Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8742/05/23
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8742/05/23

Նախագահող դատավոր  Ռ. Մախմուդյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02022024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Գոհար Հակոբյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 06.10.2023 թվականի թիվ 77/35 որոշումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գոհար Հակոբյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին վերացնել Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 06.10.2023 թվականի թիվ 77/35 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 06.12.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02022024 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Արամ Հովհաննիսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն դեպքում Դատարանի 06.12.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու» մասին որոշումը փոստային առաքման եղանակով ուղարկվել է միայն Գոհար Հակոբյանի ներկայացուցիչ Արամ Հովհաննիսյանին։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Գոհար Հակոբյանն օբյեկտիվորեն զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում Դատարանի 06.12.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից՝ այն իրեն հանձնված չլինելու պատճառով, կայացրել է ոչ իրավաչափ որոշում՝ մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, ինչն էլ հանգեցրել է հայցվորի արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի հիմնարար խախտման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02022024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանի խնդիրն է անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հաշվարկման առանձնահատկությանն այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանի բողոքարկվող միջանկյալ դատական ակտը չի ուղարկվել բողոքաբերին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատարանի մատչելիությունը ճանաչել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր, որի միջոցով ապահովվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված երաշխիքներից օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, անդրադառնալով դատարան դիմելու համար ներպետական օրենքներով սահմանված ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետում դատարան դիմելու պահանջն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Նման պահանջը, ըստ Եվրոպական դատարանի, հետապնդում է արդարադատությունը պատշաճ իրականացնելու և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու իրավաչափ նպատակ։

Եվրոպական դատարանը, մասնավորապես, դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների առնչությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետները, որոնք դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներ են, ծառայում են մի քանի նպատակի, այն է՝ ապահովել իրավական որոշակիությունը, հավանական պատասխանողներին պաշտպանել ժամկետանց հայցերից և թույլ չտալ որևէ անարդար լուծում, ինչը կարող է տեղի ունենալ, եթե դատարաններն ստիպված լինեն գնահատել հեռավոր անցյալում տեղի ունեցած փաստերն այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են ժամանակի հոսքի պատճառով դառնալ ոչ արժանահավատ (տե՛ս, Եվրոպական դատարանի Stubbings and Others v. United Kingdom գործով 22.10.1996 թվականի վճիռը, գանգատ թիվ 22083/93 և այլն, կետ 51): Եվրոպական դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը վտանգվում է, եթե դատավարական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակին և խոչընդոտում են անձի վեճի ըստ էության քննությանն իրավասու դատարանի կողմից (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով 05.04.2018 թվականի վճիռը, գանգատ թիվ 40160/12, կետ 98):

Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում՝ մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Եվրոպական դատարանի Zubac v. Croatia գործով նույն վճիռը, կետ 80):

Միաժամանակ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու իրավունքից օգտվելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ ձևով տեղեկացել են իրենց համար պարտականություն առաջացնող կամ իրավունքները կամ օրինական շահերը խախտող դատական ակտի մասին: Հակառակ դեպքում, դատարանները կարող են զգալիորեն կրճատել բողոքարկման ժամկետը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք ներկայացնելը՝ ուշացնելով իրենց որոշումների հանձնումը կողմերին։ Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և դրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով անհրաժեշտության դեպքում բողոք ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Եվրոպական դատարանի Miragall Escolano and others v. Spain գործով 25.04.2000 թվականի վճիռը, գանգատ թիվ 38366/97 և այլն, կետ 37):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Rec(2004)20 հանձնարարականի 2.c կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որևէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար՝ նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:

Նշված հանձնարարականի 4i կետի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտը, առնվազն կարևոր գործերով, պետք է բողոքարկման ենթակա լինի ավելի բարձր ատյանում: Յուրաքանչյուր իրավական համակարգում դատական ակտերի բողոքարկման իրավունքը պետք է երաշխավորվի ողջամիտ ժամկետում:

Դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը գործնականում ապահովելու համար, մասնավորապես, հարկ է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման արդարացում,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում՝ բողոքարկման ժամկետները, չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2019 թվականի ՍԴՈ-1293 որոշման մեջ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք), վերը նշված դիրքորոշումներին և չափանիշներին համապատասխան, սահմանել է վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի ու ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու ողջամիտ ժամկետներ՝ ապահովելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի իրացումը:

Այսպես, Օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:

Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա՝ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի շրջանակը։

 Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա՝ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ դատական ակտն ստանալուց 5-օրյա ժամկետում։ Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված 5-օրյա դատավարական ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալու պահը։

Ապահովելով ողջամիտ հարաբերակցություն դատական ակտի բողոքարկման դատավարական ժամկետի սահմանման և դրանով հետապնդվող՝ իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու իրավաչափ նպատակի միջև՝ օրենսդիրը սահմանել է նաև այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն՝ երաշխավորելով դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը։

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի վերականգնման ընթացակարգն ու հիմքերն ամրագրված են Օրենսգրքի 54-րդ հոդվածում:

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն հոդված 4-րդ մասի համաձայն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավական հետևանքը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելն է:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 5-օրյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող դատական ակտն ստանալու պահը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ելակետը որոշելու նպատակի համար կարևորվում է այն հանգամանքը, թե արդյոք ՀՀ վարչական դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել դատավարության մասնակցին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու պարտականությունը։

ՀՀ վարչական դատարանի այս պարտականությանն է անդրադարձել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով 22092023 թվականի որոշմամբ՝ ընդգծելով այդ պարտականության պատշաճ կատարման կարևորությունը՝ որպես դատավարության մասնակիցների համար դատական ակտերի հասանելիության և ըստ այդմ նաև՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման գործուն երաշխիք։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(․․․) դատարանների կողմից դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակի համար կարևորվում է նաև այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, ում նկատմամբ դատարանը կրում է իր այդ պարտականությունը։

 (...) դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանի պարտականությունն ունի կոնկրետ հասցեատեր, այն է՝ դատավարության մասնակիցները՝ հայցվորը, պատասխանողը և երրորդ անձինք (Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս)։ Օրենսգիրքը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին չի դիտարկում ո՛չ որպես դատական ակտերն ուղարկելու պարտականության լրացուցիչ, ո՛չ որպես այլընտրանքային հասցեատեր՝ հաշվի առնելով, որ նշված նորմերում օրենսդիրը չի օգտագործել «և դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին», «կամ դատավարության ներկայացուցիչներին» ձևակերպումները»։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան:

Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է՝ դատավարության մասնակցին։

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին։ «(․․․) դատարաններն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասնակցի ներկայացուցչին միայն այն դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջնորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին։ Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի՝ դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում»։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանների կողմից դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը չի կարող համարվել դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում, բացառությամբ այն դեպքի, երբ դատավարության մասնակիցը դատարանին ուղղված համապատասխան միջնորդությամբ խնդրել է դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին (տե՛ս, Էդուարդ Սուքիասյանն ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22092023 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ թեև թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով 22092023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշումներն արտահայտել է գործն ըստ էության լուծող դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականության վերաբերյալ, այնուամենայնիվ, դրանք հավասարապես վերաբերում են նաև միջանկյալ դատական ակտերն ուղարկելու պարտականությանը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30052024 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-220-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատական ծանուցումները» վերտառությամբ 61-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է՝ «(․․․) 2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30052024 թվականին ուժի մեջ մտած կարգավորումների պայմաններում դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը պատշաճ կատարված կհամարվի նաև այն դեպքում, երբ դատական ակտն ուղարկվել է ներկայացուցչին, ում ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահելու մասին հատուկ նշում է առկա լիազորագրում։

Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու համար՝ պահպանված է, արդյոք, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 5-օրյա ժամկետը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից պահանջվում է նախ պարզել, թե արդյոք ՀՀ վարչական դատարանը պատշաճ կերպով է կատարել բողոքարկման ենթակա դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու իր պարտականությունը։ Եթե դատական ակտը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելու հիմքերի բացակայության պայմաններում բողոքարկման ենթակա դատական ակտն ուղարկվել է միայն վերջինիս ներկայացուցչին, ապա համարվում է, որ դատարանը պատշաճ չի կատարել դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում չունենալով դատավարության մասնակցի կողմից դատական ակտն անձամբ ստացած լինելու վերաբերյալ ապացույց, պետք է համարել, որ վերաքննիչ բողոք բերելու համար 5-օրյա ժամկետը պահպանված է։ Նման իրավիճակում, եթե վերաքննիչ բողոքը ներկայացվում է դատավարության ներկայացուցչի կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետի ավարտից հետո և միաժամանակ ներկայացվում է միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ապա նման միջնորդությունն առարկայազուրկ է և ըստ այդմ՝ քննարկման ոչ ենթակա՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանը բողոքարկվող դատական ակտը չի ուղարկել անձամբ դատավարության մասնակցին, և գործում առկա չէ ապացույց վերջինիս կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալու վերաբերյալ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով հայցվորը դիմելով Դատարան՝ պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին վերացնել Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 06.10.2023 թվականի թիվ 77/35 որոշումը։

Դատարանի 07.11.2023 թվականի որոշմամբ Գոհար Հակոբյանի հայցադիմումը վերադարձվել է Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման պատճառաբանությամբ։

Դատարանը 06122023 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ հայցվորը կրկին ներկայացրած հայցադիմումում չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալը, որի չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Հայցվորի ներկայացուցիչը 17012024 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել (հիմք՝ փոստային ծրար) ընդդեմ Դատարանի 06122023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման։ Միաժամանակ ներկայացվել է վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։ Ներկայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված 5-օրյա ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ հայցվորի ներկայացուցիչը՝ որպես այդ ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, նշել է, որ հոր քաղցկեղով հիվանդ լինելու փաստով պայմանավորված՝ 03112023-27112023 թվականներին և 27122023-03012024 թվականներին զբաղվել է հոր հետվիրահատական խնամքով։

Վերաքննիչ դատարանը, 02022024 թվականի որոշմամբ մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, փաստել է «Դատարանի 06.12.2023թ. որոշումը 11.12.2023թ. թիվ ԴԴ-9-61094/23 ելից գրությամբ ուղարկվել է հայցվոր Գոհար Անդրանիկի Հակոբյանին, իսկ վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ հիշյալ վճիռը վերջինիս կողմից ստացվել է 16.12.2023թ. (հիմք՝ թիվ AL0115 756208AM կոդով փոստային առաքանու վրա առկա կնիք) (…)»: Վերաքննիչ դատարանը փաստել է, «որ Դատարանի 06.12.2023թ. որոշումը 16.12.2023թ. ստացված լինելու պայմաններում` վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել 22.12.2023թ. ներառյալ, որը հիշյալ որոշման դեմ բողոքը բերելու վերջնաժամկետն էր, մինչդեռ Հայցվորի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը ըստ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայք էջից ստացված տեղեկատվության (․․․) փոստին է հանձնել 17.01.2024թ.»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Հայցվորի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, իսկ Հայցվորի ներկայացուցչի հիշյալ պատճառաբանությունները՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, համոզիչ և փաստարկված չեն, քանի որ վերաքննիչ բողոքում որպես բողոք բերելուն արգելք նշված հանգամանքը վերաբերում է ոչ թե Հայցվորին, այլ վերջինիս ներկայացուցչի համար»:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ «Դատարանի 06.12.2023թ. որոշման դեմ բողոքարկման ժամկետներն ըստ էության սկսել են հոսել հիշյալ որոշումը Հայցվորի կողմից ստանալու օրվան, այսինքն՝ 16.12.2023 թվականին հաջորդող օրվանից, սակայն, վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2024 թվականի հունվարի 17-ին։

Հետևաբար, Հայցվորը, հիմնվելով տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, իրացնելով վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը, Դատարանի 06.12.2023թ. որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացնել հիշյալ վճիռը ստանալու օրվան հաջորդող օրվանից հնգօրյա ժամկետում, մինչդեռ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 17.01.2024թ. և չի ներկայացվել որևէ հիմնավորում կամ փաստարկ՝ ստացված որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար սահմանված դատավարական ժամկետում չներկայացնելու վերաբերյալ»:

Վերոհիշյալ փաստարկմամբ Վերաքննիչ դատարանը գտել է, ոչ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 5-օրյա ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման, ըստ այդմ նաև՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է մերժման վերաքննիչ բողոքի ընդունումը։

Սույն վարչական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից։ Հայցադիմումը ներկայացնելիս ծանուցման հասցե չի նշվել նշվել է հայցվորի հասցեն՝ ք Երևան, Ազատության փող 12/2 շ բն 43, և ներկայացուցչի հասցեն՝ ք Երևան, Ե Քոչարի փող 21 շ բն 79։ Հայցվորի կողմից Դատարան չի ներկայացվել դիմում (միջնորդություն), որով վերջինս կարտահայտեր իր կամահայտնությունը դատական ակտերն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ։ Դատարանը 06122023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն ուղարկել է միայն հայցվորի ներկայացուցչին՝ վերջինիս հասցեով թ 51)։ Այդ հասցեում որոշումն ստացվել է 16122023 թվականին։ Սույն վարչական գործում առկա չէ նշված որոշումը հայցվորին ուղարկելու կամ նրա կողմից ստացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման մեջ նշված այն փաստական տվյալը, որ «Դատարանի 06.12.2023թ. որոշումը 11.12.2023թ. թիվ ԴԴ-9-61094/23 ելից գրությամբ ուղարկվել է հայցվոր Գոհար Անդրանիկի Հակոբյանին, իսկ վերաքննիչ բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ հիշյալ վճիռը վերջինիս կողմից ստացվել է 16.12.2023թ.», չի բխում գործի նյութերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին։

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում Դատարանի կողմից «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը հայցվորին եռօրյա ժամկետում ուղարկելու՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը պատշաճ կատարված կհամարվեր, եթե նշված որոշումն ուղարկվեր անձամբ հայցվորին (30052024 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-220-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով փոփոխված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ դատական ակտերը ներկայացուցչին ուղարկելու կամահայտնությամբ հայցվորի դիմումի (միջնորդության) բացակայության պայմաններում բողոքարկվող դատական ակտն ուղարկվել է միայն հայցվորի ներկայացուցչին, որպիսի պայմաններում բողոքարկվող որոշումը հայցվորին ուղարկելու պարտականությունը չէր կարող պատշաճ կատարված համարվել։

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշումը հայցվորին ուղարկված չլինելու և ըստ այդմ՝ դատական ակտի հասանելիությունը հայցվորին ապահովված չլինելու պայմաններում, 17012024 թվականին փոստային առաքմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը չէր կարող համարվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված բողոք, քանզի բացակայում է այդ ժամկետի հաշվարկման անհրաժեշտ ելակետը՝ բողոքարկվող որոշումը հայցվորի կողմից ստանալու պահը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն առարկայազուրկ էր և քննարկման ոչ ենթակա։ Նման պայմաններում բացակայել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու փաստական հիմքը։

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02022024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: