Գլխավոր տեղեկություն
Համար
N 758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 758-Ն

ԱՌԳՐԱՎՎԱԾ, ՎԵՐՑՎԱԾ, ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 886-Ն, լրաց. 20.06.24 N 919-Ն)

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.06.23 N 886-Ն)

1. Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 01.06.23 N 886-Ն, լրաց. 20.06.24 N 919-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 758-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 886-Ն, լրաց. 20.06.24 N 919-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումներին, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններին և դրանց ենթակա ստորաբաժանումներին հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և ռազմամթերքը (այսուհետ՝ զենք) փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ՝ զինապահեստ) ընդունելու և դրանք ոչնչացնելու գործընթացը:

(1-ին կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

2. Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը տասնօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ՝ փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օրինական հիմքերով իրենց պատկանող ողորկափող զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոստիկանության ստորաբաժանումներ փոխանցած լինելու դեպքում զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոստիկանության ստորաբաժանումների կողմից տասնօրյա ժամկետում հանձնվում է զինապահեստ, եթե այդ զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը քրեական վարույթով իրեղեն ապացույց չի հանդիսանում:

(2-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

3. Պետական մարմինների կողմից առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը կամ ռազմամթերքը ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է հանձնվում առձեռն ուղեկցական գրությամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:

(3-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

4. Փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված և դրանից հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը խմբավորվում և պահեստավորվում է:

(4-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

5. Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական վարույթով վերջնական որոշման, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը (այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվում է զինապահեստ, իսկ համապատասխան հաշվառումներով ստուգված և այլ պետական ռազմականացված կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը հանձնվում է տվյալ ռազմականացված կազմակերպության զինապահեստ՝ անկախ դրա հետագա օգտագործման պիտանի լինելու (չլինելու) հանգամանքից:

(5-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

6. Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունված զենքերի բոլոր տեսակները ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

7. Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոչնչացման ենթակա չէ:

(7-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

8. Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

(8-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

9. Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների համապատասխան բնագավառի մասնագետների կողմից գնահատվում է, սպառազինության ապահովման ստորաբաժանման կողմից հանձնվում է կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(9-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

10. Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ենթակա է ոչնչացման:

(10-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

11. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որոնցից առնվազն 1-ը՝ համապատասխան փորձագետ։ Հանձնաժողովը ձևավորվում է ներքին գործերի նախարարի հրամանով։ Հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակում է ներքին գործերի նախարարը՝ հաշվի առնելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը։ Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս են գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները:

(11-րդ կետը խմբ. 20.06.24 N 919-Ն)

12. Ոչնչացումից առաջ հանձնաժողովի կողմից ոչնչացման ենթակա զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության միջոցով կատարվում է հարցում.

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ոչնչացման ենթակա զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի քրեական վարույթով (գործով) անցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն՝ հաշվառումներով անցնելու վերաբերյալ:

(12-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

13. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի պիտանի մասերը առանձնացվում են, առանձնացված պիտանի մասը մուտքագրվում և հաշվառվում է զինապահեստ՝ որպես պահեստամաս` հետագայում մասնակի անսարքություն ունեցող զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերիուղղ. փոխարինման և վերանորոգման համար:

(13-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

14. Ոչ պիտանի զենքը ոչնչացվելուց առաջ լիցքաթափվում է: Զենքի լիցքաթափման անհնարինության դեպքում (անսարքության պատճառով) այն լիցքաթափվում է գործարանային պայմաններում, որից հետո՝ ոչնչացվում: Զենքն առանց լիցքաթափելու արգելվում է ոչնչացնել:

15. Ոչ պիտանի զենքը, դրա մասերը և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը ոչնչացվում են մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման (տարատեսակ մեխանիկական և էլեկտրական գործիքների և սարքերի միջոցով) կամ ձուլարանում ձուլման միջոցով՝ վերածելով այն մետաղի ջարդոնի: Ոչ պիտանի փայտյա և պլաստմասե մասը առանձնացվում և ոչնչացվում է առանձին՝ այրման կամ կտրտման միջոցով:

(15-րդ կետը փոփ. 20.06.24 N 919-Ն)

16. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բացառվեն ոչնչացման ենթակա զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և դրա մասերի անհետացման և կորստի դեպքերը:

(16-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

17. Ձուլարանում ձուլման ընթացքում պարտադիր է հանձնաժողովի բոլոր անդամների և ձուլարանի ներկայացուցչի ներկայությունը:

18. Ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ: Ակտում նշվում են ոչ պիտանի զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի սերիան, համարը, արտադրման տարեթիվը, քանակը, տեսակը, անվանումը, տրամաչափը և ոչնչացման պատճառը: Զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ոչնչացման ակտը հանձնաժողովի մյուս անդամների կողմից ստորագրվելուց հետո հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից:

(18-րդ կետը լրաց. 20.06.24 N 919-Ն)

(հավելվածը խմբ. 01.06.23 N 886-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.06.24 N 919-Ն)