Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Դ․ Բալայան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ1/0125/06/23

նախագահող դատավոր՝

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Դ. Խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

31 մայիսի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Զավեն Ռուբենի Իսաբեկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2023 թվականի ապրիլի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 30-159-րդ հոդվածի 4-րդ մասի (խարդախության փորձ, այն է՝ առանձնապես խոշոր չափերով օտարի գույքի հափշտակություն խաբեության եղանակով, անձանց խմբի կողմից նախնական համաձայնությամբ,) և 186-րդ հոդվածի 2-րդ մասի (վաճառքի նպատակով խոշոր չափերով ՌԴ տարադրամով և արտասահմանյան տարադրամով կեղծ արժեթղթերի պատրաստում և վաճառք,) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Զավեն Ռուբենի Իսաբեկյանին։

11 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ բավարարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա.Կոստանդյանի միջնորդությունը՝ Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով 40 օր ժամկետով ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին։

1.2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամկետով։

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի և սեպտեմբերի 22-ի որոշումներով Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով կիրառված կալանավորման ժամկետը երկու ամսով երկարաձգվել է։

2․ Զ.Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը երկարաձգելու վերաբերյալ դատախազի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է։

3․ Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական օրենքների այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ առկա են հանձնումը բացառող հանգամանքներ, չի մատնանշել, թե կոնկրետ որոնք են դրանք և ինչպես են բացառում անձի հանձնումը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշմամբ անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի դեռևս 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ԶԻսաբեկյանի հանձնումը ՌԴ իրավասու մարմիններին թույլատրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ԶԻսաբեկյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածով սահմանված՝ հանձնելու համար կիրառված կալանավորման առավելագույն ութամսյա ժամկետից 7 ամիս 10 օրը Զավեն Իսաբեկյանն արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, իսկ կալանավորման վերոնշյալ ժամկետը լրանալու պատճառով 2023 թվականի նոյեմբերի 25-ին նա կալանքից ազատվել է, չի հիմնավորել, թե ինչու է հիշյալ հանգամանքն ինքնին հիմք հանդիսացել ժամկետի երկարաձգման միջնորդությունը մերժելու համար, այն պայմաններում, երբ անհրաժեշտ էր ապահովել անձի կալանավորումը՝ վերջինիս հանձնումն իրականացնելու և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար:

5.1 Բողոքաբերը նշել է նաև, որ, եթե անգամ Վերաքննիչ դատարանը որպես անձի հանձնումը բացառող հանգամանք նկատի է ունեցել Զ.Իսաբեկյանի՝ փախստականի կարգավիճակ ստանալու և ապաստան տրամադրելու վերաբերյալ դատական գործընթացը, տվյալ ենթադրության տեսանկյունից ևս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի կայացման ժամանակ առկա չի եղել Զ.Իսաբեկյանի հանձնումը բացառող որևէ հանգամանք, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Զ.Իսաբեկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնելու համար կալանավորման ժամկետը մինչև հանձնման համար կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.

7 Զավեն Իսաբեկյանի պաշտպաններ Վ.Բադալյանը և Է.Բեգլարյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում հայտնել են իրենց անհամաձայնությունը բողոքաբերի այն պնդմանը, համաձայն որի՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի կայացման ժամանակ առկա չի եղել Զ.Իսաբեկյանի հանձնումը բացառող որևէ հանգամանք, քանի որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումն արդեն իսկ ենթակա չի եղել բողոքարկման և ուներ օրինական ուժ:

71 Բողոքի պատասխան ներկայացրած անձինք գտել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը կայացնելու օրվա դրությամբ դեռևս առկա է եղել Զ.Իսաբեկյանի հանձնումը բացառող հանգամանք` հաշվի առնելով թիվ ՎԴ/6375/05/23 վարչական գործով վերջնական դատական ակտ առկա չլինելու հանգամանքը, քանի որ վերջինիս ՀՀ-ում փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի որոշումն անվավեր ճանաչելու մասին վիճարկման հայցադիմումի ընդունումը վարչական դատարանի որոշմամբ մերժվել է և գտնվում է բողոքարկման փուլում։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8 Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ««(...) Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով կալանավորումը ընտրելու և այն հետագայում երկուական ամսով երկարացնելու որոշումներով որպես իրավական հիմք ընդունվել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիան, ինչը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից Զ.Իսաբեկյանին կալանավորելու և հանձնելու վերաբերյալ հարցումը կազմվել և ներկայացվել է բացառապես «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի 56-րդ, 58-րդ, 60-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա: Նշվածը բխում է հանձնման գործընթացը կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված իրավակարգավորումից, որի բովանդակությունից ակնհայտ է, որ հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը չէր կարող այլ միջազգային պայմանագիր հիմք ընդուներ, քան Մինսկի կոնվենցիան, բացառությամբ եթե առկա է Հայաստանի Հանրապետության և հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս կողմերի միջև գործող և հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ:

Այս համատեքստում, դատարանը նախ հարկ է համարում փաստել, որ դատախազը միջնորդությունը ներկայացնելիս պարտավոր էր հիմնվել միայն Մինսկի կոնվենցիայի դրույթների վրա ու չէր կարող վկայակոչել կամ ղեկավարվել «Հանձնման մասին» 1957 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթներով: Ընդ որում, դատախազը չի հիմնավորել այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան այլ միջազգային պայմանագրի՝ Մինսկի կոնվենցիայի նկատմամբ ունի գերակայություն, ուստի սույն վարույթի նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի դրույթները չեն կարող կիրառվել:

Անդրադառնալով սույն վարույթի նկատմամբ Մինսկի կոնվենցիայի կիրառելիության հարցին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիան Ռուսաստանի Դաշնության համար դադարել է գործել, իսկ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից ներկայացված հարցման հիմքում ընկած է եղել բացառապես այդ միջազգային պայմանագիրը, հիմք ընդունելով այն, որ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի կողմից Զ.Իսաբեկյանի պաշտպաններին հասցեագրված պաշտոնական գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ հենց ՀՀ գլխավոր դատախազությունն է ընդունում այն հանգամանքը, որ Մինսկի կոնվենցիան դադարել է գործել ՌԴ և ՀՀ միջև, դատարանը գտնում է, որ Զ.Իսաբեկյանին հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարացնելու իրավական հիմքը բացակայում է, հետևաբար դատախազի միջնորդությունը ենթակա է մերժման: Ընդ որում, դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը դատարան ներկայացրած դատախազի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի դիրքորոշումները խնդրո առարկա Մինսկի կոնվենցիայի կիրառելիության հարցի վերաբերյալ հակասում են միմյանց, քանի որ միջնորդություն ներկայացրած դատախազը պնդում է, որ տվյալ դեպքում կիրառելի է այդ Կոնվենցիան, իսկ վերադաս դատախազը, պատասխանելով պաշտպանների կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին, նշել է, որ ՌԴ-ի կողմից միջնորդությունը ներկայացնելուց հետո այդ Կոնվենցիան ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դադարել է գործել:

Ինչ վերաբերում է դատական նիստի ժամանակ պաշտպանի կողմից բարձրացրած մյուս հարցերին, ապա դրանց գերակշիռ մասին դատարանն անդրադարձել է Զ.Իսաբեկյանին ժամանակավոր կալանավորելու, նրան հանձնման նպատակով կալանավորելու և դրա ժամկետը երկարացնելու մասին որոշումներում, որոնց հիմնավորվածությունն ու օրինականությունը ստուգվել է վերադաս ատյանի կողմից և դրանք չեն փոփոխվել, հետևաբար դրանց վերաբերյալ կրկին դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունը բացակայում է»1։

9 Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Զ.Իսաբեկյանին կալանավորելու և հանձնելու վերաբերյալ հարցումը կազմելիս և ներկայացնելիս իրավասու մարմինը չէր կարող հիմք ընդունել ոչ Մինսկի, ոչ էլ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի դրույթները, գտել է, որ «[Դ]ատարանի նման վերլուծությունն ու եզրահանգումը հիմնավորված չէ և չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսդրության ու «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի իրավակարգավորումներից, հետևյալ պատճառաբանությամբ

(․․․) Վերոնշյալ իրավադրույթների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ 1957թ.-ի «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիան որոշակիորեն գերակայություն ունի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի Մինսկի կոնվենցիայի նկատմամբ, ինչի մասին մասնավորապես վկայում են «Հանձնման մասին» կոնվենցիայի 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի իրավակարգավորումներն առ այն, որ պայմանավորվող կողմերը կարող են միմյանց միջև կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր միայն ի լրումն սույն Կոնվենցիայի դրույթների կամ հեշտացնելու համար դրանում պարունակվող սկզբունքների կիրառումը և որ դրանք չպետք է հակասեն «սույն Կոնվենցիայի դրույթներին», որի պարագայում դատախազի կողմից այդ կոնվենցիան այլ միջազգային պայմանագրի՝ Մինսկի կոնվենցիայի նկատմամբ գերակայություն ունենալու հանգամանքը չհիմնավորելը, ինքնին հիմք չէր կարող հանդիսանալ միջնորդությունը մերժելու համար:

Այս առումով վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարում նաև պաշտպանության կողմի դիրքորոշումն առ այն, որ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիան չի փոխարինում կամ դրան գերակայություն տրված չէ Մինսկի կոնվենցիայի նկատմամբ, նկատի ունենալով, որ Մինսկի կոնվենցիան բազմակողմ միջազգային պայմանագիր (կոնվենցիա) է, իսկ «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի Եվրոպական կոնվենցիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Փարիզի կոնվենցիան կարող է փոխարինել միայն երկկողմ միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների կամ համաձայնագրերի, քանի որ կոնվենցիան առաջին հերթին բազմակողմ միջազգային պայմանագիր է, բացի այդ վերոնշյալ իրավադրույթում խոսվում է ցանկացած միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների կամ համաձայնագրերի փոխարինման հնարավորության մասին:

Վերոգրյալով հանդերձ, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Զավեն Իսաբեկյանի նկատմամբ հանձնման նպատակով կիրառված կալանավորման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ, հետևյալ պատճառաբանությամբ:

(․․․) Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածով սահմանված հանձնելու համար կիրառված կալանավորման առավելագույն 8-ամսյա ժամկետից 7 ամիս 10 օրը Զավեն Իսաբեկյանն արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, իսկ կալանավորման վերոնշյալ ժամկետը լրանալու պատճառով 2023թ.-ի նոյեմբերի 25-ին նա կալանքից ազատվել է: Ինչ վերաբերում է կալանավորման ժամկետը մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 15-ը երկարաձգելու մասին դատախազի հատուկ վերանայման բողոքի պահանջին, արձանագրելով հանդերձ, որ վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացման օրվա դրությամբ նշված ժամկետն արդեն իսկ անցած է եղել և հաշվի առնելով, որ բողոքի քննության պահի դրությամբ առկա են նաև Զավեն Իսաբեկյանի հանձնումը բացառող հանգամանքներ, վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պայմաններում Երևանի քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը վերոնշյալ պատճառաբանություններով պետք է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված բողոքը՝ մերժել»2:

 

 Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք բողոքի քննության պահի դրությամբ Զավեն Իսաբեկյանի հանձնումը բացառող հանգամանքների առկայության և որոշման կայացման օրվա դրությամբ վերջինիս կալանավորման երկարաձգման ժամկետն անցած լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

11 «Հանձնման մասին» 1957 թվականի Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել սույն Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից՝ դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով» (…)»:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 26-րդ մասի համաձայն՝ «1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-րդ, 54.2-րդ, 54.3-րդ և 54.4-րդ գլուխների դրույթները ուժը կորցրած չեն ճանաչվում»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 478.2-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը: (…)»:

Նույն օրենսգրքի 478.3-րդ հոդվածի համաձայն` «1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի ի կատար ածելու գործերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությանը կցվում են՝ անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը և անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին և նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը և ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը իրավասու չէ հետազոտելու անձի մեղավորության հարցերը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած դատավարական փաստաթղթերի օրինականությունը:

5. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով: Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացնում անձի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդություն: Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը:

6. Հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան փաստացի չհանձնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատման: Սույն հիմքով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելուն։

7. Անձին կալանավորումից ազատելու դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 144–148 հոդվածներով նախատեսված խափանման այլ միջոցներ՝ մինչև 8 ամիս ժամկետով: (…)»:

12. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է3:

13 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սույն վարույթի նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի դրույթները չեն կարող կիրառվել այն պատճառաբանությամբ, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնի կողմից Զ.Իսաբեկյանին կալանավորելու և հանձնելու վերաբերյալ հարցումը կազմվել և ներկայացվել է բացառապես Մինսկի կոնվենցիայի 56-րդ, 58-րդ, 60-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա, սակայն, մինչև միջնորդության քննարկումը, Ռուսաստանի Դաշնությունն այդ Կոնվենցիայից դուրս է եկել և Ռուսաստանի ու Հայաստանի միջև այն դադարել է գործելուց։ Հանձնման գործընթացը կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված իրավակարգավորման բովանդակությունից ակնհայտ է, որ հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը չէր կարող այլ միջազգային պայմանագիր հիմք ընդունել, բացառությամբ եթե առկա է Հայաստանի Հանրապետության և հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս՝ կողմերի միջև գործող և հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Մինչդեռ, դատախազը չի հիմնավորել, որ Եվրոպական կոնվենցիան այլ միջազգային պայմանագրի՝ Մինսկի կոնվենցիայի նկատմամբ, ունի գերակայություն, հետևաբար, դատախազը, միջնորդություն ներկայացնելիս, պարտավոր էր հիմնվել միայն Մինսկի կոնվենցիայի դրույթների վրա ու չէր կարող վկայակոչել կամ ղեկավարվել Եվրոպական կոնվենցիայի դրույթներով4,

- Վերաքննիչ դատարանը, չհամաձայնվելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանության հետ, արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիան որոշակիորեն գերակայություն ունի Մինսկի կոնվենցիայի նկատմամբ, ինչպես նաև նշված հանգամանքը դատախազի կողմից չհիմնավորելն ինքնին հիմք չի կարող հանդիսանալ միջնորդությունը մերժելու համար: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հանձնելու համար կիրառված կալանավորման առավելագույն 8-ամսյա ժամկետից 7 ամիս 10 օր Զավեն Իսաբեկյանն արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, իսկ կալանավորման վերոնշյալ ժամկետը լրանալու պատճառով 2023 թվականի նոյեմբերի 25-ին նա կալանքից ազատվել է: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը Զ.Իսաբեկյանի կալանավորման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը երկարաձգելու մասին դատախազի հատուկ վերանայման բողոքի պահանջն ըստ էության անիրագործելի է համարել՝ նշելով, որ վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացման օրվա՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ, նշված ժամկետն արդեն իսկ անցած է եղել, ինչպես նաև հաշվի է առել, որ բողոքի քննության պահի դրությամբ առկա են Զավեն Իսաբեկյանի հանձնումը բացառող հանգամանքներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը վերոնշյալ պատճառաբանություններով թողել է անփոփոխ5:

14 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Եվրոպական կոնվենցիան գերակայություն ունի Մինսկի կոնվենցիայի նկատմամբ, և կիրառելի է՝ անկախ դատախազի դիրքորոշումից։

141 Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ որոշման կայացման օրվա դրությամբ ԶԻսաբեկյանին հանձնման նպատակով կալանավորման առավելագույն ժամկետն արդեն իսկ լրացած է եղել՝ հետևյալ պատճառաբանությամբ. սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ԶԻսաբեկյանը կալանքի տակ է գտնվել 2023 թվականի ապրիլի 15-ից՝ 40 օրով ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 18-ի որոշման հիման վրա6։ Այնուհետև՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Զ.Իսաբեկյանի նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ երկու ամիս ժամկետով, որն էլ հետագայում երկու անգամ երկարացվել է՝ յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով7։ Նրան կալանքի տակ պահելու ժամկետը երրորդ անգամ երկարացնելու մասին միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ մերժելու և նշված վեց ամսյա ժամկետը լրանալու արդյունքում Զ.Իսաբեկյանը 2023 թվականի նոյեմբերի 25-ին ազատվել է կալանքից։ Այսինքն՝ ԶԻսաբեկյանի կալանքի տակ գտնվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4782-րդ և 4783-րդ հոդվածներով նախատեսված համապատասխանաբար 40-օրյա և 8-ամսյա առավելագույն ժամկետը, տեսականորեն կարող էր լրանալ միայն 2024 թվականի հունվարի 25-ին։ Ուստի, հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետը լրանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկը ներկայացված նյութերով չի հիմնավորվում։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Զ.Իսաբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը չէր կարող մերժվել նաև այն ձևական փաստարկմամբ, որ դատախազը հատուկ վերանայման բողոքում պահանջել է Զ.Իսաբեկյանի կալանավորման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը, որը Վերաքննիչ դատարանի որոշման կայացման օրվա դրությամբ արդեն իսկ անցած է եղել։ Որպես ասվածի հիմնավորում Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն, որ վերաքննիչ բողոք բերելու պահին Զ.Իսաբեկյանը դեռ գտնվել է կալանքի տակ և, ինչպես նշվեց, ազատվել է դրանից հետո՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու և վեց ամսյա ժամկետը լրանալու արդյունքում։

14.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ բողոքի քննության պահի դրությամբ առկա են նաև Զավեն Իսաբեկյանի հանձնումը բացառող հանգամանքներ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր այդ հետևությունը որևէ կերպ չի հիմնավորել, և Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ, թե կոնկրետ որ հանգամանքներ են գնահատվել որպես հանձնումը բացառող։

Վճռաբեկ դատարանը նախ իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն դիտարկմանը, որ ԶԻսաբեկյանի հանձնումը ՌԴ իրավասու մարմիններին թույլատրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ԶԻսաբեկյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն ավարտվել է և առկա է նրա հանձնումը թույլատրելու մասին վերջնական որոշում8։

Իսկ եթե Վերաքննիչ դատարանը նկատի է ունեցել ԶԻսաբեկյանի պաշտպանների կողմից վկայակոչված այն փաստը, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ծառայության կողմից կայացված՝ ԶԻսաբեկյանին Հայաստանի Հանրապետությունում փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին որոշումը պաշտպանների կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, ապա նշված հանգամանքն ինքնին չէր կարող գնահատվել որպես հանձնումը բացառող հանգամանք։ Այլ հարց է, որ հանձնումը կարող է իրականացվել միայն նշված գործընթացն ոչ հօգուտ հանձնվող անձի ավարտվելու պարագայում։

 15Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար9։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Զավեն Ռուբենի Իսաբեկյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 52-58։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 116-127։

3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

4 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 1.1-ին կետը։

7 Տե՛ս սույն որոշման 1.2-րդ կետը։

8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 16-22, 37-39։

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան