Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1412-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)՝ համաձայն N 2 հավելվածի։

3․ Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ե․ Կողբացի 83, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության կողմից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար, բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2009, 2202 (բացառությամբ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) ծածկագրերին դասվող ապրանքների, որոնց համար ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ օրը ներառող ամսվան հաջորդող չորրորդ ամսվա 1-ը.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1412-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1․ Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են՝

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի

համառոտ անվանումը

1504

ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասեր` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1505 00

ճարպաքրտինք և դրանից ստացվող ճարպանյութեր

(ներառյալ լանոլինը)

ճարպեր և յուղեր

1506 00 000 0

կենդանական այլ ճարպեր, յուղեր և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1507

սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1508

գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1509

ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ

զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1510

այլ յուղեր և դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն կանաչ կամ սև ձիթապտղից՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը՝ ներառյալ այդ յուղերի կամ զտամասերի խառնուրդները ապրանքային 1509 դիրքում ընդգրկված

յուղերի կամ դրանց զտամասերի հետ

այլ յուղեր

1512 11 910

արևածաղկի ձեթ

ձեթ

1512 19 900

արևածաղկի ձեթ

ձեթ

1515

այլ չցնդող բուսական ճարպեր, յուղեր (ներառյալ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1516 20 960 2

խաղողի կորիզներից յուղ

յուղ

1517

մարգարին սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերք` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից՝ բացի 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից

մարգարին

1602

մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի

կամ պահածոյացված այլ մթերք

մսեղեն

1604

(բացառությամբ 1604 31 000 0,

1604 32 00)

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր,

կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

1806

շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք

կակաո և դրանից պատրաստված

մթերք

1901

ածիկային լուծամզուք, պատրաստի սննդամթերք՝ պատրաստված մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային լուծամզուքից` առանց կակաոյի պարունակության կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված, 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ առանց կակաոյի պարունակության կամ 5% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ՝ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով,

այլ տեղում չնշված կամ չներառված

խտացրած կաթ

1902

մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց միջուկի կամ այլ եղանակով պատրաստված, ինչպես, օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, եղջրիկներ, խմորագնդիկներ, ռավիոլա, կաննելոն, կուսկուս՝ պատրաստի կամ ոչ պատրաստի

սննդի մեջ օգտագործելու համար

պատրաստի մթերք

1903 00 000 0

տապիոկ և դրա փոխարինիչները` պատրաստված օսլայից փաթիլների, հատիկների (գրանուլների), ձավարահատիկ-

ների, մանրահատիկների կամ նույնանման այլ տեսքով

պատրաստի մթերք

1904

պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքը (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ) փքելու կամ բովելու միջոցով, հացաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկներից)՝ հատիկի կամ փաթիլների տեսքով կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացի մանր և խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից)՝ նախապես եփած կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չնշված կամ չներառված

պատրաստի մթերք

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

2002

լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված

առանց քացախի կամ քացախաթթվի

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված

առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 00 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 00 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2006 00

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված)

պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

պահածո

2008

մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր՝ չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

2202

(բացառությամբ 2202 91 000 0,

2202 99 910 0,

2202 99 950 0,

2202 99 990 0)

ջրեր՝ ներառյալ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

3304

կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների)՝ ներառյալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ

կոսմետիկա

3305

մազերի խնամքի միջոցներ

կոսմետիկա

3306

բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ՝ ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

հիգիենայի միջոցներ

3307

միջոցներ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, բաղադրություններ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար՝ բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց

խնամքի միջոցներ

3401

օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով

օճառ

3402

մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1412-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է կիրառելով ժամանակից տեխնոլոգիաները և մեթոդները՝ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը։

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2014 թվականից: Այդ ժամանակ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները եղել են 20-ը։ Տարիների ընթացքում ավելացել է դրոշմավորման ենթակա ապրանքների քանակը՝ հասնելով 111 տեսակի։ Սակայն ներկայումս կիրառվող մոդելն ունի որոշակի սահմանափակումներ։ Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով։ ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են։ Դրոշմապիտակների կոդերի գեներացման տրամաբանությունն անհասանելի է, ուստի այն չի կարող օգտագործվել ապրանքների իրացման ժամանակ ՊԵԿ տվյալների փոխանցման համար։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել։

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայումս առկա խնդիրներն են՝

1) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում։ Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար գործող դրոշմապիտակները չեն կարող օգտագործվել։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորելու արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, և կարող է տեղի ունենալ կրկնակի դրոշմավորում, եթե արտադրության ժամանակ չի առանձնացվում արտահանման համար նախատեսված ապրանքը, որը ևս լրացուցիչ դժվարություն է հարկ վճարողի համար.

4) ներկայիս դրոշմապիտակների վրա առկա 2D կոդի գեներացիայի տրամաբանությունը պատկանում է մասնավոր ընկերության և չի փոխանցվում ՊԵԿ։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը անհրաժեշտության դեպքում այլ ընկերությունների կամ սեփական ուժերի միջոցով հնարավորություն չունի փոփոխություններ իրականացնելու առկա ծրագրում կամ ստեղծելու նոր բջջային հավելված։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ․

1) պետության համար՝

ա․ ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ․ լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ․ ապրանքային շուկաների վերահսկման համար բյուջետային ծախսերի կրճատում,

դ․ իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

ե․ ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա․ թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ․ ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ․ թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա․ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ․ հասարակական վերահսկողություն,

գ․ սպառողների իրավունքների պաշտպանություն։

7․ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս է, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ ազգային օպերատոր)՝ թվային եղանակով։

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունն ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Բջջային հավելվածը, որի ստեղծումը նույնպես մտնում է սույն ծրագրի շրջանակների մեջ, սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

17․ Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են՝

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ներկայացում ՀՀ կառավարությանը:

22. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) պետական բյուջեի ծախսերի կրճատում.

2) հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարն այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա.

3) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

4) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

5) ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

6) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

7) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և հետևաբար՝ զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ։ Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն առաջանա։

25. Չնայած նշված ռիսկին, կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26․ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

27․ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

28․ Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշների տրամադրման հետ կապված ծախսերն իրականացնելու է օպերատորը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան