Գլխավոր տեղեկություն
Համար
N 2663-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2663-Ա

«15» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մինաս Սարգսյանի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարարարություն:

Ուսումնասիրելով Մինաս Սարգսյանի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարչարարության շրջանակներում ստացված ապացույցներն ու տեղեկատվությունը, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Մինաս Սարգսյանի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումում նշված փաստերի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի դիմաց կայանված` Մինաս Սարգսյանի սեփականությունը հանդիսացող (հաշվառման վկայագիր թիվ PB469885) «Audi A6» մակնիշի 36MT998 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենային պատճառվել է վնաս:

Մինաս Սարգսյանը 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումով, ներկայացնելով «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 12-ին տրված թիվ 0058/24-Պ եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել իր գույքին պատճառված վնասը:

Թիվ Դ-56961-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի մայիսի 8-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա հասցեում 2024 թվականի ապրիլի 8-ին ուժեղ քամու հետևանքով կենսունակության ավարտին մոտ գտնվող հացենու կենսունակ ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Մինաս Սարգսյանին պատկանող «Audi A6» մակնիշի 36MT998 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին ուղղված՝ 2024 թվականի ապրիլի 8-ի զեկուցագրի համաձայն՝ նույն օրը Վարդան Սարգսյանից ստացված հաղորդման կապակցությամբ այց է կատարվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի դիմացի հատված, որտեղ քամու պատճառով ծառը կոտրվել և ընկել է «Audi A6» մակնիշի 36MT998 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա և վնասել այն:

Հայաստանի Հանրապետության շրջական միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 08/ԼԱ/-779 գրության համաձայն՝ Երևան քաղաքում ըստ նույն կազմակերպության Երևան քաղաքի օդերևութաբանական կայանների տվյալների՝ 2024 թվականի ապրիլի 8-ին քամու ուժգնացում չի դիտվել, քամու առավելագույն պոռթկումը գրանցվել է 6մ/վրկ:

«Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի ապրիլի 12-ին տրված թիվ 0058/24-Պ եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված 2009 թվականի արտադրության «Audi A6» մակնիշի, WAUFGAFB4AN035226 նույնականացման (VIN) համարով ավտոմեքենայի վնասի վերականգնման ծախսերի շուկայական արժեքը, փորձաքննության ժամանակահատվածի դրությամբ, կազմում է 335,000 (երեք հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ սահմանված՝ քամու ուժի սանդղակի 4-րդ տողի համաձայն՝ քամու ուժգնության գնահատման Բոսֆորի սանդղակի 5.5-7.9մ/վրկ արագությամբ քամին բնութագրվում է «մեղմ», որի ժամանակ տատանվում են ծառերի բարակ ճյուղերը, քամին բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները:

Թիվ Դ-56961-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Մինաս Սարգսյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված հաղորդման կապակցությամբ 2024 թվականի ապրիլի 8-ին կազմված զեկուցագիրը և «Հասցե այցելության վերաբերյալ» արձանագրությունը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 08/ԼԱ/-779 գրությունը, «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 0058/24-Պ եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Մինաս Սարգսյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Հայաստանի անկախ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 0058/24-Պ եզրակացության համաձայն՝ «Audi A6» մակնիշի 36MT998 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 335,000 (երեք հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Մինաս Սարգսյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան