Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.265
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.06.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հունիսի 2011 թ.
ք. Երևան

  N 285-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժա), իէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողը (այսուհետ` Օպերատոր) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում է վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը, իսկ Օպերատորի գործառնական գրասենյակում կամ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով Պայմանագրի կնքման դեպքում՝ Պայմանագրի էլեկտրոնային բնօրինակը։

(1-ին կետը խմբ. 12.08.15 N 277-Ն, 28.12.16 N 427-Ն, 03.07.24 N 224-Ն)

1.1 Օպերատորն ապահովում է բաժանորդների վերաբերյալ տվյալներ պարունակող` սույն որոշման 1-ին կետում նշված էլեկտրոնային բազայի սերվերների անվտանգությունը և ռեզերվային պատճենների պահպանումը:

(1.1-ին կետը լրաց. 28.12.16 N 427-Ն)

1.2. Օպերատորը, նախքան սույն որոշման 1-ին կետում նշված կայքի կամ հավելվածի գործարկումը, տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը), իսկ հետագայում նաև դրանում կատարվելիք փոփոխությունները նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Սույն կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) պետք է առնվազն նախատեսի Օպերատորի կողմից բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրման ընթացակարգ։

(1.2-րդ կետը լրաց. 03.07.24 N 224-Ն) 

1.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) կամ դրանում կատարվելիք փոփոխությունները Օպերատորից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնին։

(1.3-րդ կետը լրաց. 03.07.24 N 224-Ն)  

1.4. Հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(1.4-րդ կետը լրաց. 03.07.24 N 224-Ն) 

2. Օպերատորի կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող փաստաթղթային բազան ներառում է`

1) Պայմանագրի կնքման վայրի (սպասարկման կետի հասցեն), իսկ Պայմանագիրն Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով կնքման դեպքում՝ դրա կնքման եղանակի մասին նշումը, կնքման ամսաթիվը.

2) Օպերատորի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` Օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

3) միջնորդի (գործակալ, հանձնակատար) կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` միջնորդի անունը, ազգանունը, ստորագրությունը, իսկ իրավաբանական անձ հանդիսացող միջնորդի դեպքում` անվանումը և Պայմանագիրը կնքող ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը.

4) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի համար` անունը, ազգանունը, հաշվառման (բնակության վայրի) հասցեն, անձը հաստատող փաստաթղթի համարը, ստորագրությունը, իսկ ներկայացուցչի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` լիազորագրի պատճենը, ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը: Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում վերջինիս հաշվառման (բնակության վայրի) հասցեն սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող փաստաթղթային բազայում չի ներառվում.

5) ֆիզիկական անձ չհանդիսացող հաճախորդի համար` անվանումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականի կամ հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիր փաստաթղթերով կամ օրենքով Պայմանագիրը կնքելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, իսկ ներկայացուցչի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` լիազորագրի պատճենը, ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը:

(2-րդ կետը խմբ. 15.05.13 N 158-Ն, փոփ., խմբ. 03.07.24 N 224-Ն)

3. Օպերատորի կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ հաշվառման (բնակության վայրի) հասցեի, իսկ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով Պայմանագրի կնքման դեպքում՝ նաև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների:

(3-րդ կետը խմբ. 15.05.13 N 158-Ն, 03.07.24 N 224-Ն)

4. Հեռախոսաքարտի ակտիվացման (ելքային կամ մուտքային ծառայություններից առաջին անգամ օգտվելու) կամ Պայմանագրի լուծման ժամկետների վերաբերյալ տեղեկությունները Օպերատորի կողմից էլեկտրոնային բազա մուտքագրվում են հեռախոսաքարտի ակտիվացման կամ Պայմանագրի լուծման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 03.07.24 N 224-Ն)

5. Պայմանագրի լուծման դեպքում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տվյալները Օպերատորի կողմից պահպանվում են 3 տարի:

(5-րդ կետը փոփ. 03.07.24 N 224-Ն)

6. Պայմանագրի կնքման և կատարման կարգի, ինչպես նաև սույն որոշման 1-5-րդ կետերի պահանջների պահպանման (այդ թվում` ծրագրային, տեխնիկական և այլ միջոցների ապահովումը) պատասխանատվությունը կրում է Օպերատորը:

(6-րդ կետը փոփ. 03.07.24 N 224-Ն) 

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2007 թվականի մարտի 30-ի «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» N 140-Ն որոշումը,

2) 2008 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30‑ի N 140-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 62-Ն որոշումը,

3) 2008 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30‑ի N 140-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 326-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան