ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 877-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագրում «գործընթացի» բառը փոխարինել «ու օտարման գործընթացների» բառերով․
2) նախաբանում «6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը» բառերով․
3) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված կոնյակի սպիրտի օտարման նպատակով մշակել տեղեկատվական շնորհանդես՝ հնարավոր գնորդներին ներկայացնելու համար.
2) էլեկտրոնային տարբերակով ամսական պարբերականությամբ հնարավոր գնորդներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին իրազեկել կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ՝ առաջարկելով իրազեկումն իրականացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ձեռք բերվող կոնյակի սպիրտի ծավալների և գնային առաջարկների վերաբերյալ․
3) կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերում՝ իրազեկման լայն շրջանակ ապահովելու նպատակով․
4) տնտեսավարող սուբյեկտներից ստացված կոնյակի սպիրտի գնային առաջարկների հիման վրա կնքել խմբաքանակի օտարման պայմանագիր, ըստ հետևյալ առաջնահերթությունների՝
ա․ առաջնահերթությունը տրվում է ամենաբարձր գնային առաջարկ ներկայացնող տնտեսավարող սուբյեկտին,
բ․ եթե տարբեր տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջարկվել է նույն գնային առաջարկը, ապա կոնյակի սպիրտն օտարվում է նույն գնային առաջարկը ներկայացրած բոլոր տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջնահերթություն տալով ավելի մեծ խմբաքանակի առաջարկ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին.
5) այն դեպքում, երբ խմբաքանակի համար ստացված ամենաբարձր գնային առաջարկն ավելի ցածր է, քան տվյալ պահին կոնյակի սպիրտի ձևավորված ինքնարժեքը, ապա կոնյակի սպիրտը կարող է օտարվել առաջարկված գնով.
6) կոնյակի սպիրտի օտարումը կարող է իրականացվել խմբաքանակներով.
7) կոնյակի սպիրտի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը.
8) ապահովել օտարվող կոնյակի սպիրտի խմբաքանակների արժեքի վճարման կատարումն անկանխիկ եղանակով՝ հաշիվ-ապրանքագիրն օտարման պայմանագրի կողմերի կողմից ստորագրվելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում կամ 60 բանկային օրվա ընթացքում՝ վճարման պարտավորությունն ապահովելով բանկային երաշխիքով.
9) եթե ապրանքն իրացվում է ինքնարժեքից ցածր գնով, ապա ձեռք բերված և օտարված արժեքների բացասական տարբերությունը փոխհատուցվում է «ՀայԱլմաստ» փակ բաժնետիրական ընկերության սեփական միջոցների հաշվին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |