Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2010-04.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

Սույն օրենքի նպատակը գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի և եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:

Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունն օրենքի խախտումների համար:

(1-ին հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-239-Ն)

 

Հոդված 2.

Հայտարարագրման իրավական կարգավորումը

 

1. Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Հոդված 3.

Հայտարարագրի հասկացությունը

 

1. Սույն օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) հայտարարատուի գրավոր հայտարարությունն է՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի, եկամուտների և դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների և բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու և վճարելու մասին:

2. Հայտարարագրի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

3. Հայտարարագիրը կարող է ունենալ հավելված: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան եկամուտների մասին հաշվարկը սույն օրենքով սահմանված հայտարարագրի հավելվածն է, որը «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձինք:

4. Բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքի, հայտարարագիրը ներկայացվում է հարկային տարվա համար, որն ընդգրկում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածը:

 

Հոդված 4.

Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները

 

1. Հայտարարագիրը հայտարարատու ֆիզիկական անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի կողմից լրացվում է գրիչով կամ մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:

2. Հայտարարատուն ստորագրում է հայտարարագրի բոլոր էջերը:

3. Հայտարարատուի կողմից կատարված ուղղումները հավաստվում են վերջինիս ստորագրությամբ:

4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ՝ եթե այլ բան նախատեսված չէ կառավարության կողմից:

5. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը: Ընդհանուր համատեղ սեփականատերերից յուրաքանչյուրը հայտարարագրում արտացոլում է եկամտի այն մասը, որը փաստացի ստացել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից կամ օգտագործումից (այդ թվում՝ որպես արտադրության միջոց օգտագործումից):

6. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:

7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն և իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը և եկամուտները:

8. Արտարժույթով գումարը հայտարարատուն հայտարարագրում արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:

9. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլվում է կառավարության սահմանած կարգով:

10. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեցած գույքը և (կամ) ստացած եկամուտը:

11. (11-րդ մասն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-300-Ն)

12. Սույն հոդվածի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման և պահպանման համար նախատեսված այն տարածքների, շինությունների, գույքի և այլ գույքային իրավունքների վրա, որոնք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին:

(4-րդ հոդվածը փոփ. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Հոդված 5.

Հայտարարատուն

 

1. Սույն օրենքի համաձայն հայտարարատու է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք և (կամ) եկամուտ ունենալու դեպքում:

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 18.12.07 ՀՕ-300-Ն)

2. Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, յուրաքանչյուր հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները և կենտրոնական բանկի ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները.

4) Հայաստանի Հանրապետության դատավորները, դատախազները, «Դատական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան դատական ծառայության գլխավոր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք.

5) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան դիվանագիտական ծառայության գլխավոր հյուպատոսի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող անձինք.

6) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները (նրանց տեղակալները) և անդամները.

9) քաղաքացիական, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարման, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար ծառայություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում ծառայության մեջ գտնվող անձինք: Ընդ որում, հայտարարագիր ներկայացնում են՝

ա. քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,

բ. հարկային ծառայողները,

գ. մաքսային ծառայողները,

դ. դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները,

ե. ոստիկանության ծառայության պաշտոններ զբաղեցնողներից՝ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք,

զ. ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնողներից՝ ազգային անվտանգության ծառայության բարձրագույն, գլխավոր և ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք,

է. քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող անձինք,

ը. փրկարար ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր և ավագ պաշտոններ զբաղեցնող անձինք,

թ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնողներից՝ այդ մարմնի ստորաբաժանումների ղեկավարները.

10) համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող անձինք.

11) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:

3. Հայտարարագիր են ներկայացնում նաև սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված հայտարարատուներին (այսուհետ՝ պաշտոնատար անձ) փոխկապակցված անձինք: Սույն օրենքի համաձայն՝ փոխկապակցված անձինք են՝

1) պաշտոնատար անձի ամուսինը, համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը.

2) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում՝ համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած քույրը և եղբայրը.

3) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում՝ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) չամուսնացած զավակը և համատեղ ապրող ծնողը:

4. Պաշտոնատար անձինք և նրանց փոխկապակցված անձինք հարկային տարվա համար հայտարարագիր են ներկայացնում, եթե պաշտոնատար անձը հարկային տարում գոնե մեկ օր զբաղեցրել է սույն հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոններից որևէ մեկը: Պաշտոնատար անձինք հայտարարատու են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված պաշտոնատար անձանց պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող երկու տարվա ընթացքում:

5. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ և յոթերորդ մասերում նշված դեպքերի:

6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց համար կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրի ներկայացման այլ կարգ:

7. Հարկային մարմնի սահմանած դեպքում՝ հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է վերադաս հարկային մարմին:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Հոդված 6.

Հայտարարագրման ենթակա գույքը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում նշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա են հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու (այսուհետ՝ անշարժ գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է կամ նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույքի վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքը (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած):

2. Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք և փոխկապակցված անձինք, սույն օրենքի համաձայն, ներկայացվող առաջին հայտարարագրում նշում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, շարժական գույքը, արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, փոխառությունը և դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)՝ հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում չնշված հայտարարատուների համար հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում:

4. Սույն օրենքում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից):

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբում և վերջում, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբում և վերջում, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբում և վերջում, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա հունվարի 1-ի սկզբին և դեկտեմբերի 31-ի ավարտին:

(6-րդ հոդվածը խմբ. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Հոդված 7.

Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց ստացման աղբյուրները

 

1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագրում է հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները:

Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը և (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում հայտարարատուն եկամուտները հայտարարագրում է առանց այդ գումարների: Սույնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա:

2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները՝

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը:

3. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի երկրորդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները:

4. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվի՝

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8.

Հայտարարագիր ներկայացնելու կարգը և ժամկետները

 

1. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար՝ ոչ ուշ, քան հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Մինչև հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի ստացման աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան՝ մեկնելուց մեկ ամիս առաջ:

3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ անձամբ հանձնել ըստ պատկանելության կամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձի միջոցով: Լիազորված անձի միջոցով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի անձը (ինքնությունը) հաuտատող` oրենuդրությամբ uահմանված տեսակի փաuտաթղթի պատճենը:

4. Հայաստանի Հանրապետության այլ օրենքով գույքի կամ եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում այդ հայտարարագիրը ներկայացվում է տվյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

(8-րդ հոդվածը խմբ. 27.10.09 ՀՕ-197-Ն)

 

Հոդված 9.

Հայտարարագիր չներկայացնողները

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում չնշված ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝

1) հարկային տարվա ընթացքում գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ չի իրականացրել կամ իրականացված գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գները (արժեքները) չեն գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասի 1-5-րդ կետերով սահմանված գործարքների գների (արժեքների) չափերը.

2) հայտարարագրման ենթակա դրամական (Հայաստանի Հանրապետության դրամով կամ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով) և գույքի տեսքով բնամթերային եկամուտները հարկային տարվա ընթացքում չեն գերազանցել 8 միլիոն դրամը:

(9-րդ հոդվածը խմբ. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10.

Գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը

 

1. Կառավարության սահմանած կարգով եռամսյակը մեկ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկություններ է ներկայացնում գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունը, գույքի հետ կատարվող գործարքների փաստաթղթերը վավերացնող նոտարը:

2. Կազմակերպությունը հարկային մարմնի պահանջով պարտավոր է ներկայացնել տեղեկություններ ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ՝ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

 

Հոդված 11.

Եկամուտների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելը

 

1. Կազմակերպությունները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները պարտավոր են եկամուտ ստացած ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտահարկի վերաբերյալ հարկային մարմնի սահմանած տեղեկանք՝ հարկային մարմիններին ներկայացնելու համար:

3. Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12.

Տեղեկությունների ճշտումը

 

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ճշտված տեղեկություն, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ հարկային մարմնի կողմից կազմակերպություններում իրականացվում են օրենքով սահմանված ստուգումներ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 13.

Հայտարարատուի իրավունքները

 

1. Հայտարարատուն իրավունք ունի՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացնելու ճշտված հայտարարագիր` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում.

2) լրացուցիչ գրավոր բացատրություններ ներկայացնելու հայտարարագրի կամ դրան կցված փաստաթղթերի վերաբերյալ.

3) չկատարելու հարկային ծառայողի` օրենքից չբխող պահանջները կամ ցուցումները:

2. Հայտարարատուն ունի իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 14.

Հայտարարատուի պարտականությունները

 

Հայտարարատուն պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.

2) հարկային մարմնի կողմից հսկողություն իրականացնելիս նրա պահանջով, կառավարության սահմանած կարգով, հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը և չափը.

3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 15.

Հարկային մարմինը

 

Հարկային մարմինը`

1) ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտեր.

2) վարում է հայտարարատուների հաշվառումը.

3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը և պահպանումը.

4) կիրառում է սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 16.

Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը և գաղտնիությունը

 

1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաև հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, հարկային օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ հայտարարատուի պարտավորությունների հաշվարկման (վերահաշվարկման) համար:

2. Պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Հարկային մարմինն ապահովում է սույն հոդվածի երկրորդ մասում չնշված տվյալների գաղտնիությունը: Այդ տվյալները հարկային մարմնի կողմից այլ անձանց են տրամադրվում հայտարարատուի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:

4. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալները, կառավարության սահմանած կարգով, տրամադրվում են մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա Հայաստանի Հանրապետությունում թողարկվող և տարածվող զանգվածային լրատվության միջոցներին, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ երեք հազարից:

(16-րդ հոդվածը խմբ. 18.12.07 ՀՕ-300-Ն)

 

Հոդված 17.

Օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը

 

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային մարմինը` օրենքով սահմանված կարգով:

2. Հայտարարատուների ներկայացրած հայտարարագրերի տվյալների արժանահավատությունը ճշտելու նպատակով հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով կարող է գործարքի մյուս կողմի մոտ կատարել ուսումնասիրություն:

 

Հոդված 18.

Հայտարարատուների անձնական գործերը

 

1. Յուրաքանչյուր հայտարարատուի վերաբերյալ հարկային մարմինը վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկությունները, տեղեկանքները, բացատրությունները կամ դրանց պատճենները և այլ փաստաթղթերը:

2. Հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանում է կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19.

Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 20.

Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը

(Վերնագիրը խմբ 18.03.09 ՀՕ-58-Ն)

 

Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:

(20-րդ հոդվածը խմբ. 18.03.09 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 21.

Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը

(Վերնագիրը խմբ 18.03.09 ՀՕ-58-Ն)

 

1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:

2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոսի չափով:

(21-րդ հոդվածը խմբ. 18.03.09 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 22.

Կազմակերպությունների կողմից տեղեկություններ չներկայացնելը

 

Սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5 000 դրամի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 23.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից, ընդ որում`

1) հայտարարատուները սույն oրենքով սահմանված կարգով առաջին հայտարարագրերը ներկայացնում են 2008 թվականի համար` 2009 թվականի ապրիլի 15-ից ոչ ուշ.

2) սույն oրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից.

3) կազմակերպությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար.

4) սույն oրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից.

5) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները 2007 թվականի հայտարարագրերը ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀO-212 oրենքով սահմանված կարգով:

2. 2009 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀO-212 oրենքը:

3. Սույն օրենքում նշված պաշտոնատար անձ չհամարվող, փոխկապակցված անձ չհամարվող և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված տուգանքները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:

(23-րդ հոդվածը խմբ. 18.12.07 ՀՕ-300-Ն, լրաց. 18.03.09 ՀՕ-58-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 29
Երևան
ՀՕ-164-Ն