Գլխավոր տեղեկություն
Համար
N 1249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1249-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային և մաքսային մարմինների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման դեպքերը և տեղեկատվության բովանդակությունը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում՝

1) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի նկատմամբ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգի նկատմամբ․

3) չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի՝ հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի նկատմամբ։

3. Հարկային և մաքսային մարմինները սույն որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրում են տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունն այն դեպքերում, եթե տեղեկատվությունն անհրաժեշտ է՝

1) վերահսկման ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների բազայում ներառելու համար՝ տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշելու նպատակով․

2) տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելու համար։

4․ Լիազոր մարմնին տրամադրվում են՝

1) լիազոր մարմնի վերահսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշների հիման վրա գնահատվող անհատական ռիսկի բաղադրիչի հաշվարկը իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը․

2) տնտեսավարող սուբյեկտի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառությունը։

5․ Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ ՎԵԲ ծառայության միջոցով, էլեկտրոնային հարթակի միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

6. Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմիններից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են տնտեսավարող սուբյեկտի և արտադրանքի անվանումը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով), տնտեսավարող սուբյեկտի ՀՎՀՀ-ն և հայցվող տեղեկատվության բովանդակությունը։ Լիազոր մարմինը դիմումում ըստ անհրաժեշտության կարող է նշել նաև այլ տվյալներ։

7․ Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինները սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում են դիմումով հայցվող տեղեկատվությունը կամ պահանջվող տեղեկատվության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում են լիազոր մարմնին։

8․ Լիազոր մարմնի կողմից հարկային կամ մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն։

9. Մաքսային կամ հարկային մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը լիազոր մարմինն օգտագործում է բացառապես իրեն վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար, և չի կարող օգտագործվել այլ նպատակներով, այդ թվում՝ հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակներով կամ տրամադրվել այլ անձանց։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: