ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2685-Ա |
«17» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), (ենթակապալառու՝ «ԱՄՐՈՑ-22» ՍՊԸ) միջև 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/124 ծածկագրով աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N 148 մանկապարտեզի քանդման, տեղում տիպային մանկապարտեզի կառուցման, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման, Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճի և տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետ՝ աշխատանք)՝ համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականություների իրացման արդյունքում պարզվել է, որ Ընկերության կողմից չեն պահպանվել պայմանագրի 1.2 կետով սահմանված աշխատանքների կատարման ժամկետները:
Ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն է ներկայացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ:
Հաշվի առնելով թերությունների ծավալը Ընկերության ներկայացուցչին տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունների վերացման համար:
Ընկերության կողմից 06.06.2024 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն է ներկայացվել նախագծանախահաշվային փոփոխված փաթեթները:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված փաստաթղթերում կրկին առկա են բազմաթիվ թերություններ, ինպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն համապատասխանում տեխնիկական բնութագրին: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման նախագծի կազմման տեխնիկական բնութագրում նշված արևային ֆոտովոլտային կայանը բացակայում է գծագրական մասում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծի կազմման տեխնիկական բնութագրում նշված ինժեներաերկրաբանական հետազոտության եզրակացությունը բացակայում է ներկայացված փաթեթում:
Բացի վերը նշված թերություններից նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա են նաև բազմաթիվ այլ թերություններ, մասնավորապես.
1. Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր.
● սալվածքի բետոնե ձևավոր սալերը փոխարինել բրեկչայով, կտրվածքում նախատեսված է բրեկչա,
● նախագծի էջերում նշված չեն թեքահարթակները, մուտքի թեքահարթակի չափսերը և թեքությունը չի համապատասխանում նորմային,
● թերթ 19-ում պատի շերտի հանգույցում նշել չափերը և նյութերը,
● պատուհանների և դռների մասնագրերը բացակայում են,
● թեղնահարկի պատուհանի գծագրերը կտրվածքում և հատակագծում չեն համապատասխանում իրար,
● թերթ 37 ում հատակի կտրվածքում նշված չեն կառուցվածքը և չափսերը, չկան աստիճանների գծագրերը և չափսրը, նշված չի բեմի ճակատային մասի երեսպատման նյութը,
● շենքի ճակատային մասի երեսպատման կտրվածքը և չափսերը բացակայում են,
● արտաքին ջերմամեկուսացման կտրվածքը և հանգույցը բացակայում է,
● նախահաշվում բացակայում է բեմի մանրահատիկից հատակը,
2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր.
● վերանայել և շտկել պարզունակների և հիմքերի նիշերը,
● նախատեսել քիվ /կառնիզ/ թիթեղից,
● նոր կառուցվող շենքի տանիքի և առկա շինության տանիքի հատման հատվածի, նոր կառուցվող շենքի տանիքի և առկա շինության պատի հատվածում ջրահեռացման և ջրամկուսացման մասին չկան հանգույցներ և գծագրեր,
● բացակայում է ճակատային մասի ջրամեկուսացման հանգույցները և մասնագրերը,
● ծածկի ջրամեկուսիչ շերտը բացակայում է,
● բացակայում է տանիքի հատակագիծը և ջրահեռացման սխեման,
● բացակայում է դռների և պատուհանների մասնագիրը,
● նախահաշվում բրեկչայի փոխարեն նախատեսված է սալիկից սալվածք,
● կառույցի հատակի նիշը տրված է հողի նիշին հավասար, որը անհրաժեշտ է նախատեսել 0.15մ բարձր մայթից ըստ «ՀՀՇՆ 31-03 10 դեկտեմբերի 2020 թվականի N 95 Ն» որոշման:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից 11.06.2024 թվականին «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանն է հասցեագրել թիվ 16/89606-24 գրությունը՝ վերոնշյալ թերությունները երկօրյա ժամկետում վերացնելու նպատակով, այնինչ սահմանված ժամկետում նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն ներկայացվել:
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի ա) ենթակետի պահանջով՝ միակողմանի մասնակի (Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մասով) լուծել է կնքված Պայմանագիրը։
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի հուլիսի 8-ին և պայմանագիրը հուլիսի 9-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |