ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1158-Ն
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 91.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատՐՅԱՆ |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1158-Ն որոշման |
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները մշակվում են յուրաքանչյուր ջրավազանային տարածքի կամ առանձին գետավազանի կամ դրա առանձին հատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անդրսահմանային գետավազանի հատվածի համար և սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններում։
2. Հեղեղումների վտանգների քարտեզները և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզներից բխող եզրահանգումները հանդիսանում են ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանների հիմնական բաղադրիչները։
3. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզների մշակման համար պետք է իրականացվի նախնական ռիսկի գնահատում` հեղեղումների առաջացման հավանական ռիսկերը բացահայտելու և ռիսկային տարածքները սահմանելու համար։
4. Նախնական ռիսկի գնահատումն իրականացվում է՝ հիմնվելով առկա տեղեկատվության վրա, ինչպիսին են երկարաժամկետ զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունները, մասնավորապես, կլիմայի փոփոխության ազդեցությունը հեղեղումների առաջացման վրա: Գնահատման հիման վրա կազմվում են գետավազանային տարածքների քարտեզներ՝ համապատասխան մասշտաբով, որոնք ընդգրկում են գետավազանի և ենթաավազանի սահմանները և ափամերձ տարածքները՝ ներկայացնելով տեղագրությունը և հողօգտագործումը, անցյալում տեղի ունեցած և մարդկանց առողջության, շրջակա միջավայրի, մշակութային արժեքների և տնտեսական գործունեության վրա բացասական հետևանքներ ունեցած հեղեղումների, ինչպես նաև այն տարածքների նկարագրությունը, որտեղ ապագայում նմանատիպ երևույթների հավանականություն կա` ներառելով դրանց հեղեղման ծավալները և տարածման արեալները կամ գոտիները, բացասական հետևանքների գնահատումը:
5. Հեղեղումների վտանգների քարտեզները պետք է ընդգրկեն այն աշխարհագրական տարածքները, որոնք կարող են ենթարկվել հեղեղումների` համաձայն հետևյալ սցենարների`
1) առաջացման ցածր հավանականության հեղեղումներ.
2) առաջացման միջին հավանականության հեղեղումներ.
3) առաջացման մեծ հավանականություն ունեցող հեղեղումներ:
6. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր սցենարի համար հեղեղումների վտանգների քարտեզները պետք է պատկերեն հետևյալ բաղադրիչները՝
1) հեղեղման մակերեսները.
2) ջրի խորությունները կամ ջրի մակարդակը.
3) ջրի հոսքի արագությունը:
7. Անդրսահմանային գետավազանի այն հատվածները, որտեղ առկա է պատշաճ մակարդակի պաշտպանություն, հեղեղումների վտանգների քարտեզները պետք է սահմանափակվեն սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված սցենարով:
8. Հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է արտացոլեն հեղեղումների հնարավոր բացասական հետևանքներն ըստ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հեղեղումների սցենարների և ներառեն`
1) հնարավոր ազդեցության ենթարկվող բնակավայրերը, դրանց բնակչության (տարեցներ, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք) թվաքանակը, ենթակառուցվածքները (ճանապարհ, էլեկտրաէներգիա, գազ, կապ) և հիդրոտեխնիկական կառույցները.
2) հնարավոր ազդեցության ենթարկվող տարածքի տնտեսական գործունեության տեսակը.
3) հեղեղման դեպքում աղտոտում առաջացնող կառույցները և հնարավոր ազդեցության ենթարկվող պահպանվող տարածքները.
4) այն տարածքները, որտեղ տեղափոխված նստվածքների և աղբի բարձր պարունակություն կա, ինչպես նաև աղտոտման այլ աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն:
9. Քարտեզների բովանդակությունն արտահայտվում է քարտեզագրական նշանների միջոցով: Քարտեզները պետք է ներառեն քարտեզի անվանումը, կողմնացույցի նշանը, մասշտաբի թվային արժեքը, մասշտաբային քանոնը և պայմանանշաններ։
10. Քարտեզները պետք է ներառեն թվային շերտեր իրենց տվյալների բազայով։ Քարտեզների վրա պատկերվում են`
1) հիմքի կետերը (պետական գեոդեզիական ցանցի, հանութային ցանցի, արբանյակային դիրքորոշման կետեր, նիվելիրային հենանիշներ).
2) ջրագրությունը (լճեր, ջրամբարներ, գետեր, գետակներ, ջրանցքներ, առվակներ, ջրհորներ, աղբյուրներ, ափամերձ գոտիներ) և հիդրոտեխնիկական կառույցները.
3) բնակավայրերը և առանձին շենքերն ու շինությունները, ենթակառուցվածքները (էլեկտրաէներգիա, գազ, կապ).
4) արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտները.
5) ճանապարհային ցանցը (երկաթուղային, խճուղային և գրունտային ճանապարհներ, արահետներ) և ճանապարհային ենթակառուցվածքները.
6) ռելիեֆը և բարձրությունների իզոգծերը, ռելիեֆի թվային մոդելը.
7) բուսական ծածկը.
8) հողատեսքերը:
11. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված օբյեկտները քարտեզների վրա տրվում են ամբողջ ծավալով, իսկ անհրաժեշտության դեպքում օբյեկտների պատկերներին կից տրվում են անվանումներ, պարզաբանող մակագրություններ և որակական ու քանակական բնութագրիչներ:
12. Անդրսահմանային գետավազանային հատվածների համար հեղեղումների վտանգների քարտեզների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզների մշակմանը պետք է նախորդի տեղեկատվության փոխանակումը համապատասխան հարևան երկրների միջև, ինչպես նաև պետք է իրականացվեն քարտեզների թարմացման շարունակական աշխատանքներ։
13. Հեղեղումների ռիսկի նախնական գնահատման արդյունքները, հեղեղումների վտանգների քարտեզները, հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները և ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները պետք է լինեն հանրությանը հասանելի:
14. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է ինտեգրվեն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մաս կազմող ազգային գեոպորտալին։
15. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է վերանայվեն վեց տարին մեկ ջրավազանային կառավարման պլանների վերանայումների հետ համակարգված՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հավանական ազդեցությունը հեղեղումների առաջացման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|