Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2694/05/20
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2694/05/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Հարությունյան

Դատավորներ՝

 Կ Գևորգյան

 Է Նահապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 1606.2023 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը` վարչական գործով ըստ հայցի Վահագն Վերմիշյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու և նախկին հաստիքում վերականգնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահագն Վերմիշյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը և վերականգնել նախկին հաստիքում։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ավագյան) (այսուհետ` Դատարան) 06042021 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 1606.2023 թվականի որոշմամբ Վահագն Վերմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը՝ ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու և դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը: Պարտավորեցվել է ՀՀ կառավարությանը Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 27.02.2020 թվականից մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով: Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը բողոքարկված ու չբեկանված մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Արման Թադևոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 31.08.2023 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 146-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է։

ՀՀ սահմանադրական դատարանը 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13032024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ և 146-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ, 136-րդ, 137-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան», «Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ» թիվ 185 կոնվենցիան, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքային օրենսդրության առկայության պայմաններում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և հանրային պաշտոնների և պետական ծառայության առանձին տեսակների վերաբերյալ առկա հսկայածավալ օրենսդրական կարգավորումներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանրային ծառայության ոլորտը ունի որոշակի էական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է աշխատանքային իրավահարաբերություններից: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալ հիմնավորումները, պատշաճ կերպով չի անդրադարձել հանրային ծառայության ինստիտուտի առանձնահատկություններին, հանրային և մասնավորապես՝ վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց գործառութային կարգավիճակին:

Ընդհանուր առմամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և հանրային ծառայության ոլորտը կանոնակարգող ոլորտային օրենսդրություններով հանրային պաշտոնները զբաղեցնելու մասով նախատեսված իրավակարգավորումների բնույթը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որով հնարավոր կլինի երաշխավորել հանրային իշխանության մարմինների, հատկապես՝ գործադիր իշխանության բնականոն գործունեությունը: Հետևաբար՝ հանրային ծառայության և ոլորտային օրենսդրությամբ վարչապետին՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու մասով առկա գործող կարգավորումներն ինքնանպատակ չեն, որոշակիորեն տարբերվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից և ինքնաբավ կարգավորումներ են:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով խոսքը գնում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի մասին, ով իրականացնում է կոմիտեի անմիջական ղեկավարումը, պատասխանատու է պետական մարմնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, և նրա գործունեության որակն ու արդյունքներն ուղղակիորեն անդրադառնում են, ի թիվս այլնի, տվյալ պետական մարմնի գործունեության արդյունավետության և քաղաքաշինության բնագավառում պետության քաղաքականության մշակման և պատշաճ իրականացման վրա, որն էլ իր հերթին առնչվում է հանրային շահի, հասարակության բոլոր անդամների իրավունքների և շահերի հետ:

Նկատի ունենալով, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատանքային իրավական կարգավիճակն էականորեն տարբերվում է մնացած աշխատողների աշխատանքային իրավական կարգավիճակից, հաշվի առնելով նաև վերջինիս առանձնահատուկ լիազորություններով օժտված լինելու հանգամանքը, օրենսդիրը, իրացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումն առ այն, որ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը դիտարկել է որպես վարչական պաշտոն՝ նախատեսելով աշխատանքից ազատման տարբերակված առանձին հիմք:

Այս նորմերի վերլուծությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը, հանդիսանալով պետության ներքին քաղաքականությունն իրականացնող գործադիր իշխանության բարձրագույն մարմինը, միաժամանակ այն արդյունավետ կենսագործելու համար իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Վարչապետն էլ, ղեկավարելով ՀՀ կառավարության գործունեությունը և որոշելով ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները, համակարգում է ՀՀ կառավարության անդամների աշխատանքը: Այս ամենի մեջ, անշուշտ, իր առանցքային տեղն ունի կառավարման համակարգի մարմինների ղեկավարների նշանակման ու ազատման լիազորության իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը, որոնք էլ, իրենց հերթին, ներդրվել են ընթացիկ օրենքներում և հանդիսանում են սահմանադրաիրավական երաշխիքների ապահովման գրավական, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2023 թվականի որոշումը` վերաքննիչ բողոքը բավարարելու մասով և փոփոխել դատական ակտը կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝    

1) ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշմամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից (հատոր 1-ին, գթ 21)

2) ՀՀ սահմանադրական դատարանի 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 27022024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշումը):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրում է հետևյալ իրավական հարցադրումը.

- արդյո՞ք ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու և ազատելու իրավահարաբերությունների նկատմամբ կարող են կիրառելի լինել ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները։

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման` ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև՝ ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում։ Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի ՀՀ վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Իգոր Սարգսյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ ՎԴ/9829/05/19 վարչական գործով 03.05.2023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(…) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali) սկզբունքից։

 (…) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը վարչական պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորել է ոչ ամբողջությամբ՝ չսահմանելով վարչական պաշտոնից ազատելու հիմքերի սպառիչ ցանկ և այդ ցանկը չսահմանափակելով միայն այդ Օրենքով սահմանվածներով։

(…) վարչական պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կարգավորման են ենթակա նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով: Այսինքն՝ ի լրումն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ վարչական պաշտոնից ազատելու ոչ սպառիչ հիմքերի, վարչական պաշտոնից ազատելու համար կիրառելի են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հիմքերը»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված՝ օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու և զարգացնելու անհրաժեշտություն՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով

ԱյսպեսՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 27022024 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1716 որոշումը, որով եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

Նշված որոշմամբ վերահաստատելով ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու սահմանադրական հիմնական իրավունքի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները (15112019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշում, կետ 41, 10062021 թվականի թիվ ՍԴՈ-1598 որոշում, կետեր 44, 46 և 47, 21112023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշում, կետ 5.1) ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը

«(․․․) Սահմանադրության 49-րդ հոդվածի շրջանակում ներառվող հանրային ծառայության ողջ ոլորտը Օրենքով1` ըստ տեսակային հատկանիշների, տարբերակվել է՝ պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների (Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Պետական ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, ունեցած մասնագիտական-ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ` ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը (Օրենքի 3-րդ հոդվածի 2-3-րդ մասեր): Պետական ծառայության առանձին տեսակները կարգավորվում են համապատասխան ոլորտային օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, որոնցում մանրամասն ներկայացվում են պետական ծառայության կոնկրետ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված կարգավորումները։

Համայնքային ծառայությունը` որպես մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը (Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մաս), իր հերթին կարգավորվում է ոլորտային առանձին օրենքով՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքով և դրա հետ կապված և փոխլրացնող այլ իրավական ակտերով։

Հանրային ծառայության վերոնշյալ տեսակների սահմանմանը վերաբերող իրավակարգավորումներից բխում են դրանց հետևյալ հիմնական բնութագրիչները՝ մասնագիտական բնույթ, այսինքն՝ պահանջվող մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտություն, տվյալ պաշտոնի նշանակման համար մասնագիտական աշխատանքային նախանշված արժանիքների առկայության պահանջ, քաղաքական գործընթացներով չպայմանավորված նշանակման և ազատման գործընթաց:

Փոխարենը՝ հանրային պաշտոնների զբաղեցման համար օրենսդիրը սահմանել է այլ բնութագրիչներ (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս). հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են 1) քաղաքական գործընթացների, 2) հայեցողական որոշումների, 3) ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այս տեսակի պաշտոններն իրենց հերթին դասակարգվում են պետական և համայնքային հանրային պաշտոնների, որոնցից յուրաքանչյուրը ենթադասակարգվում է քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոնների, իսկ պետական հանրային պաշտոնների դեպքում՝ նաև ինքնավար պաշտոնների:

Հանրային պաշտոնների նշյալ դասակարգումից հետևում է դրանց համալրման և պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգը: Մասնավորապես, ի տարբերություն հանրային ծառայության պաշտոնների (պետական կամ համայնքային), հանրային պաշտոններին նշանակումները և պաշտոններից ազատումները պայմանավորված են քաղաքական գործընթացներով կամ նշանակման և ազատման լիազորությամբ օժտված պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոնները «զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով» օրենսդրական ձևակերպումն ուղղակիորեն վերաբերում է տվյալ պաշտոնը զբաղեցնելուն: Այսինքն՝ առհասարակ պաշտոնավարումը և հետևաբար՝ պաշտոնին նշանակման և պաշտոնավարման դադարեցման հիմքը օրենսդիրը պայմանավորում է քաղաքական գործընթացներով, հայեցողական որոշումներով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերով։

(․․․) հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն այդ պաշտոնում նշանակումը, այլ նաև տվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է տվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով։

(․․․) Օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին՝ օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ առանց սահմանափակելու նույն հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը։

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը վարչական պաշտոնը բնորոշում է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոն է, ի թիվս այլնի, Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի պաշտոնը:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ուղղակիորեն սահմանվում են խնդրո առարկա պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգավորման տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող կանոններ, այն է՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում: Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը` որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար նույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Այսինքն` վարչական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որում անձի պաշտոնավարումն ուղղակիորեն պայմանավորված է ինչպես իր նշանակման կամ պաշտոնավարման դադարեցման հարցում նման լիազորություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ, այնպես էլ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությամբ։ Ընդ որում` վարչական պաշտոնում անձի փոփոխության՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքերը չեն բացառում կամ սահմանափակում նույն պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու հարցով լիազորված համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը։ Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի հիմքով և Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքով պաշտոնավարման դադարեցման նկարագրված հնարավորությունները ոչ թե սահմանափակում, այլ ամրապնդում են խնդրո առարկա պաշտոնը զբաղեցնելու հարցում լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը։

Հետևաբար` վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը։

(․․․) վարչական թվարկված պաշտոններում նշանակումների և այդ պաշտոններում պաշտոնավարման դադարեցման հարցերում իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը դիտարկելով որպես պետական վարչական պաշտոնում պաշտոնավարման հիմք՝ օրենսդիրն այն չի սահմանափակել՝ դրանով իսկ ամրագրելով հանրային (դիցուք՝ վարչական պետական պաշտոնում) պաշտոնում նշանակման և ազատման իրավահարաբերությունների բնույթին համահունչ՝ վերադաս պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողության լայն շրջանակը։ Այդպիսի հայեցողության (անկախ դրա լայն միջակայքից) սահմանափակման բացակայությունը չի կարող ինքնին նշանակել, որ Օրենքով կամ հանրային ծառայության ոլորտը կարգավորող այլ օրենքով «այլ բան նախատեսված չէ» վիճարկվող դրույթի իմաստով։

(․․․) հանրային պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման իրավասությանը վերաբերող դրույթների (Օրենքի 9-րդ հոդված) վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մի շարք դեպքերում (ներառյալ՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը) այս իրավասության իրացումը բաշխել է պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու առաջարկություն կատարող մարմնի (պաշտոնատար անձի) և այդ առաջարկության հիման վրա պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումն իրականացնող մարմնի կամ պաշտոնատար անձի միջև։ Հաշվի առնելով, որ հանրային պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը (գործընթացի ամբողջության մեջ), մասնավորապես, հիմնված են նման իրավասությամբ օժտված համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողության վրա, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես համապատասխան առաջարկությունը կատարող, այնպես էլ այդ առաջարկության հիման վրա պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումն իրականացնող մարմինները կամ պաշտոնատար անձինք վարչական պաշտոնից ազատելու համապատասխան առաջարկություն ներկայացնելիս և ազատելիս օժտված են նույն հայեցողությամբ, ինչ վարչական պաշտոնում նշանակելու առաջարկության և այդ պաշտոնում նշանակելու հարցում։

(․․․) Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:

Օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոնները:

Պետական կառավարման համակարգի մարմինները, ի թիվս այլնի, իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում են Կառավարության քաղաքականությունը, որի արդյունավետությունը պայմանավորված է նաև Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ արդյունավետ կառավարման և վերահսկողական գործիքակազմի առկայությամբ:

Սահմանադրության 159-րդ հոդվածն ամրագրում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը (այն է՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները)՝ օրենսդրին լիազորելով օրենքով սահմանել դրանց կազմավորման կարգը և լիազորությունները: Իրացնելով սույն սահմանադրական լիազորությունը` օրենսդիրը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածում թվարկել է այս մարմինների հիմնական գործառույթը և դրանց շրջանակը։ Մասնավորապես՝ Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը։ Այդ մարմինների թվին են դասվում Կադաստրի կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Բացի դրանից, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 5-րդ հոդվածի հիմքով վարչապետին ենթակա մարմիններ են համարվում Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը։

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի հիմքով նախարարություններին ենթակա մարմիններ են համարվում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ջրային կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, Զինված ուժերի գլխավոր շտաբը, Ռազմարդյունաբերության կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Էկոպարեկային ծառայությունը, Լեզվի կոմիտեն, Ոստիկանությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնները, մասնավորապես` Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների պաշտոնները նույն դրույթի իմաստով դասակարգվում են որպես պետական վարչական պաշտոններ։ Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները հանդիսանում են պետական լիազորություններով և պատասխանատվությամբ օժտված առանցքային պետական գործառույթներ իրականացնող մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը թե՛ իր կարևորությամբ, թե՛ իր նկատմամբ վերադասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի համար այդ մարմնի գործունեության արդյունավետությամբ ուղղակիորեն առաջինի արդյունավետության վրա ունեցած ազդեցությամբ, չանտեսելով նաև վերը նշված ցանկերում ներառված մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց՝ 1) տվյալ մարմնի գործունեությունը կազմակերպելու հարցում ունեցած լիազորությունների և պատասխանատվության ծավալը (ինչը որոշ վարչական պաշտոնների դեպքում ամրապնդված և մանրամասնված է նաև հանրային պետական ծառայության ոլորտային օրենսդրությամբ), 2) հանրային ծառայության համակարգում զբաղեցրած բարձր դիրքը և 3) վստահված վարչական պաշտոնում պաշտոնավարման արդյունավետության ազդեցությունը տվյալ պաշտոնը զբաղեցնելու հարցի լուծմամբ իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեության արդյունավետության վրա, որակում են կոնկրետ վարչական պաշտոն զբաղեցնող անձի և իր վերադաս մարմնի կամ պաշտոնատար անձի հարաբերությունները որպես «հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» հարաբերություններ (տես՝ mutatis mutandis 2023 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-1704 որոշում, կետ 5.3)։ Այս հարաբերությունները պետական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին ծառայողական նպատակների իրականացման համար իր վերադաս մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ցուցաբերված հատուկ վստահության և նույն նպատակի շրջանակում նրանից պահանջվող հատուկ հավատարմության փոխադարձ հարաբերություններ են։

«Հատուկ վստահությամբ և հավատարմությամբ փոխկապակցված» փոխադարձ հարաբերությունների այս բնույթն անառարկելիորեն թելադրում է պետական վարչական պաշտոնում նշանակման և դրանում պաշտոնավարման շարունակականության հարցում իրավասու (ներառյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու առաջարկությամբ հանդես գալու լիազորություն ունեցող) մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրա գործունեության ընթացիկ գնահատականին համահունչ հայեցողության շրջանակ, որի սահմանումը վերապահված է օրենսդրին։

(․․․) վարչական պաշտոնում նշանակման և վարչական պաշտոնից ազատելու հարցում իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողության չսահմանափակված շրջանակը` պայմանով, որ դրա գործադրմամբ պահպանվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը, չի հակասում Սահմանադրության 49-րդ հոդվածին։

(․․․) Օրենքով նախատեսված հատուկ հիմքերը (Օրենքի 6-րդ հոդվածի 2, 3-րդ մասեր, 31-րդ հոդվածի 17-րդ մաս) ոչ թե բացառում են պետական վարչական պաշտոնից ազատման հարցում համապատասխան իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը, այլ ներառված են հայեցողության այդ շրջանակում (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս)։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վիճարկվող դրույթի՝ հանրային ծառայության հարաբերությունների նկատմամբ կիրառելիության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն բլանկետային հղում պարունակող նորմ է, որով Օրենսգրքի2 դրույթների կիրառելիությունը տարածվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական հարաբերությունների նկատմամբ` պայմանով, որ «համապատասխան օրենքով այլ բան նախատեսված չէ»։

(…) պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցի լուծումն Օրենքով վերապահված է այդ պաշտոնում նշանակման և դրանից ազատման (օրենքով նախատեսված դեպքերում նաև նման առաջարկություն ներկայացնելու) լիազորություն ունեցող մարմնի հայեցողությանը, և, հետևաբար, այս մասով բացակայում է իրավահարաբերության կարգավորման բացը։ Այդուհանդերձ, պետական վարչական պաշտոնում պաշտոնավարման հարաբերությունները ներառում են նաև, մասնավորապես, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման համատեքստում վարձատրության, անձնական տվյալների պաշտպանության, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, աշխատանքային կարգապահությանը, իր անվտանգությանն ու առողջությանը, աշխատանքի պայմաններին և աշխատանքի կատարմանը, նյութական պատասխանատվությանը, տրամադրվելիք երաշխիքներին և հատուցումներին, գործադուլների անցկացմանը վերաբերող իրավահարաբերությունները, որոնցից որևէ մեկի առկայության պայմանով վիճարկվող դրույթի իմաստով համապատասխան օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարող են կիրառվել Օրենսգրքի համապատասխան դրույթները՝ սուբսիդիարության սկզբունքի շրջանակում։ (…)»։

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը և հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 27022024 թվականի թիվ    ՍԴՈ-1716 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու և ազատելու վերաբերյալ ընդունված իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու և ազատելու կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորված են ՀՀ ոլորտային օրենսդրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներով, որի պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները կիրառելի չեն:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վահագն Վերմիշյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը և վերականգնել նախկին հաստիքում։

Դատարանի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ո՛չ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ո՛չ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ որևէ այլ առանձնահատկություն պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձի ազատման հարցում, որպիսի պայմաններում պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից կարող է ազատվել քաղաքական գործընթացների կամ հայեցողական որոշման արդյունքում: Ավելին՝ ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններից տեսչական մարմնի ղեկավարներին նշանակելու և ազատելու դեպքերի համար բացառություն նախատեսելով՝ օրենսդիրն ընդգծել է ՀՀ կառավարությանը ենթակա մյուս մարմինների ղեկավարների նշանակման և ազատման համար բացառություն սահմանված չլինելու հանգամանքը: Նման պայմաններում Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն ընդունվել է պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձ հանդիսացող Վահագն Վերմիշյանին նույն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմնի (Կառավարության) հայեցողության շրջանակներում, ուստի այն համապատասխանում է օրենքների պահանջներին:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վահագն Վերմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը և պարտավորեցվել է ՀՀ կառավարությանը Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 27.02.2020 թվականից մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով։ Վերաքննիչ դատարանը մասնավորապես գտել է, որ «(…) սույն դեպքում վիճարկվող որոշման մեջ հայցվորին իր պաշտոնից ազատելու օրենքով (ո՛չ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ո՛չ ՀՀ աշխատանքային օրենսգրքով) նախատեսված որևէ հիմք վկայակոչված չէ։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որևէ օբյեկտիվ հիմքի առկայության, որպիսի պարագայում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ և Խարտիայով երաշխավորված՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը, հետևաբար ՀՀ կառավարության՝ 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն ենթակա է անվավեր ճանաչման, իսկ հակառակի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի եզրակացությունը Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի գնահատում»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Վահագն Վերմիշյանը ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշմամբ ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է՝ Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:

Նման պայմաններում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան կարգավորումները կիրառելի լինելու իրավական հնարավորությունը սահմանադրաիրավական գնահատման է ենթարկել ՀՀ սահմանադրական դատարանը՝ գտնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին՝ օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ առանց սահմանափակելու նույն հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը։ Ըստ այդմ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Վահագն Վերմիշյանն իրավաչափորեն է ազատվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, ուստի ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը ենթակա չէ անվավեր ճանաչման։

Վիճարկվող որոշման իրավաչափ լինելու պայմաններում անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի քառապատիկի չափով հատուցում վճարելու վերաբերյալ, և այդ մասերով ևս հայցը ենթակա է մերժման։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

 Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է  բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու և այն լրացուցիչ պատճառաբանելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են, ի թիվս այլնի, նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Վահագն Վերմիշյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ ՀՀ կառավարությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության կողմից վճարված` վճռաբեկ բողոքի համար սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Վահագն Վերմիշյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ազատված է եղել սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, ուստի սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ կառավարության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Վահագն Վերմիշյանի վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 1606.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 06042021 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

____________________

1 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

2 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան