ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 17-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.
«Հոդված 17.1. | Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները |
1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ:
2. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման 99 տոկոսի չվճարման դեպքում Կարգավորողն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին իր որոշումը:
4. Դիմող անձի կողմից հայցվող և Կարգավորողի ընդունած որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) միջև տարբերության դեպքում կատարվում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի վերահաշվարկ:
5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման համար սահմանված պարտադիր վճարը վճարվում է նախքան Կարգավորողի կողմից համապատասխան որոշում ընդունվելը:
6. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
7. Կարգավորողը իր սահմանած ձևով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին:
8. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով:
9. Սահմանված չափից ավելի վճարված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը ենթակա է վերադարձման Կարգավորողին դիմում ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:
10. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
11. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կարգավորողը, իսկ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկային մարմինը:»:
Հոդված 2. Հաջորդ բյուջետային տարվա համար ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի փոփոխությունը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ենթակա է կիրառման այդ բյուջետային տարվա հունվարի 1-ից: Այդ դեպքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները ենթակա չեն կիրառման:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|