Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 ԵԴ/0781/01/18

Նախագահող դատավոր՝

 Ն. Հովակիմյան

դատավորներ՝

 Ա. Նիկողոսյան

 Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

28 հունիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ատոմ Լևոնի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10105818 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 9-ի որոշումներով Ատոմ Լևոնի Կարապետյանը և Վարուժան Ռոբերտի Հարությունյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումներով Ա.Կարապետյանին և Վ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և վերջիններիս դարձյալ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2018 թվականի հոկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Ա.Մկրտչյանի միջնորդությունը բավարարվել է. Վ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցվել է, և վերջինիս մասով թիվ ԵԴ/0781/01/18 քրեական գործի վարույթը կարճվել է:

2.1. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Կարապետյանն ազատվել է 4 (չորս) տարի ժամկետով՝ ազատազրկման ձևով պատժից:

3. Վերոնշյալ որոշման և դատավճռի դեմ դատախազի վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշմամբ մերժվել են, իսկ բողոքարկված դատական ակտերը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք:

4.1. Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Ա.Կարապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ1 ընդունելու մասին:

4.2. Վճռաբեկ դատարանի նույն որոշմամբ ամբաստանյալ Վ.Հարությունյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

4.3. Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերի պնդմամբ՝ խախտվել են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի և օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչման վերաբերյալ քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, չեն պահպանվել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված դիրքորոշումները, ինչի արդյունքում համաներման մասին օրենքի անհիմն կիրառմամբ Ատոմ Կարապետյանն ազատվել է նշանակված պատժից:

Բողոքի հեղինակը մասնավորապես նշել է, որ Ատոմ Կարապետյանի կողմից Ռուսաստանի Դաշնությունում նախկինում երկու անգամ ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված լինելու հանգամանքն օրենքով սահմանված կարգով ստուգվել և այդ կապակցությամբ համապատասխան տեղեկանք է տրվել, որը կցվել է քրեական գործին և հետազոտվել դատարանում, իսկ դրա իսկությունը և ընդգրկվող տեղեկատվությունը որևէ կասկած չի հարուցել և բավարար է եղել անձի կողմից որոշակի արարքի համար դատապարտված լինելու վերաբերյալ հստակ եզրահանգում կատարելու համար, քանի որ իր բովանդակության մեջ պարունակել է կոնկրետ տեղեկություններ, թե որտեղ, երբ, որ մարմնի կողմից, ինչ արարքի համար և ինչպիսի պատիժ է նշանակվել:

Բողոքաբերն ընդգծել է, որ անգամ եթե նշված տեղեկանքն ու դրանում պարունակվող տեղեկատվությունը բավարար չի եղել ստորադաս դատարանի համար համապատասխան եզրահանգման գալու համար, ապա նա որևէ կերպ կաշկանդված չի եղել ՌԴ համապատասխան մարմնից Ատոմ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռները ստանալու և դրանք ճանաչելու հարցում՝ առավել ևս, որ Մինսկի կոնվենցիան նման իրավասությամբ օժտել է պետության արդարադատության մարմիններին։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և գործը վերադարձնել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) [Խ]մբի կազմում բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով Վարուժան Ռոբերտի Հարությունյանի հետ՝ 2018 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:15-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են Սերգեյ Գենադիի Առաքելովին պատկանող՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 38-րդ բնակարանի հյուրասենյակի եվրոպատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանի հյուրասենյակից և խոհանոցից գաղտնի հափշտակել զգալի չափի՝ ընդհանուր շուրջ 33.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի իրեր, մասնավորապես, սև գույնի «TV STAR» գրառումով ալեհավաք սարք՝ իր մալուխներով, սև գույնի, կտորե նոթբուք համակարգչի պայուսակ, թվով 6 հատ արտաքինից սև, «CAPPUCCINO» գրառմամբ բաժակներ՝ թվով 6 սև գույնի տակդիր-ափսեներով, մեկ զույգ դեղին գույնի զապինկաներ (ճարմանդ)՝ մուգ կարմիր գույնի տուփի մեջ դրված, «RAKETA» գրառմամբ, դեղնավուն գույնի գրպանի ժամացույց, տարբեր տեսակի բիժուտերիա և Վարուժան Ռոբերտի Հարությունյանի կողմից վարվող «Օպել» մակնիշի 35 GT 800 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 23:05-ին, Երևան քաղաքի Արցախի փողոց 22-րդ շենքի մոտից նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նույն օրը Վ.Հարությունյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ զույգ դեղին գույնի զապինկաներ՝ մուգ կարմիր գույնի տուփի մեջ դրված, իսկ 09.06.2018 թվականին՝ «Օպել» մակնիշի 35 GT 800 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են հափշտակված վերը նշված մյուս իրերը»2:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է. «(...) Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ (...) Ատոմ Լևոնի Կարապետյանը (...) կատարել [է] ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք:

(...)

Դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալ Ատոմ Լևոնի Կարապետյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես`

(...)

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված դատվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկանքը, համաձայն որի.

1. Էրեբունի և Նուբարաշենի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճռով՝ Ա.Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ:

2. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի դատավճռով Ատոմ Լևոնի Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով ազատազրկման` 4 /չորս/ տարի ժամկետով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով` ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կարգով` պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ Ատոմ Լևոնի Կարապետյանի կատարած հանցանքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին (...):

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Ատոմ Լևոնի Կարապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 4 /չորս/ տարի 4 /չորս/ ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 10.10.2008թ.-ից, ազատվել է ժամկետին 08.02.2013թ.-ին:

3. Սերգիևո-Պոսադսկի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով:

Պատժի կրումից ազատվել է ժամկետին՝ 2015 թվականի փետրվարի 10-ին:

4. Սոլնեչնոգորսկու քաղ. դատարանի 2016 թվականի ապրիլի 18 դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով դատապարտվել է ազատազրկման 2 տարի 3 ամիս ժամկետով: (Նշվածը ՀՀ Վճռաբեկ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի Վահրամ Հակոբի Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0161/01/13 քրեական գործով արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո և գործող իրավակարգավորումների պայմաններում Դատարանը հաշվի չի առնում. իրավասու չէ ճանաչել Ատոմ Լևոնի Կարապետյանի վերաբերյալ ՌԴ Սերգիևո-Պոսադսկի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի և Սոլնեչնոգորսկու քաղ. դատարանի 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճիռները) արձանագրում է, որ գործում ամբաստանյալ Ա.Կարապետյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք առկա չէ. նախկինում դատված լինելը դիտարկվում է ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք, իսկ անձը դրականորեն բնութագրող հանգամանքներ է դիտում մասնավորապես` առաջադրված մեղադրանքն ընդունելը, կատարածի համար զղջալը, հաշվի է առնում նաև առողջական խնդիրների առկայությունը:

Բացի այդ, Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա.Կարապետյանը Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, որը Ատոմ Կարապետյանը ամբողջությամբ կրել և ազատվել է ժամկետին՝ 2013 թվականի փետրվարի 8-ին, այսինքն դատվածությունը մարված է, ուստի Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ չի կարող պատիժ նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի՝ ռեցիդիվի կանոններով:

(...)

Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Ատոմ Կարապետյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող հանգամանքները, առաջադրված մեղադրանքն ընդունելը, կատարվածի համար զղջալը, առողջական վիճակը, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կատարած հանցանքի համար պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: (…)»3:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով Դատարանի 10.10.2019թ. թիվ ԵԴ/0781/01/18 դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

Մեղադրողը վիճարկում է այն հանգամանքը, որ Դատարանը արագացված դատական քննության կարգով ամբաստանյալ Ատոմ Կարապետյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս, անտեսել է ՌԴ իրավասու դատարանների կողմից Ատոմ Կարապետյանի նախկինում 2 անգամ ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտվելուց հետո դատվածությունները մարված չլինելու պայմաններում կրկին ՀՀ տարածքում ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը (…): Այսինքն՝ ըստ մեղադրողի Դատարանը Ատոմ Կարապետյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս ՀՀ քրեական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք պետք է արձանագրեր հանցանքը կատարելու ռեցիդիվը, սակայն անտեսելով հիշյալ հանգամանքը, ամբաստանյալ Ատոմ Կարապետյանի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի վերոգրյալ փաստարկները անհիմն են և չեն բխում գործում առկա փաստական հանգամանքներից և Վճռաբեկ դատարանի 16.12.2014թ. թիվ ԵԱՔԴ/0161/01/13 նախադեպային որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումից.

«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.8 հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։

(…)

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրով չի նախատեսվում հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու նպատակով միմյանց դատավճիռները ճանաչելու իրավական հնարավորություն։ Իր հերթին ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է, որ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը սահմանվում են տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո քրեական պատասխանատվության կանչվող անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասում ամրագրված կանոնների գործադրմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս Ռուսաստանի Դաշնության համապատասխան դատավճիռը ճանաչելու իրավական հիմքը բացակայում է»։

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնությունում վերջինիս դատվածությունները և իրավասու չէ ճանաչել Ա.Կարապետյանի վերաբերյալ ՌԴ Սերգիևո-Պոսադսկի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի և Սոլնեչնոգորսկու քաղ. դատարանի 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճիռները:

Այսինքն՝ Դատարանը գործը քննելիս և ապա Համաներման մասին օրենքը կիրառելիս դատական սխալ, նյութական կամ դատավարական որևէ նորմի խախտում թույլ չի տվել, ինչը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի համաձայն՝ հիմք կարող էր հանդիսանալ վիճարկվող Դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու համար: Վիճարկվող դատական ակտը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, հետևաբար մեղադրողի պահանջը` Դատավճիռը բեկանելու և Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու մասին, ենթակա է մերժման: (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նրա վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում կայացված դատավճիռները ճանաչելու իրավասություն չունենալու և ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված լինելու հանգամանքը հաշվի չառնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիայի (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «Պայմանավորվող Կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք նախատեսված են հարցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ, այդ թվում՝ փաստաթղթերի կազմման և փոխանցման, զննման, խուզարկության, առգրավման, իրեղեն ապացույցների փոխանցման, փորձաքննության անցկացման, Կողմերի, երրորդ անձանց, կասկածյալների, մեղադրյալների, տուժողների, վկաների, փորձագետների հարցաքննության, անձանց հետախուզման, քրեական հետապնդում իրականացնելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար անձանց հանձնման, քաղաքացիական գործերով դատական որոշումների և քաղաքացիական հայցի մասով դատական որոշումների, կատարողական մակագրությունների ճանաչման և կատարման, ինչպես նաև փաստաթղթերի հանձնման միջոցով»:

Մինսկի կոնվենցիայի 76.1-րդ հոդվածի համաձայն` «Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու, հանցագործությունը կրկին անգամ կատարելու և պայմանական դատապարտման, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված պարտականությունների խախտման փաստերը պարզելու մասին հարցերը լուծելիս, Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են ճանաչել և հաշվի առնել այն դատավճիռները, որոնք արձակվել են նախկին ԽՍՀ Միության և նրա կազմի մեջ մտած Միութենական Հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև Պայմանավորվող կողմերի դատարանների կողմից»:

2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում կնքված և 2005 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2023 թվականի հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտած «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Քիշնևի կոնվենցիա) 99-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու կամ նրա գործողություններում տարբեր տեսակների ռեցիդիվի առկայության վերաբերյալ, կրկնակի հանցագործություն կատարելու փաստերը պարզելու և պայմանական դատապարտման հետ կապված պարտականությունները խախտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը լուծելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներ կարող են ճանաչել և հաշվի առնել նախկին ԽՍՀՄ և նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռները»:

11.1. Վճռաբեկ դատարանը Վահրամ Ավետիսյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, ի թիվս այլնի, դատական ակտերի ճանաչման և կատարման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով (...):

(...) Մինսկի կոնվենցիան նախատեսում է բացառապես դատական ակտերի քաղաքացիական հայցի մասը ճանաչելու և կատարելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի, հանցագործության կրկնակի կատարման և պայմանական դատապարտման, դատավճռի կատարման հետաձգման կամ պայմանական վաղակետ ազատման հետ կապված պարտականությունների խախտման փաստերը պարզելու մասին հարցերը լուծելու նպատակով դատավճիռների ճանաչման հնարավորություն:

(...) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրով չի նախատեսվում հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու նպատակով միմյանց դատավճիռները ճանաչելու իրավական հնարավորություն: Իր հերթին ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է, որ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների` Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը սահմանվում են տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո քրեական պատասխանատվության կանչվող անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված կանոնների գործադրմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս Ռուսաստանի Դաշնության համապատասխան դատավճիռը ճանաչելու իրավական հիմքը բացակայում է: (...)»5:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս»:

12.1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 499.8-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում։ (...)»:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճռով արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Ավետիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո և գործող իրավակարգավորումների պայմաններում հաշվի չի առնում և իրավասու չէ ճանաչել Ա.Կարապետյանի վերաբերյալ ՌԴ Սերգիևո-Պոսադսկի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 3-ի և Սոլնեչնոգորսկու քաղաքային դատարանի` 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճիռները: Արդյունքում Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Համաներման մասին օրենքի կիրառմամբ՝ Ա.Կարապետյանն ազատվել է 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից6,

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է, որ մեղադրողի փաստարկներն անհիմն են ու չեն բխում գործում առկա փաստական հանգամանքներից և Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Ավետիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնությունում վերջինիս դատվածությունները և իրավասու չէ ճանաչել Ա.Կարապետյանի վերաբերյալ ՌԴ Սերգիևո-Պոսադսկի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 3-ի և Սոլնեչնոգորսկու քաղաքային դատարանի` 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճիռները7:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանի վերաբերյալ վերը նշված գործով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Մինսկի կոնվենցիան չի նախատեսում հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու նպատակով միմյանց դատավճիռները ճանաչելու իրավական հնարավորություն: Սակայն նույն որոշմամբ փաստվել է, որ նշված կոնվենցիան նախատեսում է, ի թիվս այլնի, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի հետ կապված՝ դատավճիռների ճանաչման հնարավորություն: Մինչդեռ, ստորադաս դատարաններն անտեսել են իրենց իսկ կողմից վկայակոչված՝ Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, և հիմնվելով նույն որոշմամբ՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու վերաբերյալ արտահայտված դիրքորոշման վրա, ոչ իրավաչափ եզրահանգման են եկել, որ Ա.Կարապետյանի նկատմամբ ռեցիդիվի կանոններով պատիժ նշանակելիս ևս Ռուսաստանի Դաշնության դատարանների կողմից կայացված վերոնշյալ դատավճիռները հաշվի չեն առնում և իրավասու չեն ճանաչել: Մինչդեռ, առանձնապես վտանգավոր ռեցիդիվը հաշվի առնելու առումով օտարերկրյա պետությունների դատավճիռները ճանաչելու իրավական հնարավորություն Մինսկի կոնվենցիան նախատեսել է: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ կարգավորումների ուժով միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։

14.1. Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածը, որի համաձայն՝ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընդ որում` նույն կանոնը հստակ սահմանում է, որ հանցագործությունների ռեցիդիվը, ի թիվս օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքների, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

15. Քրեական գործում առկա` դատվածության մասին տեղեկանքի համաձայն` Ա.Կարապետյանը՝

ա) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի մայիսի 17-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ) դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, և տուգանքի՝ 50.000 ՀՀ դրամ գումարի չափով,

բ) Երևանի քրեական դատարանի` 2009 թվականի փետրվարի 19-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, իսկ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով` ազատազրկման` 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Կարապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով,

գ) Ռուսաստանի Դաշնության Սերգիևո-Պոսադսկի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով (ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ) դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով,

դ) Ռուսաստանի Դաշնության Սոլնեչնոգորսկու քաղաքային դատարանի` 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի 3 ամիս ժամկետով8:

16. Այսպիսով, գործում առկա դատվածության վերաբերյալ տեղեկանքից բխում է, որ Ա.Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում երկու անգամ միջին ծանրության հանցագործություններ կատարելուց, դրանց համար դատապարտվելուց և պատժի կրումից ազատվելուց հետո, դատվածությունը մարված չլինելու պայմաններում, Ռուսաստանի Դաշնությունում, 2014 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով, երկու դրվագ բնակարանային գողության փորձ կատարելու համար, ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով, 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով, 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով և 2015 թվականի փետրվարի 10-ին, ազատվելով պատժի կրումից, դատվածությունը մարված չլինելու պայմաններում, Ռուսաստանի Դաշնությունում կրկին բնակարանային գողություն կատարելու համար, 2016 թվականի ապրիլի 18-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի Ա կետով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի 3 ամիս ժամկետով, որից հետո ՀՀ տարածքում խմբի կազմում կրկին կատարել է բնակարանային գողություն՝ ծանր հանցագործություն: Այսպիսով, Ա.Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում երկու անգամ ծանր հանցագործություններ կատարելուց և դատապարտվելուց հետո, կրկին ծանր հանցագործություն է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում։

17. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ռուսաստանի Դաշնության համապատասխան դատավճիռները ճանաչված չլինելու պայմաններում ՌԴ տարածքում կատարված ծանր հանցագործությունների համար դատվածությունները հաշվի առնվել չէին կարող, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները զրկված չէին այդ դատավճիռները ճանաչելու հարցը քննարկելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում անձի դատվածությունները հաշվի առնելու իրավական հնարավորությունից:

18. Հետևաբար, Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նրա վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում կայացված դատավճիռները ճանաչելու իրավասություն չունենալու և ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված լինելու հանգամանքը հաշվի չառնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

19. Այսպիսով, սույն որոշմամբ կատարված վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել նյութական օրենքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի և քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.8-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասով նաև Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ռուսաստանի Դաշնությունում կայացված դատավճիռները ճանաչելու և Ա.Կարապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դրանք հաշվի առնելու հարցը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ատոմ Լևոնի Կարապետյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասով նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 287:

3 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 56-60:

4 Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթեր 72-92:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Ավետիսյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0161/01/13 որոշման 16-17-րդ կետերը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

8 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 5-6:

 

Նախագահող`

Դատավորներ`

Լ. Թադևոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: