Գլխավոր տեղեկություն
Համար
N 2665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2665-Ա

«15» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վարդան Արամյանի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ Դ-57984-24 և 2024 թվականի հունիսի 12-ի թիվ Դ-75287-24 դիմումների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Վարդան Արամյանի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ Դ-57984-24 և 2024 թվականի հունիսի 12-ի թիվ Դ-75287-24 դիմումները, գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Թիվ Դ-57984-24 և թիվ Դ-75287-24 դիմումներին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի Տիչինա փողոցի 2-րդ փակուղում ծառն ընկել է Վարդան Արամյանի սեփականությունը հանդիսացող «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:

Վարդան Արամյանը, ներկայացնելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին տրված թիվ 24-1418՝ հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով պատճառված վնասը:

2023 թվականի հոկտեմբերի 23-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB493555 վկայագրի համաձայն՝ «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Վարդան Արամյանի սեփականությունը:

Թիվ Դ-57984-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինա փողոցի 2-րդ փակուղում 2024 թվականի ապրիլի 2-ին ժամը 13։30-ի սահմաններում քաղաքացի Վարդան Արամյանին պատկանող «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա քամուց տապալվել և ընկել է կենսունակության ավարտին մոտ գտնվող (արտաքինից կենսունակ) սնամեջ, փտած բնամիջուկով մանրատերև թեղի։

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին տրված թիվ 24-1418 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կազմված նյութերով արձանագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1418 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 347,000 (երեք հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Թիվ Դ-57984-24 և թիվ Դ-75287-24 դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Վարդան Արամյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում թիվ 2346 համարով գրանցված հաղորդման կապակցությամբ նյութերը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1418 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Վարդան Արամյանի՝ վնասը փոխհատուցելու 2024 թվականի մայիսի 3-ի թիվ Դ-57984-24 և 2024 թվականի հունիսի 12-ի թիվ Դ-75287-24 դիմումները բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1418 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Hyundai elantra 2.0» մակնիշի 21LV777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 347,000 (երեք հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Վարդան Արամյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան