ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3905/02/19 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3905/02/19 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. հակոբյան | |
զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
ս. ՄեղրՅԱՆ Ա. Մկրտչյան |
2024 թվականի մայիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի (այսուհետ նաև՝ Գարիկ Սարգսյան) հայցի ընդդեմ Ընկերության՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գարիկ Սարգսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հոդվածում («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ) հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ տեղադրելով այդ նյութը Ընկերության ինտերնետային կայքում (www.168.am), Ընկերությունից բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հոդվածում /այն է՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ/ Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող /զրպարտող/ փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության ինտերնետային կայքում (www.168.am)՝ հետևյալ բովանդակությամբ. «168.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չպետք է զիջի «168.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածների տեղեկատվությանը:
Հայցապահանջը մնացած մասով մերժել: «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700․000 (…) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար: «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Մնացականի Սարգսյանի բռնագանձել 18․000 (…) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գարիկ Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ և 78-րդ հոդվածները, 81-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետն ու 1087.1-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «168.am» ինտերնետային կայքէջում 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի վերտառությունը («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ»), հոդվածում որպես զրպարտություն որակված արտահայտությունների համատեքստը և բովանդակությունը վկայում են այն մասին, որ պատասխանողը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ ու հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ և վարքագիծ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի, այն էլ պաշտոնատար անձի արժանապատվությունը փաստացի տվյալների տարածման միջոցով արատավորելը, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ մեղադրելն առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ ու բավարար փաստական կազմ, մինչդեռ հայցվորին հասցեագրված գործողությունները զուրկ են փաստական հիմքից, հետևաբար նաև անընդունելի են:
Վերաքննիչ դատարանը եզրահանգումներ կատարելիս հաշվի չի առել վիճարկվող հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ, որոնցից ուղղակիորեն ակնհայտ է, որ «168.am» ինտերնետային կայքէջում տեղ գտած հոդվածի հիմքում ընկած են կայքին այլ անձանց կողմից փոխանցված տեղեկություններ, որոնց հիման վրա ձևավորվել են հոդվածում տեղ գտած գնահատող դատողությունները, մասնավորապես՝ նշվել են հետևյալ արտահայտությունները՝ «168.am-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են», «վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին»։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «168.am» ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից հետևում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս պատասխանողը կատարել է իր վրա դրված պարտականությունը և հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե հայցվորին զրպարտելու միտում է ունեցել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը վճռում չի անդրադարձել նույն հոդվածում տեղ գտած այն կարևոր հատվածին, որ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, «Ազատությանը» տված հարցազրույցով ոչ միայն հաստատել է որդու հետ կատարվածը, այլև «168.am»-ի հրապարակումն ամբողջությամբ հաստատող նոր մանրամասներ էր հրապարակել, որոնք առնչվում էին Արարատի մարզպետին և նրա վարորդին:
Ոչ նյութական վնասի փոխհատուցման և պաշտոնատար անձի քննադատության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից:
Պատիվը և արժանապատվությունն արատավորելու դիտավորության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Դատարանի վճիռը մասնակիորեն՝ բավարարված հայցապահանջների մասով, բեկանել ու փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Գարիկ Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ հայտնելով, որ հոդվածում տեղ գտած հայտարարությունները հիմնված չեն ստույգ փաստերի վրա, դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, մինչ հոդվածը հրապարակելը պատասխանողն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում ու բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ:
Իր հերթին հրապարակված փաստացի տվյալներն իրականությանը չհամապատասխանելու, ոչ հավաստի լինելու մասին է վկայում Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը։
Բացի այդ, պատասխանողը հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին, բավարարվել է ««168.am»-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են» արտահայտությունների շարադրանքով։
Պատասխանողը ոչ միայն չի հերքել հոդվածում տեղ գտած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, այլև 11.12.2019 թվականին «168.am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով ևս մեկ հոդված 11.12.2019 թվականին այն դեպքում, երբ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 06.12.2019 թվականին՝ հիմքում դնելով հանցագործության դեպքի բացակայության փաստը: Այսինքն՝ պատասխանողը «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդվածը հրապարակել է՝ գիտակցելով ծեծի բացակայության և հոդվածում տեղ գտած տվյալների՝ զրպարտություն լինելու մասին:
Դատարանում պատասխանողը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, գրավոր կամ բանավոր առարկություններ, հետևաբար հերքվում է նյութական փոխհատուցումն առանց պատճառաբանության սահմանելու վերաբերյալ բողոքաբերի պնդումը:
Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը 25.11.2019 թվականին «168.am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ. «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։ Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մարզպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։ Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում: Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բան խոսել իր հետ կատարվածի մասին, վախից, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հետաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի: Վարսավիրը Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից: Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» (հատոր 1-ին, գ.թ. 26, 27)․
2) հայցվորը 26.11.2019 թվականին հոդվածում տեղ գտած՝ իրականությանը համապատասխանող տեղեկությունները հրապարակավ, նույն հարթակով հերքելու մասին պահանջ է հասցեագրել «168.am» լրատվական կայքին (հատոր 1-ին, գ.թ. 71-74)․
3) Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ «Մարզպետի կանտովկան արտահերթ չդզելու համար ծեծել են վարսավիրին և արտաքսել գյուղից» վերտառությամբ «168.am»-ում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ արձանագրելով, որ հիմնավորվել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ցուցումով վարսահարդար Սերոբ Բարֆյանի նկատմամբ երբևէ բռնություն չեն գործադրել, նրան չեն սպառնացել, գյուղից չեն արտաքսել, հետևաբար նախապատրաստված նյութերում բացակայում է հանցագործության դեպքը (հատոր 1-ին, գ.թ. 32-36)․
4) Ընկերությունը 11.12.2019 թվականին «168․am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդված (հատոր 1-ին, գ.թ. 28, 29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառմամբ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Ա) Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (տե՛ս Բեիզարասը և Լեվիցկասն ընդդեմ Լիտվայի թիվ 41288/15 գանգատով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, կետ. 117):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական․
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային․
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի․
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վկայակոչված պայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև՝ դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, (...) (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ու թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով Եվրոպական դատարանի կողմից տրված մի շարք գնահատողական հասկացությունների վերաբերյալ մեկնաբանությունները, իր կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Ստույգ փաստեր» են հանդիսանում այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար ու մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է այն ընդհանուր սկզբունքը, որ «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս նաև Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46)։
Անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս նաև Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 29369/10 գանգատով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչ-որ աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Ժողովրդավարական հասարակությունում նման սահմանափակումների անհրաժեշտությունը «այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով գնահատելիս՝ Եվրոպական դատարանը ստուգում է, թե արդյո՞ք ազգային իշխանություններն արդարացի հավասարակշռություն են ապահովել Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջև, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, և մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը:
Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստերի» արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին ու արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական, ոչ թե ներկայացված փաստեր (տե´ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը, տե՛ս նաև Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 56925/08 գանգատով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 74):
Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի թիվ 49017/99 գանգատով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի թիվ 65545/01 գանգատով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Բ) Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...)
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...)։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Խոսքի ազատությունը պետական, հասարակական այլ բնույթի հարցերի վերաբերյալ սեփական կարծիքը և համոզմունքները բանավոր կամ տպագիր խոսքի միջոցով, ժողովներում, հանրահավաքներում, այլ ձևերով ազատորեն արտահայտելու պետության կողմից երաշխավորված հնարավորությունն է:
Ըստ Եվրոպական դատարանի՝ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկություններն ու գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (…) (տե՛ս Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը, տե՛ս նաև Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 41):
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե´ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 17419/9 գանգատով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58):
Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի ու հանրային կարծիքի կողմից (տե՛ս Ինկալն ընդդեմ Թուրքիայի թիվ 15318/8 գանգատով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54):
Հասարակության համար մամուլի ազատությունը քաղաքական գործիչների գաղափարների և վարքի մասին իմանալու ու կարծիք կազմելու ամենալավ ձևերից մեկն է։ Մասնավորապես՝ ազատ քաղաքական բանավեճը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնասյուններից, որը գերակա է Կոնվենցիայի համար։ Հետևաբար քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի ու գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, ու նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):
Եվրոպական դատարանը մամուլի ազատությանը տալիս է ուժեղ պաշտպանություն ոչ միայն քաղաքական, այլև ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի հրապարակային քննարկման շրջանակներում (տե՛ս, օրինակ, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը): Մամուլի ազատության համատեքստում կարևոր խնդիրներից է հանրային խոսակցությունների և երրորդ անձանց պնդումների հրապարակումը, որոնք լրագրողները չեն կարող ապացուցել (տե՛ս Թորգիր Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի թիվ 13778/88 գանգատով Եվրոպական դատարանի 25․06․1992 թվականի վճիռը)։
Եվրոպական դատարանն ընդգծել է ժողովրդավարական հասարակությունում մամուլի դերի կարևորությունը՝ նշելով, որ թեև լրատվամիջոցը չպետք է անցնի որոշակի սահմաններ, մասնավորապես այլոց հեղինակության և իրավունքների ու խորհրդապահական տեղեկությունների բացահայտումը կանխելու հետ կապված, այդուհանդերձ, վերջինիս պարտականությունն է իր պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան հաղորդել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ու գաղափարներ (տե՛ս Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի թիվ 19983/92 գանգատով Եվրոպական դատարանի 24․02․1997 թվականի վճիռը, կետ 37)։
Ավելին՝ լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն: Այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլև դրանց մատուցման եղանակը (տե՛ս Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 15974/90 գանգատով 26.04.1995 թվականի վճիռ, կետ. 38, տե՛ս նաև Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 72683/01 գանգատով 31.07.2007 թվականի վճիռ, կետ. 19):
Անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների հարաբերակցությանը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է՝ որպես անձնական կյանքի հարգման տարր: (...) որպեսզի 8-րդ հոդվածը գործի, անձի համբավի վրա ոտնձգությունը պետք է հասած լինի լրջության որոշակի աստիճանի, ընդ որում այնպիսի եղանակով, որպեսզի այն վնաս հասցնի անձի անձնական կյանքի հարգման իրավունքի իրականացմանը:
Ըստ այդմ, անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել զրպարտություն:
Ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան ճշգրիտ և հուսալի տեղեկություններ տրամադրեն (տե՛ս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 64004/11 գանգատով Եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիռը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այս հարցում լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):
Անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը նախատեսված է օրենքով, ծառայում է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով թվարկված «իրավաչափ նպատակներից» առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի և բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն» ու «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:
Պարզաբանելով «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» թեսթը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է գնահատեն, թե արդյո՞ք խոսքի ազատության սահմանափակումը ելնում է «հրատապ հասարակական կարիքից», արդյո՞ք այն համաչափ է իր առջև դրված «իրավաչափ նպատակին», և արդյո՞ք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «վերաբերելի են և բավարար» (տե՛ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի թիվ 23472/03 գանգատով Եվրոպական դատարանի 21.07.2005 թվականի վճիռ, կետ 27)։
Ըստ այդմ, խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչները հանգում են հետևյալին.
1) խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2) դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3) դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4) կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են` ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այլ նպատակներով անձին անվանարկելը, նրա` անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան: Իր հերթին, երաշխավորված և պաշտպանված պետք է լինի խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքը, և պատասխանատու մամուլի կենսունակությունը չպետք է վտանգվի (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):
Հիմք ընդունելով վերը նշված միջազգային և ներպետական նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական իրավունքներն օբյեկտիվորեն ունեն խախտվելու առավել մեծ ռիսկայնություն, քան մասնավոր անձանց իրավունքները, քանի որ հասարակական ու քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց գործունեությունն առավել քան հրապարակային է, որն էլ իր հերթին ենթադրում է առավել մեծ հանդուրժողականություն:
Նմանատիպ գործերի շրջանակներում գնահատող դատողություններն ունեն պաշտպանության առավել բարձր աստիճան, և հանդիսանում են որոշակի առանձնահատկություններ ունեցող կատեգորիա, քանի որ դրանք առնչվում են ոչ թե մասնավոր անձանց, այլ՝ հանրային լայն գործունեությամբ զբաղվող անձանց իրավահարաբերություններին: Վերջին հանգամանքն էլ, ըստ էության, որոշիչ դերակատարում ունի վիրավորանքի և զրպարտության գործերում՝ խոսքի ազատությունը որպես գերակա դիտարկելու հարցում:
Այդուհանդերձ, հրապարակելով որևէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Ընդ որում, անգամ գնահատողական դատողությունը պետք է հիմնվի բավարար փաստական կազմի վրա՝ պայմանավորված բարեխղճության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, քանի որ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է: Լրագրողի գործունեությունը չի կարող հետապնդել քողարկված կերպով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ:
Հետևաբար՝ դատական վեճի քննության ընթացքում դատարանը պետք է հավասարակշռի մի կողմից՝ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավունքը, մյուս կողմից՝ խոսքի ազատության իրավունքը: Արդյունքում դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում, և արդյո՞ք անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել են:
Միաժամանակ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց համապատասխան կարծիքի արտահայտման ազատությունը հավասարակշռվում է մասնավոր կյանքի հարգման իրավունքի հետ, այդ թվում՝
1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,
2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը և ո՞րն է հրապարակման առարկան,
3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,
4) տեղեկատվության ստացման միջոցը և դրա արժանահավատությունը,
5) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները,
6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե´ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը, տե՛ս նաև «ԳՐԻՎՆԱ» թերթի խմբագրությունն ընդդեմ Ուկրաինայի թիվ 41214/08 և թիվ 49440/08 գանգատներով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, կետ 97):
Գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
Վկայակոչված նորմը սահմանում է հոդվածի իրավակարգավորման շրջանակներում քաղաքացիաիրավական պատասխանատվությունը բացառող հանգամանքները, մասնավորապես՝ անկախ նրանից՝ անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք պայմանավորված են գերակա հանրային շահով, ու եթե անձը գործել է բարեխղճորեն՝ առանց տուժողի հեղինակությանը և պատվին վնաս պատճառելու դիտավորության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «գերակա հանրային շահ» եզրույթին, նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին ու սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումները)։
Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ «Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյո՞ք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության՝ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստակազմի առկայություն. փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի, Վահե Ղազարյանի և Նելլի Հարությունյանի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «մինչև տեղեկությունների հրապարակումը միջոցներ ձեռնարկելու» պահանջն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է երկու հարցի պատասխանը ստանալուն: Նախ արդյո՞ք հրապարակվող տեղեկատվությունը բխում է հանրային գերակա շահից, հանրությունն արդյո՞ք հետաքրքրված է նման տեղեկատվությամբ և սպասում է դրան: Երկրորդ` հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ: Ինքնանպատակ կլիներ օրենսդրական նման կարգավորումը, եթե քննարկվող դրույթն ընկալվեր բացառապես տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու ճշտումը կատարելու ֆորմալ պարտականություն: Դրույթի նման մեկնաբանումը և կիրառումը կարող է հանգեցնել ցանկացած տեղեկատվության հրապարակման, թեկուզև անձը, ում վերաբերյալ հրապարակվում է տեղեկատվությունը, նախապես հերքել է այն: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դրույթի պաշտպանությունից չեն կարող օգտվել այն սուբյեկտները, ովքեր բավարարվել են զուտ տեղեկատվության իրական լինելը ճշտելու պահանջի ձևական պահպանմամբ և թեկուզև ստանալով հրապարակվող նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկություն՝ հրապարակել են այն (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը): Որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:
Ընդ որում, կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ (տե՛ս Ստեփան Բաղդասարյանն ընդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ հանրային գործիչների առնչությամբ «զրպարտություն» պարունակող նյութի հրապարակումը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, բացառությամբ այն դեպքերի, երբ.
1. ապացուցվում է, որ առկա էին ողջամիտ հիմքեր` վստահելու տեղեկատվության իսկությանը,
2. ապացուցվում է, որ ձեռնարկվել են տեղեկատվության իսկությունն ստուգելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները, ներկայացվել են տեղեկատվության ստուգման հնարավորության ամբողջական սահմանները,
3. զրպարտություն պարունակող նյութը հրապարակող անձը հիմք ուներ վստահելու տեղեկատվության իսկությանը:
Հետևաբար տեղեկատվության հրապարակման դրդապատճառների ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր կոնկրետ գործով տեղեկատվության հրապարակման իրավաչափության և համապատասխան արարքի (գործողության) իրավաբանական որակման հարցը գնահատելիս: Չի կարող իրավաչափ համարվել այն գործողությունը, որն ի սկզբանե նպատակ է հետապնդել վնաս պատճառելու անձին, կամ երբ տեղեկություններ տարածողն անփութություն է դրսևորել՝ չստուգելով դրանց իսկությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի՞ արդյոք այդ կարծիքը որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից (տե´ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):
Արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ զանգվածային լրատվության միջոցները կրում են հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու պարտականություն՝ կատարելով «հասարակական վերահսկող օղակի» (watcհdօg) գործառույթ, որին համապատասխանում է հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Միաժամանակ, այլ անձանց վերաբերյալ արատավորող տեղեկատվության տարածումն արդարացված է այն դեպքում, երբ պայմանավորված է «անհետաձգելի հասարակական պահանջի» փաստի առկայությամբ, և անձը գործել է բարեխղճորեն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա ճշգրիտ ու վստահելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով, այսինքն՝ «գնահատողական դատողության» քողի ներքո լրատվամիջոցը չպետք է անցնի այլ անձանց հեղինակության պաշտպանության համար նախանշված սահմանները:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Տվյալ դեպքում Ընկերությունը հայցվորի վերաբերյալ հրապարակել է հետևյալ վերտառությամբ երկու հոդված՝
1.25.11.2019 թվականին՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ»,
2.11.12.2019 թվականին՝ «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ»:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ խնդրելով Ընկերությանը պարտավորեցնել դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ հոդվածում իր վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները, տեղադրելով այդ նյութը «168 ԺԱՄ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում (168.am), «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Որպես հայցի իրավական հիմք հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը: Հայցադիմումում և հայցադիմումի հստակեցում թույլատրելու միջնորդությամբ հայցվորի կողմից որպես զրպարտություն որակված արտահայտություններն ունեն հետևյալ բովանդակությունը՝ ««Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում: Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից: Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»: Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում: Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն»:
Դատարանը, ի թիվս այլնի, արձանագրելով, որ «ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով 06.12.2019թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հիմնավորվել է, որ հոդվածի վերոնշյալ փաստական տվյալները իրականությանը չեն համապատասխանում», եզրահանգել է, որ հոդվածներում արված արտահայտություններն արատավորող են և զրպարտչական բնույթ կրող:
Դատարանի 02.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պատասխանողին պարտավորեցնել ««Հոդվածում (այն է՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ) hայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող (զրպարտող) փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ԺԱՄ» ՍՊԸ ինտերնետային կայքում (www.168.am)` հետևյալ բովանդակությամբ. «168.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Հայցապահանջը մնացած մասով մերժել։ «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար»:
Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ «Պատասխանողը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, (...) չի ապացուցել (...), որ մինչ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները կարող էին համապատասխանել իրականությանը: Այսինքն՝ տվյալ դեպքում հոդվածում տեղ գտած հայտարարությունների (...) ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, պատասխանողը մինչ հոդվածը հրապարակելն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, ինչը բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ: Իր հերթին ներկայացված փաստացի տվյալները իրականությանը չհամապատասխանելու, այսինքն՝ ոչ հավաստի լինելու մասին է վկայում նաև ՀՀ Ոստիկանության Արարատի բաժնի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը, դրանում տեղ գտած բացատրությունները, այդ թվում՝ հայցվորի վերաբերյալ հոդվածում որպես տուժող ներկայացված անձի բացատրությունները»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «փաստացի տվյալներ հրապարակած անձը չի ապացուցել իր կողմից ձեռնարկված հնարավոր առավելագույն միջոցների գործադրման արդյունքում կատարված արտահայտությունների՝ իրականությանը համապատասխանելու հավանականությունը, բացակայում է նաև այդ տվյալները «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելու» պայմանը, (...): Այսինքն՝ տվյալ դեպքում բացակայում է զրպարտության դեպքում պատասխանատվությունից ազատելու լրացուցիչ փաստակազմը»:
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները Ընկերության մոտ բարեխղճության պայմանի բացակայության մասին եզրահանգումն արել են՝ հիմք ընդունելով Ընկերության կողմից հրապարակված փաստացի տվյալները հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ ու բավարար միջոցներ չձեռնարկելու հանգամանքը:
Նշված եզրահանգումը ստորադաս դատարանները պատճառաբանել են՝ հիմք ընդունելով Ոստիկանության Արարատի բաժնի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը:
Մինչդեռ, անդրադառնալով 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի, 25.11.2019 թվականի հոդվածը հրապարակվել է նախքան «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը կայացնելը:
Ավելին՝ ժամանակագրական նման հաջորդականության վերաբերյալ փաստն առհասարակ քննարկման առարկա չի դարձվել, 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի առնչությամբ զրպարտությունը բացառող լրացուցիչ փաստակազմի բացահայտում և գնահատում Վերաքննիչ դատարանն ըստ էության չի իրականացրել, չի անդրադարձել դիտավորության բացակայության վերաբերյալ Ընկերության ներկայացրած փաստարկներին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների թվում անհրաժեշտ էր դիտարկել Ընկերության կողմից ձեռնարկված միջոցները, մասնավորապես այն, որ, ըստ հոդվածի, Ընկերությունը կապ է հաստատել ենթադրյալ ծեծի ենթարկված անձի հետ, ով, ըստ Ընկերության, չնայած չի հաստատել, սակայն չի էլ հերքել ենթադրյալ ծեծի վերաբերյալ լուրը:
Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այլ անձանց հետ հարցազրույցները, անհրաժեշտ էր ամբողջության մեջ դիտարկել և գնահատել՝ արդյո՞ք դիտավորության բացակայության վերաբերյալ Ընկերության ներկայացրած փաստարկները ողջամտորեն կարող էին համարվել բավարար՝ հրապարակված փաստերի ճշմարտությունն ու հիմնավորվածությունը ստուգելուն ուղղված պարտականության կատարված լինելն արձանագրելու համար:
Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք լրագրողը վիճահարույց նյութը հրապարակելուց առաջ բարեխղճորեն կատարել է իր սեփական քննությունը, և այդ իմաստով արդյո՞ք կարելի էր փաստել, որ լրագրողն ազատված էր իր հայտարարությունների փաստական հանգամանքները ստուգելու լրագրողական պարտականությունից՝ հաշվի առնելով տեղեկատվության իր աղբյուրների հուսալիության ու իսկության աստիճանը գնահատելու լրատվամիջոցի ողջամիտ հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ լրատվական գործունեություն իրականացնողներն ունեն կարևոր առաքելություն՝ բավարարելու հանրության տեղեկացված լինելու իրավունքը և հաճախ չեն կարող համոզված լինել վկայակոչված փաստի ճշմարտացիության մեջ՝ մինչ դրա հրապարակումը կամ հեռարձակումը։
Վկայակոչված փաստական հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի առնչությամբ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որպիսի պայմաններում փոխհատուցման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:
Ինչ վերաբերում 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին այն մասին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «168.am» ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած «168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից հետևում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս պատասխանողը կատարել է իր վրա դրված պարտականությունը և հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե հայցվորին զրպարտելու միտում է ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ինչպես հայցադիմումով, այնպես էլ հայցի առարկան հստակեցնելու միջնորդությամբ հայցվորը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հերքել բացառապես «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ 25.11.2019 թվականի հոդվածում հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
Միաժամանակ այդ արտահայտությունների՝ որպես զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը պետք է գնահատել հենց արտահայտության հրապարակման ժամանակ՝ 25.11.2019 թվականի դրությամբ:
Ավելին՝ 11.12.2019 թվականի հոդվածը հրապարակվել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը կայացնելուց հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ «168.am»-ում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ուստի այս հոդվածի կապակցությամբ բարեխղճության գնահատման հիմքերը չեն նույնանում 25.11.2019 թվականի դրությամբ հրապարակված հոդվածի հիմքերի հետ:
Հետևաբար 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի բովանդակությամբ 25.11.2019 թվականի դրությամբ հրապարակված հոդվածի հրապարակման համար Ընկերության բարեխղճությունը հիմնավորվելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված:
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11․02․2022 թվականի որոշումը բեկանելու և գործը սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Նկատի ունենալով գործի նոր քննության ծավալը բացառապես վերաբերելի մասով նշելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության օբյեկտ պետք է լինի Ընկերության կողմից բացառապես 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածը, մասնավորապես՝ Դատարանը պետք է գնահատի սույն գործով հայցվորի պատվի և արժանապատվության պաշտպանության սահմանները՝ բացահայտելով Ընկերության՝ որպես լրագրողական գործունեություն իրականացնողի վարքագծի բարեխղճությունը 25.11.2019 թվականի հոդվածի հրապարակման դրությամբ, ինչպես նաև հայցվորի պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու նյութական և(կամ) ոչ նյութական միջոցների կիրառման համաչափությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ ս. ՄեղրՅԱՆ Ա. Մկրտչյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԱՎԴ/3905/02/19 քաղաքացիական գործով 2024 թվականի մայիսի 07-ի կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
07․05․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի (այսուհետ նաև՝ Գարիկ Սարգսյան) հայցի ընդդեմ Ընկերության՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գարիկ Սարգսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հոդվածում («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ) հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ տեղադրելով այդ նյութը Ընկերության ինտերնետային կայքում (www.168.am), Ընկերությունից բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հոդվածում /այն է՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ/ Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող /զրպարտող/ փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության ինտերնետային կայքում (www.168.am)՝ հետևյալ բովանդակությամբ. «168.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չպետք է զիջի «168.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածների տեղեկատվությանը:
Հայցապահանջը մնացած մասով մերժել: «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700․000 (…) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար: «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Մանացականի Սարգսյանի բռնագանձել 18․000 (…) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02․2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գարիկ Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ և 78-րդ հոդվածները, 81-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետն ու 1087.1-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «168.am» ինտերնետային կայքէջում 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի վերտառությունը («Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ»), հոդվածում որպես զրպարտություն որակված արտահայտությունների համատեքստը և բովանդակությունը վկայում են այն մասին, որ պատասխանողը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ ու հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ և վարքագիծ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի, այն էլ պաշտոնատար անձի արժանապատվությունը փաստացի տվյալների տարածման միջոցով արատավորելը, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ մեղադրելն առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ ու բավարար փաստական կազմ, մինչդեռ հայցվորին հասցեագրված գործողությունները զուրկ են փաստական հիմքից, հետևաբար նաև անընդունելի են:
Վերաքննիչ դատարանը եզրահանգումներ կատարելիս հաշվի չի առել վիճարկվող հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններ, որոնցից ուղղակիորեն ակնհայտ է, որ «168.am» ինտերնետային կայքէջում տեղ գտած հոդվածի հիմքում ընկած են կայքին այլ անձանց կողմից փոխանցված տեղեկություններ, որոնց հիման վրա ձևավորվել են հոդվածում տեղ գտած գնահատող դատողությունները, մասնավորապես՝ նշվել են հետևյալ արտահայտությունները՝ «168.am-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են», «վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին»։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «168.am» ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից հետևում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս պատասխանողը կատարել է իր վրա դրված պարտականությունը և հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե հայցվորին զրպարտելու միտում է ունեցել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը վճռում չի անդրադարձել նույն հոդվածում տեղ գտած այն կարևոր հատվածին, որ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, «Ազատությանը» տված հարցազրույցով ոչ միայն հաստատել է որդու հետ կատարվածը, այլև «168.am»-ի հրապարակումն ամբողջությամբ հաստատող նոր մանրամասներ էր հրապարակել, որոնք առնչվում էին Արարատի մարզպետին և նրա վարորդին:
Ոչ նյութական վնասի փոխհատուցման և պաշտոնատար անձի քննադատության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից:
Պատիվը և արժանապատվությունն արատավորելու դիտավորության առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն բխում թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Դատարանի վճիռը մասնակիորեն՝ բավարարված հայցապահանջների մասով, բեկանել ու փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները․
Գարիկ Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ հայտնելով, որ հոդվածում տեղ գտած հայտարարությունները հիմնված չեն ստույգ փաստերի վրա, դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, մինչ հոդվածը հրապարակելը պատասխանողն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում ու բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ:
Իր հերթին հրապարակված փաստացի տվյալներն իրականությանը չհամապատասխանելու, ոչ հավաստի լինելու մասին է վկայում Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը։
Բացի այդ, պատասխանողը հղում չի կատարել տեղեկատվության աղբյուրին, բավարարվել է ««168.am»-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են» արտահայտությունների շարադրանքով։
Պատասխանողը ոչ միայն չի հերքել հոդվածում տեղ գտած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, այլև 11.12.2019 թվականին «168.am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով ևս մեկ հոդված 11.12.2019 թվականին այն դեպքում, երբ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 06.12.2019 թվականին՝ հիմքում դնելով հանցագործության դեպքի բացակայության փաստը: Այսինքն՝ պատասխանողը «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդվածը հրապարակել է՝ գիտակցելով ծեծի բացակայության և հոդվածում տեղ գտած տվյալների՝ զրպարտություն լինելու մասին:
Դատարանում պատասխանողը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, գրավոր կամ բանավոր առարկություններ, հետևաբար հերքվում է նյութական փոխհատուցումն առանց պատճառաբանության սահմանելու վերաբերյալ բողոքաբերի պնդումը:
Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը 25.11.2019 թվականին «168.am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ. «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։ Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մարզպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։ Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում: Ի դեպ, վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բան խոսել իր հետ կատարվածի մասին, վախից, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպից հետո, հետաքրքրվեցինք երիտասարդից, նա միայն ասաց, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի: Վարսավիրը Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից: Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» (հատոր 1-ին, գ.թ. 26, 27)․
2) հայցվորը 26.11.2019 թվականին հոդվածում տեղ գտած՝ իրականությանը համապատասխանող տեղեկությունները հրապարակավ, նույն հարթակով հերքելու մասին պահանջ է հասցեագրել «168.am» լրատվական կայքին (հատոր 1-ին, գ.թ. 71-74)․
3) Ոստիկանության Արարատի բաժնի 06.12.2019 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ «Մարզպետի կանտովկան արտահերթ չդզելու համար ծեծել են վարսավիրին և արտաքսել գյուղից» վերտառությամբ «168.am»-ում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ արձանագրելով, որ հիմնավորվել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ցուցումով վարսահարդար Սերոբ Բարֆյանի նկատմամբ երբևէ բռնություն չեն գործադրել, նրան չեն սպառնացել, գյուղից չեն արտաքսել, հետևաբար նախապատրաստված նյութերում բացակայում է հանցագործության դեպքը (հատոր 1-ին, գ.թ. 32-36)․
4) Ընկերությունը 11.12.2019 թվականին «168․am» ինտերնետային կայքէջում հրապարակել է «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդված (հատոր 1-ին, գ.թ. 28, 29):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Տվյալ դեպքում Ընկերությունը հայցվորի վերաբերյալ հրապարակել է հետևյալ վերտառությամբ երկու հոդված՝
25.11.2019 թվականին՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ»,
11.12.2019 թվականին՝ «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ»:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ խնդրելով Ընկերությանը պարտավորեցնել դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ հոդվածում իր վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները, տեղադրելով այդ նյութը «168 ԺԱՄ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում (168.am), «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Որպես հայցի իրավական հիմք հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը: Հայցադիմումում և հայցադիմումի հստակեցում թույլատրելու միջնորդությամբ հայցվորի կողմից որպես զրպարտություն որակված արտահայտություններն ունեն հետևյալ բովանդակությունը՝ ««Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում: Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից: Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին: «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»: Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում: Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն»:
Դատարանը, ի թիվս այլնի, արձանագրելով, որ «ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով 06.12.2019թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հիմնավորվել է, որ հոդվածի վերոնշյալ փաստական տվյալները իրականությանը չեն համապատասխանում», եզրահանգել է, որ հոդվածներում արված արտահայտություններն արատավորող են և զրպարտչական բնույթ կրող:
Դատարանի 02.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պատասխանողին պարտավորեցնել ««Հոդվածում (այն է՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ) hայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող (զրպարտող) փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ԺԱՄ» ՍՊԸ ինտերնետային կայքում (www.168.am)` հետևյալ բովանդակությամբ. «168.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Հայցապահանջը մնացած մասով մերժել։ «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար»:
Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ «Պատասխանողը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, (...) չի ապացուցել (...), որ մինչ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները կարող էին համապատասխանել իրականությանը: Այսինքն՝ տվյալ դեպքում հոդվածում տեղ գտած հայտարարությունների (...) ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, պատասխանողը մինչ հոդվածը հրապարակելն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու իր կողմից արված արտահայտությունների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, ինչը բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունները կատարվել են դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, տուժողին վնաս պատճառելու դիտավորությամբ: Իր հերթին ներկայացված փաստացի տվյալները իրականությանը չհամապատասխանելու, այսինքն՝ ոչ հավաստի լինելու մասին է վկայում նաև ՀՀ Ոստիկանության Արարատի բաժնի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը, դրանում տեղ գտած բացատրությունները, այդ թվում՝ հայցվորի վերաբերյալ հոդվածում որպես տուժող ներկայացված անձի բացատրությունները»:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «փաստացի տվյալներ հրապարակած անձը չի ապացուցել իր կողմից ձեռնարկված հնարավոր առավելագույն միջոցների գործադրման արդյունքում կատարված արտահայտությունների՝ իրականությանը համապատասխանելու հավանականությունը, բացակայում է նաև այդ տվյալները «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելու» պայմանը, (...): Այսինքն՝ տվյալ դեպքում բացակայում է զրպարտության դեպքում պատասխանատվությունից ազատելու լրացուցիչ փաստակազմը»:
Վճռաբեկ դատարանը, 07.05.2024 թվականին կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(...) անդրադառնալով 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի, 25.11.2019 թվականի հոդվածը հրապարակվել է նախքան «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը կայացնելը:
Ավելին՝ ժամանակագրական նման հաջորդականության վերաբերյալ փաստն առհասարակ քննարկման առարկա չի դարձվել, 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի առնչությամբ զրպարտությունը բացառող լրացուցիչ փաստակազմի բացահայտում և գնահատում Վերաքննիչ դատարանն ըստ էության չի իրականացրել, չի անդրադարձել դիտավորության բացակայության վերաբերյալ Ընկերության ներկայացրած փաստարկներին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների թվում անհրաժեշտ էր դիտարկել Ընկերության կողմից ձեռնարկված միջոցները, մասնավորապես այն, որ, ըստ հոդվածի, Ընկերությունը կապ է հաստատել ենթադրյալ ծեծի ենթարկված անձի հետ, ով, ըստ Ընկերության, չնայած չի հաստատել, սակայն չի էլ հերքել ենթադրյալ ծեծի վերաբերյալ լուրը:
Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այլ անձանց հետ հարցազրույցները, անհրաժեշտ էր ամբողջության մեջ դիտարկել և գնահատել՝ արդյո՞ք դիտավորության բացակայության վերաբերյալ Ընկերության ներկայացրած փաստարկները ողջամտորեն կարող էին համարվել բավարար՝ հրապարակված փաստերի ճշմարտությունն ու հիմնավորվածությունը ստուգելուն ուղղված պարտականության կատարված լինելն արձանագրելու համար:
Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք լրագրողը վիճահարույց նյութը հրապարակելուց առաջ բարեխղճորեն կատարել է իր սեփական քննությունը, և այդ իմաստով արդյո՞ք կարելի էր փաստել, որ լրագրողն ազատված էր իր հայտարարությունների փաստական հանգամանքները ստուգելու լրագրողական պարտականությունից՝ հաշվի առնելով տեղեկատվության իր աղբյուրների հուսալիության ու իսկության աստիճանը գնահատելու լրատվամիջոցի ողջամիտ հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ լրատվական գործունեություն իրականացնողներն ունեն կարևոր առաքելություն՝ բավարարելու հանրության տեղեկացված լինելու իրավունքը և հաճախ չեն կարող համոզված լինել վկայակոչված փաստի ճշմարտացիության մեջ՝ մինչ դրա հրապարակումը կամ հեռարձակումը։
Վկայակոչված փաստական հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ 25.11.2019 թվականին հրապարակված հոդվածի առնչությամբ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որպիսի պայմաններում փոխհատուցման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:
Ինչ վերաբերում 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին այն մասին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել «168.am» ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած «168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից հետևում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս պատասխանողը կատարել է իր վրա դրված պարտականությունը և հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե հայցվորին զրպարտելու միտում է ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ինչպես հայցադիմումով, այնպես էլ հայցի առարկան հստակեցնելու միջնորդությամբ հայցվորը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հերքել բացառապես «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերտառությամբ 25.11.2019 թվականի հոդվածում հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
Միաժամանակ այդ արտահայտությունների՝ որպես զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը պետք է գնահատել հենց արտահայտության հրապարակման ժամանակ՝ 25.11.2019 թվականի դրությամբ:
Ավելին՝ 11.12.2019 թվականի հոդվածը հրապարակվել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 06.12.2019 թվականի որոշումը կայացնելուց հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ «168.am»-ում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ուստի այս հոդվածի կապակցությամբ բարեխղճության գնահատման հիմքերը չեն նույնանում 25.11.2019 թվականի դրությամբ հրապարակված հոդվածի հիմքերի հետ:
Հետևաբար 11.12.2019 թվականին հրապարակված հոդվածի բովանդակությամբ 25.11.2019 թվականի դրությամբ հրապարակված հոդվածի հրապարակման համար Ընկերության բարեխղճությունը հիմնավորվելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
1/ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (…)։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում: Այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, պարբ. 41):
Միաժամանակ, Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում, այն պետք է հավասարակշռվի հասարակության և պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ: Այդ իսկ պատճառով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ և կարող է պայմանավորվել ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (տե՛ս Բեիզարասը և Լեվիցկասն ընդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, պարբ. 117), ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը (տե՛ս Սյոդերմանն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 12.11.2013 թվականի վճիռը, պարբ. 80):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը և հաշվի առնելով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հարկ է արձանագրել, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, բոլոր մարդկանց ներհատուկ է արժանապատվությունը:
Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուրի արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ, ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը, և ՀՀ Սահմանադրության 23-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն, ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ, մասնավորապես այն կարող է սահմանափակվել ի թիվս այլնի նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու նպատակով:
Նշված դիրքորոշումը համահունչ է Անիկ Դավթյանն ընդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:
Հիշյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում:
Սահմանադրության՝ անձի արժանապատվությանը և արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ մարդու արժանապատվությունից, ներառյալ` պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այդ մոտեցումն է դրված նաև Կոնվենցիայի 10-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ և 19.3-րդ, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածների հիմքում:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 14.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ նշել է. «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով (...) սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է քաղաքական խոսքին կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճին և պաշտոնատար անձանց քննադատությանը, որոնք վերստին կքննարկվեն ստորև՝ Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե´ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58): Թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է լինեն ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև հանրային կարծիքի խիստ վերահսկողության առարկա (տե´ս Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54):
Ի տարբերություն մասնավոր անձանց` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):
Անդրադառնալով քաղաքացիական ծառայողների նկատմամբ քննադատության սահմանների հարցին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական ծառայողների նկատմամբ ևս, ինչպես քաղաքական գործիչների դեպքում, ընդունելի են քննադատության ավելի լայն սահմաններ: Այնուամենայնիվ, քաղաքացիական ծառայողները լիազորությունների պատշաճ կատարումն ապահովելու առումով պետք է վայելեն հասարակական վստահություն, զերծ լինեն անընդմեջ քննադատությունից, և այդ պատճառով է, որ անհրաժեշտ է նրանց տրամադրել պաշտպանություն իրենց պարտականությունների կատարման առնչությամբ վիրավորական և զրպարտչական հարձակումներից (տե´ս Յանովսկին ընդդեմ Լեհաստանի 21.01.1999 թվականի վճիռը, կետ 33):
Հարկ է ընդգծել, որ դատարանները պետք է հաշվի առնեն տարբերությունը քաղաքական գործիչների և հանրային ծառայողների միջև, և այն, որ հանրային ծառայողները` ներառյալ դատավորները, դատախազները, ոստիկանները, իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, հետևաբար նրանք պետք է պաշտպանված լինեն վիրավորական և զրպարտչական հարձակումներից:
Մյուս կողմից հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը մամուլի ազատությանը տալիս է ուժեղ պաշտպանություն ոչ միայն քաղաքական, այլև ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի հրապարակային քննարկման շրջանակներում (տե՛ս, օրինակ, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի վճիռը): Մամուլի ազատության համատեքստում կարևոր խնդիրներից է հանրային խոսակցությունների և երրորդ անձանց պնդումների հրապարակումը, որոնք լրագրողները չեն կարող ապացուցել։ Մասնավորապես, Թորգիր Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի գործով դիմումատուն լրագրող էր, ով ոստիկանության դեմ ուղղված կոշտ մեղադրանքներ էր հրապարակել, որոնք հավաքագրվել էին տարբեր աղբյուրներից․ հոդվածում հիմնականում նշված էին հանրության շրջանում տարածված խոսակցություններ՝ ոստիկանության ներկայացուցիչների դրսևորած կոպիտ և (կամ) քրեորեն պատժելի վարքագծի վերաբերյալ: Թեև պատասխանող կողմը պնդում էր, որ դիմումատուի հոդվածները չունեն օբյեկտիվ և փաստացի հիմք, քանի որ նա չէր կարողացել ապացուցել մեղադրանքների ճշմարտացիությունը, Եվրոպական դատարանը ճշմարտացիության պահանջը համարեց անհիմն, նույնիսկ անհնարին խնդիր, և գտավ, որ մամուլը գրեթե ոչինչ չէր կարողանա հրապարակել, եթե պահանջվեր հրապարակել միայն լիովին ապացուցված փաստեր (տե՛ս Թորգիր Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի գործով Եվրոպական դատարանի 1992 թվականի վճիռը)։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն ընդգծել է, որ ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան ճշգրիտ և հուսալի տեղեկություններ տրամադրեն։ Տվյալ գործով Եվրոպական դատարանն արձանագրեց Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ ներպետական դատարանները սահմանափակվել էին պարզելով, որ վիճարկվող հրապարակումն արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ դիմումատու ընկերությունը չի կարողացել ապացուցել իր հրապարակած տվյալների ճշմարտացիությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ ներպետական դատարանները հաշվի չէին առել հետևյալ տարրերը. դիմումատու ընկերության՝ որպես լրատվական ընկերության դիրքորոշումը, ինչպես նաև նրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, հայցվորների՝ որպես ընտրված պաշտոնատար անձանց դիրքորոշումը, հոդվածը հրապարակելիս դիմումատու ընկերության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ընդհանուր մտահոգության հարցի առկայությունը, երեք Խորհրդարանի անդամների՝ ենթադրյալ քրեական գործունեության վերաբերյալ տեղեկության ճշմարտացիությունը։ Բաց թողնելով այդ տարրերի հետ կապված որևէ վերլուծություն՝ ներպետական դատարաններն ուշադրություն չեն դարձրել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա հարկ է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման, հետևաբար և կարծիքի ազատ արտահայտման և տեղեկություններ տարածելու իրավունքին միջամտելու ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն, որ քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում՝ այն հաշվառմամբ, որ պետք է ապահովվի հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հանրության վստահությունը՝ պաշտպանելով նրանց վիրավորանքից և զրպարտությունից: Միաժամանակ, պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլի միջոցով հրապարակումները, որոնք հավաքագրվել են տարբեր աղբյուրներից (օրինակ՝ հանրության շրջանում տարածված խոսակցություններ՝ ոստիկանության ներկայացուցիչների դրսևորած կոպիտ և (կամ) քրեորեն պատժելի վարքագծի վերաբերյալ), որպես զրպարտություն գնահատելու հարցերում պետք է նկատի ունենալ, որ հանրային հետաքրքրության շրջանակներում լուսաբանվող տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցներից չի կարող պահանջվել ապացուցել դրանց ճշմարտացիությունը, եթե նրանք գործել են բարեխղճորեն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթում ամրագրված «գերակա հանրային շահ» եզրույթին, նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու պայմանն ունի գերակշռող ազդեցություն, իսկ մյուս պայմանները` ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը պարզելը և հավասարակշռված ու բարեխղճորեն ներկայացնելը, լրացնում են այդ պայմանին` այդպիսով ամբողջացնելով տեղեկությունը զրպարտություն չդիտելու հիմքը: Հետևաբար, հիշատակված դրույթի պայմանները ինքնուրույն գործել չեն կարող:
«Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար, դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել: Անհրաժեշտաբար պետք է ընդգծել, որ մամուլում հրապարակվող ցանկացած տեղեկություն չի կարող բավարարել այս պայմանին, քանի որ տեղեկությունները հաճախ կրում են մասնավոր բնույթ և չունեն հանրային լայն հետաքրքրություն (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, (...) բարեվարքության համակարգը, (...) նույն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
1. Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական և համայնքային:
3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (...):
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են (...) մարզպետների (...) պաշտոնները:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (...):
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարքագծի սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:
Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:
Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ գտնում եմ, որ մամուլի հրապարակումը կարող է սոցիալապես անհրաժեշտ համարվել նաև այն դեպքում, երբ դա վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնի հետ անհամատեղելի կամ հանրության վստահությունը նվազեցնող արարք կատարած լինելուն։
Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ այդ փաստացի տվյալները պայմանավորված են գերակա հանրային շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի դրանից, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխղճորեն և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալ(ներ)ի) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա հավասարակշռվածությունը պետք է առկա լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է այս հարցում լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «մինչև տեղեկությունների հրապարակումը միջոցներ ձեռնարկելու» պահանջն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է երկու հարցի պատասխաններ ստանալուն. նախ՝ արդյո՞ք հրապարակվող տեղեկատվությունը բխում է գերակա հանրային շահից, հանրությունն արդյո՞ք հետաքրքրված է նման տեղեկատվությամբ և սպասում է դրան: Երկրորդ` հրապարակվող տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնանպատակ կլիներ օրենսդրական նման կարգավորումը, եթե քննարկվող դրույթն ընկալվեր բացառապես տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու ճշտումը կատարելու ֆորմալ պարտականություն: Դրույթի նման մեկնաբանումը և կիրառումը կարող է հանգեցնել ցանկացած տեղեկատվության հրապարակման, թեկուզև անձը, ում վերաբերյալ հրապարակվում է տեղեկատվությունը, նախապես հերքել է այն: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քննարկվող դրույթի պաշտպանությունից չեն կարող օգտվել այն սուբյեկտները, ովքեր բավարարվել են զուտ տեղեկատվության իրական լինելը ճշտելու պահանջի ձևական պահպանմամբ և թեկուզև ստանալով հրապարակվող նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկություն՝ հրապարակել են այն (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշմամբ):
2/ Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության գործերով դրամական փոխհատուցման չափը որոշելու հարցին, նշել է, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձի ֆինանսական վիճակը, և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով (տե՛ս, օրինակ, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին և միաժամանակ անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար (տե´ս, օրինակ, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը հնարավորություն են տալիս անձին նախատեսված մեկ կամ մի քանի միջոցների կիրառմամբ զրպարտող կամ վիրավորող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որևէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մաuին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ: Բացի դրանից, դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ պարզեն` արդյոք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (զրպարտության դեպքում՝ եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը):
Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափին, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ՝ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը, և ապա դրա տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն տարածման ավելի փոքր շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանների կողմից հաշվի առնվող վերոնշյալ հանգամանքները սպառիչ չեն, քանի որ օրենսդիրը սահմանել է դատարանի պարտականությունը` հաշվի առնելու կոնկրետ գործի առանձնահատկությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ի թիվս վերոգրյալ հանգամանքների, այն դեպքերում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը շարունակվում են նաև գործի քննության ընթացքում (գործի` դատարանում քննության գտնվելու ողջ ժամանակահատվածում), այդ հանգամանքը դատարանները կարող են հաշվի առնել դրամական փոխհատուցման չափ նշանակելու հարցը լուծելիս:
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ անհրաժեշտ է հավելել, որ պաշտոնատար անձանց պարագայում փոխհատուցման չափը որոշելու համար էական պետք է համարել նաև հայցվորի սուբյեկտային առանձնահատկությունները: Մասնավորապես, հայցվորը, լինելով պաշտոնատար անձ, պետք է գիտակցի, որ կրում է իր վարքագծի հետ կապված հանրության սուր քննադատության մեծ ռիսկ, ուստի նրան որպես փոխհատուցում տրամադրվող միջոցն իր նշանակությամբ որոշակիորեն տարբերվում է մասնավոր անձանց պատվի և արժանապատվության պաշտպանության համար տրամադրվող փոխհատուցումից: Կարևոր է վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր գործով ընդհանրապես, իսկ պաշտոնատար անձանց պարագայում՝ հատկապես, գնահատել պահանջվող դրամական փոխհատուցման համաչափությունը կոնկրետ սուբյեկտի հեղինակությանը պատճառված վնասին:
Եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում անդրադառնալով փոխհատուցման չափի ողջամտության հարցին, նշել է, որ վիրավորանքի և զրպարտության գործերով փոխհատուցման անկանխատեսելի մեծ գումար սահմանելը կարող է կարծիքի արտահայտման ազատության վրա «սառեցնող» (ճնշող) ազդեցություն ունենալ, հետևաբար պահանջվում է հարցի առավել հանգամանալից քննություն (տե՛ս, օրինակ, Կասաբովան ընդդեմ Բուլղարիայի գործով (թիվ 22385/03 դիմում) Եվրոպական դատարանի 19.04.2011 թվականի վճիռը, պար. 71):
Եվրոպական դատարանը գտել է նաև, որ վնասի հատուցումը պետք է «անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում» այն իմաստով, որ այն պետք է ողջամիտ հարաբերակցություն ունենա հեղինակությանը հասցված վնասի հետ (տե՛ս, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, Շարք Ա թիվ 316‑Բ, պար. 48-51)։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել այն դեպքում, երբ ներպետական դատարանը փոխհատուցման չափ սահմանելիս բավարարվել է միայն ընդհանուր նշանակություն ունեցող չափանիշներ վկայակոչելով՝ առանց հստակ հիմնավորման և առանց գնահատելու գումարի համաչափությունը (տե՛ս «Կոմերսանտ»-ը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 37482/10 և 37486/10 դիմումներ) Եվրոպական դատարանի 23.06.2020 թվականի վճիռը, պար. 28):
Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ հարկ է արձանագրել, որ դատարանները պետք է մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնեն հայցվորի խախտված իրավունքները վերականգնելու՝ օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը։ Ընդ որում, նման հնարավորության հարցը պետք է քննարկվի` հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները, այդ թվում հայցվորի սուբյեկտային առանձնահատկությունները, և անկախ նրանից՝ պատասխանող լրատվամիջոցը նյութական փոխհատուցման չափի դեմ առարկություններ ներկայացրել է, թե ոչ։
Դատարանը, մասնակիորեն բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ անփոփոխ թողնելով վճիռը, ըստ էության գործի ելքի առանցքում դրել են հրապարակված տվյալների իրականությանը չհամապատասխանելու, պատասխանող ընկերության՝ հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու դիտավորություն ունենալու, փոխհատուցման չափի վերաբերյալ պատասխանողի կողմից դիրքորոշում արտահայտված չլինելու վերաբերյալ եզրահանգումները:
Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից քննության առարկա չեն դարձվել հետևյալ հանգամանքները․
- ՀՀ Արարատի մարզպետի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում՝ այն հաշվառմամբ, որ պետք է ապահովվի նրա նկատմամբ հանրության վստահությունը՝ պաշտպանելով նրան վիրավորանքից և զրպարտությունից, միաժամանակ Ընկերության հրապարակումները որպես զրպարտություն գնահատելու հարցում պետք է նկատի ունենալ, որ Ընկերությունը դրանք հավաքագրել է տարբեր աղբյուրներից (մասնավորապես՝ հոդվածում նշված են՝ «168.am-ին հասած տեղեկությունով», «գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են», «վարսավիր Սերոբի հետ մեզ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չհերքեց մեր տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին» արտահայտությունները), հետևաբար հանրային հետաքրքրության շրջանակներում լուսաբանվող վերոնշյալ տեղեկությունները հրապարակելիս լրատվամիջոցից չի կարող պահանջվել ապացուցել դրանց ճշմարտացիությունը, եթե լրատվամիջոցը գործել է բարեխղճորեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի իմաստով,
- Վերաքննիչ դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել 168.am ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման» արտահայտությանը, որից փաստում է, որ լրատվական գործունեություն իրականացնելիս Ընկերությունը կատարել է իր լրագրողական պարտականությունները՝ որպես զանգվածային լրատվության միջոց և հանրության համար լուսաբանել է իրեն փոխանցված տեղեկությունները, այլ ոչ թե միտում է ունեցել զրպարտելու Գարիկ Սարգսյանին։ Դատարանը չի անդրադարձել 168.am ինտերնետային կայքէջում 11.12.2019 թվականին հրապարակված «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերնագրով հոդվածում տեղ գտած այն կարևոր հատվածին, որ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, «Ազատությանը» տված հարցազրույցով ոչ միայն հաստատել էր որդու հետ կատարված միջադեպի թեման, այլև 168.am-ի հրապարակումն ամբողջությամբ հաստատող նոր մանրամասներ էր հրապարակել, որոնք առնչվում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ու նրա վարորդին։
- Ենթադրյալ զրպարտության համար հայցվող պաշտպանության միջոցի ընտրության հարցը քննելիս գործի բոլոր փաստական հանգամանքների հաշվառմամբ պետք է պարզել, թե արդյոք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, իսկ նման հնարավորությունը հերքվելու դեպքում դրամական փոխհատուցման չափ նշանակելիս գնահատել և հաշվի առնել վերոնշյալ իրավական դիրքորոշումներում որպես ուղենիշային ներկայացված հանգամանքները։
Ամփոփելով նշվածը` հարկ է արձանագրել, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի քննություն, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն սույն որոշմամբ, ինչպես նաև Եվրոպական դատարանի վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքների գնահատում:
Հետևաբար, անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանությամբ։
Դատավոր`
Էդ. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|