Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1077-Ն

 

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1077-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն կերային հավելումները, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրում։

3. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ սույն կարգի պահանջների համաձայն։

4. Կերային հավելումների պետական գրանցման նպատակով՝ հայտատուն փորձանմուշները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ գիտական կենտրոն)։ Գիտական կենտրոնը «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով փորձանմուշներն ուղարկում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա՝ փորձաքննության։

5. Կերային հավելումների պետական գրանցումն իրականացվում է փորձագիտական եզրակացության հիման վրա, որը ներառում է կերային հավելումների փորձաքննությունը, փորձաքննության արդյունքների վերլուծությունը և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունը, որոնք իրականցվում են գիտական կենտրոնի կողմից։

6. Պետական գրանցման ենթակա են բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ մանրէաբանական ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ հանդիսացող կերային հավելումները, որոնք օգտագործվում են բոլոր տեսակի կենդանիների սննդակարգը հարստացնելու, կենդանիների արտադրողականությունը բարձրացնելու (բացառությամբ դեղամիջոցների), կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքությունն ապահովելու, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով (այսուհետ՝ կերային հավելում)՝

1) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող, ինչպես նաև նախատեսվող՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար.

2) նախկինում գրանցված, բայց ակտիվ նյութերի նոր որակական կամ քանակական բաղադրությամբ կամ օժանդակ նյութերի նոր որակական բաղադրությամբ։

7. Առանց փորձաքննության՝ սույն կարգի 9-րդ կետով պահանջվող փաստաթղթերի (բացառությամբ 9-րդ կետի 5-րդ ենթակետի) հիման վրա պետական գրանցման ենթակա են այն կերային հավելումները, որոնք՝

1) նախատեսված են Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանելու համար.

2) նախատեսված են գիտական հետազոտությունների համար կամ կերային հավելումների նմուշների հետազոտման (փորձարկման) համար՝ նշված հետազոտման (փորձարկման) համար անհրաժեշտ քանակությամբ.

3) նախատեսված են որպես ցուցահանդեսային նմուշներ օգտագործման համար՝ կերային հավելումների յուրաքանչյուր տեսակից ոչ ավելի, քան 10 հատ.

4) գրանցված կերային հավելումների խառնուրդներ և համակցություններ են։

 

2․ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների պետական գրանցման համար կերային հավելումներ արտադրողը, ներմուծողը կամ նրանց կողմից լիազորված իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու), համաձայն N 1 ձևի, ներկայացնում է հայտ նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են սույն կարգի 9-րդ կետով պահանջվող կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

9. Սույն կարգով սահմանված կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) կերային հավելումների օգտագործման հրահանգ, որը պարունակում է հետևյալ տեղեկությունը.

ա․ ընդհանուր բնութագիր,

բ․ տեղեկություն կերային հավելումների կենսաբանական հատկությունների մասին,

գ․ կերային հավելումների օգտագործման կարգը և պայմանները,

դ․ տեղեկություն կերային հավելումների արտադրողի մասին,

ե․ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի գրանցման համարը (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների համար).

2) փաստաթղթեր՝ կերային հավելումների բնութագրերը, անվտանգության ցուցանիշները և կերային հավելումների հետազոտության մեթոդները․

3) փաստաթղթեր՝ թունաբանական հետազոտությունների, կերային հավելումների օգտագործման անվտանգության բնագավառում հետազոտությունների արդյունքները.

4) փաստաթղթեր՝ կերային հավելումների կայունության հետազոտության արդյունքները.

5) կերային հավելումների նմուշների հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունը.

6) կերային հավելումներ արտադրող երկրի լիազորված մարմնի կողմից տրված վավերացված փաստաթուղթ, որտեղ ներառված են կերային հավելումներ արտադրողի (արտադրողների) գտնվելու վայրի անվանումը և հասցեն, կերային հավելումների արտադրության վայրը (այն կերային հավելումների համար, որոնց արտադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս).

7) լիազորագիր։

10. Սույն կարգի 9-րդ կետով պահանջվող փաստաթղթերը օտար լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացվում են նաև հայերեն թարգմանությունները:

 

3. ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Կերային հավելումների փորձաքննության առարկան կերային հավելումի անվտանգության գնահատումն է՝ արտահայտված կենդանիների առողջության համար ակնկալվող օգուտի և նրանց առողջության վրա բացասական ազդեցության ռիսկի հարաբերակցությամբ՝ կերային հավելումն օգտագործելիս համապատասխան կերային հավելումի չափաքանակի ռեժիմի և դրա օգտագործման տևողությանը:

12. Կերային հավելումների պետական գրանցման նպատակով՝ կերային հավելումների փորձաքննությունը մերժելու հիմք է հայտատուի կողմից սույն կարգի 2-րդ գլխի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը:

13. Կերային հավելումների փորձաքննության ու փորձաքննության արդյունքների վերլուծության և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա փորձագիտական եզրակացության տրամադրումն իրականացվում է ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Փորձաքննության և փորձագիտական եզրակացության նպատակով հայտատուի և գիտական կենտրոնի միջև կնքված պայմանագրային հիմունքներով սահմանված վճարը հայտատուի կողմից փոխանցվում է գիտական կենտրոնի հաշվեհամարներին։

15. Կերային հավելումների պետական գրանցման նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կարող է դրանք բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

16. Գիտական կենտրոնը փորձաքննությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության արձանագրության արդյունքները վերլուծելու և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա նախարարություն է ներկայացնում փորձագիտական եզրակացություն, որ կերային հավելումն օգտագործելիս կենդանիների առողջության համար ակնկալվող օգուտը գերազանցում է նրանց առողջության վրա բացասական ազդեցության վտանգը (այսուհետ՝ դրական եզրակացություն) կամ եզրակացություն այն մասին, որ կերային հավելումն օգտագործելիս կենդանիների առողջության վրա բացասական ազդեցության վտանգը գերազանցում է նրանց առողջության համար ակնկալվող օգուտը (այսուհետ՝ բացասական եզրակացություն):

 

4. ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

17. Հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ամբողջականությունը և ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է գիտական կենտրոն՝ ուսումնասիրության։

18. Հայտին կից փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է համալրել ցանկը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նախարարություն։

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից ցանկը չհամալրելու դեպքում հայտը մերժվում է և դրա մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով անհատական ծանուցմամբ պատշաճ ծանուցվում է հայտատուին։

20. Նախարարությունը, հիմք ընդունելով կերային հավելումների պետական գրանցման նպատակով ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև կերային հավելումների փորձագիտական եզրակացությունը, տասնօրյա ժամկետում ընդունում է որոշում կերային հավելումները գրանցելու կամ մերժելու վերաբերյալ, և դրա մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով անհատական ծանուցմամբ պատշաճ ծանուցվում է հայտատուին՝ ապահովելով հայտատուի լսվելու իրավունքը։

21. Կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման և պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա եռօրյա ժամկետում կատարվում է պետական գրանցում և հայտատուին տրվում է կերային հավելումների գրանցման պետական հավաստագիր՝ համաձայն N 2 ձևի:

22. Կերային հավելումները գրանցված են համարվում կերային հավելումների պետական ռեեստրում դրա մասին տեղեկատվության մուտքագրելու օրվանից:

23. Տեղեկատվության մուտքագրումը կերային հավելումների պետական ռեեստր իրականացվում է կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման ընդունման օրը:

24. Կերային հավելումների պետական գրանցումն անժամկետ է՝ բացառությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների պետական գրանցման:

25. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների պետական գրանցման ժամկետը պետք է համապատասխանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայագրի գործողության ժամկետին, որի օգտագործմամբ ստացվել է գրանցված կերային հավելումը, կամ որը պարունակում է: Եթե կերային հավելումն իր բաղադրության մեջ պարունակում է մի քանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ, ապա կերային հավելման պետական գրանցման վավերականության ժամկետը պետք է համապատասխանի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայագրի ավելի վաղ ժամկետին։

 

5. ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

 

26. Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան:

27. Կերային հավելումները գրանցելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն պետական գրանցման համար սահմանված պետական տուրքը փոխանցում է Կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին և նույն օրը պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը ներկայացնում է նախարարություն։

28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված ժամկետում պետական տուրքի գումարը Կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին չվճարելու կամ վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը նախարարություն չներկայացնելու դեպքում կերային հավելումների գրանցման որոշումն ուժը կորցրած է ճանաչվում և պետական գրանցում չի կատարվում, որի վերաբերյալ նշում է կատարվում իրավաչափ վարչական ակտում։

 

6․ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

29. Կերային հավելումների պետական գրանցման մերժման հիմքերն են՝

1) բացասական եզրակացության առկայությունը․

2) պետական գրանցման ներկայացված կերային հավելումների ֆիրմային անվանման և ակտիվ կամ օժանդակ նյութերի տարբեր որակական կամ քանակական բաղադրություն ունեցող արդեն գրանցված կերային հավելումների ֆիրմային անվանման համընկնումը:

 

7․ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

30. «Կերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11․1-ին կետի համաձայն՝ կերային հավելումների պետական գրանցումը դադարեցվում է նախարարության կողմից, եթե՝

1) տնտեսավարող սուբյեկտը դիմում է լիազոր մարմին կերային հավելման պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ․

2) ավարտվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի ժամկետը, որի օգտագործմամբ ստացվել է գրանցված կերային հավելումը կամ որն այն պարունակում է։

31. Սույն կարգի 29-րդ կետով սահմանված դեպքերում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ, կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կերային հավելումները հանվում են կերային հավելումների գրանցման պետական ռեեստրից և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով անհատական ծանուցմամբ պատշաճ ծանուցվում է տնտեսավարողին։

32. «Կերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11․1-ին կետի համաձայն և «Տեսչական մարմինների մասին» օրենքով տեսչական մարմինների կողմից ներկայացված միջնորդագրերի հիման վրա կերային հավելումների պետական գրանցումը կասեցվում է, եթե՝

1) հայտնաբերվում են փաստաթղթերում ներկայացված պահանջների և կերային հավելումների կիրառման ընթացքում անհամապատասխանություններ․

2) հայտնաբերվում է կերային հավելումների բացասական ազդեցություն, որը նշված չէ կերային հավելումների օգտագործման հրահանգներում.

3) հայտնաբերվում են քանակական կամ որակական կազմի անհամապատասխանություններ.

4) հայտնաբերվում են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, որոնց պարունակության մասին կերային հավելումների գրանցման ժամանակ նշված չի եղել։

33. Կերային հավելումների պետական գրանցման կասեցման որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով անհատական ծանուցմամբ պատշաճ ծանուցվում է տնտեսավարողին և կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը կամ կիրառումը արգելվում են:

34. Տնտեսավարողը կասեցման հիմք հանդիսացող անհամապատասխանությունները վերացնելու մասին տեղեկությունը ներկայացնում է նախարարություն, ինչի հիման վրա նախարարությունը որոշում է կայացնում կերային հավելումների պետական գրանցման կասեցումը վերացնելու, իսկ անհամապատասխանությունները վերացած չլինելու դեպքում` կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ։

35. Կերային հավելումների պետական գրանցումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 18 ամիս։

36. Սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման մասին տեղեկությունը նախարարություն չներկայացնելու դեպքում նախարարությունն ընդունում է որոշում կերային հավելումների պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ՝ ապահովելով անձի լսվելու իրավունքը։

 

8. ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

 

37․ Կերային հավելումների պետական ռեեստրի վարումն իրականացվում է նախարարության կողմից։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու`_______________________________________________________________________

(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն,

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն)

__________________________________________________________________________________

(հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

__________________________________________________________________________________

 

ԳՏՆՎԵԼՈՒ_______________________________________________________________________

ՎԱՅՐԸ`     (իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն,

                        ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

Հարկ վճարողի հաշվառման համարը

________________________________________________

 

Պետական գրանցման համար ներկայացվող

կերային հավելումների անվանումը

_________________________________________________

_________________________________________________

 

Հայտին կից ներկայացնում եմ______________________:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հետադարձ ծանուցման համար էլ․ փոստի հասցեն`

____________________________________

 

 

___________________________

(հեռախոսահամար)

Հայտատու _______________

                           (ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)

 

_________ _________20 թ.

 

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N_______

 

Սույն հավաստագիրը տրվում է________________________________________________________________

(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

___________________________________________________________________________________________-ին

 

Գրանցման ներկայացնողը ____________________________________________________________________

(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

_____ _____________20___թ. N____________հրամանի_________________________________

___________________________________________________________________________________________

(կերային հավելման անվանումը, հիմնական բաղադրիչների ցանկը)

 

Կերային հավելումները գրանցված են կերային հավելումների պետական ռեեստրում N________________

 

____ _______________20________թ.

(հավաստագիր տալու ամսաթիվը)

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

____________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական: