Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20

Նախագահող դատավոր`

 Մ. Հարթենյան

Դատավորներ`

 Ա. Խառատյան

 Դ. Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Վանեցյանի հայցի ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի (այսուհետ՝ Մանե Գևորգյան)՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշման դեմ Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գևորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում՝ հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին հրապարակված՝ «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը և արժանապատվությունն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը և դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ՝ առանց փոփոխության, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը՝ 00։00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը՝ հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

«29.04.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի կողմից www.facebook.com սոցիալական կայքում իր էջում հրապարակվել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով հայտարարություն, որում տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ:

Սույնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանս հերքում եմ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները և փաստում, որ իրականությանը չեն համապատասխանում այդ օրը հրապարակված այն տեղեկությունները, որ ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»:

Հայցապահանջը մնացած մասով՝ մերժել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանից հօգուտ հայցվոր Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 404.000 /չորս հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի գումար, որից 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջները՝ մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2021 թվականի որոշմամբ Մանե Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ (Դատարանի 29.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն պատասխանողը հայցվորը Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը` նաև 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին պահանջը մերժելու մասով, չի բողոքարկել)։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանե Գևորգյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Վանեցյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 11-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով չնախատեսված պատասխանատվության միջոց։ Տվյալ դեպքում Դատարանի վճռով հաստատվել է, որ զրպարտություն գնահատված փաստացի տվյալները հրապարակվել և տարածվել են ոչ թե լրատվության միջոցով, այլ՝ իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին կատարված հայտարարությամբ, իսկ իր անձնական էջը լրատվության միջոց չէ, քանի որ չի պարունակում այն հատկանիշները, որոնք նախատեսված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցն ունի այլ բովանդակություն, որի համաձայն՝ զրպարտությունից տուժած անձը կարող է պահանջել հերքում, եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, բացի դրանից՝ զրպարտությունից տուժած անձը կարող է պահանջել հերքում բացառապես հենց այն լրատվության միջոցով դատարանի կողմից «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով ղեկավարվելու արդյունքում հաստատված հերքման ձև հրապարակելով, որտեղ տեղ է գտել զրպարտությունը:

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի կայքը՝ լրատվության միջոց համարվելու համար՝ բացառապես օգտագործելով «համապատասխան տեղեկություններ» արտահայտությունը:

Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Պատասխանողի կողմից ներկայացվել են օրենքով նախատեսված՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներ: Բացի այդ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջը լրատվության միջոց է, քանի որ ֆեյսբուքյան այդ էջի միջոցով անսահմանափակ թվով անձանց համար հրապարակային ձևով տարածվում է տեղեկատվություն: Օրենքը զանգվածային լրատվություն է համարում նաև համացանցում կայքի միջոցով որևէ լրատվության տարածումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս փաստել է, որ համացանցային պորտալում լուր կամ մեկնաբանություն հրապարակելը նույնպես համարվում է լրագրողական գործունեություն: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, հետևաբար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները ֆեյսբուքյան էջում ներառելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նման պայմաններում «ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատասխանողի կողմից լրատվության տարածումը պետք է դիտվի որպես զանգվածային լրատվության տարածում կամ առնվազն պետք է հավասարեցվի դրան, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցը պետք է կիրառելի լինի նման դեպքում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ որևէ կազմակերպության խոշոր փոխադրող լինելն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող փաստական տվյալ չէ, ապա Վերաքննիչ դատարանի կողմից այդ առնչությամբ տրվել է իրավաչափ հիմնավորում՝ նշելով, որ գնահատման պետք է արժանացնել տեքստի ամբողջական բովանդակությունը՝ առանց բողոք ներկայացրած անձի մասնավորեցումների:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00։00-ին, հրապարակել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն, որում ասվում է. «(…) վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում: Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է: ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ: ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ» (հատոր 1-ին, գ.թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք անձը դատական կարգով պահանջել լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, եթե այդ տվյալները տեղ չեն գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից լրատվության միջոցով տարածված տեղեկատվության մեջ:

 

Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ (…) Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթները, իսկ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ վնասներ հատուցելով:

Նույն հոդվածի 13-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են (...) նաև ոչ նյութական վնասը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով (…) սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը, այդ թվում՝ վնասի փոխհատուցման մեխանիզմներին (պատասխանատվության միջոցներին)՝ նաև արձանագրելով, որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը) (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18, 11.12.2020 թվականի թիվ ԱՎԴ/2194/02/16, 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10, 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10, 04.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/0807/02/11, 18.10.2019 թվականի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 և 10.03.2023 թվականի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Մինչև 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով՝ լրատվական գործունեություն իրականացնող է այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:

Նույն հոդվածի իմաստով՝ լրատվության միջոց է լրատվություն իրականացնելու այն միջոցը, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`

- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

- հեռուստառադիոհաղորդմամբ,

- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից,

- համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող և նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տվյալները պարունակող կայքի միջոցով:

Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից։ Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ինչպես վնասներ հատուցելով, այնպես էլ օրենքով նախատեսված այլ եղանակներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով վնասներ են նաև ոչ նյութական վնասը, որը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման օրենքով նախատեսված եղանակ է նաև անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունն այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ու զրպարտությունից, որը կարող է իրականացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

Տվյալ դեպքում օրենսդիրը նախատեսել է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան, որի համաձայն՝ անձը, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին զրպարտության միջոցով վնաս պատճառված լինելու դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել ինչպես հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, այնպես էլ՝ վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Ընդ որում, վերը նշված միջոցներից առաջինն անձը կարող է պահանջել բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, այսինքն՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում, տարածել է այդ տեղեկատվությունը։

 Սուբյեկտային կազմով պայմանավորված՝ պատասխանատվության միջոցների տարանջատման վերաբերյալ օրենսդրի տարբերակված մոտեցումը պատահական չէ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվական գործունեություն իրականացնողներն արհեստավարժ սուբյեկտներ են: Հասարակական վերահսկող օղակի գործառույթ իրականացնելով հանդերձ՝ լրատվական գործունեություն իրականացնողը՝ որպես արհեստավարժ սուբյեկտ և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տարածող, միաժամանակ կրում է տեղեկատվությունն իր պարտավորություններին ու պատասխանատվությանը համապատասխան հաղորդելու պարտականություն: Վերջիններս հետևում են մասնագիտական չափանիշներին, խմբագրական պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկատվության բովանդակության և հավաստիության համար՝ անուղղակիորեն հասարակության մոտ ձևավորելով տեղեկատվությանը վստահելու իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ կարևորում է լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի, Վահե Ղազարյանի և Նելլի Հարությունյանի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00։00-ին, հրապարակել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն։

Դիմելով Դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գևորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում՝ հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին հրապարակված՝ «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը և արժանապատվությունն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը և դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ՝ առանց փոփոխության, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դատարանը, արձանագրելով, որ «Պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունները վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո հանդիսանում են զրպարտություն և քանի որ Պատասխանողին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերի հիմքով պատասխանատվությունից ազատելու հիմքերը բացակայում են», գտել է, որ «Պատասխանողը պետք է պատասխանատվություն կրի Հայցվորին պատճառած վնասի համար», «Պատասխանողին պետք է պարտավորեցնել www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ Դատարանի կողմից սահմանված հերքման ձևով», վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին՝ Մանե Գևորգյանին պարտավորեցնելով սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում՝ հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին հրապարակված՝ «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները մնացած պահանջների մասով հայցը մերժվել է։

 

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «պատասխանողի՝ լրատվական գործունեություն իրականացնող չհանդիսանալու վերաբերյալ փաստ Դատարանը չի հաստատել, նման փաստ հաստատելու վերաբերյալ հետևություն վճիռը չի բովանդակում, հետևաբար բողոքի նշված փաստարկն անհիմն է», «բողոք ներկայացրած անձի պնդումն այն մասին, որ պատասխանողի անձնական էջը լրատվության միջոց չէ, Վերաքննիչ դատարանը գնահատում է անհիմն: Ավելին, բողոք ներկայացրած անձը Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկանիշները չբովանդակելու վերաբերյալ հայտնել է բացառապես պնդում, որը չի ուղեկցվում օրենքով նախատեսված որևէ հատկանիշի, որևէ պայմանի մատնանշմամբ, որի բացակայության հիմքով կարող է հերքվել պատասխանողի ֆեյսբուքյան էջի՝ լրատվության միջոց հանդիսանալու փաստը: Վկայակոչված պատճառաբանությունների ուժով հերքվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի՝ սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի պնդումը», Մանե Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 29062021 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, թողել է անփոփոխ։

Վերոնշյալ իրավական ակտերի և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ։

Տվյալ դեպքում պատասխանող Մանե Գևորգյանը վերը նշված հրապարակումը «Facebook» համացանցային կայքում իրականացրել է ոչ թե որպես լրատվական գործունեություն իրականացնող, այլ՝ որպես այդ կայքի օգտատեր և իր անձնական էջում՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չհանդիսանալով ինչպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատեր, իսկ այդ հրապարակումն էլ չի տարածվել նույն օրենքի իմաստով լրատվության միջոցով։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ Մանե Գևորգյանի վերը նշված անձնական էջը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով լրատվության միջոցին առաջադրվող պահանջներին։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանե Գևորգյանի նկատմամբ չէր կարող դատական կարգով պահանջ ներկայացվել հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու մասին, այսինքն՝ ստորադաս դատարանները կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով հանգել են հայցվորի կողմից ներկայացված վերը նշված պահանջը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28122021 թվականի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, և գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն ունի էական նշանակություն, և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված լիազորությունը կիրառելը պայմանավորված է նաև նրանով, որ ինչպես նշվել է վերը, Դատարանի 29.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն պատասխանողը հայցվորը Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը` նաև 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին պահանջը մերժելու մասով, չի բողոքարկել։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը բեկանելու արդյունքում զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու մասին պահանջը ենթակա է մերժման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն, որ Արթուր Վանեցյանը հայցադիմումը ներկայացնելիս նախապես վճարել է հայցադիմումի համար պետական տուրքը, իսկ Մանե Գևորգյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու համար վճարել է, համապատասխանաբար, 10000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, գտնում է, որ Արթուր Վանեցյանից հօգուտ Մանե Գևորգյանի պետք է բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Արթուր Վանեցյանի հայցը՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։

2. Արթուր Վանեցյանից հօգուտ Մանե Գևորգյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20

Նախագահող դատավոր`

 Մ. Հարթենյան

Դատավորներ`

 Ա. Խառատյան

 Դ. Սերոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/16144/02/20 քաղաքացիական գործով 10.06.2024 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«10» հունիսի, 2024 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.06.2024 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Վանեցյանի հայցի ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի (այսուհետ՝ Մանե Գևորգյան)՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշման դեմ Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Արթուր Վանեցյանի հայցը՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն լինելով իրավունքի պաշտպանության եղանակի վերաբերյալ 10.06.2024 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական մասում առկա եզրահանգումների հետ, գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է ավելի խորը վերլուծության ենթարկեր իրավահարաբերությունը, նկատի ունենալով որոշման առաջնորդող բնույթը և իրավակիրառ պրակտիկայի վրա լայն ազդեցությունը։

Միաժամանակ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի անդրադարձել վեճի բուն առարկա հանդիսացող զրպարտության հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին և հիմնավորումներին, որին անդրադառնալու դեպքում Վճռաբեկ դատարանի Որոշման եզրահանգումները պետք է հանգեցնեին այլ հետևանքի։

Նշվածին համապատասխան հայտնում եմ նաև իմ անհամաձայնությունը Որոշման` զրպարտությանը վերաբերող հարցին չանդրադառնալու կապակցությամբ և ըստ այդմ Որոշման եզրափակիչ մասերի հետ։ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ։

Հատուկ կարծիքով արտահայտվող մոտեցումները հասարակության համար առավել մատչելի դարձնելու նպատակով հատուկ կարծիքը ներկայացվում է Վճռաբեկ դատարանի 10.06.2024 թվականի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ իմ կողմից ստորև ներկայացվող կառուցվածքով և բովանդակությամբ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ ու 9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով չնախատեսված պատասխանատվության միջոց, Մասնավորապես Դատարանը, որպես փաստ հաստատել է, որ Դատարանի կողմից զրպարտություն գնահատված փաստացի տվյալները հրապարակվել և տարածվել են ոչ թե լրատվության միջոցով, այլ իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին կատարված հայտարարությամբ, մինչդեռ իր անձնական էջը լրատվության միջոց չէ, քանի որ չի պարունակում այն հատկանիշները, որոնք նախատեսված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով: Բացի այդ, պատասխանատվություն սահմանող իրավունքի նորմն անալոգիայով կիրառելն արգելվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով:

Նկատի ունենալով, որ Դատարանը չի կարող դուրս գալ հայցի առարկայի սահմաններից և մերժել է հայցի առարկայի մյուս պահանջը, որով հայցվորը խնդրել է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցը՝ Դատարանը պետք է մերժեր հայցն ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը կարող էր պատասխանողի նկատմամբ կիրառել նման պատասխանատվության միջոց, եթե գործով հաստատված լիներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանի առկայությունը, այն է՝ զրպարտությունը տեղ է գտել «լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ», ինչն անհրաժեշտ է այդ իրավունքի նորմով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու համար:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, եզրահանգել է, որ իր ֆեյսբուքյան անձնական՝ «Mane Gevorgyan» էջը կայք է ու պարունակում է լրատվության միջոցի՝ օրենքով նախատեսված հատկանիշները, իսկ ինքը լրատվական գործունեություն իրականացնող անձ է: Մինչդեռ իր ֆեյսբուքյան անձնական՝ «Mane Gevorgyan» էջը կայք չէ և չի պարունակում լրատվության միջոցի՝ օրենքով նախատեսված հատկանիշները, ինքն էլ լրատվական գործունեություն իրականացնող անձ չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հերքման ձևը հաստատելիս չի ղեկավարվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև այն, որ որևէ կազմակերպության բեռների խոշոր փոխադրող լինելը չի կարող համարվել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող փաստական տվյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Մանե Գևորգյանի մասով հայցն ամբողջությամբ մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00։00-ին, հրապարակել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն, որում ասվում է. «(…)վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում: Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է: ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ: ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ» (հատոր 1-ին, գ.թ. 32):

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, Վճռաբեկ դատարանի արտահայտած և վերահաստատած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով սահմանված՝ զրպարտության դեպքում դատական կարգով պահանջվող միջոցների տարբերակման խնդրին՝ պատասխանելով այն իրավական հարցադրմանը, թե ո՞ր դեպքում անձը կարող է պահանջել 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով սահմանված միջոցներից մեկը կամ մի քանիսը:

 

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (...

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ (…) բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու (…) նպատակով։

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում։ Այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին. այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի որոշումը, պարբ. 41): Միաժամանակ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում և պետք է հավասարակշռվի հասարակության ու պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ։

Սահմանադրական դատարանն իր 14.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ նշել է, որ մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն։

Սահմանադրական դատարանն իր 05.10.2021 թվականի թիվ ՍԴՈ-1612 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության 3-րդ, 23-րդ և 42-րդ հոդվածների կարգավորումների բովանդակությունից բխում է, որ մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները: Բացի այդ, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման շրջանակը որոշելու նպատակով որոշիչ նշանակություն ունի նաև անձի պատվի և համբավի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը (Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մաս): Այսինքն՝ մարդու արժանապատվության, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությունը կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահման է։

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը հավելել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի կարգավորումների բովանդակությունից հետևում է, որ, երաշխավորելով կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, միևնույն ժամանակ, նույն կոնվենցիան նախատեսում է այս իրավունքին միջամտելու հնարավորություն՝ հստակ ամրագրելով թե՛ միջամտության ձևերը` «ձևականություններ, պայմաններ, սահմանափակումներ կամ պատժամիջոցներ», թե՛ իրավաչափ նպատակը՝ «պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը», թե՛ պայմանները՝ «նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» ի շահ վերոգրյալ իրավաչափ նպատակի:

Սահմանադրությունը, երաշխավորելով կարծիքի ազատ արտահայտման իրավունքը՝ ի դեմս Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, այն չի դիտարկում բացարձակ և թույլ է տալիս դրան միջամտություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 05.10.2021 թվականի թիվ ՍԴՈ-1612 որոշումը):

Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Միաժամանակ մարդու արժանապատվությունից (ներառյալ` պատիվը, բարի համբավն ու մասնավոր կյանքը) բխող իրավունքները և ազատությունները՝ որպես բացարձակ իրավունքներ, գործնականում արտահայտվելու ազատության սահմանափակումը կարող են արդարացնել միայն իրավաչափ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ զրպարտության համար պատասխանատվությունը՝ անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը:

Եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց նախադեպային իրավունքում զարգացրել և բազմիցս կիրառել են իրավունքի միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը, որը պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում՝

1) նախատեսված է արդյո՞ք միջամտությունն օրենքով,

2) հետապնդում է այն արդյո՞ք իրավաչափ նպատակ,

3) ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է արդյո՞ք ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից սահմանված վերոնշյալ չափորոշիչներին և բացահայտել դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը՝ արձանագրելով, որ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով: որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը նախատեսված է օրենքով, Օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Բացի այդ, արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար: Միաժամանակ այդ սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում և համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին ծառայում է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով թվարկված «իրավաչափ նպատակներից» առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի ու բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն» և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով 04.07.2013 թվականի որոշումները):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթները, իսկ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ վնասներ հատուցելով:

Նույն հոդվածի 13-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են (...) նաև ոչ նյութական վնասը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, (…):

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը, այդ թվում՝ վնասի փոխհատուցման մեխանիզմներին (պատասխանատվության միջոցներին)՝ ի թիվ այլնի արձանագրելով, որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը) (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի թիվ ԱՎԴ/2194/02/16, 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10, 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10, 10.03.2023 թվականի թիվ ԵԴ/26070/02/19, 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18, 04.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/0807/02/11, 18.10.2019 թվականի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):

Մինչև 23.10.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել (հոդվածի հետագա խմբագրությամբ փոփոխվել է միայն նյութական փոխհատուցման չափը՝ 2000-ապատիկի փոխարեն դառնալով 6000-ապատիկ):

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի՝ օրենքով նախատեսված միջամտության ձևերը երկուսն են՝

- ոչ նյութական պատասխանատվություն (հերքում և (կամ) պատասխանի հրապարակում),

- մինչև 2000-ապատիկի չափով նյութական փոխհատուցում (ոչ նյութական վնաս):

Այսինքն՝ նշված իրավակարգավորումն անձին հնարավորություն է տալիս նախատեսված մեկ կամ մի քանի միջոցների կիրառմամբ զրպարտող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հերքումը և (կամ) պատասխանի հրապարակումը՝ որպես զրպարտության համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց, կիրառելի է բացառապես նորմի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետ) հիպոթեզով նախատեսված նյութաիրավական փաստակազմի առկայության դեպքում, այն է՝ զրպարտությունը պետք է արտացոլված լինի լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ: Միայն այդ դեպքում տուժողը կարող է լրատվության համապատասխան միջոցով (որով տարածվել է զրպարտող տեղեկատվությունը) հրապարակայնորեն հերքում և (կամ) զրպարտող փաստացի տվյալների վերաբերյալ իր պատասխանի հրապարակում պահանջել:

Միաժամանակ հարկ է նշել, որ սուբյեկտային կազմով պայմանավորված, պատասխանատվության միջոցների տարանջատման վերաբերյալ օրենսդրի տարբերակված մոտեցումը պատահական չէ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լրագրողական գործունեություն իրականացնողներն արհեստավարժ սուբյեկտներ են: Հասարակական վերահսկող օղակի գործառույթ իրականացնելով հանդերձ՝ լրագրողական գործունեություն իրականացնողը՝ որպես արհեստավարժ սուբյեկտ և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տարածող, միաժամանակ կրում է տեղեկատվությունն իր պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան հաղորդելու պարտականություն: Վերջիններս հետևում են մասնագիտական չափանիշներին, խմբագրական պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկատվության բովանդակության և հավաստիության համար՝ անուղղակիորեն հասարակության մոտ ձևավորելով տեղեկատվությանը վստահելու իրավունք:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Այսպես, մինչև 01.01.2022 թվականը գործող խմբագրությամբ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով լրատվական գործունեություն իրականացնող է իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:

Նույն հոդվածի 1-ին կետի իմաստով զանգվածային լրատվությունը անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածումն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ:

Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի իմաստով զանգվածային լրատվության միջոցը լրատվություն իրականացնելու միջոց է, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`

- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

- հեռուստառադիոհաղորդմամբ,

- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից,

- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող և նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով:

Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից:

Վկայակոչված հասկացությունների բովանդակային ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

- զանգվածային լրատվությունն անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածումն է,

- լրատվությունն իրականացվում է լրատվության միջոցը տարածելով,

- լրատվության միջոցը կարող է տարածվել նաև կայքի միջոցով, որը համացանցում (տեղեկատվության միջոց) ունի սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ և բովանդակում է օրենքում նշված տեղեկությունները,

- լրատվական գործունեություն իրականացնող է համարվում իր անունից լրատվության միջոց տարածողը, հետևաբար ֆիզիկական անձը կարող է համարվել լրատվական գործունեություն իրականացնող, եթե համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն և հոսթինգ ունեցող, ինչպես նաև օրենքում նշված տեղեկությունները բովանդակող կայքի միջոցով իր անունից տարածում է լրատվության միջոց:

Օրենքը մեկնաբանելիս տվյալ դեպքում էական և առանցքային են մասնագիտական չափորոշիչը, պատասխանատու գործունեությունն ու այդպիսի գործունեությամբ զբաղվելու մտադրությունը: Հարկ է նկատի ունենալ, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 21.09.2011 թվականի թիվ CM/Rec(2011)726 խորհրդատվական եզրակացությամբ նախատեսվել են լրատվամիջոցների հետևյալ հիմնական հատկանիշները՝

- մտադիր են գործել որպես լրատվամիջոց,

- զբաղվում են լրատվական բովանդակության արտադրությամբ և տարածմամբ,

- իրականացնում են բովանդակության խմբագրական վերահսկողություն,

- հետևում են մասնագիտական չափանիշներին,

- ձգտում են տեղեկատվության տարածմանը և ենթարկվում են հասարակության ակնկալիքներին:

Որպես ԶԼՄ գործելու մտադրությունը կարող է դրսևորվել սուբյեկտիվ տարբեր միջոցներով (լրատվական գործունեություն իրականացնողին հատուկ աշխատանքային մեթոդների կիրառման, ինքնաճանաչման, միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական էթիկայի կանոններին հետևելու հանգամանքները, ներառյալ` ինքնակարգավորման միջոցների առկայությունը և այլն):

Մասնագիտական չափանիշի առկայությունը նշանակում է լրատվական գործունեության իրականացմանն ուղղված գործունեություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կարևորում է այս հարցում լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի, Վահե Ղազարյանի և Նելլի Հարությունյանի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):

Խմբագրական վերահսկողությունն իր հերթին կարող է արտահայտվել խմբագրական կանոններ սահմանելով կամ ուղղակիորեն կարող է բխել սուբյեկտի գործունեությունից: Ինչ վերաբերում է տարածման ծավալին, ապա հարկ է նշել, որ սոցիալական ցանցերն ապահովում են տեղեկատվության լայն տարածում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է տարանջատել հանրային և մասնավոր հրապարակումները՝ նկատի ունենալով, որ, օրինակ, օգտահաշիվը կամ համացանցային էջը ցանցային լրատվության միջոց չէ, քանի դեռ չի բավարարում Օրենքով սահմանված անհրաժեշտ չափանիշները: «Facebook» սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել պրոֆիլ, տեղադրել տեղեկատվություն և այլն: Միևնույն ժամանակ այդ հարթակում տեղեկատվություն տեղադրող և տարածող ամեն ոք չէ, որ համարվում է լրատվական գործունեություն իրականացնող: Լրատվական գործունեություն իրականացնող է համարվում այն անձը, ով ներկայացնում է տեղեկատվություն, պատասխանատու է նմանօրինակ տեղեկատվություն հավաքելու, հարցազրույցներ վարելու և նորությունների թարմացումների կամ պատմությունների մատուցման համար տարբեր լրատվամիջոցներով՝ ինչպիսիք են հեռուստացույցը, ռադիոն, համացանցը:

Հետևաբար լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատու են պարբերաբար տեղեկատվություն և բովանդակություն ստեղծելու ու տարածելու համար: Տարածման միջոց կարող են լինել ինչպես տպագիր լրատվամիջոցները (թերթեր, պարբերականներ), այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում տարածվող լրատվամիջոցները, ինչպիսիք են՝ հեռարձակվող լրատվամիջոցները (ռադիո, հեռուստատեսություն և այլ գծային տեսալսողական մեդիա ծառայություններ), առցանց լրատվական ծառայություններ (օրինակ՝ թերթերի առցանց հրատարակություններ և տեղեկագրեր), ոչ գծային տեսալսողական մեդիա ծառայություններ (օրինակ՝ ըստ պահանջի հեռուստատեսությունը) ու համացանցը:

Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ լրատվական գործունեությունը մշտական և արհեստավարժ բնույթ կրող գործունեություն է: Լրագրողական գործունեություն իրականացնողը կամ լրագրողը պարբերաբար և ուղղակիորեն որևէ միջոցով ներդրում է ունենում տեղեկատվություն ստանալու, մշակելու, այն խմբագրելու ու արտադրելու գործընթացում: Հետևաբար այդպիսին չի կարող համարվել համացանցային որևէ կայքում օգտահաշիվ ունեցող և գրառում կատարող կամ մեկնաբանություն անող ցանկացած սուբյեկտ, ու Օրենքի նման տարածական մեկնաբանությունը չի կարող արդարացված համարվել: Բացի այդ, հասարակական ակնկալիքի տեսանկյունից կարևորվում է այն հանգամանքը, որ հասարակության սովորական անդամն ակնկալում է մասնագիտական և էթիկայի պահանջների պահպանմամբ հուսալի ու ստուգված տեղեկատվության տրամադրում:

Եվրոպական դատարանը մամուլի ազատությանը տալիս է ուժեղ պաշտպանություն (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 1986 թվականի վճիռը) և մամուլի ազատության համատեքստում կարևոր խնդիրներից է հանրային խոսակցությունների և երրորդ անձանց պնդումների հրապարակումը, որոնք լրագրողները չեն կարող ապացուցել (տե՛ս Թորգիր Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի թիվ 13778/88 գանգատով Եվրոպական դատարանի 24.06.1992 թվականի վճիռը)։ Բացի այդ, լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն։ Իր հերթին Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլև դրանց մատուցման եղանակը (տե՛ս Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 15974/90 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը, Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 72683/01 գանգատով Եվրոպական դատարանի 31.07.2007 թվականի վճիռը)։ Այդուհանդերձ, ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան ճշգրիտ և հուսալի տեղեկություններ տրամադրեն (տե՛ս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 61737/08 գանգատով Եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիռը)։

Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են` ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այլ նպատակներով անձին անվանարկելը, նրա` անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Հրապարակելով որևէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար:

Այսինքն՝ պատասխանատվության միջոցների տարանջատումը պայմանավորված է վերջիններիս գործունեության բնույթով, այդ թվում՝ արհեստավարժությամբ և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան գործելու պարտականությամբ:

Հետևաբար զրպարտության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներից զրպարտություն համարվող տեղեկատվության հերքումը և (կամ) պատասխանի հրապարակումը թեև կիրառելի են նաև սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում արված հրապարակումների դեպքում, այդ թվում՝ սոցիալական ցանցերի մեկնաբանություններ տիրույթում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ, սակայն միայն այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ:

Հակառակ դեպքում (երբ զրպարտչական բնույթ կրող արտահայտությունները կատարողը կամ տարածողը լրատվական գործունեություն իրականացնող չէ) դատական կարգով պաշտպանվելու՝ ոչ նյութական միջոցի կիրառման պահանջ ներկայացնելու և այդպիսի պահանջի բավարարում ստանալու գործիքակազմը բացակայում է:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ զրպարտության դեպքում լրատվական գործունեություն իրականացնող չհանդիսացող անձի նկատմամբ պատասխանատվության ոչ նյութական միջոցների (հերքումը և (կամ) պատասխանի հրապարակումը) կիրառումը հանգեցնում է խոսքի ազատության իրավունքի միջամտության (սահմանափակման), որը նախատեսված չէ օրենքով, ուստի անթույլատրելի է սահմանադրական կարգի ուժով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ տրված մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև վիրավորանքի դեպքում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ կետով (եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, (...)) նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառելիության հարցը պարզելիս:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանե Գևորգյանը 29.04.2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն է հրապարակել:

Դիմելով Դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գևորգյանին պարտավորեցնել www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում հրապարակայնորեն հերքել 29.04.2020 թվականին իր ֆեյսբուքյան նույն էջում «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարության մեջ տեղ գտած և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դատարանը, արձանագրելով, որ «Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված հայտարարությամբ փաստացի տվյալներ է ներկայացրել Արթուր Վանեցյանի մասին, (...)», «Մանե Գևորգյանը փաստացի տվյալները ներկայացրել է facebook.com (Facebook (Ֆեյսբուք)) սոցիալական ցանցի իր էջում, նշված ապացույցի հետազոտման, այն է դատաքննության օրվա՝ 13.04.2021թ. դրությամբ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջում հրապարակումն առկա է եղել նույն բովանդակությամբ, ուստի հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային», «ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը (...)», «պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց ի հիմնավորումն այն փաստի, որ հայտարարության մեջ ներկայացված փաստացի տվյալները համապատասխանում են իրականությանը», «(...) կատարված արտահայտությունները զուրկ են գնահատող դատողություններ լինելուց, (...)», եզրահանգել է, որ «պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունները հանդիսանում են զրպարտություն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերի հիմքով պատասխանողին պատասխանատվությունից ազատելու հիմքերը բացակայում են, հետևաբար պատասխանողը պետք է պատասխանատվություն կրի հայցվորին պատճառած վնասի համար»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցների ընտրության հարցին՝ Դատարանը, ղեկավարվելով վկայակոչված հոդվածի 1-ին կետով, եզրահանգել է, որ հայցվորի պահանջը պետք է բավարարել մասնակի և պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը՝ 00։00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը՝ հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. «(...)»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցների ընտրության հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ նյութական փոխհատուցման վերաբերյալ հայցապահանջին՝ Դատարանը, «հիմք ընդունելով հայցվորի՝ հայցադիմումով հայտնած դիրքորոշումը, այնուհետև վերջինիս ներկայացուցիչների կողմից գործի քննության ընթացքում ներկայացրած փաստարկները, եկել է այն եզրահանգման, որ հայցվորի համար սույն հայցապահանջի ներկայացման բուն նպատակը դա իր անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է, ինչով հայցվորը նպատակ է հետապնդում որպեսզի հանրությունը իրազեկվի այն մասին, որ Մանե Գևորգյանի Հայտարարության մեջ, իր անձի մասին տեղ գտած տեղեկությունները զուրկ են փաստական հիմքից, չեն համապատասխանում իրականությանը և ի վերջո հերքմամբ ներկայացվի օբյեկտիվ, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, իսկ արդյունքում վերականգնվի իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը», «(...) Մանե Գևորգյանի կողմից Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելը ինքնին պետք է բավարար լինի ՀՀ վարչապետի մամլո քարտուղարի համար, որպեսզի նա խուսափի նման գործողությունները կրկնելուց, իսկ մյուս պարագայում էլ համապատասխան հերքման հրապարակումը բավարար կլինի հայցվորի խախտված իրավունքները վերականգնելու համար՝ հաշվի առնելով, որ նույն հարթակում զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելով հանրությունը և մասնավորապես Մանե Գևորգյանի հետևորդները իրազեկվելու են այն մասին, որ 29.04.2020թ. Պատասխանողը զրպարտել է հայցվորին և նրա հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչի արդյունքում կվերականգնվի հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված վնասը», «հաշվի առնելով այն, որ նշված ինստիտուտի նպատակը դատական պաշտպանության միջոցով տուժողի խախտված իրավունքների վերականգնում է», «տվյալ պարագայում նյութական վնասի փոխհատուցմամբ, առավել ևս դրա չափով չէ պայմանավորված հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը վերականգնելը», եզրահանգել է, որ «հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու համար համաչափ, ողջամիտ և արդյունավետ միջոց է պատասխանողի կողմից նույն հարթակում հրապարակային հերքում տարածելուն պարտավորեցնելը»:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «արտահայտությունը առանց բողոք ներկայացրած անձի նախընտրած մասնավորեցմամբ դիտարկելու պայմաններում ակնհայտ է, որ հայցվորի հորը պատկանող ընկերության՝ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող դառնալու վերաբերյալ փաստացի տվյալը ներկայացվել է որպես հայցվորին վերագրված արատավորող գործողությունների ամբողջություն», վերաքննիչ բողոքի փաստարկն այն մասին, որ «այլ կազմակերպության բեռների խոշոր փոխադրող հանդիսանալու փաստը չի կարող արատավորող նշանակություն ունենալ», գնահատել է չհիմնավորված:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի՝ սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «լրատվության կամ լրատվություն իրականացնելու միջոց է համարվում նաև բաժանորդագրությամբ, անվճար հիմունքներով համացանցում համապատասխան տեղեկություններ բովանդակող կայքը: Սույն գործով անվիճելի են, որ համացանցի Facebook սոցիալական կայքում պատասխանող Մանե Գևորգյանն ունի անձնական էջ, իր ֆեյսբուքյան էջում պատասխանողը, հանդիսանալով ՀՀ վարչապետի մամլո խոսնակ, հրապարակել է հայտարարություն, հայտարարությունը ի թիվս այլնի, բովանդակել է հետևյալ տեղեկատվությունը՝ «(...)», նշված արտահայտությունն արվել է հրապարակային», Մանե Գևորգյանի անձնական էջը լրատվության միջոց և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի՝ սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները գնահատել է անհիմն:

Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել Մանե Գևորգյանի կողմից հայցվոր Արթուր Վանեցյանի վերաբերյալ համացանցում հրապարակած տեղեկատվության՝ զրպարտություն լինելու փաստը: Միաժամանակ Դատարանը բավարարել է հայցվոր Արթուր Վանեցյանի կողմից ներկայացված հերքման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:

Այսինքն՝ Դատարանը լրատվական գործունեություն իրականացնող չհանդիսացող Մանե Գևորգյանի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել է հերքում հրապարակելուն պարտավորեցնելը, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է գնահատել Դատարանի եզրահանգումը:

Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանե Գևորգյանը հանդիսացել է «Facebook» համացանցային կայքի օգտատեր, վիճելի արտահայտությունները հրապարակվել են իր՝ որպես «Facebook» համացանցային կայքի օգտատիրոջ անձնական էջում, որը, ինչպես արդեն սույն որոշմամբ պատճառաբանվել է, չի կարող համարվել լրատվության միջոց, իսկ Մանե Գևորգյանը՝ իր անունից լրատվության միջոց տարածող, լրատվական գործունեություն իրականացնող:

Պատասխանատվության նման միջոցի կիրառումը սույն որոշման պատճառաբանությունների ուժով Վճռաբեկ դատարանը դիտում է՝ որպես օրենքով չնախատեսված միջամտություն Մանե Գևորգյանի խոսքի ազատության իրավունքին: Հետևաբար հերքում պահանջելու Արթուր Վանեցյանի պահանջն ու այն բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները Վճռաբեկ դատարանը գնահատում է ոչ իրավաչափ և կիրառելի իրավակարգավորումներից չբխող:

Քննարկվող իրավիճակում պատասխանատվության միջոցների տեսակն ընտրելու հարցում դատարանի հայեցողությունը սահմանափակվում է միայն նյութական փոխհատուցման չափը որոշելու հնարավորությամբ՝ ապահովելով ընտրված միջոցի համաչափությունը, ողջամտությունն ու արդյունավետությունը:

 

Ինչ վերաբերում է «բեռների խոշոր փոխադրող» արտահայտության՝ զրպարտություն չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի՝ վերաքննիչ բողոքում ներկայացված նույնաբովանդակ փաստարկին, եզրահանգել է, որ «արտահայտությունն առանց բողոք ներկայացրած անձի նախընտրած մասնավորեցման դիտարկելու պայմաններում ակնհայտ է, որ հայցվորի հորը պատկանող ընկերության՝ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող դառնալու վերաբերյալ փաստացի տվյալը ներկայացվել է որպես հայցվորին վերագրված արատավորող գործողությունների ամբողջություն»:

Վերոշարադրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը գնահատել է ոչ թե համատեքստի առանձին բաղադրիչները, դրանում տեղ գտած առանձին բառերն ու արտահայտությունները, այլ համատեքստի բովանդակությունը՝ որպես մեկ ամբողջություն:

Այսպես՝ համացանցում կատարված գրառման բովանդակությամբ հաղորդվել է տեղեկություն՝ այլ անձի կողմից նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ ունենալու վերաբերյալ:

Միաժամանակ որպես այդ նույն ապօրինի փայաբաժիններն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռքբերող է ներկայացվել հայցվորը:

Նշված տեղեկատվությանն անմիջապես հաջորդում է նախադասություն այն մասին, որ հայցվորի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող։

Այսինքն՝ իրար հաջորդող նախադասությունների և դրանցում տեղ գտած որակումների միջև պատճառահետևանքային կապն առկա է, ուստի «բեռների խոշոր փոխադրող» լինելը զրպարտություն չհամարվելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի նշված փաստարկը Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ստորադաս դատարանները կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով հանգել են Արթուր Վանեցյանի կողմից ներկայացված հերքման պահանջը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը բեկանելու և սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու մասին հայցապահանջը մերժելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին

Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված է յուրաքանչյուր անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներով արձանագրվել է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, կարող է ենթակա լինել սահմանափակումների. դրանք թույլատրվում են անուղղակի ձևով, քանի որ մատչելիության իրավունքը «իր բուն էությամբ» պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է տարբերվել ժամանակի և տարածության մեջ՝ ըստ հասարակության և անհատների կարիքների ու միջոցների։ Նման կարգավորում սահմանելով՝ Պայմանավորվող պետություններն ունենում են հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ։ Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումներով չպետք է սահմանափակվեն անհատին տրամադրված՝ դատարանի մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։ Արդյունքում՝

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, ի թիվս այլնի, Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի որոշումը, պարբ. 78, Սահմանադրական դատարանի 19.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1420 և ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի թիվ ԿԴ/0412/02/18 որոշումները):

Քաղաքացիաիրավական կառուցակարգերն առաջին հերթին պետք է լիարժեքորեն ապահովեն մարդու իրավունքների և ազատությունների՝ որպես հիմնական սոցիալական արժեքի պաշտպանությունը՝ սահմանադրաիրավական և կոնվենցիոն պահանջներին, որակներին և ընկալումներին համապատասխան։ Արդարադատության գլխավոր նպատակը մարդու իրավունքների և ազատությունների՝ որպես հիմնական սոցիալական արժեքի պաշտպանությունն է, որը սույն դեպքում դատավարական օրենքի ձևական իրացման արդյունքում կարող է չիրականանալ:

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը: Մինչդեռ դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատական պաշտպանության իրավունքը, ըստ էության արդյունավետորեն չի ապահովվում:

Սույն որոշմամբ, Վճռաբեկ դատարանն, ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով առաջին անգամ է ուղենիշային նշանակության դիրքորոշում հայտնում իրավունքի պաշտպանության եղանակների վերաբերյալ։ Արդյունքում, սույն քաղաքացիական գործի դատավարական գործընթացները հանգեցնում են նրան, որ հաստատված է համարվում զրպարտության փաստը, միևնույն ժամանակ իրավունքի պաշտպանության ոչ նյութական եղանակը սույն գործով կիրառելի չի համարվում։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ որպես իր խախտված իրավունքի պաշտպանության եղանակ հայցվորի կողմից ներկայացվել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական պահանջ։ Դատարանն, ըստ էության, քննության առարկա չի դարձրել նյութական հատուցման հարցը՝ բավարարելով միայն ոչ նյութական՝ հերքման պահանջը՝ հիմք ընդունելով հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված վնասը ոչ նյութական միջոցով վերականգնելու հնարավորության բավարարությունն ու տվյալ միջոցի համաչափությունը հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասին։ Հայցվորը նյութական վնասը հատուցելու մասով դատական ակտը չի բողոքարկել՝ ըստ էության համաձայնելով իրավունքի պաշտպանության ոչ նյութական հատուցման եղանակի հետ։

Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ սույն գործով հաստատված է զրպարտության փաստը, միաժամանակ սույն որոշման պատճառաբանությունների ուժով և գործի փաստերի հաշվառմամբ ոչ նյութական միջոց կիրառելու պահանջը ենթակա է մերժման, ձևական դատավարական նորմերի կիրառմամբ հայցվորը, ըստ էության, զրկվելու է իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, այն է՝ նյութական միջոցի բռնագանձմամբ իրավունքը պաշտպանելու իրավունքից։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավունքի գերակայության՝ արդյունավետ դատական պաշտպանության միջոց ապահովելու պահանջի հետ համադրելի չէ դիմողին զրպարտելու հանգամանքը հաստատված համարելը, սակայն ձևական դատավարական նորմերի կիրառմամբ իրավունքը օրենքով նախատեսված որևէ եղանակով չպաշտպանելը։

Վճռաբեկ դատարանը՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին, կաշկանդված լինելով մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքով, հաշվի առնելով իրավունքի գերակայության սկզբունքի և կիրառվող օրենսդրության անհամատեղելիությունը, գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է նախապատվություն տալ իրավունքի գերակայությանը և նյութական փոխհատուցման պահանջի մասով գործը քննելու նպատակով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննություն։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի սխալ կիրառման պայմաններում սույն որոշմամբ նշված ծավալով գործի քննությունն իրականացնելու նպատակով տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով գործը մասնակիորեն նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործը մասնակիորեն ուղարկվում է նյութական փոխհատուցման պահանջի մասով նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշումը

11 Զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասով փոփոխել. Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, մերժել;

12 Նյութական փոխհատուցման պահանջի մասով գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Դատավոր

Արսեն Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: