Գլխավոր տեղեկություն
Համար
N 2275-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2275-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Լիլիթ Մկրտչյանի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի հունիսի 13-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Լիլիթ Մկրտչյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի հունիսի 13-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Հրավիրված լսումների ժամանակ Լիլիթ Մկրտչյանը, հիմք ընդունելով թիվ Դ-66776-24 դիմումում նշված փաստական հանգամանքները, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի մայիսի 12-ին, Երվանդ Քոչարի փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 390.000 (երեք հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

2021 թվականի հուլիսի 9-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB298681 վկայագրի համաձայն՝ «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Լիլիթ Մկրտչյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում կազմված թիվ ԳՄ-5740 նյութերի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 12-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ կայծակի հարվածի պատճառով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա: Ահազանգի կապակցությամբ կատարվել է այցելություն և կազմվել «Հասցե այցելելու վերաբերյալ» արձանագրություն, որի համաձայն՝ Երևանդ Քոչարի փողոցի թիվ 13 շենքի բակում գտնվող ծառը կոտրվել և ընկել է «87ZZ870» և «18II888» հաշվառման համարանիշերի ավտոմեքենաների վրա՝ վնասելով նշված ավտոմեքենաների տարբեր մասերը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարարական ջոկատի կողմից կազմվել է արձանագրություն այն մասին, որ ծառի տակից դուրս են բերվել «Mazda 3» մակնիշի «18II888» և «Nissan X-Trail» մակնիշի «87ZZ870» հաշվառման համարանիշերի ավտոմեքենաները:

2024 մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 13 շենքի բակում 2024 թվականի մայիսի 12-ին ուժեղ քամուց և անձրևից կենսունակ թեղին տապալվել է քաղաքացի Լիլիթ Մկրտչյանին պատկանող «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի կապակցությամբ, լսումների ընթացքում, Լիլիթ Մկրտչյանը հայտնել է, որ ծառի տապալման պատճառը հանդիսանում է դեռևս 2023 թվականին Երվանդ Քոչարի փողոցի թիվ 13 շենքի բակում իրականացված շինարարական աշխատանքը, որի հետևանքով թուլացել են ծառերի հիմքերը (դիմումին կից ներկայացված լուսանկարներում պատկերված է հողից պոկված ծառը և տեսանելի է քայքայված արմատային համակարգը), ինչի կապակցությամբ բազմիցս շենքի բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ծառայությանը, հետևաբար, ըստ դիմումատուի, 2024 թվականի մայիսի 12-ին ծառը տապալվել է ծառի հիմքի թուլացման արդյունքում, իսկ քամին ընդամենը նպաստել է տապալմանը: Լիլիթ Մկրտչյանը նաև հայտնել է, որ բակում առկա են նույն կարգավիճակով ծառեր, որոնց տապալման վտանգը դեռևս առկա է:

2024 թվականի մայիսի 22-ին Լիլիթ Մկրտչյանի կողմից վերանորոգման ներկայացված «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերանորոգման նախահաշվի վերաբերյալ «Ըդվանսթ էնջինիրինգ սըվիսիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մայիսի 23-ին տրվել է տեղեկանք, որի համաձայն՝ ավտոմեքենայի վնասման պատճառը եղել է ծառի ընկնումն ավտոմեքենայի վրա, որի արդյունքում վնասվել են ավտոմեքենայի տանիքը, շարժիչի տանիքը, առջևի դիմապակին, հետևի աջ կողմի անվաթևը, առաջին աջ կողմի դուռը, իսկ ավտոմեքենայի վերանորոգման արժեքը կազմում է 390.000 (երեք հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումին կից, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 13-ին կայացած լսումների ժամանակ ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:

Ինչ վերաբերում է 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումին կից ներկայացված՝ «Ըդվանսթ էնջինիրինգ սըվիսիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի մայիսի 23-ի տեղեկանքին, ապա այն չի հանդիսանում «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասի առաջացման պատճառները և ենթադրյալ վնասի չափը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ գույքի վնասվածքների առաջացման պատճառները և վնասի չափը որոշելը պահանջում է ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի հետազոտություն, որի արդյունքներով կազմվում է փորձագիտական եզրակացություն, մինչդեռ քննարկվող տեղեկանքը տրված չէ որակավորված փորձագետի կամ գնահատողի կողմից:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ չեն ներկայացվել «Mazda» մակնիշի «18 II 888» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 390.000 (երեք հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Լիլիթ Մկրտչյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66776-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան