստերի շրջանակում, քանի որ Պայմանագիրը լուծելու պահանջի հիմքում Ընկերության կողմից դրվել է ոչ թե Լևոն Մարգարյանի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տված լինելու փաստը, այլ Պայմանագրի 4․5 կետով նախատեսված «այլ» հիմքերի առկայությունը։ Մինչդեռ Դատարանը, հաստատված համարելով, որ խախտվել են Պայմանագրի՝ Լևոն Մարգարյանի կողմից էական նշանակություն ունեցող պայմանները և փաստելով Պայմանագրի 4․5 կետով նախատեսված հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ Ընկերության վրա դրել է թույլ տրված խախտումների արդյունքում վերջինիս համար որոշակի բացասական հետևանքի (վնասի) առաջացման փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, իսկ Վերաքննիչ դատարանն այդ պատճառաբանությամբ հայցը մերժելը համարել է իրավաչափ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31․08․2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք (…)։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտման փաստը բավարար է Վերաքննիչ դատարանի 31․08․2023 թվականի որոշումը բեկանելու ու փոփոխելու՝ հայցը բավարարելու համար` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալու վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի նշած այլ հիմքերին ու հիմնավորումներին։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 31․08․2023 թվականի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ կերպ՝ Լևոն Մարգարյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 4․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված ու Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 10․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 20․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված ու Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31․08․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել` լուծել «Սանմար Ինվեստ» ՍՊԸ-ի ու Լևոն Մարգարյանի միջև 16.07.2019 թվականին կնքված «ՍԼԳ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 6 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը։
2. Լևոն Մարգարյանից հօգուտ «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի բռնագանձել ընդհանուր 34.000 ՀՀ դրամ՝ որպես «Սանմար Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար կատարված դատական ծախս։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|