ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2276-Ա |
«20» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արսեն Ներսեսյանի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի հունիսի 14-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արսեն Ներսեսյանը:
Ուսումնասիրելով 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները և տեսագրությունը, 2024 թվականի հունիսի 14-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Արսեն Ներսեսյանը խնդրել է փոխհատուցել 2024 թվականի մարտի 7-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցում քանդված ճանապարհի պատճառով իր վարած «80 KA 808» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմացի անվադողերը և անվահեծը վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որն ընդհանուրը կազմում է 47.000 (քառասունյոթ հազար) ՀՀ դրամ:
2023 թվականի դեկտեմբերի 9-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB581773 վկայագրի համաձայն՝ «Mercedes-benz» մակնիշի «80 KA 808» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Վահան Սարգսյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 37/76-24 գրության բովանդակության ուսումնասիրմամբ պարզվել է, որ Արսեն Ներսեսյանը 2024 թվականի մարտի 7-ին զանգել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին և հայտնել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված տանող ճանապարհի երթևեկելի հատվածում առկա փոսերի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվում: Նշված հաղորդումը փոխանցվել է պարեկային ծառայության թիվ 1093 կարգախմբին, որն այցելել է պատահարի վայր, իսկ ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Միքայել Յավրյանին ծառայության համար հատկացված անհատական տեսաձայնագրող սարքի միջոցով կատարվել է տեսաձայնագրություն: Նշված տեսաձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ վթարը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Փոսի հետևանքով վնասվել են մեքենաներ, որոնց վարորդները հրաժարվեցին ինքնավթար ձևակերպելուց»:
Հետազոտությամբ պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումով վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է վնասված գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից, բացի այդ պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել «Mercedes- benz» մակնիշի «80 KA 808» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական գնահատման, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Ինչ վերաբերում է 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումին կից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 37/76-24 գրությանը և պարեկ Միքայել Յավրյանին ծառայության համար հատկացված անհատական տեսաձայնագրող սարքի միջոցով կատարված տեսաձայնագրությանը, ապա դրանցով հաստատվում է դիմումատուի կողմից նկարագրած պատահարը տեղի ունենալու հանգամանքը, սակայն դրանք չեն պարունակում տվյալներ (տեղեկատվություն) պատահարի հետևանքով առաջացած վնասի նկարագրի և չափի վերաբերյալ: Գույքի վնասվածքների առաջացման պատճառները և վնասի չափը որոշելը պահանջում է ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի հետազոտություն, որի արդյունքներով, ըստ փորձաքննության տեսակի, կազմվում են փորձագիտական եզրակացություններ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներից հետևում է, որ վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը, մինչդեռ քննարկվող պարագայում «Mercedes-benz» մակնիշի «80 KA 808» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Վահան Սարգսյանի սեփականությունը, իսկ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է «Mercedes-benz» մակնիշի «80 KA 808» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը վարող անձ հանդիսացող Արսեն Ներսեսյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի, այն է՝ «Mercedes- benz» մակնիշի «80 KA 808» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը չհանդիսացող անձի կողմից, բացի այդ չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը կանխելու անհնարինության, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ փոխադրամիջոցը վնասվելու պատճառ հանդիսացած պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 47.000 (քառասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով վնասը Արսեն Ներսեսյանին փոխհատուցելու մասին պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արսեն Ներսեսյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի մայիսի 23-ի թիվ Դ-66766-24 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |