ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 962-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 897-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1412-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1», «է2», «է3» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 90-րդ կետի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետով» բառերով։
2) հավելվածի՝
ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Տնկարկներում 0.7-ից ցածր լրիվության դեպքում նոսրացման և անցումային հատումներ չեն նշանակվում:»,
գ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ․ 30-րդ, 37-րդ, 38-րդ կետերում «հատման տեղամաս» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հատատեղ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
ե.ուղղ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33. Խնամքի հատման տեխնոլոգիական գործընթացում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի` լուսավորման և մաքրման հատումների դեպքում` ծառերի ընդհանուր քանակի 2 տոկոսը, նոսրացման և անցումային հատումների դեպքում՝ 3 տոկոսը: Հատատեղում կոճղերի բարձրությունը պետք է կազմի հատված ծառերի տրամագծի 1/3-ից ոչ ավելին, իսկ նրբափող (մինչև 8 սմ) տրամագիծ ունեցող ծառերի դեպքում` 5 սմ ոչ ավելին: Հատման ընթացքում վնասվածության պատճառով կենսունակությունը կորցրած ծառերը հաշվառվում են, կազմվում է լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի։»,
զ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«35. Խնամքի հատումների իրականացման նպատակով հատատեղերի հատկացումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ սահմանված կարգի, անտառաշինական նախագծերի հիման վրա:»,
է. 35-րդ կետից հետո լրացնել նոր՝ 35.1-ին, 35.2-րդ և 35.3-րդ կետեր՝
«35.1. Խնամքի հատման նպատակով նախատեսված տեղամասի իրական վիճակը անտառաշինական նախագծին չհամապատասխանելու դեպքում կազմվում է անհամապատասխանության ակտ, և տվյալ հատատեղում խնամքի հատումներ չեն իրականացվում:
35.2. Սույն կարգի պահանջներից բխող, սակայն անտառաշինական նախագծում չներառված խնամքի հատման նպատակով հատատեղերի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։
35.3. Սույն կարգի 35.2-րդ կետում նախատեսված հատման վերաբերյալ տվյալները ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 133-Ն որոշմամբ սահմանված անտառների պետական հաշվառման ենթակա տվյալներում։»,
ը. 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
թ. 38-րդ կետի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
ժ. 39-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ժա. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«42. Սանիտարական հատումներն ուղղված են անտառների սանիտարական վիճակի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը: Հատումներն իրականացվում են անտառներում (տնկարկներում, ծառուտներում)՝ բնականորեն տապալված, ցցաչոր, քամատապալ, ձնակոտոր, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված, հողի մակերեսից 1,3 մետր բարձրությամբ բնի տրամագծի չափի 50 տոկոսից ավելի փտածությամբ փչակավոր, հրդեհների հետևանքով կենսունակությունը կորցրած ծառերի հեռացմամբ:»,
ժբ. 48-րդ կետում «մասնագիտական հանձնախմբի» բառերը փոխարինել «մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերով,
ժգ. 48-րդ կետից հետո լրացնել նոր՝ 48.1-ին կետ՝
«48.1. Սանիտարական հատման տեխնոլոգիական գործընթացում տվյալ տեղամասում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի ծառերի ընդհանուր քանակի երեք տոկոսը:»,
ժդ. 49-րդ կետում «հանձնախմբի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,
ժե. 50-րդ կետում «հանձնախումբն» բառը փոխարինել «հանձնաժողովն» բառով,
ժզ. 52-րդ կետում «Հանձնախմբի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով և հանել «անտառի խումբը,» բառերը,
ժէ. 53-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժը. 57-րդ կետում «լրիվությունը չի իջնում թույլատրելի սահմանից» բառերը փոխարինել «լրիվությունը չի իջնում 0.6 թույլատրելի սահմանից» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 129-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետով» բառերով.
2) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածի՝
ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։»,
բ. 14-րդ կետից հետո լրացնել նոր՝ 14.1-ին կետ․
«14.1. Հատատեղերում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի տվյալ տեղամասում ծառերի ընդհանուր քանակի երեք տոկոսը:»,
գ. 15-րդ և 20-րդ կետերում «20 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով,
դ. 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Անտառային ծառատեսակների հատման տարիքը սահմանելու մասին» N 1546-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 152-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով» բառերով.
2) հավելվածի՝
ա.ուղղ. 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 5-րդ պարբերությունների «փշատերևավորներ» բառը փոխարինել «ասեղնատերևավորներ» բառով,
բ. N 3 աղյուսակի «փշատերևավորներ» բառը փոխարինել «ասեղնատերևավորներ» բառով,
գ. «սոցիալական» բառը փոխարինել «հատուկ» բառով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|