Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-151-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.786
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետութան 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:

Սույն oրենքը կարգավորում և սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար։»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով.

 

«ժբ) մարզիկ (մարզուհի)` որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը «նպաստում» բառից հետո լրացնել «և աջակցում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

 

«զ) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը և սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական և բարոյական կոպտության դեմ պայքարը:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

 

«ը) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) «ա» կետը «բնագավառի» բառից հետո լրացնել «միասնական» բառով, իսկ «քաղաքականությունը» բառից հետո` «և զարգացման ռազմավարությունը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ.1», «ժ.2», «ժ.3», «ժ.4» և «ժ.5» կետերով.

«ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.

ժ.2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների, մրցանակների և կոչումների.

ժ.3) շնորհում է մարզական կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման.

ժ.5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման։»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.

գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.

դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:

Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:

Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է.

բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.

գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.

դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.

զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը:

Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.

բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.

բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:

Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`

ա) կազմակերպում են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.

բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար.

գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ա) մշակում և հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.»:

 

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում «բնակչության հետ» բառերը փոխարինել «բնակչության շրջանում» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում և շարադրանքում «և ընկերությունները», «և ընկերություններն» բառերը փոխարինել համապատասխանաբար «, ընկերությունները և ակումբները» ու «, ընկերություններն ու ակումբներն» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «մարզական» բառից հետո լրացնել «հասարակական» բառով:

 

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-151-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան