ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22735/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22735/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
ս. ՄեղրՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի մայիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն կամ ՀՖՖ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օլեքսիի Բոնդարենկոյի հայցի ընդդեմ Կազմակերպության՝ որոշումն անվավեր ճանաչելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Օլեքսիի Բոնդարենկոն պահանջել է.
«1. Անվավեր ճանաչել Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Հայցվորին վերաբերվող 48-րդ կետը,
2. Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղագրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
3. Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատվին և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում:
4. Պատասխանողին պարտավորեցնել ներողություն խնդրել Հայցվորից իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020թ. հրապարակված, վիրավորանք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը «ՀՖՖ պաշտոնապես ներողություն է խնդրում Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյից (17.12.1992) Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման մեջ տեղ գտած ձևակերպումներով նրան չհիմնավորված վիրավորանք հասցնելու համար», տեղադրված տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
5. Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես հայցվորին հասցված վիրավորանքի փոխհատուցում:
6. Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.20թ. սկսած մինչև սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «անվավեր ճանաչել պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2‑ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ից հօգուտ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.2020թ. սկսած մինչև 31.12.2021 թվականը: Մնացած մասով հայցը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ․ «Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի հայցը բավարարել մասնակի. թիվ ԵԴ/22735/02/20 քաղաքացիական գործի վարույթը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել։ Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600․000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Մնացած մասով հայցը մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օլեքսիի Բոնդարենկոն (ներկայացուցիչ Եղիշե Բազոյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 182-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Հայցվորին վերաբերվող 48‑րդ կետով (այսուհետ՝ Որոշում) սահմանվում է միայն, որ հայցվորը մեկ տարով զրկվում է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Ոչ Որոշման 48-րդ կետում, ոչ էլ այդ Որոշման որևէ այլ մասում հայցվորին վերաբերող որևէ տեղեկություն ներառված չէ: Այսինքն՝ Որոշմամբ անկողմնակալ ընթերցողի մոտ չի կարող ստեղծվել տպավորություն, որ այդ որոշմամբ անմիջապես հայցվորին է վերագրվում որևէ արարք: Հետևաբար, Որոշման նախաբանում պարունակվող տեղեկությունը չի կարող համարվել որոշակի և անմիջապես հայցվորին վերաբերող փաստացի տվյալ։ Ավելին՝ ներկայացված փաստացի տվյալների անհիմն, սուտ և ոչ հավաստի լինելը կարող է հիմնավորվել բացառապես Որոշումն անվավեր ճանաչելու փաստով, ինչը տեղի չի ունեցել։ Տվյալ պարագայում իր կողմից Որոշման հրապարակումն անմիջականորեն ծագել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր որոշումները հրապարակելու պարտականությունից, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին համապատասխան չի կարող համարվել զրպարտություն։ Հետևաբար, այս պահանջը բավարարելու մասով որոշումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15․12․2022 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Օլեքսիի Բոնդարենկոյի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Կազմակերպության փաստարկն այն մասին, որ Որոշման մեջ ոչ իր , ոչ էլ որևէ մեկի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի իմաստով զրպարտություն համարվող տեղեկություններ առկա չեն, պարզ մանիպուլյացիա է։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի (Ակումբ) և Օլեքսիի Բոնդարենկոյի (Ֆուտբոլիստ) միջև 16.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագրով Ակումբը որոշակի ժամկետով աշխատանքի է ընդունում Ֆուտբոլիստին պրոֆեսիոնալ կարգավիճակով (...):
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Ֆուտբոլիստի և Ակումբի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նույն պայմանագրով, ՀՀ գործող օրենսդրությամբ, Ակումբի, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:
Պայմանագրի 2.1.1 և 2.1.2 կետերի համաձայն՝ Ֆուտբոլիստը պարտավորվել է ընդունել Պայմանագրի 1.2 կետով սահմանված կանոնադրությունները և կանոնակարգերն ու իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով: Ենթարկվել Ակումբի, ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ղեկավար մարմինների համապատասխան կանոնադրություններին և կանոնակարգերին, իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված որոշումներին, ինչպես նաև ենթարկվել Ակումբի կանոններին (...): (հատոր 1-ին, գ.թ. 15-24).
2) «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի (Ակումբ) և Օլեքսիի Բոնդարենկոյի (Աշխատող) միջև 18.06.2020 թվականին կնքված համաձայնագրի 1-ին կետի համաձայն՝ նույն համաձայնագրով «Գործատու»-ի ու «Աշխատող»-ի միջև 25.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, որը լրանում է 30.06.2020 թվականին, երկարացվել է մինչև 31.12.2021 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 25).
3) 02.07.2020 թվականի ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության համաձայն՝ նիստի օրակարգում դրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի միջնորդությունը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու ու դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 28-31).
4) Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրության քաղվածքի համաձայն՝ քվեարկության արդյունքում 48-րդ կետով որոշվել է Օլեքսիի Բոնդարենկոյին մեկ տարի ժամկետով արգելել զբաղվել որևէ ֆուտբոլային գործունեությամբ և տուգանել 500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ․թ․ 32, 33).
5) 14.07.2020 թվականին «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ու Վյաչեսլավ Ագաֆոնովի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ նկատի ունենալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2‑ի նիստի արձանագրությամբ ամրագրված որոշումը, որով Աշխատողին մեկ տարի ժամկետով արգելվել է զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, այսինքն` աշխատողն այդուհետ հնարավորություն և իրավունք չի ունենալու իրականացնել իր աշխատանքային պարտականությունները Գործատուի նկատմամբ, որի պատճառով Գործատուն աննպատակահարմար ու անհնար է գտնում Աշխատողի հետ 16.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակելը, ուստի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված (հատոր 1-ին, գ․թ․ 26).
6) 30.07.2020 թվականի Կազմակերպության ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության մասին կանոնակարգից քաղվածքի համաձայն՝ միայն էլեկտրոնային տարբերակով գրանցված ու ՖԻՖԱ կոդ (FIFA ID) ունեցող ֆուտբոլիստն իրավունք ունի մասնակցելու կազմակերպված ֆուտբոլին: Ֆուտբոլիստը գրանցվելուց հետո պարտավորվում է ենթարկվել ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրությունների ու կանոնակարգերի պահանջներին (հատոր 1-ին, գ․թ․ 62).
7) «https:www.ffa.am» էլեկտրոնային կայքէջում ամբողջական տեքստով տեղադրվել է «Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին» վերնագրով հոդվածը՝ 02.07.2020 թվականի Կազմակերպության Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության ակտիվ հղումով, որն իրենց էջում տեղադրել են նաև «http://armsport.am» և «http://sport.times.am» էլեկտրոնային կայքէջերն ու «Ազատություն ռադիոկայան» ԶԼՄ-ն (հատոր 1-ին, գ․թ․ 35-37).
8) հայցի փաստական հիմքում Օլեքսիի Բոնդարենկոն, ի թիվս այլնի, դրել է հետևյալ փաստական հանգամանքները․
- 02.07.2020 թվականին Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեն նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով ընդամենը մեկ հարց, այն է՝ «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ,
- նիստի արդյունքում կազմված արձանագրության մեջ հրապարակվել է կոմիտեի որոշումը, որի համաձայն՝ կարգապահական տույժեր են կիրառվել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ,
- Որոշման 48-րդ կետի համաձայն՝ Հայցվորին մեկ տարի ժամկետով արգելվել է զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, բացի այդ, Որոշմամբ հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն պարունակող տեղեկություններ,
- Կազմակերպության գործադիր կոմիտեի վերոհիշյալ արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու մասին և այդ տեղեկատվությունը նույն օրը՝ 03.07.2020 թվականին ժամը 14:10-ին, հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական «http://www.ffa.am» կայքէջում: Տեղեկատվության մեջ ակտիվ հղմամբ հասանելի է եղել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրությունը որոշման հետ միասին: Հիշյալ տեղեկատվությունը որոշումը հասանելի դարձնող ակտիվ հղման հետ միասին տարածել են հայկական լրատվական դաշտում գործող մի շարք սպորտային կայքեր և լրատվական կայքերի սպորտային բաժիններ: Որոշման համաձայն՝ հայցվորը կատարել է ստորև նշված բոլոր արարքները․
- իր գործողությամբ կատարել է օրենքի խախտում և (կամ) անուղղակի կերպով փորձել է ազդել հանդիպման արդյունքի վրա՝ օգուտ ստանալով դրանից,
- ուղղակի կամ անուղղակի կերպով խաղադրույք է կատարել մրցաշարի խաղի վրա կամ ունեցել է անմիջական կամ ոչ անմիջական ֆինանսական հետաքրքրություն,
- չարաշահելով իր պաշտոնական դիրքը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որը հանրային հրապարակման ենթակա չէ և կարող է վնաս հասցնել խաղի կամ մրցաշարի ընթացքին,
- անմիջապես չի ահազանգել ՀՖՖ-ին ցանկացած նմանատիպ պահվածքի առկայության դեպքում,
- ֆուտբոլիստներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ (ոչ սիրողական) ֆուտբոլի մրցումների մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին և ֆուտբոլային այլ սուբյեկտներին անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ որևէ այլ անձի համար դրամ, տարադրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն է խոստացել կամ առաջարկել կամ տրամադրել կամ նույն անձանց կողմից ստացել է՝ այդ մրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով (հատոր 1-ին, գ․թ․ 5-13).
9) իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ Կազմակերպության կանոնադրության 61 կետի համաձայն՝ ՀՖՖ-ի, ՀՖՖ-ի Անդամների, ֆուտբոլիստների, պաշտոնատար անձանց, մրցախաղի ներկայացուցիչների, ֆուտբոլային միջնորդների և խաղերի գործակալների միջև առաջացած ցանկացած վեճ, ինչպես նաև Վեճերի լուծման պալատի կողմից ընդունված որոշումների դեմ ներկայացված ցանկացած բողոք ենթակա է լուծման Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից՝ որպես վերջին ատյան։
Նույն կանոնադրության 63 կետի համաձայն՝ ՀՖՖ-ում ազգային հարթությանն առնչվող կամ ՀՖՖ-ի Անդամներից որևէ մեկի, Լիգաների, Լիգաների անդամների, Ակումբների, Ակումբների անդամների, ֆուտբոլիստների և Պաշտոնատար անձանց մասնակցությամբ ցանկացած վեճ՝ կապված ՀՖՖ-ի Կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագած դրանց կիրառումից, որպես վերջին ատյան (վեճի լուծման ՀՖՖ-ի ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո) պետք է հանձնվի ԿԱՍ-ի քննությանը, որը կլուծի վեճը՝ բացառելով վեճը Ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելը (հատոր 2-րդ գ.թ. 63-90)․
10) Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ սույն գործը ենթակա չէ քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, պատճառաբանել է, որ «ՀՖՖ-ի Կանոնադրության 63-րդ հոդվածով, ըստ էության սահմանված է ՀՖՖ-ի կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կապված դրանց կիրառման արդյունքում ծագած վեճը Սպորտային արբիտրաժային դատարանի քննության հանձնելու մասին վերապահում՝ բացառելով վեճը ընդհանուր իրավասության դատարանի քննության հանձնելու հնարավորությունը», «Ֆուտբոլիստը ՀՖՖ-ի հետ Պայմանագիր կնքելով պարտավորվել է ընդունել ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՀՖ-ի կանոնադրություններն ու նորմատիվային փաստաթղթերը, այդ թվում ՈԻԵՖԱ-ի Կանոնադրությունը և ՀՀՖ Կանոնակարգը և իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով», «Հայցվորը ընդունել է ՀՖՖ-ի կանոնադրության 63-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային վերապահումը», և արձանագրել, որ «հայցի առարկան՝ ՀՖՖ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020թ. որոշման՝ Հայցվորին վերաբերող 48-րդ կետն անվավեր ճանաչելու մասով ենթակա է կարճման, քանի որ տվյալ վեճը կապված է ՀՖՖ-ի կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագել է դրանց կիրառման արդյունքում»։ Նշված մասով որոշումը չի բողոքարկվել (հատոր 2-րդ, գ․թ․ 59‑83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում, դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտությունը զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն, ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն, պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զրպարտության մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով դիմելով Դատարան՝ Օլեքսիի Բոնդարենկոն, ի թիվս այլնի, պահանջել է «Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը․ «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն», տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին, Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատվին և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում»:
Դատարանը, պատճառաբանելով, որ «02.07.2020 թվականի որոշմամբ հիշատակված և մեջբերված բոլոր իրավական հիմքերն անկողմնակալ ընթերցողի մոտ այլ ընկալում չի կարող ձևավորել, քան վերապահված որոշման եզրափակիչ մասում նշված թվով 58 անձանց հավասարապես, քանի որ որոշումը չի մանրամասնում, թե կոնկրետ որ արարքն է յուրաքանչյուր ֆիզիկական անձի դեպքում հանձնաժողովի կողմից ընկալվել որպես կարգապահական խախտում, որպիսի պայմաններում որոշմամբ նկարագրված բոլոր հասարակության մեջ որպես պարսավելի ընկալվող տեղեկությունները վերագրվել են նաև հայցվորին», «կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի արձանագրություն ողջ տեքստով հրապարակայնացվել է պաշտոնական կայք էջում և ունկնդիրների առավել լայն շրջանակում տարածվել sport.times.am և «Ազատություն ռադիոկայան»-ի միջոցով, հետևաբար վիճելի տեղեկատվությունը լայն հրապարակային տարածում է ստացել», «պատասխանողն ընդունել է, որ առնվազն մի մասով որոշմամբ մեջ բերված դրույթները հայցվորին չեն վերաբերվել, սակայն անշուշտ ընթերցողի տպավորությամբ վերագրվել են հայցվորին», «պատասխանողը որևէ ապացույց առ այն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու 02.07.2020 թվականի որոշումը հենցված է փաստական տվյալներին, չի ապացուցել», «նման բովանդակության մեղադրանքները պաշտոնական փաստաթղթում, որոնք տարածում են ստացել միջազգային ֆեդերացիաների անդամ ՀՖՖ-ի պաշտոնական կայք էջի միջոցով, էական վնաս են պատճառել հայցվորի պատվին, արժանապատվությանը և մասնավորապես, գործարար համբավին և կարող են լրջորեն վտանգել նաև հայցվորի հետագա առաջխաղացումը՝ որպես մարզիկի, հետևաբար դատարանը համարում է, որ 600․000 ՀՀ դրամ գումարը ողջամիտ չափ է», «հիշյալ նյութը համապատասխանում է զրպարտության հատկանիշներին և ոչ թե վիրավորանքի», 15․06․2022 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին՝ վճռվել է «անվավեր ճանաչել պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2‑ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ից հօգուտ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.2020թ. սկսած մինչև 31.12.2021 թվականը»։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Որոշմամբ հիշատակված և մեջբերված բոլոր իրավական հիմքերն անկողմնակալ ընթերցողի մոտ որևէ այլ ընկալում, քան դրանց՝ Որոշման եզրափակիչ մասում նշված թվով 58 անձանց հավասարապես վերաբերելի լինելու մասին, չեն կարող ձևավորել, քանի որ դրանում չի մանրամասնվում, թե կոնկրետ որ արարքն է յուրաքանչյուր ֆիզիկական անձի դեպքում հանձնաժողովի կողմից ընկալվել որպես կարգապահական խախտում։ Նման պայմաններում, Որոշման մեջ պարունակվող բոլոր տեղեկությունները վերաբերում են նաև Հայցվորին, քանի որ Որոշման 48-րդ կետում ուղղակիորեն նշված է նաև Հայցվորի անունը», «Որոշման նախաբանը պարունակում է նաև Հայցվորին վերաբերող և նրան վերագրվող՝ հասարակության մեջ որպես պարսավելի ընկալվող կարգապահական խախտումների մասին տեղեկություններ», «Տվյալ դեպքում Դատարանը պահանջվող չափով հայցը բավարարել է՝ հաշվի առնելով, որ նման բովանդակության մեղադրանքները պաշտոնական փաստաթղթում, որոնք տարածում են ստացել միջազգային ֆեդերացիաների անդամ ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջի միջոցով, էական վնաս են պատճառել հայցվորի պատվին, արժանապատվությանը և մասնավորապես, գործարար համբավին և կարող են լրջորեն վտանգել նաև հայցվորի հետագա առաջխաղացումը՝ որպես մարզիկի։ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում Դատարանի կողմից Պատասխանողից հօգուտ Հայցվորի 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում բռնագանձելը՝ անկախ այն հանգամանքից, որ Դատարանը փոխհատուցման գումարի չափը որոշելիս կիրառվող օրենքի դրույթի՝ գործի քննության պահին գործող խմբագրությանը հղում չի կատարել», 15.12.2022 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ․
«Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի հայցը բավարարել մասնակի. թիվ ԵԴ/22735/02/20 քաղաքացիական գործի վարույթը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ‑ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել։ Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600․000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Մնացած մասով հայցը մերժել»:
Վճռաբեկ դատարանը, գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող 8-րդ փաստը, գտնում է, որ հայցի փաստական հիմքում դրված վերը նշված փաստերից ակնհայտ է, որ հայցվորն իր պատիվը և արժանապատվությունը համարում է արատավորված բացառապես Որոշման հիմքում դրված փաստերով՝ հայցադիմումում ուղղակի հղում կատարելով այդ Որոշմանն ու այնտեղ նշված փաստական տեղեկություններին, որոնք, ըստ հայցվորի, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Որևէ այլ հիմք, որը կտարբերվեր Որոշման մեջ նշված փաստերից, հայցադիմումում նշված չէ։ Հետևաբար սույն գործով ներկայացված՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին հայցադիմումի իրավական հիմքի հիմնավորվածությունը կախվածության մեջ է գտնվում Որոշման իրավաչափությունից, որպիսի հարցը պարզելու դեպքում միայն հնարավոր կլինի եզրահանգում կատարել դրանում պարունակվող տեղեկությունների՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Որոշման մեջ նշված տեղեկությունների (փաստացի տվյալների)՝ իրականությանը համապատասխանելը և (կամ) չհամապասխանելը, ի սկզբանե հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ ունենալը կարող է հաստատվել կամ հերքվել Որոշման 48-րդ կետի իրավաչափության հարցը քննարկելու դեպքում: Միայն օրենքով սահմանված կարգով Որոշման վիճարկման արդյունքում հարուցված գործի քննության արդյունքներով կարող են հաստատվել Որոշման հիմքում դրված փաստերը՝ կախված Որոշման օրինականության ստուգման արդյունքներից:
Մինչդեռ, վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 1-ին և 10-րդ փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի Որոշում, որի իրավազորությունն ու հետևանքներն աշխատանքային պայմանագրով անվերապահորեն ընդունվել են հայցվորի կողմից։ Հետևաբար, քանի դեռ հայցվորն օրենքով սահմանված կարգով Որոշումը չի վիճարկել և հարուցված վիճարկման վարույթում չի հասել Որոշման անվավերության (վերացման), այդ Որոշման հիմքում դրված բոլոր փաստերը պետք է ընդունվեն որպես հիմք: Միայն այս ճանապարհով հայցվորը կարող է հասնել թե՛ Որոշման, թե՛ Որոշման հիմքում դրված և սույն գործով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին հայցի փաստական հիմքում դրված հանգամանքների ու փաստերի հերքմանը կամ ժխտմանը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քանի դեռ Որոշումը՝ որպես հայցվորի վրա ուղղակիորեն տարածվող ու իրավազոր իրավական ակտ, ուժի մեջ է, հայցվորի համար առաջացնում է իրավական հետևանքներ, պետք է ելնել այն կանխավարկածից, որ այդ Որոշման հիմքում դրված փաստերը համապատասխանում են իրականությանը և դրանք այլ կարգով, քան Որոշման վերացման կամ անվավերության արդյունքներով հերքվել կամ ժխտվել չեն կարող: Որոշման հիմքում դրված փաստերը չեն կարող նաև հերքվել սույն հայցի քննության արդյունքներով: Ավելին, Վերաքննիչ դատարանի 15․12․2022 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ Որոշման՝ Օլեքսիի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, ու դատական ակտի վերոնշյալ մասը հայցվորի կողմից չի բողոքարկվել։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը հերքվում է վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 15․12․2022 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է մասնակիորեն բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն, որ Օլեքսիի Բոնդարենկոն հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար արդեն իսկ վճարել է պետական տուրքի գումարը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու համար Կազմակերպությունը նախապես նաև վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարները, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102‑րդ, 109‑րդ և 112‑րդ հոդվածների, մինչև 30․10․2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ Օլեքսիի Բոնդարենկոյից հօգուտ Կազմակերպության պետք է բռնագանձել 28.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի գումար, և 38.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ «Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական http://www.ffa.am կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբևէ կատարել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23‑րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական http://www.ffa.am կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15-օրյա ժամկետում տեղադրելով և առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբևէ կատարել է Կարգապահական և էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով և ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որևէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի masisfc@mail.ru պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600․000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը և արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում» մասով, բեկանել և փոփոխել՝ այդ մասով հայցը մերժել․ մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Օլեքսիի Բոնդարենկոյից հօգուտ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության բռնագանձել 28.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 38.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ս. Մեղրյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան
Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: