Գլխավոր տեղեկություն
Համար
N 1143-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1143-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1143-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գնահատման և փորձաքննության ենթակա՝ Ա, Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված ժամկետներում և ընթացակարգով:

 

2․ ՇՄԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

3. Օրենքով սահմանված նախատեսվող գործունեության տեսակ հանդիսանալու կամ ՇՄԱԳ-ի ենթակա նախատեսվող գործունեության տեսակի (ըստ կատեգորիաների) դասակարգման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, մինչև ՇՄԱԳ գործընթացի սկսելը, նախաձեռնողը կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին՝ ներկայացնելով նախատեսվող գործունեության ընդհանուր բնութագիրը (վայր, տեսակ, ծավալ, հնարավոր ազդեցություն):

4. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով պահանջվող պարզաբանումը գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ դիմումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

5․ Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտման նպատակով դիտարկվում են հնարավոր այլընտրանքային, այդ թվում՝ զրոյական՝ նախատեսվող գործունեության չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Նախընտրելի տարբերակի ընտրությունը հիմնավորելու նպատակով իրականացվում է նախատեսվող գործունեության նախընտրելի տարբերակի և այլընտրանքային տարբերակների բնապահպանական և սոցիալ-տնտեսական համեմատական վերլուծություն:

6․ ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է գրավոր դիմել լիազոր մարմնին՝ գնահատման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով:

7. Լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակներում սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը գրավոր տրամադրում է դիմումատուին՝ դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

3. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

8. Նախաձեռնողը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիթորինգ)՝ համաձայն նախատեսվող գործունեության բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի՝ շրջակա միջավայրի՝ ներառյալ մարդու առողջության վրա ազդեցությունների հետևանքով առաջացող հնարավոր փոփոխությունները կանխատեսելու նպատակով:

9. Մշտադիտարկման տարեկան արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության տարեկան ծրագիր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի։

10. Յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի առաջին տասնօրյակը մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։

11. Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: