Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16
2024 թ.

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16

Նախագահող դատավոր`

 Գ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2024 թվականի հուլիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ Կարեն Սավզյանի դիմումի` Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարեն Սավզյանը պահանջել է Արմեն Ավագյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 05.05.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։

Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել լոտ 1-ում, լոտ 2-ում ու լոտ 3-ում նշված գույքը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2021 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերացվել է և հարցն ուղարկվել է Սնանկության դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նաիրա Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ավագյանը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել վերանայվող գործի բոլոր փաստերը և միայն դրանց ուսումնասիրության արդյունքում բեկանել ստորադաս դատարանի որոշումը, դա էլ բացառապես այն պարագայում, երբ պարզվեր, որ նոր երևան եկած հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա։ Վերոնշյալը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել փոխարենը որոշման մեջ նշվել է, որ հանգամանքը ենթակա է պարզման, ուսումնասիրության և քննության Սնանկության դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար։ Այսինքն՝ կայացրած որոշմամբ Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն պարզեր, թե բողոքաբերի ներկայացրած փաստերը և հանգամանքներն ինչ նշանակություն ու ազդեցություն կարող են ունենալ գործի լուծման համար։

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը և, ըստ էության, ստորադաս ատյանի կայացրած դատական ակտի բեկանման համար հիմք է ընդունել բացառապես նոր երևան եկած հանգամանքների առկայությունը, սակայն որևէ կերպ անդրադարձ չի կատարել դրանց նշանակության ու գործի ելքի վրա ազդեցության փաստին։ Նման վերլուծություն իրականացնելու դեպքում պարզ կդառնար, որ ստեղծված իրավիճակում չկա որևէ անձ, ում իրավունքները խախտվել են, չկա պատճառված վնաս, գույքի գնահատումը և դրա արդյունքում տրված գնահատման հաշվետվություններն արժանահավատ են, ուստի լոտերի վաճառքն ի սկզբանե իրականացված է եղել շուկայական գներով։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերոնշյալ բոլոր հանգամանքներին՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ վեճի առարկա բոլոր անշարժ գույքերն արդեն վաղուց իրացված են և որոշումը կարող է ծանրակշիռ ռիսկ ստեղծել նոր սեփականատերերի համար, ովքեր սույն իրավահարաբերությունում ամեն դեպքում բարեխիղճ են։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արմեն Ավագյանի պատասխանի հիմնավորումները

Հայկ Կոշեցյանը, առանց պարտապան Արմեն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը և գրավադրված գույքերը գույքագրելու, առանց գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, կազմել է կեղծ գույքագրման ակտ, պարտատերերի առաջին ժողովի արձանագրություն ու դիմել դատարան՝ հրապարակային սակարկությամբ գույքը վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով: Միջնորդությանը կից ներկայացրել են նաև «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Ոսկանյանի կողմից կազմված թվով երեք կեղծ գնահատման հաշվետվությունները, որի արդյունքում մոլորության մեջ գցելով Դատարանին, այլ կերպ ասած՝ կեղծ ապացույցների ներկայացմամբ, ստացել է թվով երեք անշարժ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու իրավունք:

Եթե դատարանը տեղյակ լիներ, որ Հայկ Կոշեցյանը չի կատարել պարտապանի գույքի գույքագրում, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու համար չի հրավիրել պարտատերերի ժողով, և, որ ներկայացված թվով երեք գնահատման հաշվետվությունները կեղծ են, չէր բավարարի սնանկության կառավարչի միջնորդությունն ու թույլ չէր տա պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի օտարումը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել և գնահատական է տվել այն հարցերին, թե քննիչի որոշումը կամ գույքագրման ակտը, գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին պարտատերերի առաջին ժողովի արձանագրությունն ու գույքի գնահատման հաշվետվություններն իրականում չկատարվելու հանգամանքները որքանով են էական նոր հանգամանքի հիմքով գործը նոր քննության ուղարկելու համար, ինչից էլ հետևում է, որ անհիմն է բողոքը:

Բողոքաբերը մանրամասն չի ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը, հակառակ պարագայում կտեսներ, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման հիմքերին, մանրամասն հիմնավորել է այդ հիմքերից յուրաքանչյուրի նշանակությունը և ազդեցությունը սույն գործի նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 22.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Արմեն Ավագյանը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 1-4).

2) Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել՝

Լոտ 1. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի թիվ 75 բնակելի տունը՝ 170.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով

Լոտ 2. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/2 շինությունը՝ 25.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով

Լոտ 3. պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինությունը՝ 753.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով (հավելված հատոր 1-ին, գ.թ. 69-71).

3) Արմեն Ավագյանը 02.08.2021 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով Վերաքննիչ դատարան է ներկայացրել դատական ակտի վերանայման բողոք՝ խնդրելով վերացնել Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։ Որպես նոր երևան եկած հանգամանք Արմեն Ավագյանը վկայակոչել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 8-13, 23-45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Մինչև 15042020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Մինչև 15042020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկության ինստիտուտի հիմնական նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելն է: Այդ նպատակին է ծառայում նաև կառավարչի գործողությունները կամ անգործությունը վիճարկելու հնարավորություն նախատեսող իրավակարգավորումը, որը վերաբերում է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին: Այլ կերպ ասած, օրենսդիրը պարտատերերին և պարտապանին իրավունք է վերապահել բողոքարկելու կառավարչի գործողություններն ու անգործությունը բոլոր այն դեպքերում, երբ վերջիններս գտնում են, որ կառավարչի որևէ գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են իրենց իրավունքները: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերը և պարտապանը չպետք է չարաշահեն կառավարչի գործողություններն ու անգործությունը վիճարկելու իրենց իրավունքը և այդ իրավունքը պետք է իրացնեն բացառապես օրենքով սահմանված կառուցակարգերի ու նպատակների շրջանակում, հակառակ պարագայում կխաթարվի սնանկության վարույթի էությունը, ինչն էլ կհանգեցնի մյուս կողմի իրավունքների և օրինական շահերի խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը որպես նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Սահմանադրական դատարանը 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ արձանագրել է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ ու, ընդգծելով դրա կարևորությունը, նշել է, որ դրանք առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու ու իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (...) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (...) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները։

 Սահմանադրական դատարանը 30032010 թվականի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն՝ այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է, և թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել լոտ 1-ը՝ պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան փողոցի թիվ 75 բնակելի տունը՝ 170.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, լոտ 2-ը՝ պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/2 շինությունը՝ 25.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, լոտ 3-ը՝ պարտապան Արմեն Ավագյանի կողմից գրավադրված՝ պարտատեր Բանկի գրավի առարկա հանդիսացող Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինությունը՝ 753.500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով։

Արմեն Ավագյանը 02.08.2021 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով Վերաքննիչ դատարան է ներկայացրել դատական ակտի վերանայման բողոք, և որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Սիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին։

Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերացվել է ու հարցն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության՝ այն պատճառաբանությամբ, որ «սույն դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ 17.06.2021 թվականի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված է համարվել, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ և ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, քանի որ թե՛ բողոք բերող անձին և թե՛ Դատարանին հայտնի չեն եղել սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական նշանակություն»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և այդ հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդ հանգամանքները հաստատված լինելը, մինչդեռ տվյալ դեպքում առկա է նախաքննական մարմնի որոշում, որը հանդիսանալով ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով նախաքննական մարմնի որոշումը՝ վերացնել Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն ու հարցն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։

 

Անդրադառնալով Արմեն Ավագյանի կողմից 19.09.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։

Տվյալ դեպքում Արմեն Ավագյանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է 17.06.2022 թվականին, իսկ վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացրել է 19.09.2023 թվականին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշվածը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Սեդրակյան

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16

2024 թ.

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16

Նախագահող դատավոր`

 Գ. Թորոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործով 04.07.2024 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«04» հուլիսի, 2024 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 04.07.2024 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ Կարեն Սավզյանի դիմումի` Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2021 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 04.07.2024 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիք այդ մասերի վերաբերյալ:

 

1. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Նախքան Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի կապակցությամբ հատուկ կարծիք շարադրելը՝ հարկ եմ համարում ընդգծել հետևյալը

Պարտապան Արմեն Ավագյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոք ներկայացրել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ պատճառաբանելով, որ «2021թ հունիսի 17-ի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի ոչ արդարացման հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված հանգամանքները գոյություն են ունեցել Դատարանի կողմից Որոշումը կայացնելու պահին, սակայն հայտնի չեն եղել ո՛չ բողոքաբեր Արմեն Ավագյանին և ո՛չ էլ Դատարանին։ Ավելին, այս փաստերն էական էին Որոշման կայացման համար, քանի որ եթե Դատարանը տեղյակ լիներ, որ առանց գույքագրման, առանց գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, կեղծ գնահատման հաշվետվությունների հիման վրա կառավարիչը հրապարակային սակարկություններով վաճառքի թույլտվություն ստանալու նպատակով դիմել է դատարան, ապա կմերժեր կառավարչի միջնորդությունը»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով վերանայելով Դատարանի նշված որոշումը՝ Վերաքննիչ դատարանը, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ 17.06.2021 թվականի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված է համարվել, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ և ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին», գտել է, որ «թե՛ բողոք բերող անձին և թե՛ Դատարանին հայտնի չեն եղել սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական նշանակություն»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, Որոշմամբ պատճառաբանելով, որ «վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և այդ հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդ հանգամանքները հաստատված լինելը, մինչդեռ տվյալ դեպքում առկա է նախաքննական մարմնի որոշում, որը հանդիսանալով ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ», եզրակացրել է, որ «Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով նախաքննական մարմնի որոշումը (…)»։

Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի նման նեղ մեկնությունը չի բխում նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու ինստիտուտի նպատակներից հետևյալ պատճառաբանությամբ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին, արձանագրել է, որ գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար (տե՛ս Kuznetsova v. Russia թիվ 67579/01 գանգատով 12.11.2007 թվականի վճիռը):

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1114 և այլն) անդրադարձել է նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի՝ որպես մարդու խախտված իրավունքներն արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին։

Սահմանադրական դատարանը 26062015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշման մեջ նշել է շարադրված հարցերի կապակցությամբ արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ ելակետային նշանակություն ունեցող հետևյալ եզրահանգումները՝

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում՝ նորահայտ են,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

Շարադրվածով պայմանավորված գտնում եմ, որ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտերը վերանայելու ինստիտուտն առանձնահատուկ է այնքանով, որ թույլ է տալիս գործի քննության ավարտից հետո բացահայտված որոշակի հանգամանքների առկայության դեպքում վերանայել օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից կասկած հարուցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու բացառիկ հնարավորություն ընձեռող վարույթ լինելով հանդերձ` վերանայման ինստիտուտը միաժամանակ քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատություն իրականացնելու, ինչպես նաև օրինականությունն ապահովելու լրացուցիչ և կարևորագույն միջոց է։

Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը մեկնաբանելիս պետք է ելնել նորմի կարգավորիչ նպատակից՝ որպես ուղենիշ ընդունելով ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու միջոցով անձի խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որպես դատական ակտը վերանայելու ընդհանուր հիմք, նախատեսում է ցանկացած հանգամանք, որը գոյություն է ունեցել գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և գործի լուծման համար ունի էական նշանակություն, որպիսիք ապացուցելու համար օրենսդիրն ապացույցի որևէ կոնկրետ տեսակ չի սահմանել։ Մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվել են նոր երևան եկած առանձնահատուկ հանգամանքներ, որպիսիք պարունակելով քրեական օրենքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեև գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու դեպքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվել է որպես դատական ակտի վերանայման առանձին հիմք, այդուհանդերձ դա չի բացառում դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերանայելու հնարավորությունը, եթե բողոք բերած անձը նշված հիմքով վարույթ հարուցելու պայմաններում ապացուցում է, որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքը գոյություն է ունեցել գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և գործի լուծման համար ունի էական նշանակություն։

Դատական ակտը վերանայելու վարույթի հետապնդած նպատակների իրագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածն անհրաժեշտ է լայն մեկնաբանել և գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելը չսահմանափակել միայն նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ բացառելով նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատական ակտը վերանայելու հնարավորությունը։ Հակառակ դեպքում անձը ոչ միայն զրկվում է ոչ պատշաճ արդարադատություն իրականացվելու հետևանքով իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, այլև օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից կասկած հարուցող դատական ակտը շարունակում է օրինական ուժի մեջ մնալ՝ այն վերանայելու քրեադատավարական գործիքակազմի «բացակայության» հիմքով։

Տվյալ դեպքում պարտապան Արմեն Գրիգորյանը որպես նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույց Վերաքննիչ դատարան է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Ս Ս Սիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը, որով պարզվել է, որ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչ նշանակված Հայկ Կոշեցյանը՝

- կատարել է կեղծ գույքագրում, կեղծել «Այնթափի տեքստիլագործ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և ձեռք բերելով կեղծ ապացույցներ՝ դրանք ներկայացրել է Դատարան, որի հիման վրա անշարժ գույքն իրական արժեքից ցածր գնով վաճառվել է,

- կազմել է պարտատերերի ժողովին կից կեղծ արձանագրություն այն մասին, որ Դատարանի շենքում 24.03.2017 թվականին, ժամը 11:00-ին տեղի է ունեցել պարտապան Արմեն Ավագյանի պարտատերերի առաջին ժողովը: Նույն արձանագրության մեջ նշվել է, որ արդեն կատարվել է գույքերի գույքագրում և գնահատում, ինչպես նաև մինչ այդ ժողովի մասնակիցներին ծանուցագրերի միջոցով տեղեկացրել է, որ 24.03.2017 թվականին, ժամը 11:30-ին կատարվելու է Արմեն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերի, տրանսպորտային և դրամական միջոցների գույքագրումը,

- կազմել և հետագայում Արմեն Ավագյանի և Վահե Մելքոնյանի ստորագրությանն է ներկայացրել 24.03.2017 թվականի թվագրմամբ կեղծ գույքագրման ակտ,

- Դատարան է ներկայացրել «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 17.01.2017 թվականին կազմված թիվ ՎՄ-30/930 գնահատման հաշվետվությունը, որում նշված է, որ գնահատման հաշվետվության պատվիրատուն հանդիսանում է Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը և վերջինիս հետ 17.01.2017 թվականին կնքվել է թիվ ՎԱ-30/930 պայմանագիրը: Հաշվետվության մեջ նշված է նաև, որ տեղազննման աշխատանքները կատարվել են 16.01.2017 թվականին, իսկ գնահատման աշխատանքները՝ 17.01.2017 թվականին, մինչդեռ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Հայկ Կոշեցյանի պատվերով «ՎԻ ԱՄ ԱՐ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գույքի գնահատում առհասարակ չի կատարվել:

Այսինքն՝ նշված ապացույցով հաստատվել է, որ սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը սույն սնանկության գործի շրջանակներում ապացույցներ է կեղծել և դրանք ներկայացրել Դատարան, որոնց հիման վրա վերջինս 22.05.2017 թվականին կայացրել է «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։

Նշվածից բխում է, որ թեև սույն գործով առկա չէ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու փաստը հաստատող դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, այդուհանդերձ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական ՍՍՍիմոնյանի 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ հաստատվել են սույն սնանկության գործի շրջանակներում ապացույցների կեղծված լինելու մասին այնպիսի հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Արմեն Ավագյանին ու Դատարանին, և գործի լուծման համար ունեն էական նշանակություն։ Այսինքն՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատական ակտը վերանայելու հիմքը։

Կարևոր եմ համարում նշել նաև, որ քրեադատավարական գործիքակազմի գործադրման միջոցով ձեռք է բերվել կոնկրետ անձի կողմից նոր երևան եկած հանգամանք վկայակոչող արարքը կատարելու վերաբերյալ ապացույց։ Տվյալ դեպքում դատավարական փաստաթղթի տեսակը՝ 17.06.2021 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը, կայացվել է քրեադատավարական օրենսդրության պահանջներից ելնելով, որը կապված չէ պարտապան Արմեն Ավագյանի վարքագծի հետ։ Այն, որ քրեադատավարական օրենսդրությունը կոնկրետ հիմքերի առկայության դեպքում պահանջում է կայացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում և բացառում է դատավճիռ կայացնելու իրավական հնարավորությունը, չպետք է հիմք հանդիսանա պարտապան Արմեն Ավագյանի խախտված իրավունքի վերականգնումը մերժելու համար, քանի որ պարտապան Արմեն Ավագյանը կրում է օրենքով չնախատեսված և իր վարքագծով չպայմանավորված չափազանց ծանր բեռ։

Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը քննարկվող նորմը նեղ մեկնաբանելու հետևանքով անտեսել է իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ արդյունավետ արդար դատաքննության իրավունքն ու իրավական որոշակիության սկզբունքը։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է մերժեր Բանկի բողոքը և օրինական ուժի մեջ թողներ Վերաքննիչ դատարանի 25.10.2021 թվականի որոշումը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերանայելով Վերաքննիչ դատարանը դատավարական որևէ նորմի խախտում թույլ չի տվել։

 

Դատավոր

Արսեն Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան