Գլխավոր տեղեկություն
Համար
N 1283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1283-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1283-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

 

1․ Սույն ընթացակարգով կարգավորվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազային տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելիության ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:

3․ Սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին տրամադրվում է անհատույց։

4. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը՝

1) տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին առցանց հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությունը.

2) հարկային մարմնին հասանելի են դարձնում իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Սույն ենթակետում նշված տեղեկատվությունը հարկային մարմնին առցանց տրամադրվում է հարկային մարմնի հետ ՎԵԲ ծառայության (web service) միջոցով տվյալների փոխանակման արդյունքում։ Ընդ որում՝

ա․ վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի մյուս տվյալները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի մակնիշը և հաշվառման համարանիշը) ստացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության տվյալների բազայից հարկային մարմնի հետ ՎԵԲ ծառայության (web service) միջոցով,

բ․ ձևակերպված պատվերների վերաբերյալ տեղեկատվությունը (պատվերի ավարտման օրը, ամիսը, տարին, ժամը և գումարի չափը) ստացվում է հարկային մարմնի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի ՎԵԲ ծառայության (web service) միջոցով։

5. Տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի տվյալների բազայում առկա տեղեկատվությունն օգտագործում է մոնիթորինգի իրականացման արդյունքում ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման նպատակով՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները:

6․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային եղանակով ապահովում են սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տվյալների հասանելիությունը տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին։

7․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում, սույն ընթացակարգի դրույթներն ապահովում են մինչև այդ ծառայությունների փաստացի մատուցումը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան