Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2021-15.07.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 109-Ա

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 32-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

1 հուլիսի 2021 թ.

ք. Երևան

 

Հավելված

Սահմանված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2021 թվականի

հուլիսի 1-ի թիվ 109-Ա որոշմամբ

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

1. Սույն չափորոշիչները սահմանում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անչափահասների իրավունքներին վերաբերող հրապարակումներում տեսալսողական մեդիածառայությունները մատուցողները պետք է գործեն մասնագիտական էթիկական նորմերի, ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան: Քանի որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, ուստի յուրաքանչյուր երեխայի իրավունքները և շահերը ավելի վեր են, քան այս կամ այն հիմնախնդրի լուծման հրատապությունը և տեսալսողական ծրագրում այն օգտագործելու անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած իրավիճակում, նրա շահերը, անվտանգությունը պետք է գերակա լինեն խմբագրական ցանկացած պահանջների հանդեպ:

Մասնավորապես, տեսալսողական մեդիածառայությունները մատուցողները պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով.

1) Անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները ձգտում են առավելագույն ճշգրտության, ապահովում են անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիությունը.

2) Տեսալսողական նյութերում տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները խուսափում են անչափահասներին վնաս հասցնող տեղեկատվության օգտագործումից.

3) Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները գիտակցում են անչափահասներին վերաբերող յուրաքանչյուր տեսալսողական նյութ հեռարձակելու հետևանքները և նվազագույնի են հասցնում նրանց համար հնարավոր վտանգները.

4) Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները ստուգում են անչափահասների անունից ելույթ ունեցող և նրանց շահերը ներկայացնող ցանկացած անձի կամ կազմակերպության իրավասությունները.

5) Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները տեղեկացված են, որ անչափահասը ունի մտքի, խղճի և դավանանքի ազատություն` ըստ ծնողների կողմից տրվող պատշաճ կողմնորոշման և Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

2. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք`

1) հրապարակում են անչափահասների մասին տեղեկատվություն, ներառյալ` անձնական տվյալներ (անուն/ազգանուն, տարիք, բնակության վայր) կամ ցուցադրում են դեմքը` առանց ծնողների, խնամակալի, հոգաբարձուի համաձայնության: Սա հատկապես կարևորվում է խոցելի իրավիճակում գտնվող անչափահասների և ընտանիքների պարագայում (խոցելիության սահմանման համար հիմք են ընդունվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անչափահասների համար սահմանված պետական չափորոշիչները),

2) ցուցադրում են բռնություն (հոգեբանական, ֆիզիկական, սեռական և այլն) պարունակող կադրեր (նվազագույնը` առանց դատապարտելու բռնությունը) կամ խրախուսում են բռնի գործողությունները մարդկանց կամ կենդանիների հանդեպ,

3) կնոջ և տղամարդու խիստ կարծրատիպացված կերպարներ են քարոզում, կնոջը ներկայացնում են մշտապես ենթարկվողի, ճնշվածի կերպարով, իսկ տղամարդուն իշխանություն և բռնություն գործադրողի,

4) խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունը,

5) նսեմացնում և վարկաբեկում են համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցուն, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին,

6) ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը և քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում կրթության և դաստիարակության դերը,

7) նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային,

8) ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի` առանց դատապարտելու թմրամոլությունը և հարբեցողությունը,

9) երեխաների մոտ ցանկություն են առաջացնում մասնակցելու մոլեխաղերին, զբաղվել մարմնավաճառությամբ, շրջմոլիկությամբ կամ մուրացկանությամբ,

10) ծաղրում կամ ծաղրելով նմանակում են հաշմանդամություն (ֆիզիկական և/կամ մտավոր) ունեցող անձանց,

11) պարունակում են գռեհկաբանություն և հայհոյախոսություն:

3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում: