Գլխավոր տեղեկություն
Համար
N 3034-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
07.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3034-Ա

«07» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սասուն Բարսեղյանի 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ Դ-98390-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Սասուն Բարսեղյանի 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ Դ-98390-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Թիվ Դ-98390-24 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 20-ին Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 28 հասցեի մոտ կայանված՝ Սասուն Բարսեղյանի սեփականությունը հանդիսացող «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ (ծառի ճյուղեր) է (են) ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:

Սասուն Բարսեղյանը, ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-143-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում 2024 թվականի հունիսի 20-ին ստացված հաղորդման կապակցությամբ և թիվ ԳՄ-7718., 7719 համարով կազմված նյութերը՝ խնդրել է փոխհատուցել «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ (ծառի ճյուղեր) ընկնելու հետևանքով պատճառված վնասը:

2023 թվականի հոկտեմբերի 21-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB492426 վկայագրի համաձայն՝ «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Սասուն բարսեղյանի սեփականությունը:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Կողբացու փողոցում, «Տարոն» ռեստորանային համալիրի դիմացի մայթին 2024 թվականի հունիսի 20-ին, Սասուն Բարսեղյանին պատկանող «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կոտրվել և ընկել է կենսունակ հացենի ծառատեսակ։

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 29-ին տրված թիվ ՎՊ-24-143-ՀՓ հետքաբանական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի տեսագրությունում և պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նշված ավտոմեքենայի հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի հունիսի 20-ի դրությամբ, կազմել է շուրջ 1,519,000 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնինը հազար) ՀՀ դրամ:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/143 և թիվ ՓԾՊ/144 պայմանագրերի հիման վրա՝ Սասուն Բարսեղյանի կողմից վճարվել է ընդհանուրը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Թիվ Դ-98390-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Սասուն Բարսեղյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում 2024 թվականի հունիսի 20-ին ստացված հաղորդման կապակցությամբ և թիվ ԳՄ-7718., 7719 համարով կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-143-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սասուն Բարսեղյանի՝ վնասը փոխհատուցելու 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ Դ-98390-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «BMW 740I» մակնիշի «01 UU 633» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 1,519,000 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնինը հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամը, որպես 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ ՎՊ-24-143-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-24-144-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Սասուն Բարսեղյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ