Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

1 հունիսի 2019 թվականի N 658-Լ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 744-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 742-Լ որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունիսի 1

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 1-ի N 658-Լ որոշման

           

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

     

Հայաստանի Հանրապետության ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ նախարարության

    

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) ռուսերեն` Министерство экономики Республики Армения.

3) անգլերեն` The Ministry of Economy of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministe`re de l'Economie de la Re´publique d'Arme´nie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, նախարարի օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները, նախարարությանը ենթակա մարմինները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

     

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

      

9. Նախարարության նպատակներն են տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) մրցակցային պայմանների բարելավումը.

2) գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանումը, կայուն տնտեսական զարգացումը և տնտեսության մրցունակության բարձրացումը, այդ թվում՝ կանաչ տնտեսության և տնտեսական արդիականացման միջոցով.

3) ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը.

4) միջազգային տնտեսական կապերի և արտաքին առևտրի զարգացումը․

5) արդյունաբերության մրցունակության բարձրացումը և տեխնոլոգիական արդիականացումը.

5.1) արդյունաբերության, այդ թվում՝ ծանր արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, արևային և այլընտրանքային տեխնոլոգիաների, թեթև և ստեղծագործ արդյունաբերության զարգացումը․ 

6) զբոսաշրջության և վերջինիս առնչվող ճյուղերի մրցունակության բարձրացումը.

7) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

8) որակի ենթակառուցվածքի զարգացումը.

9) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.

9.1) ֆինանսական հասանելիությունը, կապիտալի շուկայի զարգացումը, նորարարական ֆինանսական մեխանիզմների ձևավորումը.

10) մտավոր սեփականության պահպանության համակարգի և ստեղծարար արդյունաբերության զարգացումը.

11) հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը.

12) գյուղատնտեսության և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտների զարգացման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ապահովումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ագրարային քաղաքականության իրականացումը.

14) գյուղատնտեսության ոլորտում տեխնիկո-տեխնոլոգիական վերազինումը և ինովացիոն լուծումների ներդնումը.

15) բարձրարժեք և արդյունաբերականացված գյուղատնտեսության խթանումը.

16) օրգանական գյուղատնտեսության խթանումը.

17) Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացումը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

18) գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը.

19) արտադրության բոլոր փուլերում սպառողների համար միջազգայնորեն ընդունված անվտանգության պահանջներին համապատասխան ապրանքների ապահովումը.

20) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը.

21) անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների զարգացումը.

22) տարածքային տնտեսական զարգացումը:

(10-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 18.03.22 N 283-Լ)

      

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

    

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն.

2) առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ.

3) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ.

4) համակարգում է տնտեսության զարգացման հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման գործընթացը, իրականացնում դրանց ընթացքի դիտանցում և արդյունքների գնահատում.

5) համակարգում և դիտանցում է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերը.

6) ապահովում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առևտրի և առևտրին առնչվող դրույթների իրականացումը և առևտրատնտեսական համագործակցությունը.

7) ապահովում է Եվրոպական միության կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում արտահանման գործընթացների դյուրացումը, գրանցված արտահանողների համակարգի կիրառումը.

8) նախապատրաստում և կազմակերպում է նախարարության կողմից համակարգվող առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ու երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը և աշխատանքային խմբերի նիստերի անցկացումը.

9) իրականացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության և ստանձնած պարտավորությունների ապահովման աշխատանքները.

10) մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ․

11) մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր.

12) մշակում է պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականությունը.

13) մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները.

14) իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.

15) առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում․

16) մշակում և իրականացնում է ձեռներեցության այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության և ֆինանսների հասանելությունն ապահովող անհրաժեշտ շուկայական գործիքների ու մեխանիզմների, զարգացման քաղաքականությունը, խորացնում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության և ֆինանսների հասանելությունն ապահովող անհրաժեշտ շուկայական գործիքների ու մեխանիզմների, աջակցման ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ.

16.1) մշակում և իրականացնում է գիտելիքահենք տնտեսության ձևավորման և զարգացման, այդ թվում՝ մտավոր սեփականության պահպանության և ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացման, մտավոր սեփականության առևտրայնացման, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանն ուղղված քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և դրանց դիտանցումը.

16.2) մշակում է գործարար միությունների, ասոցիացիաների և պալատների զարգացման քաղաքականությունը, ապահովում է պետություն-մասնավոր երկխոսության (այսուհետ՝ ՊՄԵ) ինստիտուցիոնալ կայացումը, համակարգում է ՊՄԵ ոլորտային հարթակների աշխատանքները.

17) մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

18) մշակում և իրականացնում է արդյունաբերական ներուժի ընդլայնման և մրցունակության բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականությունը՝ ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը, երկակի նշանակության ապրանքների և ծագման երկրի սերտիֆիկացման փաստաթղթերին առնչվող օրենսդրական կարգավորումների մշակումը, վերջին մրցակցային տեխնոլոգիաների կիրառման միջոցով տարածաշրջանային և համաշխարհային առաջընթացներին մասնակցությունը և իրականացումը.

18.1) մշակում և իրականացնում է արդյունաբերության, այդ թվում՝ ծանր արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, արևային և այլընտրանքային տեխնոլոգիաների, թեթև և ստեղծագործ արդյունաբերության քաղաքականությունը.

18․2) մշակում և իրականացնում է կայուն և կանաչ տնտեսական զարգացման քաղաքականությունը, ապահովում է երկրի կանաչ վերափոխման ռազմավարական ծրագրերի իրագործումը.

19) մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը.

20) մշակում և իրականացնում է արտահանման զարգացման, ինչպես նաև արտաքին առևտրի քաղաքականությունը, նպաստում է միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը և զարգացմանը.

21) ձևավորում է պետական և մասնավոր հատվածի համագործակցության ոլորտային հարթակներ.

22) մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը, ֆինանսական հասանելիության և կապիտալի շուկայի զարգացման մեխանիզմները և կարգավորումները.

23) մշակում է սպառողների անվտանգության ապահովման մեխանիզմները, մասնակցում է առևտրի և ծառայությունների ոլորտի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում և իրականացնում է ներքին շուկայի զարգացմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր.

24) մշակում և համակարգում է որակի ենթակառուցվածքի` տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավատարմագրման ոլորտների պետական քաղաքականությունը՝ ապահովելով անվտանգ արտադրանքի ներքին և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու համակարգումը.

25) իրականացնում է համապատասխանության գնահատման մարմինների նշանակման, արտադրանքի ցուցանիշների փորձարկումների (չափումների) ճշգրիտ արդյունքներ ապահովող ռեֆերենսային (էտալոնային) լաբորատորիաների ճանաչման գործընթացները.

26) մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը.

27) մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները.

28) մշակում է ներդրումների ներգրավման քաղաքականությունը և օրենսդրական դաշտը.

29) մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.

30) բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայր.

31) մշակում և իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը.

32) կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները.

33) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

34) իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, ինչպես նաև լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.

34.1) իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում.

35) մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը.

36) ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

37) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

38) գյուղատնտեսության ռիսկերի կառավարման քաղաքականության մշակումը.

39) մշակում է ագրովերամշակման, անասնաբուծության, բուսաբուծության, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և որակի, գյուղատնտեսական կոոպերացիայի և գյուղատնտեսական հողերի շուկայի զարգացման քաղաքականությունը.

40) մշակում է ագրովերամշակման, բուսաբուծության և բուսասանիտարիայի, անասնաբուծության և տոհմային գործի, արդյունագործական ձկնաբուծության զարգացման, անասնաբուժության և հակաանասնահամաճարակային միջոցառումների, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության տեխնիկական վերազինմանն ուղղված, գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցումը.

40․1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը, ինչպես նաև կերային հավելումների ռեեստրի վարումը.

41) գյուղատնտեսական արտադրանքի իրացման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում.

42) նախարարության իրավասության ոլորտներում առկա չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման գործընթացին աջակցություն.

43) ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

44) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.

45) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության ծրագրերի մշակում, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատում, դրանց լուծման մոտեցումների ձևավորում և իրականացվող ծրագրերի մոնիթորինգ.

46) գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման բնագավառի ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

47) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

48) մշակում է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները.

49) Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), Եվրոպական միությունում (ԵՄ), Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և միջազգային մասնագիտական մարմիններում և կառույցներում Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերի ներկայացման ապահովումը.

50) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 18.03.22 N 283-Լ, լրաց. 03.05.24 N 413-Լ, 07.06.24 N 540-Լ, փոփ. 26.07.24 N 701-Լ)

11.1 Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով` նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

   

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը (խորհրդականները), օգնականը (օգնականները), մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի տեղակալներից յուրաքանչյուրի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարությանը ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների, հիմնադրամների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

20) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների, հիմնադրամների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

21) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին, հիմնադրամին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի, նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

11) կազմակերպում և համակարգում է նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը:

27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը՝

1) կազմում է իր աշխատանքային ծրագրերը՝ համաձայնեցնելով դրանք նախարարի հետ.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) նախարարի հրամանով կարող է համակարգել նախարարության որոշակի գործառույթներ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի հանձնարարութամբ ներկայացնում է նախարարության դիրքորոշումն արտասահմանյան երկկողմ հարաբերություններում և միջազգային կառույցներում.

6) նախարարի հրամանով կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

8) նախարարի հանձնարարությամբ կարող է կազմակերպել քաղաքացիների և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելություն.

9) կարող է ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

10) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։

29. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) ներկայացնում է նախարարի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։

30. Նախարարի օգնականը՝

1) հաշվետու է անմիջապես նախարարին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) առաջարկություններ է ներկայացնում նախարարին՝ ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին և քննարկումներին.

5) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարին.

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարի տեղակալին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների հետ և նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականներ։

   

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

    

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

2) սննդամթերքի անվտանգության վարչությունը.

3) ագրովերամշակման վարչությունը.

4) գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչությունը.

5) գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչությունը.

6) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը.

7) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

8) որակի ենթակառուցվածքի զարգացման վարչությունը.

9) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

10) Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչությունը.

11) առևտրի և ինտեգրացիայիուղղ. վարչությունը.

12) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

13) հանրային ներդրումների վարչությունը.

14) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

15) անասնաբուծության վարչությունը.

16) բուսաբուծության վարչությունը.

17) արդյունաբերության քաղաքականության վարչությունը.

18) թեթև արդյունաբերության վարչությունը.

19) ձեռներեցության վարչությունը․

20) գիտելիքահենք տնտեսության վարչությունը.

21) գործարար միջավայրի վարչությունը․

22) ներդրումային ծրագրերի վարչությունը.

23) միջազգային համագործակցության վարչությունը.

24) տնտեսական հետազոտությունների վարչությունը.

25) ռազմավարական ոլորտների վարչությունը.

26) ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունը:

(32-րդ կետը լրաց. 18.10.19 N 1503-Լ, փոփ., լրաց. 18.03.22 N 283-L)

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) իրավաբանական վարչությունը.

2) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը.

3) լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.

4) անձնակազմի կառավարման վարչությունը.

5) գործերի կառավարման վարչությունը.

6) քարտուղարությունը.

7) առաջին բաժինը.

8) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժինը.

9) (ենթակետն ուժը կորցրել է 18.03.22 N 283-Լ)

10) (ենթակետն ուժը կորցրել է 06.12.19 N 1827-Լ)

11) լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:

(33-րդ կետը փոփ. 06.12.19 N 1827-Լ, փոփ., լրաց. 18.03.22 N 283-Լ)

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

    

34. Նախարարության գրասենյակն է՝

1) Մտավոր սեփականության գրասենյակը:

2) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 702-Լ)

3) (ենթակետն ուժը կորցրել է 18.10.19 N 1503-Լ)

4) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 702-Լ)

(34-րդ կետը փոփ. 18.10.19 N 1503-Լ, 01.07.21 N 702-Լ)

   

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

    

35. Նախարարությանը ենթակա մարմինն է՝

1) Զբոսաշրջության կոմիտեն:

     

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

   

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39.Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար պետական գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

   

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը լրաց., փոփ. 18.10.19 N 1503-Լ, փոփ. 06.12.19 N 1827-Լ, 01.07.21 N 702-Լ, լրաց., խմբ., փոփ. 18.03.22 N 283-Լ, լրաց. 03.05.24 N 413-Լ, 07.06.24 N 540-Լ, փոփ. 26.07.24 N 701-Լ)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան