ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58292/02/21 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58292/02/21 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆս. ՄեղրՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Իրինա Բուլղադարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշման դեմ` ըստ Իրինա Բուլղադարյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Իրինա Բուլղադարյանը պահանջել է «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լևոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով»:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.11.2022 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2023 թվականի որոշմամբ Իրինա Բուլղադարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Նարինե Բարսեղյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Բուլղադարյանը (ներկայացուցիչ Սամվել Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ ու 131-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 66-րդ, 237-րդ և 239-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները, որի արդյունքում կատարել է սխալ եզրահանգում։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 1990 թվականին Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի կողմից ինքը փաստաթղթավորվել է ХI СЛ սերիայի 708815 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, որում ծննդյան ամիսը սեպտեմբերի փոխարեն սխալմամբ գրառվել է նոյեմբեր։ Ինքը 11.04.1996 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, 18.03.1999 թվականից հիշյալ ԽՍՀՄ անձնագիրը՝ ծննդյան սեպտեմբեր ամիս գրառումով, փոխարինվել է ՌԴ անձնագրով, այնուհետև 18.05.2018 թվականին փոխանակել է ՌԴ անձնագիրը և ստացել թիվ 45 18 901874 անձնագիրը՝ տրված ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից 45 տարին լրանալու կապակցությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ստացել է 2021 թվականի ապրիլ ամսին, որի համար հիմք է հանդիսացել ծննդյան վկայականը և Ռուսաստանի Դաշնության անձնագիրը՝ նոյեմբեր ամիս ծննդյան տվյալով։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ երկու անձնագրերում ծննդյան ամսի անհամապատասխանությունը խոչընդոտներ է ստեղծում սահմանը հատելու ժամանակ՝ իրեն նույնականացնելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 12.09.1973 թվականին Երևան քաղաքում ծնվել է Իրինա Գարեգինի Բուլղադարյանը (հայրը՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, մայրը՝ Լիզա Լևոնի Շահվերդյան), որի վերաբերյալ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյում 21.09.1973 թվականին կատարվել է թիվ 1985 գրանցումը, և տրվել I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը (հատոր 1-ին, գ․թ․ 13).
2) Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրված ԽՍՀՄ նմուշի անձնագիր ստանալու մասին թիվ 1 ձևի պատճենում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշված է «12/XI/1973», որպես ծննդյան վայր՝ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանը, որպես հայր՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյանը, որպես մայր՝ Լիզա Լևոնի Շահվերդյանը, իսկ որպես անձնագրի տրման հիմք՝ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը (հատոր 1-ին, գ․թ․ 7, 8).
3) Իրինա Գարեգինի Բուլղադարյանը Մոսկվա քաղաքի «Վեյշնյակի» շրջանի ՆԳԲ կողմից 18.03.1999 թվականին ստացել է ՌԴ անձնագիր, որն օգտագործման համար ոչ պիտանի լինելու կապակցությամբ 18.05.2010 թվականին փոխարինվել է ՌԴ մեկ այլ անձնագրով, որն իր հերթին 15.11.2018 թվականին ՌԴ մեկ այլ անձնագրով է փոխանակվել նրա 45 տարին լրանալու կապակցությամբ։ Նշված անձնագրում որպես Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան ամսաթիվ նշված է 12.11.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 75-77, 79, 80).
4) Երևանի քաղաքապետարանի Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի կողմից, ի պատասխան Իրինա Գարեգինի Բուլղադարյանի դիմումի, 21.12.2020 թվականին հասցեագրվել է գրություն այն մասին, որ «16.12.2020 թվականին Արաբկիրի ՔԿԱԳ տ/բ ներկայացված դիմումը՝ ծննդյան ակտային գրանցման մեջ /Արաբկիր ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված՝ 21.09.1973թ./ ծննդյան ամիսը ուղղելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով ՀՀ ՔԿԱԳ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ ԱՆ 13.05.2020թ. թիվ 170-Ն հրամանի 8-րդ հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ ՔԿԱԳ գործակալության Զ-7751 21-12-2020 թվականի եզրակացության հիման վրա» (հատոր 1-ին, գ.թ. 67).
5) 30.04.2021 թվականին Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրվել են ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ, որոնցում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.09.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 70-72).
6) 30.11.2021 թվականին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի կողմից կազմվել է տեղեկանք այն մասին, որ «տրվում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին /ծնվ. 12.09.1973թ./, առ այն, որ 03.02.1990թ.-ին ՔԿԱԳ կողմից 21.09.1973թ.-ին տրված 1UL401831 համարի ծննդյան վկայականի հիման վրա 26 Կոմիսարների ՆԳ բաժնի կողմից տրամադրվել է 11UL 708815 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագիր Իրինա Գարեգինի Բուլզադարյան /ծնվ. 12.11.1973թ./ անհատական տվյալներով: ՀՀ Երևան քաղաքի Արաբկիրի ՔԿԱԳ-ի կողմից տրված ծննդյան ակտային գրանցման պատճենի /Արաբկիրի ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված 21.09.1973թ./ հիման վրա «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ճանաչվել է ՀՀ քաղաքացի և 30.04.2021թ.-ին տրամադրվել է AU սերիա 0250108 համարի ՀՀ քաղաքացու անձնագիր, 03.05.2021 թ.-ին 012043485 համարի նույնականացման քարտ» (հատոր 1-ին, գ.թ. 17, 69)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն առանձնահատուկ կերպով սահմանել է հատուկ վարույթների իրականացման կարգը՝ նախատեսելով, որ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ենթաբաժին երրորդ] դրույթներով։
Տվյալ դեպքում հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքին օրենսդիրը դասել է նաև իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Այդպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերից է նաև իրավունք սահմանող փաստաթղթերի, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի, պատկանելությանը վերաբերող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ գործը։ Նման փաստաթուղթը գրավոր կամ այլ եղանակով ձևակերպված այն փաստաթուղթն է, որով հաստատվում է համապատասխան իրավաբանական փաստը, ուստիև՝ այդ փաստի հետ կապված անձնական կամ գույքային իրավունքը կամ օրինական շահը։ Նման փաստի հաստատման պահանջով անձը կարող է դիմել դատարան, օրինակ, այն դեպքում, երբ փաստաթղթում առկա է սխալ, անճշտություն, թերի գրանցում, անընթեռնելիություն, ջնջում, որոնց առկայությամբ պայմանավորված այդ փաստաթղթերն օգտագործելու անհնարինության հետևանքով անհրաժեշտություն է առաջանում հաստատելու դրանց պատկանելությունը շահագրգիռ անձին։
Որպես կանոն, իրավունք սահմանող փաստաթղթերը փոխելու, դրանց մեջ եղած սխալները կամ անճշտություններն ուղղելու, թերությունները լրացնելու պարտականությունը դրված է այն մարմնի վրա, ում կողմից տրվել է այդ փաստաթուղթը, և դատարանն այդ փաստը, որպես կանոն, կարող է հաստատել բացառապես այն պայմանով, որ տարբեր պատճառներով հնարավոր չէ արտադատական կարգով ստանալ պատշաճ փաստաթուղթը, կամ անհնարին է այն վերականգնել, որի դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու դատարան՝ վերը նշված փաստը հաստատելու վերաբերյալ պահանջով։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում անդրադառնալով հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան հայց կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են ու ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկությունները: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են`
1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով: Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը:
Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս ըստ Ասատուր Հարությունյանի դիմումի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Նշված հարցին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289)՝ արձանագրելով, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ու եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Աշինգդանեն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում չեն բացառվում այն դեպքերը, երբ պայմանավորված ինչպես վերը նշված սահմանադրական և կոնվենցիոն նորմերի պահանջները պահպանելու անհրաժեշտությամբ, այնպես էլ տվյալ գործի որոշակի հանգամանքներով՝ անհրաժեշտ լինի ոչ թե փոխել փաստաթուղթը, ուղղել դրա մեջ եղած սխալները կամ անճշտությունները, լրացնել թերությունները, այլ հենց վերը նշված փաստը հաստատելու պահանջով դիմել դատարան։ Ընդ որում, յուրաքանչյուր նման դեպքում դատարանը, մինչ նման փաստը հաստատելը, պարտավոր է պարզել՝ արդյո՞ք դիմողն իրականում հնարավորություն չի ունեցել այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի և դրանք հաստատող ապացույցների ուսումնասիրությունից բխում է, որ դիմող Իրինա Գարեգինի Բուլղադարյանը ծնվել է 12.09.1973 թվականին Երևան քաղաքում։ Վերջինիս հայրն է Գարեգին Սաշիկի Բուլղադարյանը, իսկ մայրը՝ Լիզա Լևոնի Շահվերդյանը։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրված ԽՍՀՄ նմուշի անձնագիր ստանալու մասին թիվ 1 ձևի պատճենում վերջինիս ծննդյան ամիսը, ի տարբերություն մնացած տվյալների, սխալ է նշվել՝ 12.09.1973 թվականի փոխարեն նշվել է «12/XI/1973»։ Դրա հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրվել են ՌԴ քաղաքացու անձնագրեր, որոնցում վերջինիս ծննդյան ամիսը, ի տարբերություն մնացած տվյալների, կրկին սխալ է նշվել՝ 12.09.1973 թվականի փոխարեն նշվել է 12.11.1973 թվականը։ Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան ամիսը նույնությամբ սխալ է նշվել նաև վերջինիս դստեր ծննդյան վկայականում (անվիճելի փաստ)։
Իրինա Բուլղադարյանը դիմում է ներկայացրել ծննդյան ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու մասին, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետը գրություն է հասցեագրել Իրինա Գարեգինի Բուլղադարյանին այն մասին, որ «16.12.2020 թվականին Արաբկիրի ՔԿԱԳ տ/բ ներկայացված դիմումը՝ ծննդյան ակտային գրանցման մեջ /Արաբկիր ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված՝ 21.09.1973թ./ ծննդյան ամիսը ուղղելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով ՀՀ ՔԿԱԳ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ ԱՆ 13.05.2020թ. թիվ 170-Ն հրամանի 8-րդ հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ ՔԿԱԳ գործակալության Զ-7751 21-12-2020 թվականի եզրակացության հիման վրա»։
Դրանից ելնելով՝ Իրինա Բուլղադարյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լևոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով», իսկ որպես նպատակ, թե ինչի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, նշվել է, որ «վերը նշված փաստաթղթերում ծննդյան ամսվա սխալ նշված լինելը, որը խոչընդոտ է ստեղծում սահմանը հատելու ժամանակ»։ Այսինքն՝ Իրինա Բուլղադարյանի կողմից ներկայացվել է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին դիմում։
Դատարանը 26.11.2022 թվականի վճռով Իրինա Բուլղադարյանի դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝
- տվյալ պարագայում փոփոխման է ենթակա ոչ թե ծննդյան ակտը, որում ուղղում կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումով դիմողը ձևականորեն փորձել է ապահովել գործընթացի արտադատական կարգով իրականացումը, այլ անձը հաստատող փաստաթուղթը, որը բովանդակում է անձի ծննդյան ժամանակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն,
- «բացակայում է նաև ՔԴՕ 239-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ և ուղեկցող պայմանը՝ արտադատական կարգով գործընթացի իրականացման անհնարինությունը, քանի որ ինչպես արդեն նշվեց, ՔԿԱԳ մարմնին դիմումը՝ ծննդյան ակտում ուղղում կատարելու վերաբերյալ, ի սկզբանե չի հետապնդել և չէր կարող հետապնդել այն փաստի հաստատման նպատակը, որը ներկայացվել Դատարանին, քանի որ դրանով Դիմողը ցանկացել է արհեստականորեն փոխել ծննդյան ակտում ծննդյան ճիշտ ամիսը սխալ ամսով»:
Վերաքննիչ դատարանը 15.09.2023 թվականին որոշում է կայացրել Իրինա Բուլղադարյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 26.11.2022 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝
- «թեև դիմումատուի պահանջն առերևույթ վերաբերում է որպես իրավաբանական փաստ փաստաթղթի պատկանելության հաստատմանը, մինչդեռ այն ուղղակիորեն ենթադրում է ծննդյան վկայականում փոփոխության կատարում, որպիսի իրավասություն դատարաններին վերապահված չէ։ Ծննդյան վկայականն անձի ծննդյան գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է և օրենսդրի տրամաբանությամբ որպես դատարանի կողմից հաստատման ենթակա քաղաքացու ծննդյան գրանցման իրավաբանական փաստը տարանջատված է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության իրավաբանական փաստից։
Ավելին, դիմումատուին պատկանում է Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը, ուստի, նման պայմաններում, դիմումատուի ներկայացրած պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ և 239-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից»,
- «օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը։ Ներկայացված հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների և վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի 26.11.2022 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է, ըստ էության, այն պատճառաբանություններով, որ՝
- դիմումատուի պահանջն առերևույթ վերաբերում է որպես իրավաբանական փաստ փաստաթղթի պատկանելության հաստատմանը, մինչդեռ այն ուղղակիորեն ենթադրում է ծննդյան վկայականում փոփոխության կատարում, որպիսի իրավասություն դատարաններին վերապահված չէ,
- դիմումատուին պատկանում է Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը, որի պայմաններում դիմումատուի ներկայացրած պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ և 239-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից,
- օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը, քանի որ ներկայացված հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից։
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Բուլղադարյանը սույն գործով ներկայացված դիմումով հայցել է ոչ թե ծննդյան վկայականում փոփոխություն կատարելու, այլ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը՝ իրավունք սահմանող փաստաթղթի՝ ծննդյան վկայականի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին պահանջ։ Ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի պատճառաբանական մասի վերլուծությունից բխում է, որ դատարանները չեն ժխտել գործում առկա ծննդյան վկայականը հենց դիմող Իրինա Բուլղադարյանին պատկանելու հանգամանքը, ավելին՝ հաստատված են համարել այդ հանգամանքը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ներկայացված պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից, այն պատճառով, որ օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ պատճառաբանությունն անհիմն է և չի բխում ինչպես վերը նշված իրավական դիրքորոշումներից, այնպես էլ վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծությունից, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Իրինա Բուլղադարյանի կողմից ներկայացվել է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին դիմում, որում նշվել է նաև, թե ինչ նպատակի համար է վերջինիս անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը։ Այն, որ դիմողի կողմից չի բերվել պատշաճ փաստաթուղթն ստանալու անհնարինությունը հաստատող ապացույց, իսկ որպես այդպիսին ներկայացվածն իրավաչափորեն չի գնահատվել որպես տվյալ փաստը հաստատող պատշաճ փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները վերը նշված դիրքորոշման համատեքստում չէին կարող բավարար հիմք հանդիսանալ ինչպես դիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ դրանց արդյունքում խախտվել են դիմող Իրինա Բուլղադարյանի ինչպես իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության, այնպես էլ գործի արդարացի քննության իրավունքները։ Տվյալ դեպքում այդ խախտումը դրսևորվել է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում՝ պայմանավորված նշված հոդվածով սահմանված որոշակի դատավարական առանձնահատկությամբ և ընթացակարգով, խոչընդոտվել է Իրինա Բուլղադարյանի՝ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկվել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքները։
Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պայմանը՝ այլ արտադատական կարգով փաստը հաստատող պատշաճ փաստաթղթերն ստանալու անհնարինության նախապայմանը, սույն դեպքում եղել է որոշակի առումով անիրագործելի և ոչ ողջամիտ՝ հիմք ընդունելով սույն գործի փաստերը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի, քանի որ այդ սահմանափակումը տվյալ դեպքում չէր կարող հետապնդել իրավաչափ նպատակ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, և գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի դիմողի համար, և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման՝ դիմումը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ ու 112-րդ հոդվածների իրավակարգավորումները, ինչպես նաև այն, որ Իրինա Բուլղադարյանը նախապես վճարել է պետական տուրքի գումարները, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Իրինա Բուլղադարյանի դիմումը բավարարել։
Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան կապակցությամբ 12.09.1973 թվականին ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու թիվ 45 18 901874 անձնագրում ((տրված 15.11.2018 թվականին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ-ի կողմից (ստորաբաժանման կոդ՝ 770-111) նշված Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, որում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.11.1973 թվականը:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/58292/02/21 քաղաքացիական գործով 2024 թվականի մայիսի 2-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
07․05․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 2-ին, գրավոր ընթացակարգով քննելով ըստ Իրինա Բուլղադարյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշման դեմ Իրինա Բուլղադարյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Իրինա Բուլղադարյանի դիմումը բավարարել, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան կապակցությամբ 12.09.1973 թվականին ՀՍՍՀ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու թիվ 45 18 901874 անձնագրում ((տրված 15.11.2018 թվականին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ-ի կողմից (ստորաբաժանման կոդ՝ 770-111) նշված Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, որում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.11.1973 թվականը:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Իրինա Բուլղադարյանը պահանջել է «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լևոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով»:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.11.2022 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2023 թվականի որոշմամբ Իրինա Բուլղադարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Նարինե Բարսեղյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Բուլղադարյանը (ներկայացուցիչ Սամվել Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ ու 131-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 66-րդ, 237-րդ և 239-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները, որի արդյունքում կատարել է սխալ եզրահանգում։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 1990 թվականին Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի կողմից ինքը փաստաթղթավորվել է ХI СЛ սերիայի 708815 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, որում ծննդյան ամիսը սեպտեմբերի փոխարեն սխալմամբ գրառվել է նոյեմբեր։ Ինքը 11.04.1996 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, 18.03.1999 թվականից հիշյալ ԽՍՀՄ անձնագիրը՝ ծննդյան սեպտեմբեր ամիս գրառումով, փոխարինվել է ՌԴ անձնագրով, այնուհետև 18.05.2018 թվականին փոխանակել է ՌԴ անձնագիրը և ստացել թիվ 45 18 901874 անձնագիրը՝ տրված ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից 45 տարին լրանալու կապակցությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ստացել է 2021 թվականի ապրիլ ամսին, որի համար հիմք է հանդիսացել ծննդյան վկայականը և Ռուսաստանի Դաշնության անձնագիրը՝ նոյեմբեր ամիս ծննդյան տվյալով։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ երկու անձնագրերում ծննդյան ամսի անհամապատասխանությունը խոչընդոտներ է ստեղծում սահմանը հատելու ժամանակ՝ իրեն նույնականացնելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 12.09.1973 թվականին Երևան քաղաքում ծնվել է Իրինա Գարեգինի Բուլղադարյանը (հայրը՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, մայրը՝ Լիզա Լևոնի Շահվերդյան), որի վերաբերյալ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյում 21.09.1973 թվականին կատարվել է թիվ 1985 գրանցումը, և տրվել I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը, որում նշվել է՝ «ծնվել է սեպտեմբերի 12-ին հազար իննը հարյուր յոթանասուներեք թվականին 12/IX/1973»: (հատոր 1-ին, գ․թ․ 13).
2) Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրված ԽՍՀՄ նմուշի անձնագիր ստանալու մասին թիվ 1 ձևի պատճենում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշված է «12/XI/1973», որպես ծննդյան վայր՝ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանը, որպես հայր՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյանը, որպես մայր՝ Լիզա Լևոնի Շահվերդյանը, իսկ որպես անձնագրի տրման հիմք՝ ՀՍՍՀ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված I-СЛ թիվ 401831 ծննդյան վկայականը (հատոր 1-ին, գ․թ․ 7, 8).
3) Իրինա Գարեգինի Բուլղադարյանը Մոսկվա քաղաքի «Վեյշնյակի» շրջանի ՆԳԲ կողմից 18.03.1999 թվականին ստացել է ՌԴ անձնագիր, որն օգտագործման համար ոչ պիտանի լինելու կապակցությամբ 18.05.2010 թվականին փոխարինվել է ՌԴ մեկ այլ անձնագրով, որն իր հերթին 15.11.2018 թվականին ՌԴ մեկ այլ անձնագրով է փոխանակվել նրա 45 տարին լրանալու կապակցությամբ։ Նշված անձնագրում որպես Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան ամսաթիվ նշված է 12.11.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 75-77, 79, 80).
4) Երևանի քաղաքապետարանի Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի կողմից, ի պատասխան Իրինա Գարեգինի Բուլղադարյանի դիմումի, 21.12.2020 թվականին հասցեագրվել է գրություն այն մասին, որ «16.12.2020 թվականին Արաբկիրի ՔԿԱԳ տ/բ ներկայացված դիմումը՝ ծննդյան ակտային գրանցման մեջ /Արաբկիր ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված՝ 21.09.1973թ./ ծննդյան ամիսը ուղղելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով ՀՀ ՔԿԱԳ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ ԱՆ 13.05.2020թ. թիվ 170-Ն հրամանի 8-րդ հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ ՔԿԱԳ գործակալության Զ-7751 21-12-2020 թվականի եզրակացության հիման վրա» (հատոր 1-ին, գ.թ. 67).
5) 30.04.2021 թվականին Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրվել են ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ, որոնցում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.09.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 70-72).
6) 30.11.2021 թվականին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի կողմից կազմվել է տեղեկանք այն մասին, որ «տրվում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին /ծնվ. 12.09.1973թ./, առ այն, որ 03.02.1990թ.-ին ՔԿԱԳ կողմից 21.09.1973թ.-ին տրված 1UL401831 համարի ծննդյան վկայականի հիման վրա 26 Կոմիսարների ՆԳ բաժնի կողմից տրամադրվել է 11UL 708815 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագիր Իրինա Գարեգինի Բուլզադարյան /ծնվ. 12.11.1973թ./ անհատական տվյալներով: ՀՀ Երևան քաղաքի Արաբկիրի ՔԿԱԳ-ի կողմից տրված ծննդյան ակտային գրանցման պատճենի /Արաբկիրի ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված 21.09.1973թ./ հիման վրա «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ճանաչվել է ՀՀ քաղաքացի և 30.04.2021թ.-ին տրամադրվել է AU սերիա 0250108 համարի ՀՀ քաղաքացու անձնագիր, 03.05.2021 թ.-ին 012043485 համարի նույնականացման քարտ» (հատոր 1-ին, գ.թ. 17, 69)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սույն գործով Իրինա Բուլղադարյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լևոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով»։
Դատարանը 26.11.2022 թվականի վճռով Իրինա Բուլղադարյանի դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝
- տվյալ պարագայում փոփոխման է ենթակա ոչ թե ծննդյան ակտը, որում ուղղում կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումով դիմողը ձևականորեն փորձել է ապահովել գործընթացի արտադատական կարգով իրականացումը, այլ անձը հաստատող փաստաթուղթը, որը բովանդակում է անձի ծննդյան ժամանակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն,
- «բացակայում է նաև ՔԴՕ 239-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ և ուղեկցող պայմանը՝ արտադատական կարգով գործընթացի իրականացման անհնարինությունը, քանի որ ինչպես արդեն նշվեց, ՔԿԱԳ մարմնին դիմումը՝ ծննդյան ակտում ուղղում կատարելու վերաբերյալ, ի սկզբանե չի հետապնդել և չէր կարող հետապնդել այն փաստի հաստատման նպատակը, որը ներկայացվել Դատարանին, քանի որ դրանով Դիմողը ցանկացել է արհեստականորեն փոխել ծննդյան ակտում ծննդյան ճիշտ ամիսը սխալ ամսով»:
Վերաքննիչ դատարանը 15.09.2023 թվականին որոշում է կայացրել Իրինա Բուլղադարյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 26.11.2022 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝
- «թեև դիմումատուի պահանջն առերևույթ վերաբերում է որպես իրավաբանական փաստ փաստաթղթի պատկանելության հաստատմանը, մինչդեռ այն ուղղակիորեն ենթադրում է ծննդյան վկայականում փոփոխության կատարում, որպիսի իրավասություն դատարաններին վերապահված չէ։ Ծննդյան վկայականն անձի ծննդյան գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է և օրենսդրի տրամաբանությամբ որպես դատարանի կողմից հաստատման ենթակա քաղաքացու ծննդյան գրանցման իրավաբանական փաստը տարանջատված է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության իրավաբանական փաստից։
Ավելին, դիմումատուին պատկանում է Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ I-СЛ 401831 ծննդյան վկայականը, ուստի, նման պայմաններում, դիմումատուի ներկայացրած պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ և 239-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից»,
- «օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը։ Ներկայացված հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից»:
Վճռաբեկ դատարանը Իրինա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը բավարարելու հիմքում է դրել հետևյալ հիմնավորումները․ «Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Բուլղադարյանը սույն գործով ներկայացված դիմումով հայցել է ոչ թե ծննդյան վկայականում փոփոխություն կատարելու, այլ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը՝ իրավունք սահմանող փաստաթղթի՝ ծննդյան վկայականի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին պահանջ։ Ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի պատճառաբանական մասի վերլուծությունից բխում է, որ դատարանները չեն ժխտել գործում առկա ծննդյան վկայականը հենց դիմող Իրինա Բուլղադարյանին պատկանելու հանգամանքը, ավելին՝ հաստատված են համարել այդ հանգամանքը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ներկայացված պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից, այն պատճառով, որ օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ պատճառաբանությունն անհիմն է և չի բխում ինչպես վերը նշված իրավական դիրքորոշումներից, այնպես էլ վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծությունից, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Իրինա Բուլղադարյանի կողմից ներկայացվել է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին դիմում, որում նշվել է նաև, թե ինչ նպատակի համար է վերջինիս անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը։ Այն, որ դիմողի կողմից չի բերվել պատշաճ փաստաթուղթն ստանալու անհնարինությունը հաստատող ապացույց, իսկ որպես այդպիսին ներկայացվածն իրավաչափորեն չի գնահատվել որպես տվյալ փաստը հաստատող պատշաճ փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները վերը նշված դիրքորոշման համատեքստում չէին կարող բավարար հիմք հանդիսանալ ինչպես դիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ դրանց արդյունքում խախտվել են դիմող Իրինա Բուլղադարյանի ինչպես իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության, այնպես էլ գործի արդարացի քննության իրավունքները։ Տվյալ դեպքում այդ խախտումը դրսևորվել է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում՝ պայմանավորված նշված հոդվածով սահմանված որոշակի դատավարական առանձնահատկությամբ և ընթացակարգով, խոչընդոտվել է Իրինա Բուլղադարյանի՝ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկվել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքները։
Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պայմանը՝ այլ արտադատական կարգով փաստը հաստատող պատշաճ փաստաթղթերն ստանալու անհնարինության նախապայմանը, սույն դեպքում եղել է որոշակի առումով անիրագործելի և ոչ ողջամիտ՝ հիմք ընդունելով սույն գործի փաստերը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի, քանի որ այդ սահմանափակումը տվյալ դեպքում չէր կարող հետապնդել իրավաչափ նպատակ։»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Վերը վկայակոչած իրավանորմից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը։
Սույն գործով բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ պայմանը՝ արտադատական կարգով գործընթացի իրականացման անհնարինությունը։ Ինչ վերաբերում է ծննդյան ակտում ուղղում կատարելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնին ներկայացված դիմումին, ապա այն չի հետապնդել այն փաստի հաստատման նպատակը, որի հաստատման պահանջը ներկայացվել է Դատարանին, քանի որ դրանով Դիմողը ցանկացել է ծննդյան վկայականում ծննդյան ճիշտ ամիսը փոխել սխալ ամսով: Մինչդեռ սույն գործով ներկայացել է իրավունք սահմանող փաստաթղթի՝ ծննդյան վկայականի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին պահանջ։
Հարկ է արձանագրել նաև, որ Դիմողի կողմից ակնկալվում է ծննդյան վկայականի պատկանելիության հավաստում, որն իրեն պատկանող ՀՀ անձնագրի առնչությամբ չունի որևէ հակասություն տվյալ փաստաթղթի հետ։ Ինչ վերաբերում է Դիմողի՝ Ռուսաստանի Դաշնության անձնագրային տվյալներում առկա սխալին և Հայաստանի Հանրապետությունում ենթադրյալ իրավունքների խախտմանը, ապա այն վերացնելուն ուղղված գործողությունները ոչ թե պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետությունում, այլ՝ Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համաձայն։
Այսինքն, ներկայացված պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից, այն պատճառով, որ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծննդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը։
Այսպիսով, սույն գործով բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ և ուղեկցող պայմանը՝ արտադատական կարգով գործընթացի իրականացման անհնարինությունը։
Վերոգրյալ հիմնավորումների հիման վրա դիմումը ենթակա է եղել մերժման։
Ամփոփելով՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի խախտում:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու, Վերաքննիչ դատարանի 15.09.2023 թվականի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը։
Դատավոր Էդ. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: