Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր ԴՀարությունյան

ԵԴ/1385/01/20

 

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝դատավորներ՝

 Մ. Արղամանյան

 ԼԱբգարյան

 ԱԲեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆի

 

 

Ս. Օհանյանի

23 հունվարի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Սևակ Ռուբիկի Խոստեղյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12899820 քրեական գործը, որը նույն օրն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Նելլի Փաշինյանը ճանաչվել է տուժող։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Սևակ Խոստեղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։

2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Սևակ Խոստեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2020 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով, ՍԽոստեղյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անպարտ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

 3 Մեղադրող Վ.Հարությունյանի և տուժող Նելլի Փաշինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ բողոքները մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը՝ բեկանել և փոփոխել։
Ս
Խոստեղյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք)  և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ ՍԽոստեղյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, խախտելով ապացույցների գնահատման կանոնները, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը, իրեն մեղսագրված արարքի հակաիրավականության հարցում հանգել է սխալ եզրահանգման։

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը նախ փաստարկել է, որ տուժողի և վկա ԱԽոստեղյանի ցուցմունքները չէին կարող համարվել արժանահավատ, քանի որ վերջիններս իր հետ գտնվում են ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ և նրանց կողմից  մեղադրական ցուցմունքներ տալը կարող է պայմանավորված լինել իրենց հարաբերությունների բնույթով։

5.1. Բացի այդ, բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է մեղադրական եզրակացության հիմքում դրված փաստական հանգամանքները և մեղսագրված արարքի նկարագրական մասի սահմաններից դուրս գալով՝ իրեն մեղավոր է ճանաչել այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ներառված չեն եղել մեղադրանքի ծավալում։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սևակ Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար «(…) 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցի 23/8 շենքի 2ա բնակարանում, իր կնոջ՝ Նելլի Փաշինյանի միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ տեսնելով, որ Նելլի Փաշինյանի ձախ ձեռքը գտնվել է դռան արանքում, դիտավորությամբ փակել է դուռը, որի հետևանքով Նելլի Փաշինյանին պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ձախ դաստակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջնջխված վերքի և եղնգային ֆալանգի եզրային կոտրվածքի ձևով (…)»1։

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի համաձայն՝ «(...) Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով Սևակ Խոստեղյանի մեղադրանքը չի հիմնավորվել:

Սևակ Խոստեղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված չէ:

(…) Դատարանը չի կարող Սևակ Խոստեղյանի ցուցմունքը՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս չպատճառելու վերաբերյալ՝ դիտել ոչ արժանահավատ:

Բացի այդ, Դատարանն արձանագրում է նաև, որ նախաքննական մարմինը չի կարողացել հստակ ապացուցված համարել ամբաստանյալի մեղքի տեսակը, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը չի բովանդակում, թե նրա արարքում դիտավորյալ մեղքի որ տեսակն է առկա՝ ուղղակի, թե անուղղակի դիտավորությունը, ինչով էլ պայմանավորված փաստվում է, որ նախաքննական մարմինն էլ ևս չի կարողացել ամբաստանյալի մեղքի ապացուցման առումով հստակ եզրահանգման գալ: Նման պարագայում փաստվում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, մասնավորապես առաջադրված մեղադրանքում չի բացահայտվել դիտավորյալ մեղքի տեսակը, որը կարևոր հանգամանք է, թե՛ մեղադրյալի կողմից պաշտպանության իրավունքի իրացման, թե՛ մեղադրյալի գործողությունները գնահատելու համար:

Այդ կապակցությամբ Դատարանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալը չի վիճարկել, որ ինքն է դուռը փակել, որի արդյունքում էլ տուժողին միջին ծանրության վնաս է պատճառվել, այդուհանդերձ Դատարանը գտնում է, որ նշվածն ինքնին բավարար չէ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված համարելու համար։

Հարկ է նշել, որ թույլատրելի և արժանահավատ համարվող ապացույցները բավարար չեն, որպիսի հնարավոր լինի դրանք գնահատել որպես հիմնավոր կասկածից վեր չափանիշ ապահովող փաստական տվյալներ և դրանց տալ այնպիսի ապացուցողական արժեք, որով հաստատված կհամարվի ամբաստանյալին վերագրվող արարքի՝ վերջինիս կողմից կատարված լինելու փաստը: Դրանք բավարար են բացառապես հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար:

Այլ կերպ ասած՝ առկա թույլատրելի ապացույցները թերևս սկզբնական փուլում կարող էին մեղադրական մեկնաբանման դեպքում բավարար լինել անձին կասկածելու կամ մեղադրանք առաջադրելու, բայց ոչ բավարար մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Վերոհիշյալ փաստերի հիման վրա Դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա, հատկապես՝ դրանց վերաբերյալ վերլուծությամբ, գնահատականներով, ամբաuտանյալի մեղավորության մաuին չփարատվող բոլոր կաuկածները նրա oգտին մեկնաբանելով ու անդրադառնալով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, գալիս է այն եզրահանգման և արձանագրում է, որ ապացուցված չէ Սևակ Ռուբիկի Խոստեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:

Նման պայմաններում քրեական գործի քննության արդյունքում այնուամենայնիվ առհասարակ չի հաստատվել, որ Սևակ [Խոստեղյանը] դիտավորությամբ է Նելլի Փաշինյանին պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ մեղքի անզգույշ ձևով Նելլի Փաշինյանին մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև վիճաբանության ժամանակ տուժողին հարվածներ հասցնելու հանգամանքներին Դատարանը չի կարող անդրադառնալ, քանի որ նման դեպքում Դատարանը դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից և կխախտի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Ի թիվս վերոգրյալի հարկ է նշել, որ քրեական գործը ի սկզբանե քննվել է մասնավոր մեղադրանքի հիման վրա և մեկ այլ մասնավոր մեղադրանքի անցումը, վերաորակումը Դատարանի կողմից անթույլատրելի է, նույնիսկ արարքը ապացուցված համարելու կամ մեղադրանքի սահմանների խնդրի բացակայության դեպքում:

(...) Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Սևակ Ռուբիկի Խոստեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով»2:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դատախազ Վ.Հարությունյանի և տուժող Ն.Փաշինյանի վերաքննիչ բողոքները պետք է բավարարել մասնակիորեն և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 [թվականի] դեկտեմբերի 21-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Սևակ Ռուբիկի Խոստեղյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել, Սևակ Խոստեղյանին մեղավոր ճանաչել 2021 [թվականի] մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել տուգանքի՝ 70.000 ՀՀ դրամի չափով։

(…)

[Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված վերոշարադրյալ ապացույցներն ինքնին բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով Սևակ Խոստեղյանի մեղքը հաստատված համարելու համար, ամբաստանյալին արդարացնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 [թվականի] դեկտեմբերի 21-ի դատավճիռը չի համապատասխանում քրեական գործի փաստական հանգամանքներին, դատավճռում արված հետևություններ[ը] և մեկնաբանությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսդրության պահանջներից, դատարանը ճիշտ չի գնահատել ապացույցները, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման և մեկնաբանման, որը 1998 [թվականի] հուլիսի 1-ի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 397-րդ և 398-րդ հոդվածների հիման վրա դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Սևակ Խոստեղյանի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու հիմք է:

(…)

Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում վերաքննիչ դատարանը հաստատված է համարում հետևյալը՝

- 2020 [թվականի] նոյեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ամբաստանյալ Սևակ Խոստեղյանի և տուժող Նելլի Փաշինյանի միջև կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն։

- Վիճաբանության ընթացքում Սևակ Խոստեղյանը փակել է Երևան քաղաքի Արցախի փողոցի 23/8 հասցեում գտնվող տան հյուրասենյակը և միջանցքը բաժանող դուռը, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանի՝ դռան տակ գտնվող մատը վնասվել է։ Ընդ որում, նշված հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են դեպքի բոլոր մասնակիցները՝ ամբաստանյալը, տուժողը և նրանց դուստր Անիտա Խոստեղյանը։

- ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 1645 եզրակացության համաձայն՝ Նելլի Փաշինյանի ստացած վնասվածքները՝ ձախ դաստակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջնջխված վերքը և եղնգային ֆալանգի եզրային կոտրվածքը, պատճառվել են բութ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում և հանգամանքներում, ինչի արդյունքում տուժողի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Ըստ նշված եզրակացության՝ վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը կազմում է 21 օրից ավելի։

Վերոգրյալի հետ մեկտեղ տուժող Նելլի Փաշինյանը և վկա Անիտա Խոստեղյանը ցուցմունք են տվել և պնդել են, որ հյուրասենյակի դուռը փակելիս Սևակ Խոստեղյանը կանգնած է եղել դեմքով դեպի Նելլի Փաշինյանը և տեսել է, որ Նելլի Փաշինյանի ձեռքը դռան արանքում է։ Առաջին անգամ դուռը փակելիս Սևակ Խոստեղյանը նկատել է, որ դուռը չի փակվել, քանի որ առկա է արգելք, սակայն ննջասենյակի դուռը հետ տանելով՝ այն ավելի ուժեղ է փակել, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանին պատճառվել է մարմնական վնասվածք։

(…)

Տուժող Նելլի Փաշինյանի ձեռքը ննջասենյակի դռան արանքում գտնվելը Սևակ Խոստեղյանի կողմից նկատված լինելու և այդ պայմաններում դուռը երկու անգամ փակելու հանգամանքն իրենց ցուցմունքներում հաստատել են ինչպես տուժողը, այնպես էլ գործով վկա Ա.Խոստեղյանը։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պայմանավորված դեպքի վայրի և ժամանակի առանձնահատկություններով (հանցավոր արարքը կատարվել է գիշերային ժամին բնակարանում), դեպքի ընթացքը տուժողից, Ա.Խոստեղյանից և ամբաստանյալից բացի որևէ այլ անձի կողմից օբյեկտիվորեն չէր կարող ընկալվել։ Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ գործի նյութերում առկա չէ և վերաքննիչ դատարանում դատաքննությամբ չի ներկայացվել որևէ փաստական հանգամանք, որը կարող էր օբյեկտիվորեն հիմք հանդիսանալ Նելլի Փաշինյանի և Անիտա Խոստեղյանի ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու համար, ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն նրանց և ամբաստանյալի հարաբերությունների բնույթով վերջինների կողմից հայտնած տեղեկատվությունն անարժանահավատ դիտարկելն իրավաչափ չէ և դրա արդյունքում խաթարվում է ապացույցին կանխակալ մոտեցում չցուցաբերելու քրեադատավարական արգելքը։ Այս առումով վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ թեև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ն.Փաշինյանի ու Ա.Խոստեղյանի և ամբաստանյալի ցուցմունքներն անարժանահավատ գնահատելը պատճառաբանել է նրանց և ամբաստանյալի միջև առկա լարված հարաբերություններով, սակայն միևնույն ժամանակ արդարացման դատավճռի հիմքում որպես հաստատված փաստ դրել է դեպքի՝ Սևակ Խոստեղյանի կողմից ներկայացված նկարագրությունն այն դեպքում, երբ դրանց իրականությանը համապատասխանությունը գործով առկա որևէ այլ ապացույցով չի հաստատվում։

[Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չհամարելով ամբաստանյալ Սևակ Խոստեղյանի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման համար, գտնելով, որ առկա չէ ապացույցների բավարար ամբողջություն, որով կհաստատվեր վերը նկարագրված գործողությունները ամբաստանյալի կողմից կատարելու փաստը և արարքում հանցակազմի բացակայության հիմքով ճանաչելով և հռչակելով Սևակ Խոստեղյանի անմեղությունը, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել գործում առկա ապացույցները և հանգել է սխալ եզրահանգման։

Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, իրավաչափորեն արձանագրելով գործի փաստական հանգամանքներով Սևակ Խոստեղյանի կողմից ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ Նելլի Փաշինյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքը հաստատված չլինելը, միևնույն ժամանակ քննարկման առարկա չի դարձրել իր գործողությունների հետևանքների նկատմամբ մեղքի անզգույշ ձև դրսևորելու հանգամանքը, գտնելով, որ տվյալ պարագայում դատարանը դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից և կխախտի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը։

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համատեքստում վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանցագործությունն ավելի թեթև պատասխանատվություն նախատեսող հոդվածով վերաորակելու հնարավորություն նախատեսելով օրենսդիրը վերաքննիչ դատարանին լիազորում է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, որպիսի կարգավորումն ուղղված է ամբաստանյալի իրավունքների պաշտպանությանը՝ նրա իրավական վիճակը բարելավելու և արդարացի դատական ակտի առկայությունը ապահովելու միջոցով: Նման մեկնաբանությունը բխում է նաև քրեական դատավարության նպատակներից ևս մեկի՝ տուժողի խախտված իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից։

Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սևակ Խոստեղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի առկայության հարցի քննարկման արդյունքում վերաքննիչ դատարանը դուրս չի գա ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակներից, հետևաբար՝ նաև նրան առաջադրված մեղադրանքի ծավալից, ուստի նման իրավիճակը չի խախտի նաև Սևակ Խոստեղյանի պաշտպանության իրավունքը և արարքի վերաորակման արդյունքում ամբաստանյալի իրավական վիճակը չի վատթարանա։

(…)

Գործի փաստական հանգամանքները գնահատելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում վերաքննիչ դատարանը հանգում է հետևության առ այն, որ Սևակ Խոստեղյանը, առաջին անգամ փակելով դուռը և նկատելով, որ առկա է խոչընդոտ, դուռը կրկին և ավելի ուժեղ է փակել, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանին պատճառվել է մարմնական վնասվածք։ Այլ կերպ՝ Սևակ Խոստեղյանը գործել է անփութությամբ, և պարտավոր լինելով նախատեսել իր գործողությունների արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման իրական հնարավորությունը, բավարար շրջահայացություն չի ցուցաբերել այդ հետևանքի առաջացումը թույլ չտալու համար։

Վերլուծելով սույն գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող կասկածները մեկնաբանելով նրա օգտին՝ վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Սևակ Խոստեղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, որի համար ենթակա է քրեական պատասխանատվության։

(…)

(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սևակ Խոստեղյանի կողմից կատարված՝ 2003թ-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ենթակա է համապատասխանեցման 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասին (…)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը ՍԽոստեղյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ ՍԽոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է արդյոք գործի քննությունը բացառապես անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում կատարելու օրենսդրական պահանջը։

12. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` (…) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին4: Եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո5։

13. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով մեղադրյալի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման հարցին, նշել է. «[Ա]նձը պետք է ապահովվի մեղադրանքի թե՛ փաստական, թե՛ իրավական որակման փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվությամբ, ինչպես նաև անձի համար պետք է ապահովել ողջամիտ ժամանակահատված փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու, դրա վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելու իրավական հնարավորությամբ:

(…) Սահմանադրությամբ ամրագրված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ապահովել ոչ միայն սկզբնական մեղադրանքի, այլև հետագայում՝ դատաքննության փուլում, փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու պատշաճ կառուցակարգեր և իրական հնարավորություն, հակառակ պարագայում արարքի վերաորակման վերաբերյալ առկա իրավակարգավորումները համահունչ չեն լինի Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրական պահանջին:

Բացի դրանից, իրավունքի սահմանումը միայն բավարար չէ այն կյանքի կոչելու համար, քանի որ սահմանումից բացի կարևորագույն խնդիր է իրավունքի հիմնական բովանդակության, էության բացահայտումը: Իրավունքի էությունն այն նպատակների ամբողջությունն է, որի համար սահմանվել է այն, ուստի այդ իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների առկայության դեպքում միայն կարող ենք փաստել, որ իրավունքի էության անխախտելիության սահմանադրական պահանջը կենսագործված է: Մեղադրանքից պաշտպանվելու սահմանադրական իրավունքը ենթադրում է նախևառաջ մեղադրանքի բնույթի և հիմքի մասին ամբողջական և ժամանակին տեղեկատվության տրամադրում, ապա անձամբ կամ փաստաբանի միջոցով այդ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի կազմակերպում, որպիսի կանոնը պետք է գործի բացառապես թե՛ սկզբնական մեղադրանքի, թե՛ դատաքննության փուլում վերաորակված արարքի դեպքում»6:

14. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»։

15. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից դուրս գալու հարցին, Արթուր Սերոբյանի գործով որոշմամբ արձանագրել էԹե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանը և թե վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից։ Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»։ Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։ Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է։

(…)

[Կ]ասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (…)»7:

Վերահաստատելով վերը  վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը Արկադի Պապյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն8:

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ պաշտպանության իրավունքը` որպես անմիջականորեն գործող իրավունք, չպետք է լինի վերացական և պատրանքային, այլ պետք է լինի կոնկրետ և իրական: Իսկ պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովումը նախ ենթադրում է, որ առաջադրված մեղադրանքը քրեաիրավական որակումից զատ պետք է պարունակի նաև այդ որակման հիմքում դրված փաստերը՝ անձին դրանից յուրաքանչյուրն արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորություն ընձեռելով: Հետևաբար, պաշտպանության իրավունքի երաշխավորման նպատակով թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս, չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակից։ Ավելին` դատարանը` որպես արդարադատություն և ոչ քրեական հետապնդում իրականացնող մարմին, սահմանափակված է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալով: Այսինքն` ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ դրա արդյունքում դատական ակտ կայացնելիս, դատարանը չի կարող քննարկման առարկա դարձնել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք արտացոլված չեն եղել անձին առաջադրված մեղադրանքում9: Հակառակ պարագայում կարող է վտանգվել անձի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու դատական ակտով անձին մեղսագրված, սակայն ի սկզբանե մեղադրանքի ծավալում չընդգրկված փաստական տվյալներից10։

Անդրադառնալով դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխության հնարավորության հարցին՝ Եվրոպական դատարանը Zhelezov v. Bulgaria գործով նշել է, որ ներպետական դատարանի՝ արարքը վերաորակելու լիազորության գործադրումը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովի մեղադրանքից ժամանակին (in good time) և արդյունավետ (effective) պաշտպանվելու հնարավորությունը: Ընդ որում Եվրոպական դատարանը հատկապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ նախաքննության մարմինների ջանքերն ուղղված չեն եղել անձի գործողություններում հիմնավորելու այն արարքը, որի կատարման մեջ ներպետական դատարանը վերաորակման արդյունքում մեղավոր է ճանաչել անձին11:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Խոստեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ ՆՓաշինյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս, տեսնելով, որ վերջինի ձախ ձեռքը գտնվել է դռան արանքում, դիտավորությամբ փակել է դուռը, որի հետևանքով Ն.Փաշինյանին պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ձախ դաստակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջնջխված վերքի և եղնգային ֆալանգի եզրային կոտրվածքի ձևով12:

Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ՍԽոստեղյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով՝ գտնելով, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ։ Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՍԽոստեղյանի կողմից մեղքի անզգույշ ձևով ՆՓաշինյանին մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև վիճաբանության ժամանակ տուժողին հարվածներ հասցնելու հանգամանքներին չի կարող անդրադառնալ, քանզի դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից և կխախտի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը13։

Վերաքննիչ դատարանը, 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ, ՍԽոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, հիմնավորված է համարել այն, որ ՍԽոստեղյանը, առաջին անգամ փակելով դուռը և նկատելով, որ առկա է խոչընդոտ, դուռը կրկին և ավելի ուժգին է փակել, ինչի արդյունքում տուժողին պատճառվել է մարմնական վնասվածք, ինչը նշանակում է, որ ամբաստանյալը պարտավոր լինելով նախատեսել իր գործողությունների արդյունքում վտանգավոր հետևանքների վրա հասնելու իրական հնարավորությունը, բավարար շրջահայացություն չի ցուցաբերել այդ հետևանքի առաջացումը թույլ չտալու համար։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ ՍԽոստեղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում նրա արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի առկայության հարցը քննարկելով, դուրս չի գա ամբաստանյալին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակներից, ուստի՝ նաև նրան առաջադրված մեղադրանքի ծավալից, ինչից հետևում է, որ նման իրավիճակը չի խախտի նաև ամբաստանյալի պաշտպանության իրավունքը և արարքի վերաորակման արդյունքում վերջինի իրավական վիճակը չի վատթարանա14:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՍԽոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում չներառված փաստական հանգամանքներ հաստատելու արդյունքում Ս.Խոստեղյանի արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով,  Վերաքննիչ դատարանը խախտել է ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարր հանդիսացող՝ պաշտպանության իրավունքը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՍԽոստեղյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված չեն եղել նրա կողմից մեկ անգամ դուռը փակելու ընթացքում որևէ խոչընդոտ նկատելու և երկրորդ անգամ դուռն ավելի ուժգին փակելու եղանակով, բավարար շրջահայացություն չցուցաբերելու արդյունքում, տուժողին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։ Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաորակելով ՍԽոստեղյանին մեղսագրված արարքը, ըստ էության դատական ակտով քննարկել և հաստատված է համարել գործողություններ, որոնք նրան մեղսագրված չեն եղել։

18. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով միայն առաջադրված մեղադրանքի սահմաններում գործի քննության՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ՍԽոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելու։

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, ՍԽոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով, չի պահպանել գործի քննությունը բացառապես անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում կատարելու օրենսդրական պահանջը։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքների խախտման և ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, հանգել է ճիշտ հետևության, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ուստի պետք է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դատական ակտը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռին:

20. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Սևակ Ռուբիկի Խոստեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի արդարացման դատավճռին։

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

___________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 67-68:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 70-76:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 56-82:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Varela Geis v. Spain գործով 2013 թվականի մարտի 5-ի վճիռը, գանգատ թիվ 61005/09, կետ 51:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:

6 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշման 5․5-5․6-րդ կետերը։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Սերոբյանի գործով 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշման 4.2-րդ կետը:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արկադի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ և 23-րդ կետերը։

9 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Սմբատ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ2/0054/01/15 որոշումը։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Կարեն Կունգուրցևի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԼԴ/0141/01/14 որոշման 16-րդ կետը։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Varela Geis v. Spain գործով 2021 թվականի հունիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 70560/13, կետեր 25-28:

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Դ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան