Գլխավոր տեղեկություն
Համար
N 1005-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 1005-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-853-31.05.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-853-31.05.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

1. Նախագծով սահմանված իրավակարգավորումներում և Նախագծի հիմնավորումներում առաջարկում ենք խուսափել «սեփականության իրավունքի գրանցում», «սեփականատեր», ինչպես նաև «պատկանելություն» եզրույթներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում Գլխավոր դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ մի շարք դեպքերով համապատասխան կազմակերպություններին գույքի օտարումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված պահանջների առերևույթ խախտմամբ և դրանց շրջանակներում համապատասխան հայցադիմումներ են ներկայացվել դատարան:

Ըստ այդմ՝ առաջարկում ենք նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) լրացվող 288.2-րդ հոդվածի 1-ին մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են այն անշարժ գույքի վրա, որի նկատմամբ գույքային իրավունքները հանձնված են եղել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հասարակական կազմակերպությանը, իսկ հետագայում հանձնվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ոչ առևտրային կազմակերպությանը:»:

2. Առաջարկում ենք նախագծով օրենսգրքում լրացվող 288.2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող կարգավորումն՝ առ այն, որ համապատասխան գույքերի ցանկը սահմանելու է Կառավարությունը, հանել նախագծից, քանի որ նույն հոդվածի 1-ին մասն արդեն իսկ սահմանում է համապատասխան գույքերի հասկացությունը և շրջանակը:

3. Նախագծով լրացվող օրենսգրքի 288.4-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ առանձին խումբ անշարժ գույքի՝ ցանկացած եղանակով հատուցելի օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն այն ձեռք բերելու նախապատվության իրավունք ունի:

Հաշվի առնելով այս կարգավորման նշանակությունը և կարևորությունը հանրության շահերի ապահովման նկատառումներից ելնելով՝ այնուամենայնիվ, քաղաքացիական շրջանառության սուբյեկտների իրավահավասարության սկզբունքից ելնելով առաջարկում ենք պետության գնման նախապատվության իրավունքի փոխարեն, նախագծում որպես սկզբունք որդեգրել նման գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելը, ինչը և՛ կապահովի հանրության շահերի ապահովումը՝ երաշխավորելով գործընթացի թափանցիկությունը, և՛ հանրության այլ ներկայացուցիչների՝ գնման գործընթացին մասնակցելու հնարավորությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.3-րդ հոդվածի 2-րդ մասում «սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող գործարքի կնքումից» բառերն առաջարկում ենք փոխարինել «օտարումից» բառով:

Միաժամանակ, գտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.3-րդ հոդվածի 2-րդ մասում «ցանկացած եղանակով սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող գործարք» հասկացությունն ունի վերանայման կարիք, քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Այս կապակցությամբ, հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանն իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ՍԴՈ-1176 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի 1-ին մասում կիրառվում է «օրենքով սահմանված որևէ եղանակով սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող գործարք» ձևակերպումը, հետևաբար հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում կիրառվող ձևակերպումները համապատասխանեցնել միմյանց:

5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) լրացվող 288.2-րդ հոդվածի վերնագիրն է առանձին խումբ անշարժ գույքի հասկացությունը, մինչդեռ նշված հոդվածի 1-ին մասի բովանդակությունը վերաբերում է լրացվող գլխի դրույթների գործողության ոլորտին:

Սույն դեպքում, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի՝ օրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: (…)՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.2-րդ հոդվածի վերնագիրը և բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց:

6. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքերի» ձևակերպումն առաջարկում ենք վերանայել՝ հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասում կիրառվող ձևակերպումը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից: Միաժամանակ առաջարկում ենք «Կառավարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով՝ նկատի ունենալով օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը:

7. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենսգրքում լրացվող 288.2-րդ հոդվածի 1-ին մասում, 288.5-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը, իսկ 288.3-րդ հոդվածի 1-ին մասում, 288.6-րդ հոդվածի 1-ին մասում, 288.7-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «իրավաբանական անձ» հասկացությունը:

Սույն դեպքում, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք վերոնշյալ հոդվածներում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել միմյանց:

8. Միաժամանակ առաջարկում ենք նախագծով նախատեսել դրույթ առ այն, որ առանձին խումբ անշարժ գույքերի վրա կիրառելի չէ օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումը:

9. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով:

10. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «17.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «17.1-ին» բառով: