Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 69-Ա

 

«ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2024 թվականի մայիսի 23-ին ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ ցանցային օպերատոր) նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:

 Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 6-րդ մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 2024 թվականի մայիսի 23-ին ընդունել է ««ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 53-Ա որոշումը՝ կասեցնելով ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը երեսուն օր ժամկետով:

2024 թվականի մայիսի 23-ի թիվ 53-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն ցանցային օպերատորին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2024 թվականի հունիսի 01-ից: Կասեցման ժամկետն է 01․06․2024թ․-ից 30․06․2024թ-ը։

Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը մինչ օրս Հանձնաժողով չի ներկայացրել ցանցային օպերատորի գործունեություն իրականացնելու վերաբերյալ որևէ ապացույց, որն է

● թե «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությունն իր գործունեությունն իրականացնելու նպատակով իր տիրապետման տակ գտնվող անշարժ և շարժական գույքի (տարածքներ, մալուխներ, ցանցեր և այլն) նկատմամբ ինչ իրավունքներ ունի (սեփականություն, վարձակալություն և այլն),

● Հանձնաժողով ներկայացված «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի պայմանագրերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն,

● «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության բաժանորդների և նրանց կողմից վճարումների վերաբերյալ տեղեկատվություն։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 53-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվել է երեսուն օր ժամկետով, որը լրանում է 2024 թվականի հունիսի 31-ին։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:

Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ կետը սահմանում է․

«3. Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.»։

Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 53-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է երեսուն օր ժամկետով, սակայն ցանցային օպերատորի կողմից չեն վերացվել մատնանշված իրավախախտումները, ինչը հիմք է հանդիսանում ««ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության դադարեցման:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`

1. Դադարեցնել՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 113-Ա որոշմամբ «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությանը տրամադրված N 251 ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Գ. Մամիկոնյան 

 

2024 թ. հունիսի 28

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան