ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1294/04/21 2024 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1294/04/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Գ. Հակոբյան Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
Ն. Հովսեփյան | ||
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա. Մկրտչ յան |
2024 թվականի հուլիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արա Մուտաֆյանի դիմումի՝ Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․06․2022 թվականի որոշման դեմ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1․ Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արա Մուտաֆյանը պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 17․08․2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06․06․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է․ « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ․
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (…)»։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիամ Ղուլյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ուլիխանյանը (ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ ու 66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոխառության գումարն Արա Մուտաֆյանի կողմից Արմեն Ուլիխանյանին փոխանցելու հանգամանքը հաստատված չէ, իսկ ներկայացված փոխառության պայմանագիրը քրեական գործ հարուցելու որոշման համադրության պարագայում հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում այն քննության առարկա է հանդիսանում: Առկա է իրավունքի զարգացման խնդիր այն առումով, որ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում քննարկվում է տվյալ փաստը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջը ներկայացվել է թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 և թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ այլ կարգավորում չունի պարտապանի հանդեպ տոկոսների հաշվարկման դադարեցմանը զուգահեռ այլ համապարտ պարտապանների մասով ևս տոկոսների հաշվարկումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ տոկոսների հաշվեգրումը դադարեցնելու մասով որևէ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում Ընկերությունն իրավական հիմք չուներ տոկոսների հաշվարկումը դադարեցնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «(…) - մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ վերաքննիչ բողոքը մերժելու և Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքի բավարարված մասով (որոշման առաջին և երկրորդ կետերի մասով) բեկանել թիվ ՍնԴ/1294/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022թ որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
2.1 Արմեն Ուլիխանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ միևնույն պայմանագրի հիման վրա հիմնական պարտապանի նկատմամբ վարկային կազմակերպության պահանջը կազմում է 248․902,89 ԱՄՆ դոլար ու 21․205,85 ԱՄՆ դոլար, իսկ նույն պարտավորությամբ երաշխավոր հանդիսացող Արմեն Ուլիխանյանի նկատմամբ՝ 689․480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այսինքն՝ ինքը ոչ թե նույն ծավալով է պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրելու, այլ հիմնական պարտապանից 2․5 անգամ ավել գումարի չափով, ինչն անթույատրելի է։
Սույն գործի փաստերի համաձայն` հիմնական պարտավորության նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով դադարել են հաշվարկվել տոկոսներ, տույժեր և տուգանքներ, իսկ երաշխավորությունը պարտավորության ապահովման միջոց է, հետևաբար եթե հիմնական պարտավորությունը կազմում է 270,108,74 ԱՄՆ դոլար, ապա ակցեսոր պարտավորությունը չի կարող ավել լինել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արա Մուտաֆյանի՝ որպես Փոխատուի և Արմեն Ուլիխանյանի՝ որպես Փոխառուի միջև 12.11.2020 թվականին կնքված փոխառության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-ին կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
Պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ նույն պայմանագրի կնքման պահին Փոխառուն դեռևս չի վերադարձրել փոխառության գումարը և սկսած 2019 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պարտավորությունը կետանցված է։
Պայմանագրի 3-րդ կետի համաձայն՝ Փոխառուի կողմից փոխառության գումարը մինչև սույն պայմանագիրը կնքելը չվերադարձնելու արդյունքում թույլ տրված կետանցի համար սահմանվել է տուգանք 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։
Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են սահմանել փոխառության գումարի՝ 800.000 ԱՄՆ դոլարի, և Պայմանագրի 3-րդ կետում սահմանված տուգանքի՝ 50.000 ԱՄՆ դոլարի վճարման նոր ժամկետ: Մասնավորապես՝ Փոխատուն պարտավորվել է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը Փոխառուին ամբողջությամբ վճարել փոխառության գումարը և տուգանքի գումարը՝ ընդհանուր 850.000 ԱՄՆ դոլար։
Պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 4-րդ կետում նշված պարտավորությունը մինչև 2021 թվականի հունվարի 10-ն ամբողջությամբ չկատարվելու դեպքում Փոխառուն պարտավորվել է Փոխատուի պահանջով վճարել տուգանք 100.000.000 ՀՀ դրամի չափով (հավելված 1-ին, գ.թ. 17)․
2) Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն՝ Ընկերությունը հաղորդում է տվել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որին շնորհվել է 83861721 համարն ու այն ընդունվել է վարույթ (հավելված 1-ին, գ.թ. 29-35)․
3) Դատարանի 17․08․2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի դիմումը բավարարվել է՝ Արմեն Ուլիխանյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 2-7).
4) Ընկերության հանդեպ Արմեն Ուլիխանյանի ունեցած պարտավորությունների չափի մասին Ընկերության կողմից 06․10․2021 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ 17.08.2021 թվականի դրությամբ Արմեն Ուլիխանյանի ընդհանուր պարտքը թվով երեք վարկային պայմանագրերի գծով կազմել է 689.480,9 ԱՄՆ դոլար։ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության կողմից ներկայացված պահանջի հիմքում դրվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 ու թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (հավելված 2-րդ, գ.թ. 19-22).
5) Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել են Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարի ու 265.670 ՀՀ դրամի չափով պահանջները՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված ապահովված պահանջներ, Արա Մուտաֆյանի 850.000 ԱՄՆ դոլարի, 100.000.000 ՀՀ դրամի և 100.000 ՀՀ դրամի չապահովված պահանջները՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով նախատեսված չապահովված պահանջներ (հավելված 1-ին, գ․թ․ 70-76)․
6) Վերաքննիչ դատարան) 06․06․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է․ « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ․
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (…)» (հավելված 3-րդ, գ․թ․ 81-96)․
7) թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի և Անուշավան Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ««ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից և Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել` 54.547 (հիսունչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 12.820,32 (տասներկու հազար ութ հարյուր քսան ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրված տոկոսները տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 498,32 (չորս հարյուր իննսունութ ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 1.516,31 (մեկ հազար հինգ հարյուր տասնվեց ամբողջ երեսունմեկ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 6517,57 (վեց հազար հինգ հարյուր տասնյոթ ամբողջ հիսունյոթ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Կամարինի փողոց, թիվ 29 (Քսանինը) բնակելի տան և LEXUS RX-300 մակնիշի (տարեթիվ՝ 2003թ., հաշվառման վկայագիր՝ SM635385, պետհամարանիշ՝ 90 QO 909, նույնացման համար՝ JTJHF31U400017837) ավտոմեքենայի վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ)․
8) թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի, Անուշավան Ուլիխանյանի, Արմեն Ուլիխանյանի, Բաբկեն Պողոսյանի և Մարգարիտ Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ««ՈՒլիխանյան և ընկերներ» ՍՊ ընկերությունից, Անուշավան ՈՒլիխանյանից, Արմեն ՈՒլիխանյանից, Բաբկեն Պողոսյանից և Մարգարիտ ՈՒլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել` 13.803,93 (տասներեք հազար ութ հարյուր երեք ամբողջ իննսուներեք հարյուրերորդական) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 4.004,55 (չորս հազար չորս ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 17.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 116,22 (հարյուր տասնվեց ամբողջ քսաներկու հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 352,66 (երեք հարյուր հիսուներկու ամբողջ վաթսունվեց հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 1.901,7 (մեկ հազար ինը հարյուր մեկ ամբողջ յոթ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով ք.Դիլիջան, Կալինինի փողոց, 99 (իննսունինը) շենք, թիվ 5(հինգ) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
9) թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի և Անուշավան Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է « «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ Ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից և Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել58.961 (հիսունութ հազար ինը հարյուր վաթսունմեկ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 17.671,68 (տասնյոթ հազար վեց հարյուր յոթանասունմեկ ամբողջ վաթսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 254,24 (երկու հարյուր հիսունչորս ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 773,74 (յոթ հարյուր յոթանասուներեք ամբողջ յոթանասունչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 8.449,98 (ութ հազար չորս հարյուր քառասունինը ամբողջ իննսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում հասցեում գտնվող անշարժ գույք վրա»։
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
10) թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով Սնանկության դատարանի կողմից 22.03.2018 թվականին կայացված վճռով «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։ Նշված սնանկության գործով Ընկերությունը պարտապան «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ ներկայացրել է 248.902,89 ԱՄՆ դոլարի ու 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով և երաշխավորությամբ ապահովված ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը գրանցելու մասին դիմում։ Նույն գործով Դատարանի 06.03.2020 թվականի որոշմամբ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել է Ընկերության 248.902,89 ԱՄՆ դոլարի և 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով ու երաշխավորությամբ ապահովված պահանջն ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը (ընդհանուր 270,108,74 ԱՄՆ դոլար) (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, հավելված 1-ին, գ.թ. 46-51, 53-64)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի միատեսակ կիրառության համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին․
1) արդյո՞ք առերևույթ կանխամտածված սնանկության և կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշներով քրեական գործ հարուցված լինելու փաստը կարող է հերքել փոխառության իրավահարաբերությունն այն դեպքում, երբ փոխառության իրավահարաբերությունը ու փոխառության առարկան փոխառուին հանձնելը հաստատվում է այդ մասին փոխառուի և փոխատուի միջև կնքված գրավոր պայմանագրով․
2) արդյո՞ք երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է նույն ծավալով պատասխանատվություն, ինչ սնանկ ճանաչված պարտապանն այն պարագայում, երբ երաշխավորի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա շարունակվում է հիմնական պարտավորության չկատարման համար տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկը:
1․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմումներով արձանագրել է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, օրինակ, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումները):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը ևս կամային ակտ է: Այսինքն` փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը՝ փոխառուն և փոխատուն, հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում՝ փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում՝ փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսևորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժամանակագրական առումով դրանք պետք է համընկնեն: Այսպես, փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն՝ կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով պետք է ձևակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը (տե´ս Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տրված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տե՛ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշոտ Ղազարյանը և Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ փոխառության պայմանագիրը ռեալ պայմանագիր է, վերահաստատում է, որ կողմերի միջև փոխառության իրավահարաբերություն է առաջանում ոչ թե փոխառության պայմանագրի կնքման, այլ՝ դրամ կամ այլ գույք հանձնելու պահից: Ընդ որում, դրամ կամ այլ գույք հանձնված լինելու փաստը կարող է հաստատվել բացառապես կողմերի միջև կնքված գրավոր փաստաթղթի առկայությամբ, որպիսի փաստաթուղթ կարող է հանդիսանալ, ի թիվս այլնի, փոխառուի և փոխատուի միջև կնքված գրավոր պայմանագիրը, ինչը նշանակում է նաև, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով պետք է ձևակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է քաղաքացիական գործեր քննելիս ապացուցման ոչ ենթակա փաստերի շրջանակ, որում որպես նախադատելի կամ կրկին ապացուցման ոչ ենթակա փաստ ներառված է ոչ թե քրեական վարույթի ցանկացած փուլում ձեռք բերված ապացույցը, այլ քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերը: Այսինքն՝ քրեական գործով ձեռք բերված փաստերը քաղաքացիական գործի նկատմամբ նախադատելի համարելու համար նախ պետք է պարզել՝ արդյո՞ք քրեական գործով ձեռք բերված փաստը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, թե՝ ոչ։
Այսպիսով, քրեական գործի ընթացքում հաստատվող փաստերը քաղաքացիական գործի քննության ընթացքում չեն կարող համարվել նախադատելի փաստեր, քանի դեռ քրեական գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում քրեական գործում առկա փաստերը դատարանը պարտավոր է հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ։ Ընդ որում, քրեական գործերով ընդունված որոշումները, որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, կարող են գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախադատելի փաստի բացակայության պայմաններում փոխառության իրավահարաբերության առկայությունը բացահայտելու համար դատարանը պետք է իրականացնի գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտում՝ պարզելով փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տրված լինելու փաստը։
Ինչ վերաբերում է փոխառության իրավահարաբերությանը, ապա Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, կրկին անգամ արձանագրում է, որ փոխառության առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով, որպիսին է նաև փոխառուի և փոխատուի միջև կնքված ցանկացած պայմանագիր, որով հաստատվում է գույքը փոխառությամբ հանձնած լինելու փաստը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումն ինքնուրույն գրավոր ապացույց է, որը ենթակա է գնահատման փոխառության իրավահարաբերությանը վերաբերելի մյուս բոլոր ապացույցների համակցությամբ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Արա Մուտաֆյանը և Արմեն Ուլիխանյանը 12.11.2020 թվականին կնքել են Պայմանագիրը: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
Արա Մուտաֆյանը 10․06․2021 թվականին դիմել է դատարան՝ Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջով՝ հիմքում դնելով Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև 12.11.2020 թվականին կնքված փոխառության պայմանագիրը։ Դատարանի 17․08․2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի դիմումը բավարարվել է՝ Արմեն Ուլիխանյանը ճանաչվել է սնանկ։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն՝ Ընկերությունը հաղորդում է տվել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որին շնորհվել է 83861721 համարն ու այն ընդունվել է վարույթ։
Դատարանը «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» 27.12.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Պարտապանի և պահանջատեր «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ պահանջների նախնական ցուցակի դեմ: Պահանջատերը ներկայացված առարկությամբ հայտնել է, որ «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է հաղորդում, ըստ որի՝ Արա Մուտաֆյանը և Արմեն Ուլիխանյանը նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով արհեստական հիմքեր են ստեղծել ֆիզիկական անձ Արմեն Ուլիխանյանի սնանկության հատկանիշների վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով, որ վերջինս խուսափի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով իր վրա դրված պարտավորությունների կատարումից:
Վերոգրյալի համաձայն, 08.10.2021 թվականին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից կայացվել է քրեական գործ հարուցելու և այլ վարույթ ընդունելու մասին որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով սնանկության արհեստական հիմքեր ստեղծելու համար, դատարանը գտավ, որ «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացրած առարկությունը ենթակա է մերժման»։
Վերաքննիչ դատարանը, 06․06․2022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «օրենսդիրը փոխառության իրավահարաբերությունները հաստատելու համար պատշաճ ապացույց է դիտարկում փոխառուի կողմից փոխատուին՝ վերջինիցս որոշակի գումար ստանալու մասին տրամադրված ստացականը կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթը: Սույն դեպքում նման փաստաթուղթ է հանդիսանում 12.11.2020 թվականին Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև ստորագրված պայմանագիրը, որի 1-ին կետով կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն՝ նշված ապացույցը բավարար է հաստատելու համար, որ Արա Մուտաֆյանը 2014 թվականին Արմեն Ուլիխանյանին որպես փոխառություն՝ 800.000 ԱՄՆ դոլար է տվել: Արդյունքում չի ապացուցվում բողոքաբերի վկայակոչած այն փաստը, որ վերոնշյալ պայմանագիրը կողմերը ձևականորեն են կնքել, որի վիճելի մնալու բացասական հետևանքները Ընկերությունը պետք է կրեր»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում փոխառության առարկայի փոխանցումը տեղի է ունեցել մինչև Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև 12.11.2020 թվականին ստորագրված փոխառության պայմանագրի կնքումը, ինչը նշանակում է, որ փոխառության առարկան հանձնելուց հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով Արա Մուտաֆյանի ու Արմեն Ուլիխանյանի միջև ձևակերպվել է փոխառության պայմանագիր, ուստի պայմանագիրը հանդիսանում է փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր ապացույց։
Նշված փաստերը հիմք են եզրահանգելու, որ փոխառության առարկայի փոխանցման պահից հետո կնքված պայմանագրի հիման վրա Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև ծագել են փոխառության իրավահարաբերություններ:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին, որ վերը նշված քրեական գործի առկայության պայմաններում փոխառության պայմանագիրը հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց՝ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա արձանագրում է, որ նշված փաստով չի հերքվում Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև փոխառության իրավահարաբերության առկայությունն ու փոխառության առարկան փոխառուին հանձնված լինելը, քանի որ այն հաստատվում է փոխառուի և փոխատուի կամահայտնությամբ 12․11․2020 թվականին կնքված գրավոր փոխառության պայմանագրով, որի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն փոխառուին հանձնել է դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հետևաբար, երբ փոխառության իրավահարաբերությունը հաստատվում է փոխառուի և փոխատուի կամահայտնությամբ կնքված պայմանագրով, փոխառության իրավահարաբերությունը չի կարող հերքվել միայն քրեական գործ հարուցված լինելու փաստով․ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դիտվում է ինքնուրույն գրավոր ապացույց, որը ենթակա է գնահատման մյուս ապացույցների հետ համակցությամբ և կարող է գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում միայն հնարավորություն տալ պարզելու վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Տվյալ պարագայում առկա չէ որևէ այլ ապացույց, որի հետ համադրության արդյունքում կարող է պարզվել փոխառության գումարն Արա Մուտաֆյանի կողմից Արմեն Ուլիխանյանին փոխանցված չլինելու փաստը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա չէ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կհերքվեր փոխառության պայմանագրի կնքված լինելը կամ կհաստատվեր փոխառության իրավահարաբերության բացակայությունը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի այն հիմքը, որ փոխառության գումարն Արա Մուտաֆյանի կողմից Արմեն Ուլիխանյանին փոխանցելու հանգամանքը հաստատված չէ, իսկ ներկայացված փոխառության պայմանագիրը քրեական գործ հարուցելու որոշման համադրության պարագայում հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց, անհիմն է և բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտն այդ մասով վերացնելու համար:
2․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել (…) երաշխավորությամբ (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
Նախկինում կայացված որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծելով իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածը, նշել է, որ գործում է երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով (տե՛ս «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի և մյուսների թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է պարտավորության խախտման դեպքում երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։ Միաժամանակ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսել է նաև, որ, ի թիվս այլնի, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը։ Նկատի ունենալով, որ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, և պարտատիրոջ առջև երաշխավորի ստանձնած պարտավորության ծավալը չի կարող գերազանցել հիմնական պարտապանի պարտավորության չափը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պարտապանի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը պետք է դադարի նաև երաշխավորի նկատմամբ։ Հակառակ պարագայում երաշխավորի վրա կարող է դրվել այնպիսի չափով (անհամաչափ) պարտավորության կատարման պարտականություն, ինչից հիմնական պարտապանն արդեն իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ուժով ազատվել է։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով Սնանկության դատարանի կողմից 22.03.2018 թվականին կայացված վճռով «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։ Նշված սնանկության գործով Ընկերությունը պարտապան «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ ներկայացրել է 248.902,89 ԱՄՆ դոլարի ու 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով և երաշխավորությամբ ապահովված ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը գրանցելու մասին դիմում։ Նույն գործով Դատարանի 06.03.2020 թվականի որոշմամբ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել է Ընկերության 248.902,89 ԱՄՆ դոլարի և 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով ու երաշխավորությամբ ապահովված պահանջն ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը (ընդհանուր 270,108,74 ԱՄՆ դոլար)
Ընկերության հանդեպ Արմեն Ուլիխանյանի ունեցած պարտավորությունների չափի մասին Ընկերության կողմից 06․10․2021 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ 17.08.2021 թվականի դրությամբ Արմեն Ուլիխանյանի ընդհանուր պարտքը թվով երեք վարկային պայմանագրերի գծով կազմել է 689.480,9 ԱՄՆ դոլար։ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության կողմից ներկայացված պահանջի հիմքում դրվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 ու թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության նաև 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված ապահովված պահանջ։
Վերաքննիչ դատարանը, 06․06․2022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Ընկերության կողմից Արմեն Ուլիխանյանի (երաշխավորի) նկատմամբ ներկայացված պահանջի չափը չէր կարող գերազանցել թիվ ՏԴ3/0003/04/08 սնանկության գործով Ընկերության կողմից «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի (հիմնական պարտապանի) նկատմամբ ներկայացված և հիմնական պարտավորությունից ծագած պահանջի չափը, որպիսի փաստն առաջին ատյանի դատարանն անտեսել է և հաստատել է երաշխավորի դեմ ներկայացված առավել մեծ չափով պահանջ, քան այն եղել է հիմնական պարտավորությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին»։
Վերոգրյալ փաստերի և իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի ու այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարելու պայմաններում պետք է դադարեն նաև սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար երաշխավորություն ստանձնած երաշխավորի պարտավորությունների նկատմամբ ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը, քանի որ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը և պարտատիրոջ առջև երաշխավորի ստանձնած պարտավորության ծավալը չի կարող գերազանցել հիմնական պարտապանի պարտավորության չափը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով։ Ընդ որում, երաշխավորի ստանձնած պարտավորության չափը պայմանավորված է հիմնական պարտապանի պարտավորության ծավալով՝ անկախ գոյություն ունեցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բովանդակությունից։ Իսկ, եթե պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով (այդ թվում՝ պարտավորությունների սառեցման հիմքով տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը դադարելը) նվազում է կամ դադարում է լրացուցիչ գումարներ հաշվեգրվել, ապա երաշխավորի պատասխանատվությունը (եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով) համապատասխան ծավալով ևս պետք է նվազի կամ դադարի հաշվեգրվել։ Հետևաբար, հիմք ընդունելով այն, որ երաշխավորությունը հենց այն պարտավորությունն է, որը բխում է հիմնական պարտավորությունից և չի կարող երաշխավորի համար առաջանալ հիմնական պարտապանի պարտավորություններից տարբերվող պահանջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ սնանկ ճանաչված պարտապանի սնանկության վարույթի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արդեն իսկ հաստատվել է պարտատիրոջ պահանջի չափը, ուստի պարտապանի երաշխավոր հանդիսացող պարտապանին ներկայացված պահանջը չի կարող ավել կամ պակաս լինել, և բացառապես ենթակա է բավարարման արդեն իսկ պարտապանի նկատմամբ հաստատված պահանջի նույն ծավալի չափով։
Տվյալ դեպքում Դատարանի 06.03.2020 թվականի որոշմամբ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել է Ընկերության 248.902,89 ԱՄՆ դոլարի և 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով ու երաշխավորությամբ ապահովված պահանջն ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը (ընդհանուր 270,108,74 ԱՄՆ դոլար), հետևաբար, եթե հիմնական պարտապանի չկատարած պարտավորությունը պարտատիրոջ հանդեպ՝ ներառյալ տույժերը և տուգանքները, կազմում են 248.902,89 ԱՄՆ դոլար ու 21.205,85 ԱՄՆ դոլար, ապա երաշխավորի նկատմամբ ներկայացվող պահանջը չի կարող գերազանցել պարտապանի սնանկ ճանաչվելու պահին առկա պարտավորության չափը, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Ուստի, հաշվի առնելով այն, որ երաշխավորությունը պարտավորության ապահովման միջոց է, և հիմնական պարտապանի նկատմամբ չկա 689.480 ԱՄՆ դոլարի չափով պահանջի իրավունք, ապա երաշխավորի նկատմամբ նույնպես չի կարող լինել 248.902,89 ԱՄՆ դոլարից ու 21.205,85 ԱՄՆ դոլարից ավել պահանջի իրավունք։ Երաշխավորի պարտավորության չափը բացառապես կարող է լինել (պետք է լինի) այնքան, որքան պարտապանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջի չափն է։
Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը:
Այսինքն՝ պարտապանի նկատմամբ հաստատված պահանջի չափից ավելին հաստատվելու դեպքում նշված իրավանորմերի հիմքով երաշխավորի կողմից իր իրավունքների իրացման արդյունքում (հետևանքով) հիմնական պարտապանի վրա կարող է դրվել այնպիսի չափով պարտավորության (անհամաչափ) կատարման պարտականություն, ինչից պարտապանն արդեն իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ուժով ազատված է։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ Ընկերության կողմից Արմեն Ուլիխանյանի (երաշխավոր) նկատմամբ ներկայացված պահանջի չափը չէր կարող գերազանցել թիվ ՏԴ3/0003/04/08 սնանկության գործով Ընկերության կողմից «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի (հիմնական պարտապան) նկատմամբ ներկայացված ու հիմնական պարտավորությունից ծագած պահանջի չափը, քան այն եղել է հիմնական պարտավորությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին, հիմնավոր է և այս մասով Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, քանի որ ինչպես վերը նշվեց, սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների ու տուգանքների դադարեցումը հանգեցնում է սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար երաշխավորություն ստանձնած երաշխավորի պարտավորությունների նկատմամբ տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը դադարեցնելուն։
Անդրադառնալով նախադատելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև՝ կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
Նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
Նախորդ գործի քննությանը մասնակցող անձանց կազմի նեղացումը, կամ ընդլայնումը չի կարող հանգեցնել նախորդ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքների վերաորակմանը և որևէ կերպ նսեմացնել դրանց նշանակությունն ու արժանահավատությունը:
Նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար՝ դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես, այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը՝ ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ընդդեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի ու մյուսների թիվ ԵԴ/18502/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11․11․2022 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3725/02/16 ու թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործերով 14.07.2017 թվականին կայացված վճիռներով վճռվել է «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ից, Արմեն Ուլիխանյանից ու մյուսներից հօգուտ Ընկերության համապարտության կարգով՝ պայմանագրով նախատեսված կարգով և չափով տոկոսներն ու տույժերը հաշվեգրել մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ։
Վճռաբեկ դատարանը, պայմանավորված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի քաղաքացիական իրավահարաբերությունների կայունության համար, արձանագրում է, որ սույն գործում առկա՝ երաշխավորից գումար բռնագանձելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պահանջների օրինականության հարցի քննարկման փուլում էական են պահանջի հիմքերի հիմնավորվածության մասով միայն, քանի որ հիմնական պարտապանի (վարկառուի) սնանկ ճանաչված լինելու և պարտատերերի պահանջներն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված լինելու պայմաններում երաշխավորի նկատմամբ պահանջի կոնկրետ չափի հաստատումը կախվածության մեջ է դրվում պարտապանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջի չափից:
Հետևաբար գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա տույժերի և տոկոսների հաշվեգրումը մինչև դատական ակտի կատարումը շարունակելու վերաբերյալ բողոքաբերի կողմից վկայակոչած հանգամանքը տվյալ դեպքում չի կարող հիմք հանդիսանալ տույժերի ու տոկոսների հաշվարկը երաշխավորի նկատմամբ շարունակելու պահանջը հաստատված համարելու համար։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող միջանկյալ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. Հակոբյան Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. Հովսեփյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. Մկրտչյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/1294/04/21 սնանկության գործով 2024 թվականի հուլիսի 4-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
04․07․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի հուլիսի 4-ին, գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արա Մուտաֆյանի դիմումի՝ Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․06․2022 թվականի որոշման դեմ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով՝ շարադրում եմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արա Մուտաֆյանը պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 17․08․2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06․06․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է․ « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ․
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (…)»։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիամ Ղուլյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ուլիխանյանը (ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ ու 66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոխառության գումարն Արա Մուտաֆյանի կողմից Արմեն Ուլիխանյանին փոխանցելու հանգամանքը հաստատված չէ, իսկ ներկայացված փոխառության պայմանագիրը քրեական գործ հարուցելու որոշման համադրության պարագայում հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում այն քննության առարկա է հանդիսանում: Առկա է իրավունքի զարգացման խնդիր այն առումով, որ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում քննարկվում է տվյալ փաստը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջը ներկայացվել է թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 և թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ այլ կարգավորում չունի պարտապանի հանդեպ տոկոսների հաշվարկման դադարեցմանը զուգահեռ այլ համապարտ պարտապանների մասով ևս տոկոսների հաշվարկումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ տոկոսների հաշվեգրումը դադարեցնելու մասով որևէ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում Ընկերությունն իրավական հիմք չուներ տոկոսների հաշվարկումը դադարեցնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «(…) - մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ վերաքննիչ բողոքը մերժելու և Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքի բավարարված մասով (որոշման առաջին և երկրորդ կետերի մասով) բեկանել թիվ ՍնԴ/1294/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022թ որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
2.1 Արմեն Ուլիխանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ միևնույն պայմանագրի հիման վրա հիմնական պարտապանի նկատմամբ վարկային կազմակերպության պահանջը կազմում է 248․902,89 ԱՄՆ դոլար ու 21․205,85 ԱՄՆ դոլար, իսկ նույն պարտավորությամբ երաշխավոր հանդիսացող Արմեն Ուլիխանյանի նկատմամբ՝ 689․480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այսինքն՝ ինքը ոչ թե նույն ծավալով է պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրելու, այլ հիմնական պարտապանից 2․5 անգամ ավել գումարի չափով, ինչն անթույատրելի է։
Սույն գործի փաստերի համաձայն` հիմնական պարտավորության նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով դադարել են հաշվարկվել տոկոսներ, տույժեր և տուգանքներ, իսկ երաշխավորությունը պարտավորության ապահովման միջոց է, հետևաբար եթե հիմնական պարտավորությունը կազմում է 270,108,74 ԱՄՆ դոլար, ապա ակցեսոր պարտավորությունը չի կարող ավել լինել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արա Մուտաֆյանի՝ որպես Փոխատուի և Արմեն Ուլիխանյանի՝ որպես Փոխառուի միջև 12.11.2020 թվականին կնքված փոխառության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-ին կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
Պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ նույն պայմանագրի կնքման պահին Փոխառուն դեռևս չի վերադարձրել փոխառության գումարը և սկսած 2019 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պարտավորությունը կետանցված է։
Պայմանագրի 3-րդ կետի համաձայն՝ Փոխառուի կողմից փոխառության գումարը մինչև սույն պայմանագիրը կնքելը չվերադարձնելու արդյունքում թույլ տրված կետանցի համար սահմանվել է տուգանք 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։
Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են սահմանել փոխառության գումարի՝ 800.000 ԱՄՆ դոլարի, և Պայմանագրի 3-րդ կետում սահմանված տուգանքի՝ 50.000 ԱՄՆ դոլարի վճարման նոր ժամկետ: Մասնավորապես՝ Փոխատուն պարտավորվել է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը Փոխառուին ամբողջությամբ վճարել փոխառության գումարը և տուգանքի գումարը՝ ընդհանուր 850.000 ԱՄՆ դոլար։
Պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 4-րդ կետում նշված պարտավորությունը մինչև 2021 թվականի հունվարի 10-ն ամբողջությամբ չկատարվելու դեպքում Փոխառուն պարտավորվել է Փոխատուի պահանջով վճարել տուգանք 100.000.000 ՀՀ դրամի չափով (հավելված 1-ին, գ.թ. 17)․
2) Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն՝ Ընկերությունը հաղորդում է տվել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որին շնորհվել է 83861721 համարն ու այն ընդունվել է վարույթ (հավելված 1-ին, գ.թ. 29-35)․
3) Դատարանի 17․08․2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի դիմումը բավարարվել է՝ Արմեն Ուլիխանյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 2-7).
4) Ընկերության հանդեպ Արմեն Ուլիխանյանի ունեցած պարտավորությունների չափի մասին Ընկերության կողմից 06․10․2021 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ 17.08.2021 թվականի դրությամբ Արմեն Ուլիխանյանի ընդհանուր պարտքը թվով երեք վարկային պայմանագրերի գծով կազմել է 689.480,9 ԱՄՆ դոլար։ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության կողմից ներկայացված պահանջի հիմքում դրվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 ու թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (հավելված 2-րդ, գ.թ. 19-22).
5) Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել են Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարի ու 265.670 ՀՀ դրամի չափով պահանջները՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված ապահովված պահանջներ, Արա Մուտաֆյանի 850.000 ԱՄՆ դոլարի, 100.000.000 ՀՀ դրամի և 100.000 ՀՀ դրամի չապահովված պահանջները՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով նախատեսված չապահովված պահանջներ (հավելված 1-ին, գ․թ․ 70-76)․
6) Վերաքննիչ դատարան) 06․06․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է․ « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ․
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (…)» (հավելված 3-րդ, գ․թ․ 81-96)․
7) թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի և Անուշավան Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ««ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից և Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել` 54.547 (հիսունչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 12.820,32 (տասներկու հազար ութ հարյուր քսան ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրված տոկոսները տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 498,32 (չորս հարյուր իննսունութ ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 1.516,31 (մեկ հազար հինգ հարյուր տասնվեց ամբողջ երեսունմեկ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 6517,57 (վեց հազար հինգ հարյուր տասնյոթ ամբողջ հիսունյոթ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Կամարինի փողոց, թիվ 29 (Քսանինը) բնակելի տան և LEXUS RX-300 մակնիշի (տարեթիվ՝ 2003թ., հաշվառման վկայագիր՝ SM635385, պետհամարանիշ՝ 90 QO 909, նույնացման համար՝ JTJHF31U400017837) ավտոմեքենայի վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ)․
8) թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի, Անուշավան Ուլիխանյանի, Արմեն Ուլիխանյանի, Բաբկեն Պողոսյանի և Մարգարիտ Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ««ՈՒլիխանյան և ընկերներ» ՍՊ ընկերությունից, Անուշավան ՈՒլիխանյանից, Արմեն ՈՒլիխանյանից, Բաբկեն Պողոսյանից և Մարգարիտ ՈՒլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել` 13.803,93 (տասներեք հազար ութ հարյուր երեք ամբողջ իննսուներեք հարյուրերորդական) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 4.004,55 (չորս հազար չորս ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 17.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 116,22 (հարյուր տասնվեց ամբողջ քսաներկու հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 352,66 (երեք հարյուր հիսուներկու ամբողջ վաթսունվեց հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 1.901,7 (մեկ հազար ինը հարյուր մեկ ամբողջ յոթ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 17.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով ք.Դիլիջան, Կալինինի փողոց, 99 (իննսունինը) շենք, թիվ 5(հինգ) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
9) թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի և Անուշավան Ուլիխանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է « «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ Ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից և Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 58.961 (հիսունութ հազար ինը հարյուր վաթսունմեկ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 17.671,68 (տասնյոթ հազար վեց հարյուր յոթանասունմեկ ամբողջ վաթսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ.-ից մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 և 2.6 կետերի, 254,24 (երկու հարյուր հիսունչորս ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 773,74 (յոթ հարյուր յոթանասուներեք ամբողջ յոթանասունչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 8.449,98 (ութ հազար չորս հարյուր քառասունինը ամբողջ իննսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 18.11.2016թ. մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով` բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում հասցեում գտնվող անշարժ գույք վրա»։
Նշված վճիռը չի բողոքարկվել, և 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).
10) թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով Սնանկության դատարանի կողմից 22.03.2018 թվականին կայացված վճռով «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։ Նշված սնանկության գործով Ընկերությունը պարտապան «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ ներկայացրել է 248.902,89 ԱՄՆ դոլարի ու 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով և երաշխավորությամբ ապահովված ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը գրանցելու մասին դիմում։ Նույն գործով Դատարանի 06.03.2020 թվականի որոշմամբ «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել է Ընկերության 248.902,89 ԱՄՆ դոլարի և 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով ու երաշխավորությամբ ապահովված պահանջն ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը (ընդհանուր 270,108,74 ԱՄՆ դոլար) (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, հավելված 1-ին, գ.թ. 46-51, 53-64)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած իրավունքի նորմի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին․
1) արդյո՞ք առերևույթ կանխամտածված սնանկության և կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշներով քրեական գործ հարուցված լինելու փաստը կարող է հերքել փոխառության իրավահարաբերությունն այն դեպքում, երբ փոխառության իրավահարաբերությունը ու փոխառության առարկան փոխառուին հանձնելը հաստատվում է այդ մասին փոխառուի և փոխատուի միջև կնքված գրավոր պայմանագրով․
2) արդյո՞ք երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է նույն ծավալով պատասխանատվություն, ինչ սնանկ ճանաչված պարտապանն այն պարագայում, երբ երաշխավորի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա շարունակվում է հիմնական պարտավորության չկատարման համար տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկը:
Համակարծիք լինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքով հրապարակվող դատական ակտի առաջին հարցադրման վերաբերյալ կատարված եզրահանգումների հետ՝ հայտնում եմ հատուկ կարծիքս երկրորդ հարցադրման եզրահանգումների վերաբերյալ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև՝ կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
Նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
Նախորդ գործի քննությանը մասնակցող անձանց կազմի նեղացումը, կամ ընդլայնումը չի կարող հանգեցնել նախորդ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքների վերաորակմանը և որևէ կերպ նսեմացնել դրանց նշանակությունն ու արժանահավատությունը:
Նախադատելիության առանձնահատկությունը պայմանավորված է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի լայն իմաստով քաղաքացիական հարաբերությունների կայունության համար՝ դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես, այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը՝ ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ընդդեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի ու մյուսների թիվ ԵԴ/18502/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11․11․2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում եմ, որ նախադատելիությունն ազատում է ապացուցման պարտականությունից և նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը հետագա դատավարություններում չեն կարող հերքվել կամ դրանց չի կարող տրվել հակասական գնահատական։
Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորմանը՝ արձանագրում եմ, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը։ Մինչդեռ, նշված ընդհանուր կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ նախադատելի փաստով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, հաստատվել է երաշխավորից բռնագանձման ենթակա գումար կամ գումարի չափի որոշման կանոն, որպիսի փաստերն այլ դատավարություններում հետագայում ապացուցման կարիք չունեն։
Անդրադառնալով սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված՝ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կառուցակարգին և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին պետք է եզրահանգել, որ հիմնական պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է հիմնական պարտապանի վճարային պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը։ Մինչդեռ հիմնական պարտատիրոջ նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով չի կարող դադարեցվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով երաշխավորից բռնագանձվող գումարի հաշվարկը։ Նշված իրավակարգավորման ուժով դադարեցվում է պարտապանի նկատմամբ կիրառվող տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը, այլ ոչ՝ համապարտ երաշխավորի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կիրառվող տույժերի, տոկոսների ու տուգանքների հաշվեգրումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախադատելի փաստ է։
Այսպիսով, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով երաշխավորից բռնագանձման են ենթակա, ի թիվս այլնի, մինչև պարտավորության ամբողջ ծավալով կատարումը կիրառվող տույժերը և տոկոսները, երաշխավորը պարտատիրոջ առջև չի կրում նույն ծավալով պատասխանատվություն, ինչ սնանկ ճանաչված հիմնական պարտապանը, քանի որ հակառակ մոտեցմամբ կխախտվի նախադատելիության դատարանի պարտականությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Արա Մուտաֆյանը և Արմեն Ուլիխանյանը 12.11.2020 թվականին կնքել են Պայմանագիր: Պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
Արա Մուտաֆյանը 10․06․2021 թվականին դիմելով դատարան, պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ։ Դատարանի 17․08․2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի պահանջը բավարարվել է։ Դատարանի 27․12․2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ հաստատվել է Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջը։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն՝ Ընկերությունը հաղորդում է տվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ և նախապատրաստված նյութերով 01.07.2022 թվականից ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ընկերությունը սույն գործով Արմեն Ուլիխանյանի նկատմամբ ներկայացրել է 689.480,9 ԱՄՆ դոլարի և 265.670 ՀՀ դրամի չափով ապահովված պահանջներ:
Պահանջը հիմնավորող հանգամանքներ են հանդիսացել, ի թիվս այլնի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճիռը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճիռն ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճիռը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 15․08․2017 թվականին։ Նշված վճիռների հիմքով Արմեն Ուլիխանյանից բռնագանձվել է վարկի գումարները, վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսները, մինչև պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրված տոկոսները տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով, վարկային պայմանագրերի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով։
Ի հիմնավորումն ներկայացված պահանջի՝ Ընկերությունը սույն գործով ներկայացրել է Արմեն Ուլիխանյանի պարտավորությունների չափի մասին տեղեկանք, որի համաձայն՝ 17.08.2021 թվականի դրությամբ Ընկերության պահանջի չափն Արմեն Ուլիխանյանի նկատմամբ կազմել է՝
վարկային թիվ 06/13ԳԱԲ պայմանագրի գծով.
1․ 54.547 ԱՄՆ դոլար վարկի գումար,
2․ 48.957,04 ԱՄՆ դոլար հաշվարկված տոկոսագումար,
3․ 21.067,76 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումար,
4․ 185.358,05 ԱՄՆ դոլար տույժ՝ վարկի մասնակի մարման գումարը և տոկոսները սահմանված ժամկետում չմարելու համար,
վարկային թիվ 77/13ԳԱԲ պայմանագրի գծով.
1․ 13.803,93 ԱՄՆ դոլար վարկի գումար,
2․ 6.280,55 ԱՄՆ դոլար տոկոսագումար,
3․ 4.276,69 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումար,
4․ 28.735,14 ԱՄՆ դոլար տույժ՝ վարկի մասնակի մարման գումարը և տոկոսները սահմանված ժամկետում չմարելու համար,
վարկային թիվ 204/14ԳԱԲ պայմանագրի գծով․
1․ 58.961 ԱՄՆ դոլար վարկի գումար,
2․ 67.592,73 ԱՄՆ դոլար տոկոսագումար,
3․ 10.232,81 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումար,
4․ 189.668,2 ԱՄՆ դոլար տույժ՝ վարկի մասնակի մարման գումարը և տոկոսները սահմանված ժամկետում չմարելու համար,
5․ 165.670 ՀՀ դրամ պետական տուրք,
6․ 100.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար։
ՀՀ սնանկության դատարանի թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով 22.03.2018 թվականի վճռով «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, որի ուժով դադարել է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը:
Դատարանը «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» 27.12.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ պարտապան Արմեն Ուլիխանյանի ու պահանջատեր Ընկերության կողմից ներկայացվել են առարկություններ պահանջների նախնական ցուցակի վերաբերյալ: Պահանջատերն իր առարկությամբ հայտնել է, որ Ընկերության կողմից ներկայացվել է հաղորդում, ըստ որի՝ Արա Մուտաֆյանը և Արմեն Ուլիխանյանը նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով արհեստական հիմքեր են ստեղծել ֆիզիկական անձ Արմեն Ուլիխանյանի սնանկության հատկանիշների վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով, որ վերջինս խուսափի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով իր վրա դրված պարտավորությունների կատարումից:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 08.10.2021 թվականին կայացվել է «Քրեական գործ հարուցելու և այլ վարույթ ընդունելու մասին» որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով սնանկության արհեստական հիմքեր ստեղծելու համար, Դատարանը գտել է, որ Ընկերության ներկայացրած առարկությունը ենթակա է մերժման:
Դատարանը 27․12․2021 թվականին կայացրած «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու և հաստատելու մասին» որոշմամբ հաստատել է Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689,480․9 ՀՀ դրամի պահանջը։
Վերաքննիչ դատարանը 06․06․2022 թվականի որոշմամբ, բավարարելով Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ 12.11.2020 թվականին Արա Մուտաֆյանի և Արմեն Ուլիխանյանի միջև ստորագրված պայմանագիրը, որի 1-ին կետով կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, հանդիսանում է փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատող ապացույց: Արդյունքում, գտել է, որ նշված ապացույցը բավարար է հաստատելու համար, որ Արա Մուտաֆյանը 2014 թվականին Արմեն Ուլիխանյանին որպես փոխառություն՝ 800.000 ԱՄՆ դոլար է տվել:
Վերաքննիչ դատարանը, միաժամանակ գտել է, որ պարտատիրոջ առջև երաշխավորի պարտավորության ծավալը չի կարող գերազանցել հիմնական պարտապանի պարտավորության չափը: Ընկերության կողմից Արմեն Ուլիխանյանի (երաշխավորի) նկատմամբ ներկայացված պահանջի չափը, ըստ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման, չէր կարող գերազանցել թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով Ընկերության կողմից «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի (հիմնական պարտապանի) նկատմամբ ներկայացված և հիմնական պարտավորությունից ծագած պահանջի չափը, որպիսի փաստն առաջին ատյանի դատարանն անտեսել է ու հաստատել է երաշխավորի դեմ ներկայացված առավել մեծ չափով պահանջ, քան այն եղել է հիմնական պարտավորությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին:
Սույն հատուկ կարծիքով արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով բողոքի երկրորդ հիմքին՝ Վերաքննիչ դատարանի կողմից Արմեն Ուլիխանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասով եզրահանգումների հիմնավորվածությանը՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Արձանագրում եմ, որ սույն գործով նախադատելի փաստեր են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճռով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճռով ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 14.07.2017 թվականին կայացրած վճռով հաստատվող հանգամանքները, որոնց հիման վրա մինչև պարտավորության կատարման օրը երաշխավորից բռնագանձման են ենթակա նաև մինչև պարտավորության կատարումը կիրառվող տոկոսներն ու տույժերը։
Երաշխավոր Արմեն Ուլիխանյանը հիմնական պարտապանին սնանկ ճանաչելու պահին ամբողջ ծավալով չի կատարել պարտավորությունները և հաշվի առնելով, որ նախադատելիության հիման վրա դատարանի պարտականությունն է ապացուցման առարկան նեղացնել այն փաստերի մասով, որոնք նախկինում քննված քաղաքացիական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքներ են և որոնք հետագա դատավարություններում չեն կարող հերքվել կամ դրանց չի կարող տրվել հակասական գնահատական՝ ուստի, սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումներով ներկայացված պահանջը ոչ օրինական համարելու և փոփոխելու։
Այլ կերպ՝ վերը նշված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվել է երաշխավորից բռնագանձման ենթակա գումարի չափը որոշելու կանոններ, որոնք սույն քաղաքացիական գործի շրջանակներում կրկին ապացուցման կարիք չունեն։
Այսպիսով, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով երաշխավոր Արմեն Ուլիխանյանից բռնագանձման է ենթակա, ի թիվս այլնի, մինչև պարտավորության ամբողջ ծավալով կատարումը կիրառվող տույժերը և տոկոսները։ Ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ երաշխավոր Արմեն Ուլիխանյանը պարտատիրոջ առջև կարող է կրել նաև ավելի մեծ ծավալով պատասխանատվություն, քան սնանկ ճանաչված հիմնական պարտապանը, քանի որ հիմնական պարտապանի սնանկ ճանաչելու պահին կատարած չի եղել իր պարտավորությունները, ավելին՝ սույն գործի համար նախադատելիություն ունեցող օրինական ուժի մեջ մտած երեք դատական ակտերով նման պարտավորության դեռևս չկատարված լինելու փաստն ու դրանց չափը հաստատված է։
Մինչդեռ վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներից շեղվելով՝ Վերաքննիչ դատարանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործով 14.07.2017 թվականի վճռով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործով 14.07.2017 թվականի վճռով ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործով 14.07.2017 թվականի վճռով հաստատված հանգամանքները չի համարել նախադատելի փաստեր ու ապացույցների սխալ գնահատման հետևանքով անհիմն եզրահանգել է, որ Ընկերության կողմից Արմեն Ուլիխանյանի (երաշխավորի) նկատմամբ ներկայացված պահանջի չափը չէր կարող գերազանցել թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով Ընկերության կողմից «Ուլիխանյան և ընկերներ» ՍՊԸ-ի (հիմնական պարտապանի) նկատմամբ ներկայացված ու հիմնական պարտավորությունից ծագած պահանջի չափը։
Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են Արմեն Ուլիխանյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը, Արմեն Ուլիխանյանից հօգուտ Ընկերության 419․372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջը մերժելու մասով վերացնելու լիազորությունը։
Դատավոր Էդ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: