ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում և այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում` հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ` հոգեկան խանգարման հետևանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) հոգեբուժական օգնություն` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվություն կամ հետազոտում կամ ախտորոշում կամ բուժում կամ խնամք ու սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն.
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան խանգարման հետազոտում կամ ախտորոշում, բուժում կամ հոգեբուժական փորձաքննություն, որը կազմակերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տևական հսկողություն և խնամք հիվանդանոցային պայմաններում.
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն կամ հոգեբուժական փորձաքննություն կամ բուժում կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում.
8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն` քրոնիկ հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձևով տևական հսկողության և բուժման իրականացում.
9) հոգեբուժական կազմակերպություն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
10) հոգեբուժական հիվանդանոց` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
11) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական կազմակերպության կամ այլ բժշկական հաստատության կազմում գտնվող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
12) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում.
13) հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն և որակավորում ստացած և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
14) բժշկական (կլինիկական) հոգեբան` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
15) հոսպիտալացում` հոգեկան խանգարումով տառապող անձի հոժարակամ և ոչ հոժարակամ (հարկադիր) ձևերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
16) հոգեբուժական հանձնաժողով` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որ ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով և իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Արտահիվանդանոցային և դիսպանսերային հոգեբուժական օգնություն |
1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձևով իրականացնում են բժշկական խորհրդատվություն կամ փորձաքննություն կամ ախտորոշում կամ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:
2. Տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ, իր կամ իր օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն, որը ներառում է հաշվառում և շարունակական հսկողություն ու բուժում կամ սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն:
3. Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում «Հոգեբուժական ստացիոնար» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հոգեբուժական հետազոտումը կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը, հոգեկան վիճակից ելնելով, անկարող է արտահայտել իր ազատ կամքը և չունի օրինական ներկայացուցիչ:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) վերնագրի «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
2) 1-ին մասի «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
3) 2-րդ մասի «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հիվանդանոց կամ այլ հոգեբուժական կազմակերպություն միայն օրենքով նախատեսված դեպքերում:
1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
4) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
5) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
6) ստանալու իրավաբանական օգնություն.
7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի և ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.
9) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:
1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգավոր է հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման և հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքներում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման և տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. |
Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորված անձի հետազոտումը». |
2) տեքստի «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության բաժանմունքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-185-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|