Գլխավոր տեղեկություն
Համար
N 1252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1252-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին ենթակետով`

«17.1) ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի (այսուհետ` ֆակտորինգի պայմանագիր) հիման վրա: Ֆակտորինգի պայմանագիրը պետք է սահմանի, որ ֆինանսական գործակալը համաձայն է, որ պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն վճարումներն իրականացնելիս ապահովի պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ` անկախ պահանջը զիջված լինելու հանգամանքից: Ընդ որում, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին գրավոր ծանուցումը ստանալու դեպքում պատվիրատուն պայմանագրով սահմանված վճարումը կատարում է ֆինանսական գործակալին, եթե ծանուցումը ստացվել է պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը.».

2) VII գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ VII.1 գլխով`

«VII.1. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ (ՖԱԿՏՈՐԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

58.1. Ընտրված մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր:

58.2. Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջումը չի կարող կատարվել նախքան գնման պայմանագրի կնքումը, սակայն կարող է կատարվել մինչև պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը, բայց ոչ ուշ, քան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու օրվան նախորդող օրը:

58.3. Ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` ընթացակարգի հրավերով նախատեսված ծանուցման ձևին համապատասխան` Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Ծանուցման տեքստը պետք է ներառի նշում առ այն, որ ֆինանսական գործակալը համաձայն է սույն կարգի 33-րդ կետի 17.1-ին ենթակետով սահմանված պահանջներին:

58.4. Պատվիրատուն ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով այլ իրավունքներ:

58.5. Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագիր (առկայության դեպքում), ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

58.6. Սույն կարգի VII.1 գլխով սահմանված նորմերը չեն տարածվում պետական գաղտնիք պարունակող գնումների վրա:».

3) 115-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 115.1-ին կետով`

«115.1. Սույն կարգի VII.1 գլխի համաձայն ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում պատվիրատուն վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 180 օր հետո, և դրա գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: