Գլխավոր տեղեկություն
Համար
N 2932-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2932-Ա

«30» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ՓՈՂՈՑՈՒՄ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒՄ, ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՄԵԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՎ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Թբիլիսյան խճուղում, Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում Երևան համայնքին պատկանող հողամասերում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով մեծ տեղեկատվական դաշտով վահանակների կառուցման /տեղադրման/ շինարարական աշխատանքներ, որով ծանրաբեռնվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությունում հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգավորումները:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռքբերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝

ա. Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Թբիլիսյան խճուղում, Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում, Երևան համայնքին պատկանող հողամասերում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով մեծ տեղեկատվական դաշտով վահանակների կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ դրանցով ծանրաբեռնված հողամասերը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասների նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք.

բ. վերոնշյալ ինքնակամ շինությամբ փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասերը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինությունից.

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ hողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները: Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական և դրանք ենթակա են քանդման:

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը:

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Չօրինականացնել Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Թբիլիսյան խճուղում, Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված մետաղական կոնստրուկցիաներով մեծ տեղեկատվական դաշտով վահանակները:

2. Հանձնարարել Երևանի Քանաքեռ – Զեյթուն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Թբիլիսյան խճուղում, Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված մետաղական կոնստրուկցիաներով մեծ տեղեկատվական դաշտով վահանակներն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4. Հանձնարարել Երևանի Քանաքեռ – Զեյթուն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից:

5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի ու Երևան քաղաքի Քանաքեռ – Զեյթուն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին վրա։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը։

 

Տ. Ավինյան