ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2024 թվականի N 1198-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱՏՈՄԱՅԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 12-րդ հոդվածի 3-րդ մասի և 42-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 200,000,000 դրամ, որը բաժանված է 20000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
3. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ձևավորել ընկերության գործադիր մարմին.
2) հաստատել ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը.
4) ընկերության պետական գրանցման հետ կապված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|