Գլխավոր տեղեկություն
Համար
N 2674-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2674-Ա

«15» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վարդան Վարդանյանի 2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 3-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Վարդան Վարդանյանը, իսկ 2024 թվականի հուլիսի 10-ին հրավիրված լսումներին Վարդան Վարդանյանը չի մասնակցել՝ չնայած պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին:

Ուսումնասիրելով 2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի հուլիսի 3-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Վարդան Վարդանյանը խնդրել է փոխհատուցել 2024 թվականի մայիսի 16-ին, Գայի պողոտայի թիվ 1/1 հասցեում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «BMW» մակնիշի «10 AY 101» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 240,000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YG453589 վկայագրի համաձայն՝ «BMW» մակնիշի «10 AY 101» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Վարդան Վարդանյանի սեփականությունը:

2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումով վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է դիմումում նկարագրված փաստերի հիման վրա և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում 2024 թվականի մայիսի 16-ին ստացված ահազանգով կազմված զեկուցագրի և արձանագրության հիմքով, սակայն պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել «BMW» մակնիշի «10 AY 101» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական գնահատման, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ:

Թիվ Դ-77113-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 1/1 հասցեում 2024 թվականի մայիսի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներն արձանագրել են, որ գազատար խողովակի վրա կոտրվել և ընկել է կենսունակ բարդու կենսունակ ճյուղ, որը մասնատվել և դուրս է բերվել տարածքից։ Նշվել է նաև, որ բարդու կոտրված ճյուղի մասնատման և տեղափոխման ժամանակ «BMW» մակնիշի «10 AY 101» հաշվառման համարանիշի ավտոմեքենա աշխատակիցների կողմից չի նկատվել։

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ 2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումին կից, ինչպես նաև 2024 թվականի հուլիսի 3-ին կայացած լսումների ժամանակ չեն ներկայացվել «BMW» մակնիշի «10 AY 101» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, իսկ միջնորդության բավարարման արդյունքում լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու նպատակով 2024 թվականի հուլիսի 10-ին հետաձգված լսումներին Վարդան Վարդանյանը չի ներկայացել և Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել համապատասխան ապացույցներ տրամադրելու մասին դիմում, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 240,000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով վնասը Վարդան Վարդանյանին փոխհատուցելու մասին պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վարդան Վարդանյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77113-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան