Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին» N 1281-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ՁԵՎԸ» բառերը փոխարինել «ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՁԵՎԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «գետնանշման ձևը» բառերը փոխարինել «գետնանշման գույնը և ձևը» բառերով.

3) որոշման հավելվածի վերնագիրը «ՁԵՎ» բառից առաջ լրացնել «ԳՈՒՅՆ ԵՎ» բառերով.

4) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր կամ կապույտ գույնի խզվածքներով գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր կամ կապույտ գույնի հոծ գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

2. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

3. Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր կամ կապույտ ներկանյութով, այդ թվում՝ կարմիր կամ կապույտ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:».

5) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝

«4. Համայնքներում սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի՝ կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ սահմանազատումն իրականացվում է ըստ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գոտիավորման՝ համապատասխանաբար «Ա» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար՝ կապույտ գույնի գետնանշմամբ:

5. Ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է սպիտակ գույնի խզվածքներով կամ հոծ գետնանշմամբ: Համայնքներում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում:

6. Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է կանաչ գույնի խզվածքներով կամ հոծ գետնանշմամբ:

7․ Սույն որոշմամբ սահմանված ավտոկայանատեղիի գետնանշումներն իրականացվում են ԳՕՍՏ Ռ 51256-18, ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52289-2022, ԳՕՍՏ 32830-2014 և ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտների պահանջներին համապատասխան:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1293-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «ձևի գետնանշում» բառերը փոխարինել «գույնի և ձևի գետնանշում» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Համայնքներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սույն որոշումից բխող գետնանշման ձևի և գույնի փոփոխություններն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Մինչև սույն որոշումից բխող փոփոխությունների ամբողջական կատարումը, այդ թվում՝ փոփոխությունների կատարման ամբողջ ժամանակահատվածում, համայնքներում կազմակերպված այն վճարովի ավտոկայանատեղերում, որտեղ ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի սահմանազատման գետնանշման ձևը և գույնը շարունակում են համապատասխանել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման պահանջներին՝ համայնքներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սահմանազատման գետնանշման գույնի և ձևի համար շարունակում են գործել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները և դրանք համարվում են կահավորված՝ սահմանված գետնանշման ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2024 թվական: