Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4114/05/23
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4114/05/23

Նախագահող դատավոր`

 Ռ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՎԻ ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին)՝ Տեսչական մարմնի 26.04.2023 թվականի թիվ Հ/416-2023/06 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 26.04.2023 թվականի թիվ Հ/416-2023/06 որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 05062023 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, հայցադիմումը վարույթ է ընդունվել, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո սահմանվել է մեկամսյա ժամկետ և որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05062023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետ սահմանելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը՝ բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հրանտ Կարապետյան)։ 

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերության միջնորդության հիմքում դրվել է հայցվորին էական վնաս հասցնելու հանգամանքը, որը հաստատվել է կից ներկայացված վարկային պայմանագրերով և հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքով։

Քննարկելով միջնորդությունը՝ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն արձանագրել են, որ ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին զգալի վնաս կպատճառի, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում մերժել են միջնորդությունը և վերաքննիչ բողոքը։

Տվյալ պարագայում Դատարանը հաստատված է համարել, որ գոյություն ունի վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմք, սակայն գտել է, որ այդ հիմքի առկայությունը բավարար չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար։

Դատարանը, արձանագրելով, որ առկա է բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ, խախտել է անկողմնակալության պահանջը, քանի որ հաստատված է համարել հայցվորին վերագրված խախտման առկայությունն այն պայմաններում, երբ ուսումնասիրության առարկա չեն դարձվել վարչական վարույթի նյութերը։ Այսինքն՝ Դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսևորել՝ նախապես հաստատված համարելով բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայությունը։ Իսկ Վերաքննիչ դատարանը նման պայմաններում անփոփոխ է թողել Դատարանի որոշումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

 

3 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին, երբ վիճարկվող վարչական ակտը նույն հոդվածի 1-ին մասով սահմանված բացառությունների շարքում չէ։

 

Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։

Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։

Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

41) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ»:

Վերոհիշյալ նորմերից բխում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում (…):

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ

- այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է, որ տվյալ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման, վերջինիս կատարումն առհասարակ կասեցման ենթակա չէ (Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), այլ կերպ՝ նման վարչական ակտի կատարումը չի կարող կասեցվել ինչպես հայցադիմումը վարույթ ընդունելու փաստի ուժով, այնպես էլ դատարանի որոշմամբ,

- այն դեպքում, երբ վիճարկման հայցի նյութական օբյեկտն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված վարչական ակտերն են, վերջիններիս կատարումը կասեցվում է դատարանի որոշմամբ՝ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա,

- եթե վիճարկման հայցի նյութական օբյեկտն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված բացառությունների շարքում չէ, ապա վերջինիս կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հայցվորի կողմից ներկայացվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, ՀՀ վարչական դատարանի կողմից պահանջվում է հետևյալ հաջորդական քայլերի կատարումը

1) պարզել՝ արդյո՞ք առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքը, այն է՝ օրենքով նախատեսված է տվյալ վարչական ակտի անհապաղ կատարում, որպիսի պայմաններում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորությունն առհասարակ բացակայում է, ըստ այդմ՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունն առարկայազուրկ միջնորդություն է և որպես այդպիսին ըստ էության քննարկման ենթակա չէ,

 2) պարզել՝ արդյո՞ք առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերից որևէ մեկը եթե այդ դեպքերից որևէ մեկն առկա չէ, ապա վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունն այս իրավիճակում ևս առարկայազուրկ միջնորդություն է և որպես այդպիսին ըստ էության քննարկման ենթակա չէ,

 3) ըստ էության քննարկել վիճարկվող վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը, եթե բացակայում են վերը նշված իրավիճակները, այն է՝ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերից որևէ մեկը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված առաջին և երկրորդ դեպքերում ՀՀ վարչական դատարանից պահանջվում է ընդունել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն, չքննարկելու վերաբերյալ որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, կամ արձանագրային որոշում (եթե միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում)։ Ընդ որում, նշված որոշումը բողոքարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով, որ Օրենսգրքի 131-րդ հոդված 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ բողոքարկման են ենթակա Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը, իսկ վերջիններս ներառում են միայն վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության ըստ էության քննարկման արդյունքում ընդունված որոշումները, այն է՝ վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու, բավարարելու, կիրառված կասեցումը վերացնելու միջնորդությունը մերժելու, բավարարելու որոշումները։

Անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի կարգավորումներին՝ դրանցում ամրագրված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանձին դեպքերում հաշվի առնելով այս կամ այն ոլորտի առանձնահատկությունները ու դրանով պայմանավորված հանրային գերակա շահի մշտական գոյությունը՝ օրենսդիրն ինքն է, հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, ամրագրել այդ վարչական ակտերի անհապաղ կատարման պահանջ՝ ըստ այդմ բացառելով այդ ոլորտում ընդունված վարչական ակտերի կատարման կասեցման հնարավորությունն ընդհանրապես։ Միաժամանակ, օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարչական ակտն ընդունող մարմնին է վերապահել լիազորություն՝ հանրային գերակա շահի առկայության դեպքում տվյալ վարչական ակտով հիմնավորել հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը՝ ըստ այդմ բացառելով նման հիմնավորում բովանդակող վարչական ակտի կատարման կասեցումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու փաստի ուժով, և կասեցման հայեցողությունը վերապահելով դատարանին՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների կիրառմամբ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված բացառության առկայությունը (բացակայությունը) պարզելու համար դատարանից պահանջվում է ուսումնասիրել ոլորտի օրենսդրական կարգավորումները, ապա նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված բացառության առկայությունը (բացակայությունը) պարզելու համար պահանջվում է ուսումնասիրել վիճարկվող վարչական ակտը (առկայության դեպքում նաև՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը)՝ պարզելու համար վարչական ակտի եզրափակիչ մասում առկա է արդյոք վարչական մարմնի որոշումը՝ տվյալ ակտի անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտի կամ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված որոշման պատճառաբանական մասերը բովանդակում են, արդյոք, հիմնավորում վիճարկվող վարչական ակտի անհապաղ կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ պայմանավորված հանրային շահով։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ստուգման է ենթակա ոչ թե նման հիմնավորման իրավաչափությունը, այլ ինքնին դրա առկայությունը (բացակայությունը)։

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վիճարկվող վարչական ակտի անհապաղ կատարումը նախատեսված չէ օրենքով, սակայն վիճարկվող վարչական ակտի եզրափակիչ մասը բովանդակում է վարչական մարմնի որոշումը՝ տվյալ ակտի անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ, իսկ պատճառաբանական մասը՝ հիմնավորում վիճարկվող վարչական ակտի՝ հանրային շահով պայմանավորված անհապաղ կատարման անհրաժեշտության մասին, ապա այդպիսի վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել դատարանի որոշմամբ՝ կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում։ Իսկ եթե ներկայացված է միջնորդություն վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն դրա անհապաղ կատարման անհրաժեշտությունը ո՛չ նախատեսված է օրենքով, ո՛չ վիճարկվող վարչական ակտով կամ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված որոշմամբ, ապա (եթե առկա չեն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մյուս բացառությունները ևս) ներկայացված միջնորդությունն առարկայազուրկ է, քննարկման ոչ ենթակա, և վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։

 

Սույն գործով դիմելով Դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 26.04.2023 թվականի թիվ Հ/416-2023/06 որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է նույն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Վիճարկվող վարչական ակտի համաձայն՝ Ընկերությունում տեխնիկական և անվտանգության պահանջների պահպանման հետազոտության արդյունքում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։ Տեսչական մարմինը որոշել է ամբողջությամբ դադարեցնել Ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեում մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Դատարանի 05062023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետ սահմանելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշմամբ, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը մերժվել է։

Դատարանն արձանագրել է. «(…)Հայցվոր կողմը միջնորդությամբ հայցվորին զգալի վնաս պատճառելը փաստարկում է իր ունեցած երկու վարկային պարտավորություններով: Դատարանը, մի կողմից, նման փաստարկը բավարար է համարում վարչական ակտի կատարումը կասեցնելու համար այն հիմքով, որ վարչական ակտի չկասեցնելը հայցվորին զգալի վնաս կպատճառի, մյուս կողմից, Դատարանը պարտավոր է ապահովել հավասարակշռություն հանրային և մասնավոր շահերի միջև, քանի որ խոսքը գնում է բնակչության կյանքի և առողջության մասին, ինչով էլ պատասխանողը պայմանավորել է վարչական ակտի անհապաղ կատարումը:

Դատարանի գնահատմամբ՝ բոլոր այն դեպքերում, երբ հայցվորին զգալի վնաս պատճառվելը հակադրվում է բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգին, գերակայում է հանրային շահը(…)»։

Վերաքննիչ դատարանը, 04.08.2023 թվականի որոշմամբ մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, Դատարանի 05.06.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետ սահմանելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը՝ բողոքարկված մասով թողել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(…)Վերաքննիչ դատարանը նկատում է, որ դրանով արձանագրվել են հրդեհային անվտանգության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող են անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար, մասնավորապես՝ չեն պահպանվել բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները միայն հեղուկ վառելիքի պահպանման ստորգետնյա պահեստարաններով տեղադրելու, ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի տարածքը փողոցների և ճանապարհների երթևեկային անվտանգության կղզյակով տարանջատելու պահանջները, ինչպես նաև չի պահպանվել հեղուկ վառելիքի պահեստավորման ստորգետնյա պահեստարաններով բենզալցակայանից մինչև այլ շենքեր, շինություններ պահանջվող 25մ հեռավորությունը, բենզալցակայանում բացակայում է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ սույն դեպքում հանրային շահի օգուտը և պաշտպանությունը գերակշիռ է, ինչը նշանակում է, որ վիճարկվող որոշման կատարման կասեցումը չի ծառայի հանրային շահի պաշտպանության նպատակին: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում Վերաքննիչ դատարանն իրավաչափ է գնահատում վիճարկվող որոշման կատարումը չկասեցնելու վերաբերյալ կատարված եզրահանգումները (…)»:

Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումների բովանդակության ուսումնասիրությունից բխում է, որ վերջիններս վիճարկվող որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն ըստ էության քննարկման առարկա են դարձրել՝ վիճարկվող որոշումը դիտարկելով որպես Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վարչական ակտ։ Այլ կերպ՝ ըստ ստորադաս դատարանների՝ սույն դեպքում առկա է եղել նշված նորմով նախատեսված բացառությունը:

Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումների բովանդակության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք կայացվել են Օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտմամբ, ինչը դրսևորվել է հետևյալում

Ստորադաս դատարանները ձեռնամուխ են եղել հայցվորի ներկայացրած՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության ըստ էության քննարկմանը՝ առանց հավաստիանալու, որ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված բացառություններից որևէ մեկը։ Մինչ ներկայացված միջնորդության ըստ էության քննարկմանն անցնելը Դատարանից պահանջվում էր պարզել՝ արդյոք ոլորտը կարգավորող օրենսդրությունը նախատեսում էր վիճարկվող որոշման անհապաղ կատարում։ Այնուհետև, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի առկայությունը հերքված համարելու դեպքում Դատարանից պահանջվում էր վիճարկվող որոշման բովանդակության ուսումնասիրության արդյունքում պարզել՝ արդյոք առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված բացառությունը, այն է՝ վիճարկվող որոշման եզրափակիչ մասը բովանդակու՞մ է վարչական մարմնի որոշումը՝ տվյալ ակտի անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ, իսկ պատճառաբանական մասը՝ հիմնավորում՝ վիճարկվող վարչական ակտի անհապաղ կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ պայմանավորված հանրային շահով։

Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի, «Հրդեհային անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված օրենքներով նախատեսված չէ խնդրո առարկա ոլորտում իրավասու մարմինների կողմից ընդունված որոշումների անհապաղ կատարման պահանջ։ Ուստի, սույն դեպքում առկա չէ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բացառությունը։

Ուսումնասիրելով Տեսչական մարմնի 26.04.2023 թվականի թիվ Հ/416-2023/06 որոշման բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված վարչական ակտի եզրափակիչ մասը չի բովանդակում Տեսչական մարմնի որոշումը՝ վարչական ակտի անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ, իսկ պատճառաբանական մասը չի բովանդակում որևէ հիմնավորում առ այն, որ որոշումը ենթակա է անհապաղ կատարման՝ հանրային շահով պայմանավորված։

Այսպես, Տեսչական մարմնի 26.04.2023 թվականի թիվ Հ/416-2023/06 որոշման եզրափակիչ մասի ամբողջական բովանդակությունն է «1 Ամբողջությամբ դադարեցնել «ՎԻ ԷՅՉ ԿԱ» ՍՊ ընկերության (․․․) աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սահմանադրության հրապարակ հասցեում մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

2 Որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարելու) օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան»։

Իսկ որոշման պատճառաբանական մասում ընդամենը նշված է, որ «Ընկերության հետագա շահագործումը անմիջականորեն և ուղղակի վտանգ է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, (...) Ընկերության հետագա շահագործումը ենթակա է դադարեցման՝ մինչև խախտումների վերացումը»։ Միաժամանակ հղում է կատարված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին և նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետին, որոնք համապատասխանաբար սահմանում են «Անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով», «Լսումներ կարող են չանցկացվել, եթե` ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն»։

Որոշման մեջ վկայակոչված այս դրույթները վերաբերում են վարչական վարույթին, այլ ոչ թե վարչական ակտի կատարմանը, և դրանց վկայակոչումը որևէ կերպ չի կարող դիտարկվել վիճարկվող որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության հիմնավորում։

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չէ նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված բացառությունը՝ հաշվի առնելով, որ վիճարկվող վարչական ակտի եզրափակիչ մասում առկա չէ Տեսչական մարմնի որոշումը՝ վիճարկվող ակտի անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ, իսկ պատճառաբանական մասում առկա չէ որևէ հիմնավորում դրա անհապաղ կատարման անհրաժեշտության մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն դեպքում ակնհայտ և անվիճելի է նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ի ն մասի 3-7-րդ կետերով նախատեսված բացառությունների բացակայության փաստը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ առկա չէ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված բացառություններից որևէ մեկը, գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվել է ընդհանուր կարգին համապատասխան՝ հայցադիմումը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացրած՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն առարկայազուրկ է և ըստ այդմ՝ ըստ էության քննարկման ենթակա չէր։

Մինչդեռ, Դատարանը և Վերաքննիչ դատարանը Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառություններից որևէ մեկի բացակայության պայմաններում ըստ էության քննարկման առարկա են դարձրել խնդրո առարկա միջնորդությունը՝ մերժելով այն՝ հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Դատարանի 05.06.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետ սահմանելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը՝ բողոքարկված մասով, անփոփոխ է թողել՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի նորմերը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 05.06.2023 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետ սահմանելու և գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: