Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-54-Ո-Կ-6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.07.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-54-Ո-Կ-6

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ

Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ՝

անդամներ


 

 

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Էդ. Հովհաննիսյանի

 

Արդարադատության նախարարի տեղակալ
 

Լ. ԲալՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարանի

դատավոր

Ա. Սուջյանի

 


 

Ա. ԴանիբեկՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Մ. Թելոյանի

 

2024 թվականի հուլիսի 16-ին 

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի մայիսի 6-ի թիվ 45-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Iravaban.net» լրատվական կայքում 10.02.2024 թվականին հրապարակված տեսանյութը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» վերնագրով1 հրապարակումը (այսուհետ նաև՝ Հրապարակում): Տեսանյութում առկա է նշում դրա՝ Դատական դեպարտամենտի կողմից պատրաստված լինելու մասին։

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Արդարադատության նախարարի 14.02.2024 թվականի թիվ Ն/01/2884-2024 գրությամբ Արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) վերահսկողության վարչության պետին հանձնարարվել է իրականացնել Հրապարակմամբ նշված դատական գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:

Արդարադատության նախարարի 05032024 թվականի թիվ 23-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի 06052024 թվականի թիվ 45-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 23.05.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել Խորհրդի նախագահին և մյուս անդամներին՝ բացառությամբ Մերի Համբարձումյանի և Արմեն Դանիելյանի, որոնք արձանագրային որոշումներով մերժվել են:

10.07.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 16.07.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

11.07.2024 թվականին Դատավորի կողմից ներկայացվել է կարգապահական վարույթի քննությունը վերսկսելու մասին միջնորդություն:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Արդարադատության նախարարը, ներկայացված միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Քրեական դատավարության օրենսգրքի2 (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 17-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 153-րդ հոդվածի 1-ին մասը, 301-րդ հոդվածի 3-րդ մասը, 303-րդ հոդվածի 2-րդ մասը, Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, փաստել է, որ օրենսդիրը սահմանել է գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունը որպես դատավորի վարքագծի կանոն՝ միաժամանակ սահմանելով այդ վարքագծի կանոնի պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմ: Մասնավորապես սույն գործով վերաբերելի գործիքակազմի շրջանակներում են ներառվում մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ քննվող գործի անջատումը դատարանի կողմից, նույն հիմքով դատավորին բացարկ ներկայացնելու արգելքը, առանց հարգելի պատճառի քննության չներկայացող ամբաստանյալին բերման ենթարկելը: Միաժամանակ, գործի ողջամիտ ժամկետում քննության երաշխիք է ՔԴՕ 301-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված գործի քննության անընդհատությունը: Գործի քննության անընդհատության սկզբունքից է բխում նաև դատական նիստերի անհիմն հետաձգման արգելքը և նիստերի հետաձգումը միայն ՔԴՕ-ով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Սույն գործի փաստական հանգամանքների հիման վրա վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Դատավորը քննել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործն (այսուհետ նաև՝ Գործ) ըստ մեղադրանքի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի` Քրեական օրենսգրքի3 (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանի` Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի` Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանի` Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսպիսով, Դատարանը քննել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հանցագործությունների կատարման (դրան օժանդակելու) մեջ մեղադրվող երկու անձանց վերաբերյալ գործը, մեկ այլ՝ Սահմանադրական կարգը տապալելու հանցագործության կատարման մեջ մեղադրանքի հետ համատեղ, ընդ որում՝ Սահմանադրական կարգը տապալելու հանցագործության կատարման մեջ, բացի նշված երկու մեղադրյալներից, մեղադրվել են ևս երկու այլ անձինք։ Հատկանշական է, որ այս երկու ենթադրյալ հանցագործությունների կատարման փաստական հանգամանքները, իրավական հիմքերը, հիմնավորումներն ակնհայտորեն որևէ առնչություն չեն ունեցել գործով քննվող մյուս մեղադրանքների հետ։ Նման պայմաններում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատարանը պարտավոր էր գործի դնել ՔԴՕ 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր լիազորությունը՝ գործից կաշառք ստանալու հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքի մասն առանձնացնելու միջոցով, հատկապես նկատի ունենալով գործի քննության ձգձգման հանգամանքը՝ այդ թվում մի շարք հիմնավոր հանգամանքների բերումով։ Ակնհայտ է, որ հաշվի առնելով Սահմանադրական կարգը տապալելու հանցագործության հատկանիշները, դրա վերաբերյալ գործի նյութերի ծավալը, գործով 2 այլ մեղադրյալների ներգրավված լինելու հանգամանքը, մեղադրյալների և պաշտպանների կողմից ներկայացվող մեծ քանակի միջնորդությունները՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, հնարավոր չէր ապահովել գործի օբյեկտիվ և ողջամիտ ժամկետներում քննության իրականացումը։ Դատավորի կողմից առնվազն պատշաճ ուշադրություն չի դարձվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներին, ինչի հետևանքով Դատարանի 27.12.2023 թվականի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Մինչդեռ, վերը նշված փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ գործի հանգամանքներից ելնելով՝ քրեական գործից մասի անջատումն ուղղակի անհրաժեշտություն էր և միայն դրական ազդեցություն կարող էր ունենալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա:

Այս համատեքստում վարույթ հարուցած մարմինն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև Դատավորի կողմից կատարված մի շարք այլ գործողություններին, որոնց համադրությունը ՔԴՕ 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի չիրացման հետ հանգեցրել է գործի ողջամիտ ժամկետներում քննության խախտման։ Դրանց թվում են՝ ամբաստանյալի պաշտպանների կողմից նույն հիմքով ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունների քննությունը Դատարանի կողմից և Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա դատական սանկցիա չկիրառելը։ Մասնավորապես՝ 07.10.2019 թվականին ներկայացվել է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, նույն՝ Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նույն իրավական հիմքով միջնորդություններ են ներկայացվել 12.11.2019 թվականին, 14.01.2020 թվականին, 03.03.2020 թվականին: Իսկ որպես միջնորդության փաստական հիմք վկայակոչվել է կալանքի հարցը մեղադրյալի բացակայությամբ քննած լինելը, կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելը կամ քաղաքական իշխանության որոշակի հայտարարությունները: Ակնհայտ է, որ Դատավորի կողմից գործի շրջանակներում իր դատազորության իրացումը՝ կամ միջնորդության շրջանակներում քաղաքական իշխանության վկայակոչված հայտարարությունները չեն կարող առնչվել Դատավորի կանխակալության հարցին, ինչն ակնհայտորեն վկայում է դատավորի ինքնաբացարկի միջնորդությունների ներկայացման միջոցով պաշտպանական կողմի իրավունքների չարաշահման մասին: Այնինչ իրավունքի չարաշահման ակնհայտ դրսևորման պայմաններում դատարանը չի իրացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավասությունը՝ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Միաժամանակ առկա են բազմաթիվ դատական նիստեր, որոնց հետաձգումը ևս՝ Լիազոր մարմնի գնահատմամբ, հիմնավոր չի եղել: Մասնավորապես.

1) 15.06.2021 թվականի դատական նիստը չի կայացել մեղադրյալների բացակայության պատճառով: Բացակայող դատավարության մասնակիցների հարգելի կամ անհարգելի լինելու հարցը Դատարանը որոշել է քննարկել նրանց ներկայությամբ, այնինչ ՔԴՕ 153-րդ և 303-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ դատական նիստին չներկայանալու մասին մեղադրյալը (ամբաստանյալը) պարտավոր է համապատասխան դիմում ներկայացնել դատարան առնվազն մինչև նիստի սկսվելը, իսկ նրա չներկայանալու պայմաններում դատարանն արդեն իսկ դա պետք է դիտարկի որպես անհարգելի պատճառով նիստին չներկայանալու փաստ, և, ըստ անհրաժեշտության, մեղադրյալին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի, այլ ոչ թե նիստը հետաձգի և բացակայության հարգելի (անհարգելի) լինելու հարցը լուծի հաջորդ դատական նիստին:

2) 23.06.2020 թվականի դատական նիստը հետաձգվել է և պաշտպանի բացակայությունը հարգելի է համարվել միայն այն պատճառով, որ մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը շփում էր ունեցել COVID վարակակրի հետ, սակայն նրա հիվանդության վերաբերյալ որևէ փաստ չի ներկայացվել:

3) 15.12.2020 թվականի դատական նիստում ամբաստանյալների բացակայությունը հարգելի է համարվել, քանի որ նրանք «ճշտել են չներկայանալու հնարավորության մասին» (հավանաբար հեռախոսակապի միջոցով), այնինչ ՔԴՕ-ն նման ընթացակարգ չի նախատեսում:

4) 03.08.2021 թվականի դատական նիստը հետաձգվել է և մեղադրյալի բացակայությունը հարգելի է համարվել Ա. Գևորգյանի՝ ԱԺ նիստին մասնակցելու պատճառով, այնինչ ԱԺ նիստին մասնակցելը և որպես պատգամավոր իր աշխատանքային պարտականությունները կատարելը չի կարող որևէ դեպքում ողջամտորեն հիմք հանդիսանալ նիստին չներկայանալը հարգելի համարելու համար: Հակառակ պարագայում ակնհայտ է, որ մեծ թիվ են կազմում քրեական վարույթների շրջանակներում ներգրավված ոչ գործազուրկ մեղադրյալները և ցանկացած մեղադրյալի աշխատանքի ներկայանալու պատճառով դատական նիստերին չմասնակցելը և դա դատարանի կողմից հարգելի համարելն առհասարակ կխաթարի ՔԴՕ-ով նախատեսված գործի դատական քննության էությունը:

5) 31.08.2021 թվականի դատական նիստը հետաձգվել է էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, այնինչ դա հիմք չէ դատական նիստի հետաձգման համար, այլ միայն հիմք կարող է հանդիսանալ պարզ թղթային եղանակով արձանագրություն իրականացնելու համար:

6) 16.11.2021 թվականի դատական նիստը հետաձգվել է Ա. Գևորգյանի պաշտպան Ա. Կոչուբաևի՝ թիվ ԱՐԴ/0174/01/20 քրեական գործով դատական նիստին մասնակցելու համար: Այնինչ այդ նիստը նշանակված է եղել ավելի վաղ ժամի՝ ժամը 10:00 (թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստը նշանակված էր 13:00) և հետաձգվել է հենց պաշտպանների չներկայանալու պատճառով: Բացի այդ, առկա են մի շարք այլ դեպքեր, երբ պաշտպանի կողմից ներկայացվել է այլ դատական նիստի մասնակցելու հիմքով գործի քննությունը հետաձգելու միջնորդություն, սակայն նիստին մասնակցության վերաբերյալ ապացույց (ծանուցագիր, քաղվածք «datalex.am» կայքից) չի ներկայացվել:

Միաժամանակ, Լիազոր մարմինը նշել է, որ անհրաժեշտ չի համարում անդրադառնալ սույն գործի շրջանակներում կայացված մնացյալ բոլոր նիստերի և դրանց հետաձգման հիմքերի հիմնավորվածության հարցին, քանի որ վերը վկայակոչված բոլոր նիստերի մասին տեղեկությունները և համապատասխան գնահատականներն արդեն իսկ բավարար են միջնորդության լուծման համար:

Արդարադատության նախարարը վկայակոչել է Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշման, Վճռաբեկ դատարանի 18.09.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 քրեական գործով որոշման, Խորհրդի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 04.04.2024 թվականի թիվ ԲԴԽ-23-Ո-Կ-3 որոշման շրջանակներում արտահայտած դիրքորոշումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համադրության և վերլուծության արդյունքում վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ թեև վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդարադատության իրականացման տեսանկյունից առաջացնում է խոր բացասական հետևանքներ, հատկապես այն դեպքում երբ չեն քննարկվում քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ մեղավոր անձի մեղքի հարցը հաստատելու կամ հերքելու, քրեական օրենքի ուժով վերջինիս նկատմամբ օրենքով նախատեսված համաչափ պատիժ նշանակելու և դրանից բխող պատժի նպատակները՝ պատժի ենթարկված անձին ուղղելու, նրան վերասոցիալականացնելու, ինչպես նաև նոր հանցագործությունները կանխելու կարևորագույն հարցերը, այնուամենայնիվ, այստեղ առանցքային նշանակություն ունի Դատավորի դրսևորած վարքագիծը՝ գործի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու համատեքստում: Լիազոր մարմնի գնահատմամբ՝ Դատարանը կոնկրետ գործի քննության ընթացքում, ելնելով այդ գործով առաջադրված մեղադրանքի համատեքստում օրենդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներից, պետք է ոչ միայն ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու ուղղությամբ, այլև հնարավորության դեպքում պետք է իր գործողություններով կանխի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը: Քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս գործը ողջամիտ ժամկետում քննելու դատարանի պարտականությունը ոչ միայն ուղղված է դատավարության մասնակիցների արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովմանը, այլև՝ մեղավորին (մեղավորներին) քրեական պատասխանատվության ենթարկելուն, այդպիսով նաև՝ քրեական պատասխանատվության ինստիտուտի և պատժի նպատակների իրագործմանը: Այսինքն՝ քրեական գործի քննության ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վրա հասնելու կանխումը դատարանի աներկբա պարտականությունն է, որի չպահպանումը կարող է խաթարել ոչ միայն տուժողի օրինական ակնկալիքները քրեական արդարադատությունից, այլև արդարադատության բուն էությունը:

Արդարադատության նախարարը հավելել է որ, սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննվել է ավելի քան 4 տարի 5 ամիս, որի շրջանակներում Դատարանի կողմից չի կիրառվել գործի ողջամիտ ժամկետներում քննության պահանջի պահպանմանն ուղղված ՔԴՕ-ով սահմանված գործիքակազմը, մասնավորապես՝

- Դատարանը չի կիրառել ՔԴՕ 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր լիազորությունը՝ գործից կաշառք ստանալու հանցագործության կատարման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և կաշառք ստանալու հանցագործության կատարմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գևորգյանի մեղադրանքի մասն առանձնացնելու միջոցով,

- Իրավունքի չարաշահման ակնհայտ դրսևորման պայմաններում Դատարանը չի կատարել դատական սանկցիա կիրառելու իր իրավասությունը՝ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով,

- Վերը վկայակոչված 1-6-րդ կետում թվարկված դեպքերում Դատարանը ոչ բավարար հիմքերի առկայության պայմաններում հետաձգել է դատական նիստը կամ մեղադրյալի բացակայությունը հարգելի է համարել և դատական նիստին բերման ենթարկելու մասին որոշում չի կայացրել:

Նշված բոլոր գործողություններն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել այն հանգամանքի վրա, որ Դատարանի 27.12.2023 թվականի որոշմամբ ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այսպիսով ողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն իր՝ վերը նկարագրված գործողությունների արդյունքում խախտել է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնները:

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը սույն գործի փաստական հանգամանքների և դատավարական անհրաժեշտ գործիքակազմի կիրառության բավարար և ակնհայտ հիմքերի առկայության պայմաններում Լիազոր մարմինը գտել է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատական նիստում Արդարադատության նախարարի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմին և Խորհրդին չեն ներկայացվել համապաստախանաբար գրավոր բացատրություն և պատասխան:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 29.04.2019 թվականին` ըստ էության քննելու համար հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի` Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանի` Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի` Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանի` Օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

4.2 Քրեական գործը 19.08.2019 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին և Դատարանի 20.08.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

4.3 Գործով դատական նիստեր են նշանակվել և միջնորդություններ ներկայացվել.

1) 12.09.2019 թվականին՝ Դատարանը հայտարարել է միջնորդության (խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ) քննությունը ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

2) 17.09.2019 թվականին՝ Դատարանը հայտարարել է միջնորդության (խափանման միջոցը փոխելու վերաբերյալ) քննությունը ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

3) 20.09.2019 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Հ. Ալումյանի կողմից՝ հայտարարված ինքնաբացարկի միջնորդության պատրաստվելու պատճառով:

07.10.2019 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից Դատարանին ներկայացվել են բացարկի միջնորդություններ:

4) 07.10.2019 թվականին, որի ընթացքում Դատարանը հայտարարել է վերոնշյալ միջնորդության քննությունն ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

5) 08.10.2019 թվականին, որը հետաձգվել է նախապես նշանակված այլ դատական նիստի պատճառով:

6) 15.10.2019 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով:

7) 05.11.2019 թվականին, որի ընթացքում քննարկվել է միջնորդություն և Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

8) 07.11.2019 թվականին, որի ընթացքում հրապարակել է որոշումը:

12.11.2019 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից Դատարանին և դատախազ Պ. Պետրոսյանին ներկայացվել են բացարկի միջնորդություններ:

9) 12.11.2019 թվականին, որի ընթացքում քննվել են վերոնշյալ միջնորդությունները, հրապարակվել է Դատավորին հայտնած բացարկի վերաբերյալ որոշումը:

10) 19.11.2019 թվականին, որի ընթացքում քննվել է դատախազ Պ. Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

11) 26.11.2019 թվականին, որի ընթացքում քննվել է դատախազ Կ. Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

12) 03.12.2019 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

08.12.2019 թվականին ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի կողմից ներկայացվել է միջնորդություն Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

13) 09.01.2020 թվականին, որը հետաձգվել է, որոշվել է միջնորդությունների քննությունը շարունակել հաջորդ նիստին:

14.01.2020 թվականին Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել Դատավորին:

14.01.2020 թվականին Ա. Գևորգյանի պաշտպաններ Է. Ալեքսանյանի և Վ. Գևորգյանի կողմից ներկայացվել է հանցակազմի բացակայության հիմքով Ա. Գևորգյանի նկատմամբ Օրենսգրքի 38-300.1-րդ և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն:

14) 14.01.2020 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Մ. Պողոսյանի բացակայության պատճառով:

21.01.2020 թվականին պաշտպանների կողմից ներկայացվել է դիմում նշված օրվա դատական նիստին մասնակցել չկարողանալու վերաբերյալ՝ ակնկալելով, որ Դատարանը կստեղծի պաշտպանության կողմի համար բավարար երաշխիքներ մրցակցության սկզբունքի պահպանմամբ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

15) 21.01.2020 թվականին, որը հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով, որոշվել է հաջորդ դատական նիստին անդրադառնալ պաշտպանների վարքագծի քննարկմանը:

04.02.2020 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաններ Ա. Օրբելյանի և Հ. Խուդոյանի կողմից ներկայացվել է միջնորդություն Ռ. Քոչարյանի, Ա. Գևորգյանի, Յ. Խաչատուրովի, Ս. Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

16) 04.02.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

17) 11.02.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով, որոշվել է միջնորդության քննությունը շարունակել հաջորդ դատական նիստին:

18) 18.02.2020 թվականին, որը հետաձգվել է թարգմանչի բացակայության պատճառով:

19) 25.02.2020 թվականին, որի ընթացքում Դատարանը միջնորդության քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

02.03.2020 թվականին ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի կողմից ներկայացվել է ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու մասին միջնորդություն:

03.03.2020 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Ա. Վարդևանյանի կողմից ներկայացվել է Դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն:

20) 03.03.2020 թվականին, որի ընթացքում Դատարանը միջնորդության քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

21) 06.03.2020 թվականին, որի ընթացքում հրապարակել է որոշումը և նիստը հետաձգվել է որոշ ամբաստանյալների բացակայության պատճառով:

22) 10.03.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով:

23) 17.03.2020 թվականին, չի կայացել՝ Դատավորի վատառողջ լինելու պատճառով:

24) 08.05.2020 թվականին, որի ընթացքում Դատարանը քննել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված միջնորդությունները: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

25) 13.05.2020 թվականին, որի ընթացքում հրապարակվել է որոշումը:

26) 19.05.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանին հետվիրահատական բուժման մեջ գտնվելու հետևանքով բացակայելու պատճառով:

27) 26.05.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանին հետվիրահատական բուժման մեջ գտնվելու հետևանքով բացակայելու, ինչպես նաև պաշտպանների բացակայելու պատճառով: Ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի, Ս. Օհանյանի պաշտպաններ՝ Կ. Մեժլումյանի և Ի. Պետրոսյանի կողմից ներկայացվել են դիմումներ՝ մինչև նոր կորոնավիրուսային համաճարակի հաղթահարման և դատարանում տվյալ վիրուսից պաշտպանված լինելու չափանիշներին համապատասխանող պայմանների ապահովումը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

28) 09.06.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի, Ս. Օհանյանի պաշտպաններ Կ. Մեժլումյանի և Ի. Պետրոսյանի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմումների հիմքով:

29) 23.06.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի բացակայության պատճառով, վերջինս ներկայացրել է, ի թիվս այլնի, COVID-19-ով վարակված անձի հետ շփում ունեցած լինելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմում:

30) 30.06.2020 թվականին, որը հետաձգվել է Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի COVID-19-ով վարակված անձի հետ շփում ունեցած լինելու և դատական նիստի պայմանների փոփոխության անհնարինության հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:

31) 07.07.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

14.07.2020 թվականին ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:

32) 14.07.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

33) 21.07.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

34) 28.07.2020 թվականին, որը հետաձգվել է Դատարանի կողմից պահանջված փաստաթղթերը ստանալու նպատակով:

35) 04.08.2020 թվականին, որը հետաձգվել է, քանի որ Դատարանը անհրաժեշտ է համարել լսել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ. Եգորյանին՝ կապված Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից ներկայացված տուժողներին կարգավիճակից հանելու և դատական նիստին որպես վկա հրավիրելու միջնորդության հետ:

36) 11.08.2020 թվականին, որը հետաձգվել է Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի բացակայության պատճառով:

37) 08.09.2020 թվականին, որը հետաձգվել է, քանի որ Դատարանի համար անհրաժեշտություն է առաջացել ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու համար:

38) 15.09.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

39) 22.09.2020 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

40) 29.09.2020 թվականին, որը հետաձգվել է դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, որի մասին նախապես տեղեկացվել են դատավարության մյուս մասնակիցները: Դատախազներ Պ. Պետրոսյանը և Գ. Բաղդասարյանը ևս հայտնել են դատական նիստին մասնակցելու անհնարինության մասին:

41) 06.10.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալներ Յ. Խաչատուրովի և Ս. Օհանյանի պաշտպանների բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի և ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմում:

42) 27.10.2020 թվականին, որը հետաձգվել է դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, որի մասին նախապես տեղեկացվել են դատավարության մյուս մասնակիցները:

43) 10.11.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ս. Օհանյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

44) 01.12.2020 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

45) 08.12.2020 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Մ. Պողոսյանի՝ առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմումի հիմքով:

09.12.2020 թվականին Ռ. Քոչարյանի պաշտպան Ա. Վարդևանյանի կողմից ներկայացվել է դիմում՝ վերջինիս ՌԴ Մոսկվա քաղաք մեկնելու թույլտվության վերաբերյալ:

46) 15.12.2020 թվականին, որը հետաձգվել է դատավարության մասնակիցների բացակայության հիմքով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի դիմումը՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

47) 22.12.2020 թվականին, որը հետաձգվել է թարգմանիչի և 5 պաշտպանների բացակայության պատճառով:

48) 19.01.2021 թվականին, որի ընթացքում Դատարանը քննել է դատախազներ Ա. Դավթյանին և Պ. Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

49) 22.01.2021 թվականին, որը հետաձգվել է նախապես նշանակված այլ դատական նիստի պատճառով:

01.02.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի միջնորդությունը՝ տուժող Արթուր Ավագյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

02.02.2021 թվականին ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի կողմից Դատավորին ներկայացվել է բացարկի միջնորդություն:

50) 02.02.2021 թվականին, որի ընթացքում Դատարանը միջնորդության քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

51) 03.02.2021 թվականին, հրապարակել է որոշումը և դատական նիստը հետաձգվել է նախապես նշանակված այլ դատական նիստի պատճառով:

52) 09.02.2021 թվականին, որի ընթացքում Դատարանը միջնորդության քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

10.02.2021 թվականին Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի կողմից ներկայացվել է դիմում՝ վերջինիս ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք մեկնելու թույլտվության վերաբերյալ:

53) 11.02.2021 թվականին, որի ընթացքում հրապարակվել է որոշումը, դատական նիստը հետաձգվել է նախապես նշանակված այլ նիստի պատճառով:

54) 16.02.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Յ. Խաչատուրովի վատառողջ լինելու պատճառով:

19.02.2021 թվականին Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի կողմից ներկայացվել է դիմում՝ վերջինիս ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք մեկնելու թույլտվության վերաբերյալ:

55) 23.02.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, վերջինս 22.02.2021 թվականին ներկայացրել է միջնորդություն՝ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

56) 02.03.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի, պաշտպանի բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի դիմումը՝ Ա. Գևորգյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

57) 09.03.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ս. Օհանյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի դիմումը՝ Ս. Օհանյանի հոսպիտալացման պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

58) 16.03.2021 թվականին, որը հետաձգվել է դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի դիմումը՝ Ս. Օհանյանի հոսպիտալացման և իր վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

23.03.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությունը քննարկելու վերաբերյալ:

23.03.2021 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Ա. Վարդևանյանի կողմից ներկայացվել է դիմում՝ ամբաստանյալին ՌԴ Մոսկվա քաղաք մեկնելու թույլտվության վերաբերյալ:

59) 23.03.2021 թվականին, որը հետաձգվել է Ռ. Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով, մասնավորապես, վերջիններս առանց դատարանի թույլտվության լքել են դատական նիստերի դահլիճը:

29.03.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ:

29.03.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ա. Գևորգյանի նկատմամբ Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ:

29.03.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ս. Օհանյանի նկատմամբ Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ:

29.03.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Յ. Խաչատուրովի պաշտպան Մ. Պողոսյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Յ. Խաչատուրովի նկատմամբ Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ:

60) 30.03.2021 թվականին, որը հետաձգվել է դատախազ Գ. Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության հիմքով:

02.04.2021 թվականին Դատարան է ներկայացվել մեղադրողներ Գ. Բաղդասարյանի և Պ. Պետրոսյանի միջնորդությունը՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

61) 02.04.2021 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

62) 06.04.2021 թվականին, որի ընթացքում հրապարակվել է որոշումը: Դատարանի 06.04.2021 թվականի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, Սեյրան Մուշեղի Օհանյանին, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և Արմեն Անդրանիկի Գևորգյանին Օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով Գործի վարույթը կարճվել է:

63) 13.04.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի՝ COVID-19 թեսթ հանձնելու բժշկական ցուցում ունենալու պատճառով դատական նիստին չներկայանալու հիմքով:

04.05.2021 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Ա. Վարդևանյանի կողմից ներկայացվել է դիմում՝ ամբաստանյալին ՌԴ Մոսկվա քաղաք մեկնելու թույլտվության վերաբերյալ:

64) 04.05.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով:

65) 11.05.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, 10.05.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ Ա. Գևորգյանի հետվիրահատական առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

66) 25.05.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, 24.05.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

14.06.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Ա. Օրբելյանի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

67) 15.06.2021 թվականին, որը հետաձգվել է դատավարության մասնակիցների բացակայության պատճառով: Մասնավորապես, 14.06.2021-15.06.2021 թվականներին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաններ Ա. Օրբելյանի, Ա. Վարդևանյանի, Հ. Ալումյանի, Հ. Խուդոյանի միջնորդությունները՝ արձակուրդում գտնվելու, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ առողջական խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

68) 29.06.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալների կարգավիճակը պարզելու նպատակով:

02.07.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի դիմումը՝ ամբաստանյալի՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվության վերաբերյալ:

69) 03.08.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, 03.08.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի՝ Ազգային ժողովի նստաշրջանին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

70) 10.08.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի՝ Ազգային ժողովի նստաշրջանին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Կայացվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանին բերման ենթարկելու մասին որոշում:

71) 17.08.2021 թվականին, որը հետաձգվել է:

23.06.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի փաստաբան Հ. Խուդոյանի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու կամ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

72) 24.08.2021 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Է. Ալեքսանյանի բացակայության պատճառով, ով առանց Դատավորի թույլտվության լքել է դատական նիստի դահլիճը:

73) 31.08.2021 թվականին, որը հետաձգվել է էներգամատակարարման բացակայության պատճառով:

74) 07.09.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի՝ նոր պաշտպան հրավիրելու նպատակով, վերջինիս պաշտպան Է. Ալեքսանյանն առանց Դատավորի թույլտվության լքել է դատական նիստի դահլիճը:

09.09.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի միջնորդությունը՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվության վերաբերյալ:

22.09.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի միջնորդությունը՝ ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու թույլտվության վերաբերյալ:

Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Է. Ալեքսանյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

75) 28.09.2021 թվականին, որը հետաձգվել է:

76) 05.10.2021 թվականին, որը հետաձգվել է և ժամկետ է տրամադրվել փաստաբան Լ. Սահակյանին՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

77) 12.10.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Լ. Սահակյանի բացակայության պատճառով, որն առանց Դատավորի թույլտվության լքել է դատական նիստի դահլիճը:

78) 19.10.2021 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Լ. Սահակյանի բացակայության պատճառով:

79) 26.10.2021 թվականին, որը հետաձգվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Հրապարակվել է որոշումը, դատական նիստը հետաձգվել է:

80) 02.11.2021 թվականին, որը հետաձգվել է:

81) 09.11.2021 թվականին, որը հետաձգվել է մեղադրողների բացակայության պատճառով, ինչպես նաև դատարան ներկայացված համապաստախան դիմումների հիմքով:

82) 16.11.2021 թվականին, որը հետաձգվել է պաշտպաններ Լ. Սահակյանի և Ա. Կոչուբաևի բացակայության պատճառով: Մասնավորապես, 16.11.2021 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ա. Գևորգյանի պաշտպան Ա. Կոչուբաևի միջնորդությունը՝ նախապես նշանակված այլ դատական նիստի մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

83) 14.12.2021 թվականին, որը հետաձգվել է:

84) 21.12.2021 թվականին, որը հետաձգվել է:

85) 18.01.2022 թվականին, որը հետաձգվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

86) 19.01.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հրապարակել է որոշումը: Դատական նիստը հետաձգվել է:

87) 25.01.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով, ըստ պաշտպան Հ. Ալումյանի հայտարարության՝ վերջինիս ընտանիքի անդամները վարակված են COVID-19-ով:

88) 01.02.2022 թվականին, որը հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով: Մասնավորապես, 01.02.2022 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի և Ա. Օրբելյանի կողմից Դատարան են ներկայացվել միջնորդություններ՝ առողջական վիճակի (Հ. Խուդոյանի մասով ևս) և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

89) 08.02.2022 թվականին, որը հետաձգվել է:

90) 15.02.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Հրապարակվել է որոշումը:

91) 22.02.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

22.02.2022 թվականին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին:

92) 01.03.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հրապարակել է որոշումը, նիստը հետաձգվել է, Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

93) 02.03.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հրապարակել է որոշումը:

94) 15.03.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ա. Գևորգյանի բացակայության պատճառով:

95) 22.03.2022 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Լ. Սահակյանի բացակայության պատճառով, վերջինս առանց Դատարանի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը, կիրառվել է դատական սանկցիա՝ 50.000 դրամի չափով:

96) 29.03.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի, պաշտպաններ Հ. Ալումյանի, Ա. Օրբելյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, պաշտպան Հ. Խուդոյանի կողմից ներկայացվել են վատառողջ լինելու վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև դիմում՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

97) 12.04.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով, ըստ պաշտպան Հ. Խուդոյանի՝ ամբաստանյալը վատառողջ է:

98) 19.04.2022 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Ա. Օրբելյանի բացակայության պատճառով, վերջինս առանց Դատարանի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը, կիրառվել է դատական սանկցիա՝ 50.000 դրամի չափով: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի ապրիլի 23-29-ը բացակայել ՀՀ-ից:

03.05.2022 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի միջնորդությունը՝ Դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ:

99) 03.05.2022 թվականին, որը հետաձգվել է պաշտպան Լ. Սահակյանի բացակայության պատճառով, վերջինս առանց Դատարանի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը:

100) 10.05.2022 թվականին, որը հետաձգվել է, ժամանակ է տրամադրվել պաշտպանության կողմին ամբաստանյալ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հետ կապված նյութեր ներկայացնելու համար: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի մայիսի 17-20-ը բացակայել ՀՀ-ից:

101) 24.05.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Հրապարակել է որոշումը, դատական նիստը հետաձգվել է:

102) 14.06.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի հունիսի 19-25-ը բացակայել ՀՀ-ից:

103) 15.06.2022 թվականին, որի ընթացքում Դատարանը հրապարակել է որոշումը:

104) 28.06.2022 թվականին, որը հետաձգվել է թարգմանչի ներկայությունը ապահովելու նպատակով:

105) 19.07.2022 թվականին, որը հետաձգվել է, Դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթեր:

106) 20.09.2022 թվականին, որը հետաձգվել է պաշտպանի բացակայության պատճառով: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի սեպտեմբերի 21-28-ը բացակայել ՀՀ-ից:

107) 04.10.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, 04.10.2022 թվականին Դատարան է ստացվել պաշտպան Հ. Ալումյանի դիմումը՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի հոկտեմբերի 09-15-ը բացակայել ՀՀ-ից:

108) 18.10.2022 թվականին, որը հետաձգվել է: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2022 թվականի հոկտեմբերի 22-29-ը և նոյեմբերի 06-10-ը բացակայել ՀՀ-ից: Առկա է Ազգային ժողովի նախագահ Ա. Սիմոնյանի կարգադրությունը՝ ամբաստանյալ Ա. Գևորգյանին գործուղելու վերաբերյալ:

109) 01.11.2022 թվականին, որը հետաձգվել է, հրապարակվել է պաշտպան Լ. Սահակյանի դիմումը:

110) 15.11.2022 թվականին, որը հետաձգվել է պատշաճ ծանուցված թարգմանչի բացակայության պատճառով: Միաժամանակ 14.11.2022 թվականին Դատարանում ստացվել է պաշտպան Հ. Ալումյանի դիմումը՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

111) 22.11.2022 թվականին, որը հետաձգվել է պատշաճ ծանուցված թարգմանչի, ինչպես նաև պաշտպաններ Հ. Ալումյանի և Հ. Խուդոյանի ներկայությունը ապահովելու համար: Մասնավորապես, 22.11.2022 թվականին Դատարան է ստացվել պաշտպան Հ. Ալումյանի դիմումը՝ այլ անձի պաշտպանությունն իրականացնելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

112) 06.12.2022 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով: Մասնավորապես, ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի դիմումն ամբաստանյալի՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվության վերաբերյալ:

113) 13.12.2022 թվականին, որը հետաձգվել է պատշաճ լիազորություններով թարգմանչի ներկայությունն ապահովելու նպատակով:

114) 20.12.2022 թվականին, որը հետաձգվել է պատշաճ ծանուցված ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով՝ մինչև հունվարի 20-ը գտնվելու է ՀՀ-ից դուրս:

115) 31.01.2023 թվականին, որը հետաձգվել է թարգմանչի բացակայության պատճառով, որոշվել է թարգմանչին ծանուցել հաջորդ դատական նիստի համար:

116) 14.02.2023 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով:

117) 21.02.2023 թվականին, որը հետաձգվել է, Դատարանը բավարարել է պաշտպան Լ. Սահակյանի միջնորդությունը՝ բավարարվել է և թույլատրվել է Ա. Գևորգյանին մեկնել ՀՀ-ից:

118) 07.03.2023 թվականին, որը հետաձգվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի բացակայության պատճառով: Դատարանը թույլատրել է ամբաստանյալին 16.03.2023-16.04.2023թթ. բացակայել ՀՀ-ից:

119) 18.04.2023 թվականին, որը հետաձգվել է՝ հաշվի առնելով պաշտպան Լ. Սահակյանի միջնորդությունը, որը բավարարվել է:

120) 02.05.2023 թվականին, որը հետաձգվել է:

121) 16.05.2023 թվականին, որը հետաձգվել է թարգմանչի ներկայությունն ապահովելու համար: Դատարանը թույլատրել է ամբաստանյալ Ա. Գևորգյանին՝ 21.05.2023-24.05.2023թթ., 31.05.2023-03.06.2023թթ., իսկ ամբաստանյալ Ռ. Քոչարյանին 18.05.2023-18.06.2023թթ. բացակայել ՀՀ-ից:

122) 20.06.2023 թվականին, որը հետաձգվել է:

123) 29.08.2023 թվականին, որը չի կայացել Դատավորի ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով:

124) 26.09.2023 թվականին, որի ընթացքում Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 27.09.2023-14.10.2023թթ. և 22.10.2023-27.10.2023թթ. բացակայել ՀՀ-ից: 27.09.2023 թվականին, որի ընթացքում հրապարակվել է որոշում:

125) 24.10.2023 թվականին, որը չի կայացել, քանի որ Դատարանի թույլտվությամբ ամբաստանյալ Ա. Գևորգյանը 22.10.2023-27.10.2023թթ. բացակայելու է ՀՀ-ից:

126) 31.10.2023 թվականին, որը չի կայացել Դատավորի ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված:

127) 28.11.2023 թվականին, որը հետաձգվել է, քանի որ պաշտպան Մ. Պողոսյանին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:

128) 12.12.2023 թվականին, որը հետաձգվել է: Մասնավորապես, 12.12.2023 թվականին Դատարանում ստացվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Մ. Պողոսյանի դիմումը՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

129) 19.12.2023 թվականին, որը հետաձգվել է: Մասնավորապես, Դատարանում ստացվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Մ. Պողոսյանի դիմումը՝ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

130) 26.12.2023 թվականին, որը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

26.12.2023 թվականին Դատարան է ստացվել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Մ. Պողոսյանի և ամբաստանյալ Ա. Գևորգյանի միջնորդությունները՝ ՀՀ-ից բացակայելու վերաբերյալ:

131) 27.12.2023 թվականին, որը հետաձգվել է մեղադրողների բացակայության պատճառով:

132) 27.12.2023 թվականին, որի ընթացքում հրապարակվել է ամբաստանյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Դատարանը թույլատրել է Ա. Գևորգյանին 2024 թվականի հունվարի 21-28-ը բացակայել ՀՀ-ից: Դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

4.4 Դատարանի 27.12.2023 թվականի որոշման համաձայն. «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պատկանող ք. Երևան, Իսակովի պողոտա 23/7 հասցեի տան և դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացնել:

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավը վերացնել:

Գայանե Ռոբերտի Քոչարյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին վճարված 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ գրավի գումարը վերադարձնել Գայանե Ռոբերտի Քոչարյանին (…)»:

Այսպիսով սույն գործի շրջանակներում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 20.08.2019 թվականի որոշմամբ գործը վարույթ ընդունելուց հետո մինչև 27.12.2023թ. ընկած ժամանակահատվածում նշանակվել են թվով 132 դատական նիստեր, Գործը Դատարանի վարույթում է գտնվում ավելի քան 4 տարի 4 ամիս:

4.5 Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով գործն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև ամբաստանյալ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մասով գործը առ այն, որ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, քննվել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, Սեյրան Մուշեղի Օհանյանին, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանին` Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով գործի հետ համատեղ:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,

5.2. արդյո՞ք թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման,

5.4. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը և վարքագծի կանոնի խախտումը կասկածի տակ են դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հեղինակազրկում են դատական իշխանությունը։

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, Նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է՝ բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր, առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանի մեկ այլ դիրքորոշմամբ արձանագրվել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն, այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները: Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը4:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան, դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը չի կարող արդարացվել անգամ, եթե համապատասխան դատավարական որոշումներն ընդունվել են անձի օգտին (քրեական գործի վարույթի կարճում, պատժի մեղմացում, հայցադիմումի (դիմումի) բավարարում և այլն):

Խորհուրդը, ինչպես նախկինում իր կայացրած որոշումներում սույն կարգապահական վարույթի շրջանակներում վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատավորին վերագրված խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների խախտման, ինչպես նաև կրկին կարևորում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում հիշատակել Եվրոպական դատարանի մոտեցումն առ այն, որ անգամ եթե դատավարական նախաձեռնությունը դրված է կողմերի վրա, դա չի ազատում դատարաններին 6-րդ հոդվածին համապատասխան արագ դատաքննություն ապահովելու պարտականությունից5, որից հետևում է, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը որոշելիս իրենց թիրախում պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի իրականացմամբ դատական նիստի նպատակների գործնականում կենսագործումը:

Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետների սահմանումը:

Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝ չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները:

ՔԴՕ 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա:

ՔԴՕ 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:

ՔԴՕ 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով:

ՔԴՕ 314.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նկատողություն.

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք.

4) իրավունքի իրականացման սահմանափակումը:

Տվյալ դեպքում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով՝ ամբաստանյալներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, Սեյրան Մուշեղի Օհանյանը, Յուրի Գրիգորիի Խաչատուրովը մեղադրվել են Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Անդրանիկի Գևորգյանը նույն Օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար, միաժամանակ, նշված արարքներից զատ՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղսագրվել է՝ Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմեն Անդրանիկի Գևորգյանին՝ Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարման վերաբերյալ մեղադրանքներ:

Գործը Դատավորի կողմից 20082019 թվականին վարույթ ընդունվելուց հետո 4 տարի 4 ամիս անց՝ 27.12.2023 թվականին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ի թիվս այլնի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանին մեղսագրվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը) վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը թե՛ մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով, ծանրության աստիճանով և թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի հանրային կարգավիճակի առումով օբյեկտիվորեն հանդիսացել է բացառիկ կարևորություն ունեցող, մինչդեռ Դատավորը Գործի բացառիկության և արդարադատության շահի անտեսմամբ՝ մեղադրանքները քննել է մեկ վարույթում համատեղ այն պարագայում, երբ Խորհրդի գնահատմամբ Գործի փաստական հանգամանքների, այդ թվում՝ վարույթում ներգրավված մեղադրյալների հանրային կարգավիճակի, վերագրվող արարքների բնույթի և ծանրության աստիճանի հաշվառմամբ Գործի քննության արդյունավետությունից ելնելով Դատարանը պարտավոր էր այն վարույթ ընդունելուց հետո, Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված մեղադրանքներն առանձնացնել Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքից և դրանք քններ առանձին վարույթներում, ինչը Դատարանին հնարավորություն կտար ողջամիտ ժամկետում առանց արդարադատության շահին վնասելու հասնել վերոնշյալ արարքներում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մեղավորության հաստատմանը կամ անմեղության հռչակմանը, մինչդեռ Դատարանը Գործի արդյունավետ քննության ապահովման նպատակով համապատասխան մարտավարություն չընտրելով ըստ էության նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչն էլ իր հերթին հանրության շրջանակներում անխուսափելիորեն առաջացրել է դատական իշխանության ձեռնհասության վերաբերյալ հիմնավոր կասկածներ, արդյունքում հանգեցնելով դատական իշխանության հեղինակազրկմանը:

Միաժամանակ, ՔԴՕ 153-րդ և 303-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական նիստին չներկայանալու մասին մեղադրյալը (ամբաստանյալը) պարտավոր է ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին տեղյակ պահել մինչև նախապես նշանակված դատական նիստը, իսկ նրա չներկայանալու պարագայում Դատարանն արդեն իսկ պետք է նիստին չներկայանալը համարեր անհարգելի և մեղադրյալին (ամբաստանյալին) բերման ենթարկելու մասին որոշում կայացներ, կամ օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կիրառեր խափանման միջոց կամ այն փոխարիներ ավելի պիտանիով, մինչդեռ տվյալ պարագայում Դատարանն անհասկանալի պատճառներով խուսափելով դատական նիստին անհարգելի պատճառներով չներկայացած ամբաստանյալին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելուց որոշել է դատական նիստը հետաձգել մեկ այլ հերթի և վերջիններիս մասնակցությամբ քննարկել չներկայանալու պատճառի հարգելիությունը՝ այսպիսով իմաստազրկելով բերման ենթարկելու մասին որոշում կայացնելու դատավարական հարկադրանքի միջոցի նշանակությունը:

Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանի՝ Ազգային Ժողովի նիստին մասնակցելու ինչպես նաև Արմեն Գևորգյանի պաշտպանի մեկ այլ քրեական գործով՝ 10:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու պատճառով՝ Գործով 13:00-ին նշանակված դատական նիստին չներկայանալու պարագայում Դատավորի կողմից նիստը հետաձգելուն, ապա Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ դատաքննության փուլում արդարադատության շահի հաշվառմամբ՝ բացառապես Դատարանի լիազորությունների տիրույթում է գտնվում դատավարության մասնակիցների նիստին չներկայանալու հիմնավորվածության գնահատումը, ինչից հետևում է, որ հարգելի պետք է համարվեն նիստին չներկայանալու այն պատճառները, որոնք օբյեկտիվորեն դատավարության մասնակցին զրկում են նշանակված դատական նիստին ներկայանալու հնարավորությունից, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումը, ինչպես նաև այլ գործերով դատավարության մասնակցելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների ներկայացումը չեն հանդիսանում այնպիսի հանգամանքներ, որոնք Դատարանի առաջ պետք է գերակայեն արդարադատության շահին և հանգեցնեն անհիմն պատճառաբանություններով դատական նիստերի պարբերական հետաձգմանը:

Քննության ենթակա հարցի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ 30.08.2021 թվականի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ սահմանված ժամկետների տրամաբանությամբ, անգամ գործը «առանձնակի բարդության» որակվելու դեպքում, այն ենթակա է քննության՝ առավելագույնը 24 ամիսների ընթացքում: Ավելին, հարկ է ընդգծել, որ պրակտիկայում Օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մեղադրանք պարունակող գործերը քննվում՝ են 6 ամսից մինչև 2 տարի 6 ամիս ժամանակահատվածում, ինչից ևս հետևում է, որ Գործի քննության 4 տարի 4 ամիս տևելը պայմանավորված է եղել Դատավորի կողմից դրսևորված գործողությամբ (անգործությամբ)՝ ըստ էության իրավունքի չարաշահման համար բարենպաստ պայմաններ ստեղծելով, որն արտահայտվել է Գործից մաս չանջատելով, միատեսակ միջնորդություններ ներկայացնող և տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայացող դատավարության մասնակիցների նկատմամբ հարկադրանքի միջոցի չկիրառմամբ:

Վերոնշյալ հիմնավորումներով Խորհուրդը փաստում է, որ Դատավորն իր վարույթում ունենալով Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայում ամենակարևոր գործերից մեկը՝ առանձին վարույթներում մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտային կազմով իրարից տարբերվող մեղադրանքները չառանձնացնելով, միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ և տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու ձևով դրսևորվող դատավարության մասնակիցների վարքագիծը համաչափ հարկադրանքի միջոցի կիրառմամբ չխափանելով հեղինակազրկել է դատական իշխանությունը և նպաստել քրեական արդարադատության շահի, նպատակի և էության խաթարմանը, ինչն էլ հանգեցրել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը:

Վերոնշյալի արդյունքում Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդարադատության իրականացման տեսանկյունից ընդհանրապես, իսկ պետության և հասարակության համար բացառիկ կարևորություն ունեցող քրեական գործերով առավելապես ունենում է բացասական ազդեցություն սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքով ի վերջո շարունակում են չբացահայտված մնալ քրեական արդարադատության գոյության հիմնական նպատակը հանդիսացող՝ ամբաստանյալների մեղավորության կամ անմեղության հարցերը, դրանից բխող քրեաիրավական հետևանքներով:

Խորհուրդը, գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջի ապահովման համատեքստում ամփոփելով Դատարանի գործողությունների (անգործության) վերաբերյալ գնահատականները, արձանագրում է, որ Դատավորը Գործից մաս չանջատելով, դատավարության մասնակիցների իրավունքի չարաշահման բացահայտ հատկանիշներ պարունակող արարքները համաչափ դատավարական հարկադրանքի միջոցների կիրառմամբ չխափանելով, Արմեն Գևորգյանի ՀՀ-ից որոշակի ժամկետով մեկնելու մասին միջնորդությունները՝ նաև դատական նիստի կայացման հաշվին բավարարելով՝ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ առանց դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու իր իրավասությանը վերապահված Գործը քննելու և լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման, ինչով և միաժամանակ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Խորհուրդն անդրադառնալով թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու մասին հարցադրմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն Օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի և դրա հետևանքների նկատմամբ:

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների խախտմանը հանգեցրած դատավարական իրավունքի նորմերի խախտումները Դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Անդրադառնալով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցին՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ, այսպիսով Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու մասին վարքագծի կանոնի խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմի խախտումն անխուսափելիորեն հանգեցրել է նաև Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտմանը, ինչպես նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։ Ավելին, Դատավորի կողմից կատարված խախտումն էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:

Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն պայմանավորված են դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Անդրադառնալով Դատավորի կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությանը՝ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կազմակերպված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Հետևաբար, Դատավորի կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությունների քննարկման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ըստ որի՝ վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը, որի մասին կայացնում է որոշում:

Հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ դատաքննության ավարտից հետո ապացույցների լրացուցիչ հետազոտման կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով գործի վարույթի վերսկսման անհրաժեշտությունը գնահատելու հայեցողական լիազորությունը սույն վարույթում բացառապես պատկանում է Խորհրդին, իսկ Խորհուրդը տվյալ պարագայում սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել՝ անկախ Դատավորի կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդության առկայության հանգամանքից:

Այնուամենայնիվ, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդության մեջ տեղ գտած՝ 10.07.2024 թվականի ժամը 10:00-ին նշանակված դատական նիստից 5 րոպե ուշանալու արդյունքում գործի քննությունն ավարտված համարելով՝ իր լսված լինելու իրավունքը խախտած լինելու մասին պնդմանը, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «լսված լինելու իրավունքը» բացարձակ իրավունք չէ, ավելին՝ այն ենթադրում է որոշակի գործողություններ կատարելու պարտականություն, ինչպիսիք են` նիստերին պատշաճ ժամանակին ներկայանալը, ներկայացուցիչ ուղարկելը, դիրքորոշման կամ պատասխանի ներկայացումը և այլն: Հարկ է ընդգծել նաև, որ Դատավորը հնարավորություն է ունեցել կարգապահական վարույթը նախաձեռնելու փուլից ներկայացնել դիրքորոշում կամ պատասխան, սակայն նա չի օգտվել այդ իրավունքից որևէ փուլում՝ չիրացնելով ՀՀ օրենսդրությամբ Դատավորին տարբեր փուլերում ընձեռնված՝ «լսված լինելու» հնարավորությունը: Ավելին, դատական նիստը սահմանված ժամին սկսելը միջազգայնորեն ամրագրված՝ արդար դատաքննության իրավունքի իրացման կարևորագույն պայմաններից մեկն է: Տվյալ դեպքում, Դատավորը, դատական նիստից առաջ և դրա ընթացքում որևէ ձևով Խորհրդին չի զգուշացրել իր բացակայության պատճառների և տևողության մասին, որի արդյունքում Խորհուրդը նիստը սկսելուց առաջ և նիստի ընթացքում տեղեկացված չի եղել Դատավորի հնարավոր ուշացման մասին և որևէ ողջամիտ ենթադրությամբ չէր կարող արձանագրել Դատավորի հնարավոր ուշացման փաստը, հատկապես, որ դատական քննության յուրաքանչյուր փուլում կողմի՝ նիստին չներկայանալը նրա երաշխավորված իրավունքներից է: Հետևաբար, թեև դատարաններում` հատկապես բարձրագույն դատական ատյաններում, ուշացումներն անընդունելի են, սակայն պատշաճ ծանուցման դեպքում Խորհուրդը կարող էր հաշվի առնել ուշացման ժամանակահատվածն ու պատճառները՝ հարգելի համարելով Դատավորի ուշացումը (բացակայությունը): Հակառակ պարագայում երբ դատավորը պատշաճ ծանուցված է և առանց որևէ տեղեկացման պարզապես չի ներկայացել դատական նիստին, Խորհրդի պարտականությունն է ապահովել գործի քննության հետագա պատշաճ ընթացքը՝ շարունակելով և ավարտելով դատաքննությունը:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Դատավորը կարգապահական վարույթի ընթացքը վերսկսելու մասին իր միջնորդության մեջ որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք կամ որևէ նոր փաստարկ կամ հիմնավորում չի ներառել, որը կարող էր հիմք հանդիսանալ Խորհրդի համար գործը վերսկսելու համար: Մասնավորապես, Արդարադատության նախարարի և փոխնախարարի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում Դատական դեպարտամենտի կողմից հրապարակված տեսանյութին «հավանումներ» դնելն իր նշանակությամբ չի կարող հանդիսանալ կարգապահական վարույթի վերսկսման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար ողջամիտ և իրավաչափ փաստարկ կամ հիմնավորում:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննության ենթակա հանգամանքների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմքով հայտված ինքնաբացարկի միջնորդությանը, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ հանգամանալից ուսումնասիրելով հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված և ինքնաբացարկի միջնորդությամբ հիշատակված հարցազրույցի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խոսքը, Խորհուրդն արձանագրում է, որ Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հարցազրույցի ընթացքում որևէ դատավորի վերաբերյալ կանխակալության դրսևորում չի եղել, հակառակը՝ ցանկություն է արտահայտվել պաշտպանել դատական իշխանությունը և առանձին դատավորներին անհիմն քննադատությունից և թիրախավորումից, միաժամանակ իրազեկելով հանրությանը գործող վերաբերելի կարգավորումների և ընթացակարգերի մասին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

____________________________

1 Հրապարակումը և տեսանյութն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ (05.03.2024 թվականի դրությամբ)՝ https://iravaban.net/461438.html

2 Ընդունվել է 01․07․1998 թվականին, ուժի մեջ է մտել 12․01․1999 թվականին, ուժը կորցրել է 01․07․2022 թվականին, բացառությամբ 30․06․21 թվականի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

3 Ընդունվել է 18.04.2003 թվականին, ուժի մեջ է մտել 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022 թվականին:

4 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:

5 Տե'ս, Sürmeli-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], 2006, § 129։ Pafitis -ը և այլք ընդդեմ Հունաստանի, 1998, § 93։ Tierce-ն ընդդեմ Սան Մարինոյի, 2003, § 31:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 
Անդամներ`

 

 

 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Էդ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան