Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2023 թվականի N 37-Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 04.07.24 N 1016-Ն)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 321․1-ին հոդվածի 5-րդ մասին և «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ և 9-րդ պարբերություններին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներին, 16-րդ հոդվածի 2-րդ կետին, 17-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 04.07.24 N 1016-Ն)

1. Հաստատել՝

1) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին (այսուհետ` ազգային օպերատոր) ներկայացվող հիմնական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 04.07.24 N 1016-Ն)

2. Սահմանել, որ`

1) «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որն ընտրում է ազգային օպերատորին և հրապարակում ազգային օպերատորի կողմից մշակվող՝ էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 12-ի N 37-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ազգային օպերատորը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին՝

1) ապահովի «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 5-րդ հոդվածով սահմանված՝ ազգային օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.

2) հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Ազգային օպերատորի ընտրության համար անցկացվող մրցույթին (այսուհետ` մրցույթ) իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.

3) ունենա համապատասխան որակավորմամբ աշխատանքային ռեսուրսներ, էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար` հետևյալ համամասնությամբ և մասնագիտական աշխատանքային փորձով՝

ա. 1 նախագծի ղեկավար՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

բ. 1 բիզնես վերլուծաբան՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

գ. 1 ծրագրավորող՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

դ. 2 ծրագրավորող՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով,

ե. 2 ծրագրավորող՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով,

զ. 1 որակի ապահովման մասնագետ՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով.

4) ապահովի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջներին համապատասխանող տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների կիրառությունը.

5) ապահովի համաձայնագրի 9-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված անհրաժեշտ գործողությունների իրականացումը.

6) ապահովի համաձայնագրի 17-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամանակավոր ինտեգրացիոն լուծումների իրականացումը.

7) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ազգային օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` հանձնաժողով ներկայացնելով ազգային օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը.

8) իրականացնի ուսուցում վերահսկող մարմնի աշխատակիցների համար.

9) ապահովի տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ծրագրային ապահովման ծրագրային կոդի ամբողջական օրինակի (այդ թվում՝ բոլոր լրամշակումներից հետո համապատասխան արդիական տարբերակների) տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին կամ այդ ծրագրային ապահովման ծրագրային կոդի ամբողջական օրինակի պահուստային պահպանումը «Էսքրոու (Escrow)» ծառայություններ մատուցող երրորդ ընկերության կողմից․

10) ապահովի, որ սերվերները, որոնց վրա աշխատելու է համապատասխան ծրագրային ապահովումը, և պահպանվելու են համապատասխան տվյալները, տեղակայված լինեն և պահպանվեն Հայաստանի Հանրապետությունում։

(1-ին կետը փոփ., լրաց. 04.07.24 N 1016-Ն)

2. Հայաստանի Հանրապետության վերահսկող մարմնի հասանելիությունը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգին պետք է ապահովվի անվճար:

3. Ազգային օպերատորի լիազորությունների դադարեցման որոշման դեպքում ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկացնի այդպիսի որոշման մասին՝ լիազորությունների դադարեցման նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։ Նշված ժամկետի ընթացքում չտեղեկացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

(հավելվածը փոփ., լրաց. 04.07.24 N 1016-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 12-ի N 37-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ազգային օպերատորի ընտրության հետ կապված հարաբերությունները։

2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը։

3. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am։

4. Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր՝ հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան։

5. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և ազգային օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով։

6. Մրցութային հայտերն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողով՝ ուսումնասիրության և գնահատման համար։

7. Հանձնաժողովը հայտերն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն և ազգային օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում։

8. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ազգային օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է մրցույթի արդյունքները։ Վերահսկող մարմինը մրցույթի արդյունքների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ազգային օպերատոր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 12-ի N 37-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են, «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 321․1-ին հոդվածի 5-րդ մասին համապատասխան, ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 112-Ա որոշման համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) կարող է դադարեցնել ազգային օպերատորի գործունեությունը՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 321․1-ին հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները ազգային օպերատորի կողմից մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելու դեպքում։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը, ազգային օպերատորի կողմից կատարված` սույն կարգի 2-րդ կետում նշված խախտումների վերաբերյալ որոշումներն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված փաստերը ներկայացնում է հանձնաժողովին։

4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ազգային օպերատորին տրամադրում է ծանուցում, որտեղ նշվում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստերը, ինչպես նաև տեղեկություններ՝ խախտումների ուսումնասիրության և գնահատման նիստի, այդ նիստի անցկացման վայրի, ամսաթվի, ժամի վերաբերյալ։

5. Հանձնաժողովը սույն կարգի 4-րդ կետում նշված խախտումների ուսումնասիրության և գնահատման նիստը գումարում է սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

6. Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված նիստին ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում հաստատվում է, որ արձանագրված խախտումներն ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմք չեն հանդիսանում, ապա կազմվում է եզրակացություն՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմքեր չլինելու վերաբերյալ։

7. Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված նիստին ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում հաստատվում է, որ արձանագրված խախտումներն ազգային օպերատորի գործունեության դադարեցման հիմք են հանդիսանում, ապա կազմվում է եզրակացություն ազգային օպերատորի գործունեության դադարեցման վերաբերյալ։

8. Հանձնաժողովը կազմված եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ազգային օպերատորին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 7-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ազգային օպերատորի գործունեության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

10. Ազգային օպերատորի գործունեության դադարեցման օր է համարվում սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օրը։

11. Ազգային օպերատորի գործունեության դադարեցման օրվան նախորդող օրը ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը տրամադրել տվյալ պահին իր մոտ առկա՝ Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը։

(հավելվածը լրաց. 04.07.24 N 1016-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2024, N 1016-Ն 05.07.2024, N 37-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան